Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերն ուժեղացված ծառայության անցան Երևանում:
Ամանորի և Սուրբ ծննդյան նախատոնական ու տոնական օրերին մայրաքաղաքում պարեկում իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
Հրահանգավորելով Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերին՝ Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ:
Տոնական ուժեղացված ծառայության դուրս եկավ 140 պարեկային մեքենա՝ շուրջ 300 ծառայողներով: Պարեկախմբերը շուրջօրյա հերթափոխումով ապահովելու են հասարակական կարգը և քաղաքացիների ու հյուրերի անվտանգությունը մայրաքաղաքի համայնքներում, ճանապարհներին, հասարակական և զվարճանքի վայրերում: