Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

«ՄԵՆՔ ՓՈՐՁԵԼ ԵՆՔ ՇՐՋԱՆՑԵԼ ՇՈԿԵՐԸ»

«ՄԵՆՔ ՓՈՐՁԵԼ ԵՆՔ ՇՐՋԱՆՑԵԼ ՇՈԿԵՐԸ»
24.02.2012 | 00:00

Հայաստանի բանկերի միությունը միավորում է երկրի տարածքում գործող բանկերը և իրավաբանական անձ է հանդիսանում` լինելով շահույթ չհետապնդող, ստացած շահույթը մասնակիցների միջև չբաշխող ոչ առևտրային, ապաքաղաքական կազմակերպություն: Բանկերի միությունը ստեղծվել է ներկայացնելու և պաշտպանելու իր անդամների շահերը տեղական ինքնակառավարման մարմիններում, միջազգային և հասարակական կազմակերպություններում: Նպատակներից մեկն էլ միջբանկային կապերի զարգացումն է, համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու իրականացումը: Միությունը նաև մասնակցում է բանկային ու ֆինանսական գործունեությունը կանոնակարգող օրենսդրական ու նորմատիվ ակտերի նախագծերի մշակմանն ու հասարակական փորձաքննությանը, ծրագրում ու կենսագործում է բանկային կադրերի վերապատրաստման ու որակավորման բարձրացման, որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման ծրագրեր, կազմակերպում է սեմինարներ, համաժողովներ, գիտաժողովներ:
Հայաստանի բանկերի միության նախագահ ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ փետրվարի 21-ին լրագրողներին ներկայացրեց 2011 թ. բանկային համակարգի արձանագրած արդյունքները: 2011-ին Հայաստանում գործող բոլոր 21 առևտրային բանկերն ընդգրկված են եղել 1000 խոշոր հարկատուների ցանկում և վճարել են 1,7 անգամ ավելի հարկ, քան նախորդ տարի: Բանկային ծառայությունների պահանջարկով բացվել է 32 նոր մասնաճյուղ: 2010-ի համեմատ համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 44,8 միլիարդ դրամով (14 տոկոսով), ակտիվները` 506,6 միլիարդ դրամով (32,3 տոկոսով): Ֆինանսական տարում վարկային ներդրումներն աճել են 336,1 միլիարդ դրամով (34 տոկոսով), ընդհանուր վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց վարկերն աճել են 71,2 միլիարդով (22,5 տոկոսով), հիպոթեքային վարկերը` 20,4 միլիարդով (22 տոկոսով), սպառողական վարկերը` 53,4 միլիարդով (27 տոկոսով): Դրական ցուցանիշներ են գրանցվել տնտեսությանը տրամադրված վարկերի գծով. աճը կազմել է 270,4 միլիարդ դրամ (44,3 տոկոս):
Հանգամանալից և հավելյալ բացատրություններով ներկայացնելով 2011-ի արդյունքները` ՀԲՄ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցուպատասխանից ձևավորված խճանկարը դարձավ ոչ միայն բանկային համակարգի, այլև Հայաստանի ու համաշխարհային տնտեսության զարգացումների հեռանկարների ու բանկային համակարգի վիճակի ու զարգացման ուղղությունների պատկերը: Մասնավորապես, 2011-ի ամենալուրջ խնդիրը բանկային համակարգում համարվեց ռիսկերի կառավարումը. մենք փորձել ենք զերծ մնալ այն շոկերից, որ եղել են եվրոպական ֆինանսական շուկաներում: 2011-ը եղել է արդյունավետ նաև օրենսդրական փոփոխությունների տեսանկյունից. հստակեցվել է բանկային համակարգի գործունեությունը, Հայաստանի բանկային համակարգը ներկայացվել է երկրից դուրս (Լոս Անջելեսում) և շարունակելու է այլ երկրներում ներկայացվել:
Ամենակարևորը բանկային համակարգում Աշոտ Օսիպյանը համարեց կայունությունը: Նա համոզված է, որ 2009-ի մարտյան սցենարը 2012-ին չի կրկնվի: Մի քանի բանկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ իրենց հարաբերությունները կառուցում են դրամային սկզբունքով: Շուկայի պահանջարկը ցույց կտա, թե վարկային փաթեթներում ինչը կգերակշռի` դրա՞մը, թե՞ դոլարը: Դրամի արժևորումը բացատրվում է նաև միջազգային շուկաների ներգործությամբ: Եթե դրամի տոկոսադրույքը բարձրանալու է, դրամով ներդրումներն ավելանալու են: Երբ տնտեսության մեջ ավանդները 70 տոկոսով դրամային էին, դա վկայում էր, որ մարդիկ հավատում են դրամին: Եթե վստահությունը դրամի նկատմամբ շարունակվի, Կենտրոնական բանկի պահուստավորման քաղաքականությունը կհանգեցնի դրամի գրավչության մեծացմանը և, համապատասխանաբար, դրամային ավանդների մեծացմանը: Թեպետ Հայաստանում ավանդաբար դոլարն է գերակշռել որպես խնայողության միջոց: Ֆիզիկական անձինք ավելի ակտիվ են խնայողություններ կատարելիս` ըստ Աշոտ Օսիպյանի դիտարկման, և ֆիզիկական անձանց ավանդների ծավալն ավելի արագ է աճում իրավաբանական անձանց համեմատությամբ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև քարտային համակարգին. քարտերը Հայաստանում հիմնականում օգտագործվում են իբրև աշխատավարձի վճարման, բայց ոչ վճարային միջոց: Քարտային շուկան Հայաստանում ներդրվել է 2000 թվականին, նպատակը եղել է անկանխիկ դրամաշրջանառության ապահովումը: Այնուամենայնիվ, անկանխիկ վճարումը դեռ զգալիորեն զիջում է կանխիկ վճարումների ծավալին: Շուկան հագեցած է տարատեսակ քարտերով, որոնք ամենատարբեր վճարումների հնարավորություն են տալիս: Համեմատության համար պարոն Օսիպյանը բերեց Ֆրանսիայի օրինակը, որը քարտային համակարգը ներդրել է 1956 թվականին, և նշեց, որ զարգացման տեմպերը Հայաստանում ավելի արագ են: Համենայն դեպս, կանխիկին ընտելացած հայերս այսօր ոչ միայն Հայաստանից դուրս, այլև երկրի ներսում ենք քարտերն օգտագործում: «Մաստեր», «Վիզա», «Ամերիքըն էքսպրես» քարտերին առաջիկայում կավելանան ևս չորս միջազգային քարտեր:
«Ինչպե՞ս եք գնահատում ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը: Ի՞նչ ճակատագիր կունենա եվրոն, և ինչպե՞ս եվրոյի զիգզագները կանդրադառնան Հայաստանի բանկային համակարգի վրա» «Իրատես de facto»-ի հարցերին Աշոտ Օսիպյանը պատասխանեց. «Մենք արդեն իսկ ճգնաժամի երկրորդ ալիքում ենք, բայց կանխատեսումներ չեմ ուզում անել: Այսօր ամբողջ աշխարհը հետևում է Հունաստանի ճակատագրին: Շատ կարևոր է, թե ինչպես իրեն կդրսևորի Չինաստանը: Չինաստանի տնտեսության դանդաղումը հիմնականում կապված էր շինարարության տեմպերի նվազման հետ: Բայց Չինաստանի Կենտրոնական բանկն այդ խնդիրն արդեն լուծեց: ԱՄՆ-ում հիմա վիճակն ավելի լավ է, քան Եվրամիությունում, ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի լավ վիճակում է և հազիվ թե մինչև տարեվերջ նոր ցնցումներ լինեն, եթե նկատի ունենանք, որ երկիրը գնում է նախագահական ընտրությունների: Եվրոյի ճակատագիրը շատ դժվար է կանխատեսել, այսօր ամենատարածված թեմաներից մեկն է` եվրոն կմնա՞, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ եվրոն կմնա, գուցե ոչ այսօրվա դիրքերում, բայց կպահպանվի որպես Եվրամիության դրամական միավոր: Մեզ հետաքրքրում է նաև, թե տնտեսական կենտրոնները` ԱՄՆ, Չինաստան, ԵՄ, ինչ ներգործություն կունենան Ռուսաստանի վրա, որովհետև Ռուսաստանի հետ մենք սերտ կապված ենք ներդրումներով: Ռուսաստանի համար կարևոր են նավթի գները, և մեծ նշանակություն ունի, թե ինչպես իրադարձությունները կզարգանան Իրանի շուրջ: Իրանը դադարեցրել է նավթի արտահանումը ԵՄ երկրներ, բայց չի կրճատել նավթի արդյունահանումը: Չինաստանը կրճատել է նավթի սպառումը, և այսօր Իրանը որոնում է սպառման նոր շուկաներ: Եթե չգտավ, պիտի կրճատի նավթարդյունաբերության ծավալները: Բնականաբար, եթե ԵՄ-ում դժվարություններ առաջանան, ու Եվրոպայի ֆինանսական շուկաները մեզ համար փակ լինեն, հայկական բանկերը կենտրոնանալու են ասիական շուկաների վրա: Անցած տարի Զարգացման հայկական բանկը և Եվրասիական բանկը բավականին աշխուժացրին իրենց կապերը: Մենք ունենք նաև մի մեծ առավելություն` հայկական սփյուռքը, որը մեծապես կարող է աջակցել հայկական բանկային համակարգին»:
Եվս մի տասնյակ հարցերի պատասխանելով` Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը շեշտեց, որ 2011-ին բանկային համակարգում գրեթե բոլոր ծառայություններն ու արտադրանքներն ավելի մատչելի են դարձել, իսկ 2012-ին ակնկալվում են ավելի լավ արդյունքներ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2391

Մեկնաբանություններ