ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
26.02.2010 | 00:00

ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԱՐՎՈՒՄ
Անշարժ գույքի գների նման խելահեղ աճի արդյունքում ոչ ստանդարտ վարկավորումը սկսեցին ավելի ու ավելի լայն ծավալներով կիրառել նաև «ներդրումային նպատակներով»։ Ավելի պարզ ասած` բանկերն ու հիպոթեքային ընկերությունները տրամադրված վարկերը, փոխառուների հետ կնքած պայմանագրերը, հետագայում մարվելիք տոկոսները սկսեցին վաճառել ներդրողներին։ Այսինքն` մեկը մյուսին։ Աբսուրդի թատրոնը ծաղկում էր իր ողջ փայլով։ Ոչինչ չունեցող մարդիկ վարկեր էին վերցնում, որը նրանց տրամադրում էին փող չունեցող կազմակերպությունները, որոնք իրենց հերթին փոխ էին վերցնում միջոցներ, որպեսզի բաժանեին դրանք ում պատահի։ Մի պարտքը ծնում էր մեկ ուրիշը, և չորսբոլորը միայն պարտքեր էին։ Սակայն կողքից նայողին թվում էր, թե դրանք բոլորը շատ պատկառելի արժեթղթեր են։ Բանն այն է, որ պարտքերի առևտուրը նույնպես դրված էր, այսպես ասած, արդյունաբերական հիմքերի վրա։ Հիպոթեքային բաժնետոմսերի և փոխառությունների վաճառքն իրականացվում էր հետևյալ կերպ. վարկի հնարավոր չվերադարձման ռիսկի աստիճանը գնահատում էին վարկանիշային գործակալությունները, և ըստ այդմ, արժեթղթերին շնորհվում էր տարբեր աստիճանի «թարմություն»։ Բարձր և առաջին տեսակները վաճառվում էին ավելի թանկ և շատ արագ գտնում իրենց գնորդներին։ Բայց երկրորդ տեսակը, ըստ Մ. Բուլգակովի` «երկրորդ թարմության թառափը», նույնպես երկար չէր մնում դարակներում։ Հիպոթեքային նման ռիսկային պայմանագրերի «փաթեթը» վաճառվում էր ցածր գներով և նույնպես գտնում իր գնորդին։ Արդյունքում գոհ էին բոլորը։ Բանկն իր ուսերից թոթափում էր մասնավոր անձանց հետ պայմանագրերը` վաճառելով դրանք ներդրողներին, և ի զորու էր նորից սկսելու ողջ այդ շրջապտույտը։ Ներդրողները զետեղել էին իրենց փողերը և սպասում էին եկամտի, իսկ կասկածելի այցելուները կրկին կարող էին դիմել վարկեր ստանալու համար։ Զավեշտն այն էր, որ չնչին գներով «երկրորդ տեսակի» հիպոթեքային պարտավորություններ ձեռք բերած ներդրողները, նույնպես «գիտական ճանապարհով», այսինքն` նույն այդ վարկանիշային գործակալությունների օգնությամբ, բաժանում էին դրանք տարբեր տեսակների։ Սակայն այս անգամ արդեն «բարձր տեսակի» անվան տակ վաճառվում էին ոչ թե լավագույններից լավագույնները, այլ վատագույններից վատագույնները։
Եվ այսպես շարունակվում էր 6-7 տարի։ ԱՄՆ-ի տնտեսությունն աճում էր, երկրի համախառն ներքին արդյունքը` ավելանում։ Մի խոսքով, բոլորը գոհ էին։ Մարդկանց հսկայական մի զանգված ոչ միայն անգործ չէր, այլև մեծ փողեր էր աշխատում` բացարձակապես ոչինչ չարտադրելով։ Պարտքերի վրա կառուցված ողջ այդ բուրգը կանգուն էր մնում միայն անշարժ գույքի գնի շարունակական աճի հետևանքով, ինչը հնարավորություն էր տալիս շուկա ներգրավել ֆինանսական ռեսուրսներ ունեցող խաղի նորանոր մասնակիցների։
Ոչ մի վերլուծաբան տագնապ չբարձրացրեց, ոչ մի տնտեսագետ չբացատրեց բանկիրներին նրանց գործունեության վնասակարությունը։ Մի՞թե այս վերջիններն անխտիր ավարտված ապուշներ էին ու չէին հասկանում ամեն մի ողջամիտ մարդու համար ակնհայտ այն ճշմարտությունը, որ այդ ամենը լավ չի վերջանալու։ Կարծում եք` ամերիկյան բանկիրները չէի՞ն հասկանում բոլորիս ակնհայտ այդ իրողությունը։ Ամեն ինչ շատ լավ էլ հասկանում էին։ Բայց մի միտք, ինչպես ասում են, ջերմացնում էր նրանց հոգին, հանգստացնում նյարդային դողը։ Վստահությունն այն բանում, որ ցանկացած պահի կարող են վերավարկավորվել։ Եկեք հիշենք մի շատ կարևոր միտք. էժան ու մատչելի վարկերի հասանելիությունը հենց այն գլխավոր նախապայմանն էր, որի շուրջ պտտվում էր ողջ այդ հիպոթեքային խրախճանքը։ Ընդ որում, ոչ այնքան ֆիզիկական անձանց, որքան հենց հիպոթեքային ու վարկային կազմակերպությունների համար։
Հասկանալով ամերիկյան հիպոթեքային ոլորտի աշխատակիցների մանկական անհոգության պատճառը, առանց դժվարության կըմբռնենք նաև այն տարօրինակ, անխոհեմ վարքը, որ դրսևորում էին ամերիկյան բորսայում խաղացողները, քանզի դրանց պատճառը մեկն է։ Բայց, նախ և առաջ, եկեք պարզենք, թե ինչ է բաժնետոմսը։ Դա մի արժեթուղթ է, որը վկայում է, որ բաժնետիրական ընկերության կամ ձեռնարկության զարգացման համար ներդրվել են միջոցներ, ինչը սեփականատիրոջն իրավունք է վերապահում բաժնետիրական ընկերության (ձեռնարկության) եկամուտներից ստանալու շահաբաժին։ Այս սահմանումը տրված է ցանկացած դասագրքում։ Եվ ճիշտ այդպիսին էր բաժնետոմսը կապիտալիզմի կայացման արշալույսին։ Տրամաբանությունը շատ պարզ էր ու հստակ` բիզնեսի զարգացման համար միջոցներ են անհրաժեշտ։ Դրանք տալիս է ներդրողը, փոխարենը ստանալով ձեռնարկության մի մասնիկը, որի մեծությունը պայմանավորված էր բաժնետոմսերի քանակով։ Ներդրողների համար գլխավոր շարժառիթը բաժնետոմսերի միջոցով շահաբաժին ստանալն էր։ Ըստ էության, ժամանակին շատ իմաստուն մեկը, որը հայտնագործել էր բաժնետոմսն ու բաժնետիրական կապիտալը, հակադրել էր այն բանկային ավանդին, որպես այլընտրանք։ Իսկ 18-19-րդ դարերում տնտեսության բուռն աճն ապահովում էր շատ ավելի մեծ շահաբաժին, քան բանկային ավանդի բերած տոկոսներն էին։ Եվ հենց այդ ժամանակներում էլ, ասենք, փարիզյան կամ լոնդոնյան ռենտայով ապրողները, շնորհիվ այդ շահաբաժինների, միանգամայն ապահով կյանք էին վարում։ Եվ դրանք, որպես արժեքավոր ժառանգություն, թողնում էին իրենց երեխաներին։ Իսկ հիմա եկեք նայենք շուրջբոլորը` քանի՞ ռանտիե կգտնեք այսօր։ Ո՛չ մի։ Եվ բանն ամենևին էլ այն չէ, թե կապիտալը, որով նրանք բորսա են եկել, փոքր է, ու նրա բերած տոկոսներով չես կարող ապրել։ Բանն այն է, որ անցած հարյուրամյակի ընթացքում արմատապես փոխվել է բաժնետոմսի բուն էությունը, իսկ ավելի ճիշտ, փոխել են։ Հասկանալի է, որ ցանկացած ձեռնարկության բաժնետոմսերի ընդհանուր քանակը պետք է հավասարվի 100 տոկոսի։ Դա նշանակում է, որ ընկերության ընդհանուր արժեքը, այսինքն` նրա ողջ ունեցվածքի (գործարանների, կահույքի, նյութերի և արտադրած ապրանքների) արժեքը պետք է հավասար լինի նրա բաժնետոմսերի արժեքին։ Ի սկզբանե բաժնետիրության տրամաբանությունը հենց այդպիսին էր. զետեղելով մեկ դոլար ձեռնարկության մեջ` ներդրողը ձեռք էր բերում նրա ողջ ունեցվածքից 1 դոլարի չափով մասնաբաժին ունենալու իրավունք։ Իսկ այսօր գործնականում բորսայում խաղացողներից և ոչ մեկը բաժնետոմսեր չի գնում շահաբաժին ստանալու ակնկալիքով։ Բորսայում կատարվող բոլոր գնումները հետապնդում են միմիայն մեկ նպատակ` հետագայում վերավաճառել այն և գնի մեջ եղած տարբերությունից ստանալ եկամուտ։ Բաժնետոմսերի գինը, որ նշված է դրանց վրա, նրա անվանական արժեքն է և կարող է լինել, ասենք, 10 դոլար, բայց գնել դուք այն կարող եք` վճարելով 100 դոլար։ Կարող եք համարել, որ շահավետ գնում եք կատարել, եթե կանխատեսվում է (հիշո՞ւմ եք վարկանիշային գործակալությունները), թե վաղը դրա կուրսային արժեքը, ըստ որի կարող եք վաճառել այն, կկազմի 200 դոլար։ Հենց այդպես էլ բորսան աշխատում է։ Սկզբունքը չափից դուրս պարզ է` էժան գնել, թանկ վաճառել։ Եվ այդպես` բազմիցս։ Ամսվա ընթացքում, տարվա ընթացքում և անգամ մեկ օրվա ընթացքում։ Մի թևավոր խոսք կա. «Բորսայում փող չեն աշխատում, այն պարզապես փոխում է տիրոջը»։ Եվ «առուծախի» այդ անվերջանալի շարանում տեղ չի մնում շահաբաժին ստանալու սպասումին։ Բաժնետոմսերի նկատմամբ այսօր տիրող վերաբերմունքը, որոնք բորսայում սոսկ սպեկուլյացիայի առարկա են, գործնականում ամերիկյան հիպոթեքային ոլորտում տիրող նույնպիսի արտառոց դրության հայելային արտացոլումն է։ Հենց սա էլ մեզ արդեն ծանոթ աբսուրդի այն թատրոնն է, որն այսօր աշխարհում կոչվում է «շուկայական տնտեսություն»։ Ի՞նչ է հարկավոր բորսայի և հիպոթեքի հաջողակ գոյության համար։ Ընդամենը երկու բան` խաղացողներ և փող։ Ընդ որում, երկրորդն առաջնայինն է։
Որպեսզի ներդրողների համար է՛լ ավելի դյուրին դարձնեն իրենց փողերից բաժանվելու գործընթացը, ստեղծել են ներդրումային հիմնադրամներ։ Դա արդեն աբսուրդ է` բարձրացված քառակուսի աստիճան։ Երբ դուք գնում եք, ասենք, «Լուկօյլ» ընկերության բաժնետոմսեր, դուք գոնե մոտավորապես տեղյակ եք, թե ինչով է այն զբաղվում և ինչ հեռանկար կարող է ունենալ։ Նման ընկերություններն ունեն մեծարժեք ունեցվածքներ և ապագայում հնարավոր ամենավատթարագույն զարգացումների դեպքում անգամ դուք կարող եք հույս ունենալ գոնե ինչ-որ բան ստանալու ձեր թղթերի դիմաց։ Ձեր գումարները հանձնելով ներդրումային հիմնադրամին` դուք գնում եք արդեն այդ նույն հիմնադրամի թողարկած բաժնետոմսերը, իսկ թե հիմնադրամն իր հերթին ի՞նչ բաժնետոմսեր է գնում, ձեզ բացարձակապես անհայտ է։ Թե ինչ ընկերությունների բաժնետոմսեր է այն ձեռք բերում և ինչ սկզբունքով, դուք գաղափար անգամ չունեք։ Իսկ ի՞նչ պատասխանատվություն ունեն այդ հիմնադրամները ձեր առջև։ Ոչ մի։ Անհաջողության դեպքում կտարածեն ձեռքերը, կժպտան ու թե` «Կներես, չստացվեց»։
Բաժնետոմսերի առևտրի ժամանակակից տարբերակի անհեթեթությունն առավել ցայտուն ի հայտ է գալիս հենց անկայունության և ճգնաժամի շրջանում, երբ դրանց գինը վեր ու վար է ցատկում ինչպես գնդակը` մեկ օրվա ընթացքում ընկնելով ու կրկին բարձրանալով 10-15 տոկոսով։ Պարզ է, չէ՞, որ նման կարճ ժամանակահատվածում, ասենք, «Սիմենս» կամ «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերությունների գործերը չեն կարող այդ աստիճան վատանալ կամ լավանալ։ Եվ որպեսզի նման իրավիճակն ավելորդ հարցերի տեղիք չտա, հորինվել է ևս մի գեղեցիկ ու հնչեղ բառ` կապիտալիզացիա։ Այն ցույց է տալիս, թե ինչպիսին է այս կամ այն ընկերության արժեքը` պարզապես թվաբանորեն ամբողջացնելով նրա բոլոր բաժնետոմսերի գումարը։ Այդպես էլ ասում են` «Գազպրոմի» կապիտալիզացիան աճել է, «Գազպրոմի» կապիտալիզացիան նվազել է։ Դա, սակայն, ամենևին չի նշանակում, թե ընկերության աշխատանքներում ինչ-որ բան լավացել է կամ վատացել։ Դա պարզապես նշանակում է, որ այս կամ այն պահին բաժնետոմսերի հավաքական արժեքը մեծացել է կամ փոքրացել։ Գործերի իրական դրության հետ այն բացարձակապես ոչ մի կապ չունի։ Իսկ նման իրավիճակ հնարավոր է միայն այն դեպքում, երբ բաժնետոմսերն ամբողջությամբ «պոկված» են ձեռնարկության աշխատանքի իրական վիճակից։ Բաժնետոմսը մի տեսակ դարձել է ինքնին իր և աննշան չափով է արտացոլում գործերի իրական դրությունը։ Այդ ամենը երբեմն ծիծաղելի իրավիճակներ է ստեղծում։ Դատեք ինքներդ. հաճախ լինում է այնպես, որ ընկերության շուկայական արժեքը, այսինքն` նրա բոլոր բաժնետոմսերի գումարը, գնահատվում է ավելի քիչ, քան նրա հաշիվների վրա դրամական միջոցներ կան։ Եվ խոսքն ամենևին էլ ինչ-որ վերացական ֆիրմաների մասին չէ, որոնք «օդ» են վաճառում կամ ծառայություններ մատուցում։ Բոլորովին վերջերս նման իրավիճակում հայտնվեց ռուսական «Սուրգուտնեֆտեգազ» ընկերությունը, որն զբաղվում է այդքան մեծ պահանջարկ վայելող ածխաջրածինների վաճառքով։ 2008 թվականի հոկտեմբերի 29-ին նրանք հաշվետվություն հրապարակեցին 3-րդ եռամսյակում ընկերության գործերի վերաբերյալ. «Սուրգուտնեֆտեգազի» բանկային հաշիվների վրա կա 20,5 մլրդ դոլար»։ Իսկ մեկ օր առաջ բորսայում գործարքներ կատարելու ժամանակ նրա կապիտալիզացիան կազմել էր... 19,6 մլրդ դոլար։ Հետաքրքիր է, չէ՞։ Իրական, «կենդանի» փողեր կարելի է գնել ավելի պակաս գումարով։ Բացի դրանից, նշված ընկերությունն ունի նաև պատկառելի քանակությամբ շենքեր և հորատող կայաններ, համակարգիչներ ու կահույք, ավտոմեքենաներ ու ճաշարաններ բանվորների համար և էլի շատ ու շատ այլ բաներ։ Բայց եթե հավատանք «հեղինակավոր» վարկանիշային գործակալությունների սահմանած ընկերության շուկայական արժեքին, այդ ամենը կոպեկի արժեք չունի։ Ինչպես ասում են, դատավճիռը վերջնական է և բեկման ենթակա չէ, չէ՞ որ նույն այդ շուկայական տնտեսությունում մարդու օգտակարությունը չափվում է նրա աշխատավարձով, իսկ ընկերությունների ունեցած օգտակար ակտիվների չափը` դրանց արժեքով։ Իսկ բորսայում գործող բոլոր այդ ինդեքսները, բոլոր այդ «նիկկեյները», «դոուջոնսներն» ու «նասդակները» մեկը մյուսից բարդ բանաձևերի միջոցով ընդամենն արտացոլում են չափազանց հասարակ բաներ։ Երբ պահանջարկը, այսինքն` գնումները, գերազանցում է առաջարկը կամ հավասար է դրան, ապա բաժնետոմսի արժեքը, այսինքն` նաև նրա ինդեքսն աճում է։ Եվ հակառակը. եթե վաճառքն ավելի շատ է, քան գնումները, գներն ընկնում են, և ինդեքսը` նվազում։
Փողի առկայությունը կամ դրա բացակայությունը գործնականում ֆոնդային շուկայի աճի կամ փլուզման միակ պատճառն է։ Իսկ ճգնաժամը հենց ասվածի երկրորդ բաղադրիչի առհավատչյան է։ Եվ կրկին նույն հարցն է ծագում` ո՞ւր կորան փողերը։ Բայց նախքան այդ հարցին պատասխանելը, պետք է հասկանալ, թե ժամանակակից տնտեսությունը որտեղից է փող վերցնում։ ՈՒ ճանապարհը մեզ կրկին տանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Բայց այս մասին` մեր հաջորդ հրապարակման մեջ։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2565

Մեկնաբանություններ