ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

«Հայաստանի ջրերը լեռներից իջնում և իրենց ուղին ավարտում են օտար հողում»

«Հայաստանի ջրերը  լեռներից իջնում և իրենց ուղին ավարտում են օտար  հողում»
02.12.2014 | 00:20

Չնայած ՀՀ-ում քաղցրահամ ջրերի ռեսուրսները պահանջարկից ավելի են, այնուամենայնիվ մեկ շնչին հասնող ջրի քանակով զգալիորեն քիչ են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջին ցուցանիշներից:
Կենցաղային, տեխնիկական կարիքների և ոռոգման համար, խորհրդային տարիներից մինչ օրս, շարունակում է օգտագործվել բարձրորակ քաղցրահամ ջրերի զգալի քանակ, որը բացասաբար է անդրադառնում քաղաքների ջրամատակարարման վրա:
Նշված ջրային ռեսուրսների պահպանության, ջրամատակարարման համակարգերի վերականգնման, ցանցերից ջրի կորուստների նվազեցման, ոռոգման և ջրմուղկոյուղու ոլորտների կանոնակարգման և բարեփոխման ուղղությամբ ներկայումս ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում մեր երկրում: Այս հարցերի պատասխանն ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր ՀՐԱՉՅԱ ԱՎԱԳՅԱՆԻՆ:

-Հայաստանում տարեկան ինչքա՞ն ջուր է գոյանում, դրանից քանի՞ մլրդ խմ է օգտագործվում և քանի՞ մլրդ խմ՝ կուտակվում։
-ՀՀ տարածքի մակերեսային (ինքնահոս, երկրի մակերես դուրս եկող) ջրերի վերականգնվող պաշարներն ու ռեսուրսները 1993 թ. հունվարի 1-ի դրությամբ տարեկան կազմում են 9,92 մլրդ խմ։ Դրանից օգտագործվում է շուրջ 2,3 մլրդ խմ-ն (ԽՍՀՄ-ի տարիներին՝ 4 մլրդ խմ), որից 1,8 մլրդ խմ-ն (ԽՍՀՄ-ի տարիներին` 3 մլրդ խմ)՝ ոռոգման և արդյունաբերության ոլորտներում, 430 մլն խմ-ն (ԽՍՀՄ-ի տարիներին 550 մլն խմ)՝ խմելու և կենցաղային նպատակներով։ Մնացած 7,62 մլրդ խմ-ից ջրամբարներում է կուտակվում 1 մլրդ 384 մլն 390 հազ. խմ, իսկ մյուս 6 մլրդ 235,6 մլն խմ-ն հոսում է դեպի Արաքս, Կուր գետերն ու Կասպից ծովը։
Հայաստանից դուրս հոսող բոլոր ջրերի ընդհանուր քանակը տարեկան կազմում է 26 մլրդ 203,85 մլն խմ:
Բնական ջրային օբյեկտներից ամենանշանավորներն են Սևանա լիճը՝ 1238,5 քառ. կմ մակերեսով և 33,2 մլրդ խմ ծավալով (2002 թ. տվյալներով), Դեբեդը՝ 1203 մլն խմ, Որոտանը՝ 725 մլն խմ, Արփան՝ 764 մլն խմ, Աղստևը՝ 445 մլն խմ, Հախում, Տավուշ, Խնձորուտ` բոլորը՝ 199 մլն խմ, Ախուրյանը՝ 391 մլն խմ, Քասախը՝ 329 մլն խմ, Մեծամորը՝ 711 մլն խմ, Հրազդանը՝ 733 մլն խմ, Ազատը՝ 232 մլն խմ, Վեդին՝ 110 մլն խմ, Ողջին՝ 502 մլն խմ և Մեղրին՝ 166 մլն խմ։
-Ինչքա՞ն են ՀՀ-ում ոռոգելի հողերի տարածքները, և այսօր այդ հողերի քանի՞ տոկոսն է ոռոգվում:
- ՀՀ-ում մշակաբույսերի զբաղեցրած տարածքը՝ 2006 թ. տվյալներով, կազմում է 401147 հեկտար։ Ոռոգելի (կամ ոռոգման կարիք ունեցող) հողատարածքները կազմում են 317600 հա, որից ոռոգվում է 279490 հա-ն։ Ոռոգման ջրի պակասի պատճառով մեր սակավահող երկրում յուրացումից դուրս է մնացել 38110 հա։ Դրա հետ էլ ձկնաբուծարաններից արտահոսող ջուրը, լցվելով հողատարածքներ (դրենաժային ջրանցքների խցանման պատճառով), առաջացրել է 50 հազ. հա հողերի աղակալում` դուրս թողնելով մշակումից։
-Հայաստանում քանի՞ ջրամբար կա, և տարեկան ինչքա՞ն ջուր է կուտակվում դրանց մեջ:
-Ըստ պաշտոնական աղբյուրների` Հայաստանում առկա է մոտ 1,5 մլրդ խմ ընդհանուր ծավալով 82 ջրամբար: Դրանցից 29-ը (1 մլրդ 331 մլն խմ ընդհանուր ծավալով) արհեստական են:
Ներկայումս անավարտ է մնացել ԽՍՀՄ-ի ժամանակից նախագծված Եղվարդի, Կապսի, Մարմարիկի, Գեղադիրի, Ոսկեպարի և Ափնայի ջրամբարների շինարարությունը։ Եղվարդի (228 մլն խմ ծավալով) ջրամբարը ջուր ապահովելու դեպքում Սևանից ջրառի ծավալը տարեկան կարելի է նվազեցնել 100 մլն խմ-ով։
ՀՀ կառավարության 09.02.2001-ի թիվ 92 որոշմամբ՝ հանրապետությունում 97 ջրամբարների կառուցման դեպքում հնարավոր է ամբարել ևս 1,1 մլրդ խմ ջուր: Նշված ջրային օբյեկտների շինարարությունից հետո հնարավոր կլինի լրացուցիչ ոռոգել 110 հազ. հա հողատարածք։
Նշեմ, որ ոռոգելի հողատարածքների սպասարկման համար հանրապետությունում (ԽՍՀՄ-ի օրոք) կառուցվել և գործում են 4500 կմ երկարությամբ մայր և միջտնտեսային, 17200 կմ ներտնտեսային նշանակության ոռոգման և ջրարբիացման համակարգեր:
Նշված համակարգերում մեծ են ջրի կորուստները, քանի որ կառուցվել են 50-60 տարում (ԽՍՀՄ-ի օրոք), իսկ վերջին 20-23 տարում շահագործվել առանց անհրաժեշտ հիմնանորոգումների, ինչի պատճառով համակարգերում մեծացել են ջրի կորուստները, և որոնց վերականգնման ուղղությամբ ոչինչ չի արվում:
-Ինչքա՞ն ջրամբար է պետք կառուցել երկրից արտահոսող ջրերը կուտակելու համար: Չե՞ք կարծում, որ ջրամբարների կառուցումը գերխնդիր է:
-Ընդհանուր առմամբ Հայաստանը հարուստ է քաղցրահամ ջրերով, բայց, դրա հետ մեկտեղ, ՀՀ բոլոր բնակավայրերը ապահովված չեն ջրով։ ՀՀ քաղցրահամ ջրերը դեռևս արդյունավետ չեն օգտագործվում (ունեցած պաշարների և ռեսուրսների 2/3-ն անօգուտ կորչում է՝ հոսելով դեպի Ադրբեջան)։ Եթե մենք հնարավորություն ունենանք կառուցելու ևս մի քանի տասնյակ ջրամբարներ և դրանցում ամբարելու հանրապետությունից դուրս հոսող ջրերից գոնե 3-4 մլրդ խմ-ն, այդ պարագայում դրանց օգտագործման արդյունավետությունը կլինի բավարար (նույնիսկ բարձր)։
Քաղցրահամ ջրերի արդյունավետ օգտագործման գործում մենք պետք է օրինակ վերցնենք Իսրայելի Հանրապետությունից։ Իսրայելի նման փոքրիկ երկրի (տարածքը՝ 14,1 հազ. քառ. կմ) քաղցրահամ ջրերի ընդհանուր ռեսուրսները կազմում են 1,67 մլրդ խմ/տարի, բնակչությունը՝ 7,1 մլն մարդ: Նշված երկրի քաղցրահամ ջրերի ռեսուրսները բավարարում են տարածքի բնակչության բոլոր պահանջները (խմելու, ոռոգման, տեխնիկական և այլ նպատակներով օգտագործելու համար), այսինքն` օգտագործվում են չնչին կորուստներով և խիստ նպատակային։
-Ջրային ռեսուրսների կառավարումը ինչպե՞ս է կանոնակարգվում մեր երկրում: Ո՞վ պետք է պատասխան տա խմելաջրի աղտոտման համար:
-ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարումը կանոնակարգվում է միջազգային և ազգային օրենքներով, ՀՀ ջրային օրենսգրքով, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից և գործողության մեջ դրվել 2002 թ. սեպտեմբերի 10-ից։
Բացի դրանից, ընդունվել են չափորոշիչային և իրավական 30 տարբեր փաստաթղթեր: Դրանցով կանոնակարգվում են ջրօգտագործման ամենատարբեր ոլորտները` բնապահպանման նպատակով ջրաբացթողումների քանակը, ջրային օբյեկտների պաշտպանությունը, օգտագործումը, բնության հուշարձանների, ջրօգտագործման թույլտվությունների գործընթացը: Ներկայումս ջրակառավարման հիմնախնդիրներով զբաղվող հիմնական կառույցներն են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն, բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը և ջրային հարցերով Ազգային խորհուրդը: Սակայն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ կոնկրետ որևէ ձեռնարկություն ջրի աղտոտման համար պատասխանատվություն չեն կրել:
-Ճի՞շտ է, որ ջրի մեծ պաշարներ ունեցող երկրները հարստանալու ավելի մեծ հեռանկարներ ունեն, քան նավթի և գազի պաշարներ ունեցողները:
-Այո, ներկայումս ջրի մեծ պաշարներ ունեցող երկրները հարստանալու ավելի մեծ հեռանկարներ ունեն, քան նավթի և գազի պաշարներ ունեցողները: Այսօր մաքուր ջրի հիմնախնդիրը համամոլորակային է և տարեցտարի դառնում է աշխարհի թիվ մեկ խնդիրը: Բանն այն է, որ խմելու ջուրը վաղուց արդեն շատ երկրների, այդ թվում` Հայաստանի համար շուկայական հանրաճանաչ «ապրանքներից» մեկն է: Այս պարագայում Հայաստանը քաղցրահամ ջրի պաշարների պահպանման և օգտագործման խնդիրն առավել ևս պետք է կարևորի, քանի որ երկրի ռելիեֆը և բարձրավանդակը շռայլ են գտնվել` մեզ համար կուտակելով ջուր, որը մենք ինքներս ենք շռայլորեն վատնում` թողնելով, որ այն հոսի դեպի հարևան երկրներ:
Հիշեցնենք, որ արդեն մեկ տասնամյակ հարևան Թուրքիան ստեղծել է հսկայական կասկադներ և կառուցել ջրամբարներ, որոնց միջոցով կարողանում են Տիգրիս, Եփրատ և Ճորոխ գետերի ջրերը պահպանել իրենց տարածքում, ավելին` Տիգրիսի և Եփրատի ջրերի միջոցով Թուրքիան իր քաղաքականությունն է թելադրում ամբողջ Մերձավոր Արևելքին։
ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ Արարատյան գոգահովտի քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով օգտագործվում է 11781,6 լ/վրկ ջուր։ Հաշվարկները ցույց են տալիս, որ ձկնաբուծության նպատակով տարեկան օգտագործվում է 371799020 խմ ջուր, այսինքն` տարեկան Արաքս գետն է լցվում 371,8 մլն խմ։
Մենք տեղեկություն ենք ստացել, որ Արաբական Միացյալ Էմիրություններում հարևան երկրներից բերված քաղցրահամ ջուրը, 10-20-լիտրանոց տարաներով, վաճառվում է մեկ լիտրը 20-25 ցենտով, և այդ ջրի որակը համեմատելի չէ մեր քաղցրահամ ջրի որակի հետ։
Եթե ձկնաբուծության նպատակով Արաքս գետը թափվող ջուրը մենք ևս վաճառենք 20-25 ցենտով, ապա տարեկան մեր ստացած հասույթի գումարը կարող է կազմել 74,36-92,95 մլրդ դոլար։ Ահա թե ինչ հարստություն ենք լցնում գետերն ու ծովերը:
-Սևանը մեր ամենամեծ ջրամբարն է, այնինչ տարեկան նրանից վերցվող ջրի քանակը տարեցտարի ավելացվում է, որպես գիտնական, ինչպե՞ս եք այդ երևույթը գնահատում: Մի՞թե Սևանից դուրս եկող տարեկան 350 մլն խմ ջուրը օգտագործվում է միայն ոռոգման նպատակով:
-Դուք ճիշտ եք, որ Սևանը մեր ամենամեծ ջրամբարն է։ Նշեմ, որ 1922-ին Սևանում ամբարված էր 70 մլրդ խմ քաղցրահամ ջուր, իսկ այժմ՝ ընդամենը 38 մլրդ խմ է։ Այն ժամանակ, երբ Սևանում կառուցվեց ստորգետնյա հիդրոէլեկտրոկայանը և տասնապատիկ ավելացվեց Սևանից ինքնահոս (Հրազդան գետով) ջրի քանակը, Սևանի մակարդակն իջավ 19-20 մետրով և ջրի քանակն էլ նվազեց համարյա կրկնակի։ Մենք կարծում ենք, որ Սևանի մակարդակը՝ աստիճանաբար և առանց դադարների, անհրաժեշտ է բարձրացնել այնքան, որ ջրի պաշարների քանակը հասնի ոչ պակաս 60 մլրդ խմ-ի։ Դրա համար անհրաժեշտ է ջրի մակարդակն այժմյան վիճակից բարձրացնել մոտավորապես 17 մետրով։
-Ի՞նչ կարելի է անել, որ Սևանից ջրառը հասցվի մինիմալի:
-Սևանից ոռոգման նպատակով ջրառն իսպառ դադարեցնելու համար անհրաժեշտ է այդ ճանապարհին կառուցել մի քանի խոշոր ջրամբար, որոնց ընդհանուր տարողությունը կկազմի 2-2,5 մլրդ խմ (Հրազդան և Ազատ գետերի կիրճերում այդպիսի տեղեր կան)։
-Ջրի պահպանման պարագայում այսօր ո՞րն է մյուս ամենակարևոր գործոնը:
-Մեզ համար այսօր ամենակարևորը մեր լճերը, գետերն ու աղբյուրները աղտոտումից զերծ պահելն է, ջրի ճիշտ օգտագործման և պահպանման ուղղությամբ գործնական միջոցներ ձեռնարկելը: Այդ միջոցները պետք է իրականացնել հատկապես ամռան ամիսներին, երբ գետերի, աղբյուրների ու լճերի ափին քեֆասերները խորոված են պատրաստում, ուտում-խմում, հետո իրենց «ավելցուկները» թողնելով հեռանում:
Պետք է տուգանքներ սահմանել տներից դուրս բերված աղբը ջրային օբյեկտներում թափողների և դրանց ափերով ավտոմեքենաներով երթևեկելիս ավտոմեքենաների պատուհաններից այդ աղբը դուրս նետողների համար:
Այսօր անհրաժեշտ է, որ ազգովին փոխենք մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ և սրտացավությամբ տեր կանգնենք բնությունից մեզ տրված այդ կենսատու հրաշքին, քանի որ Հայաստանի ջրին որակական փոփոխության, վերանալու իրական վտանգ է սպառնում: Այդ վտանգը գնալով ահագնանում է` միլիոնավոր տոննաներով ծանր մետաղների, թունավոր տարրերով լեցուն հանքահարստացման պոչանքների, տարբեր բնույթի օրգանական նյութերի, քլորիդների, սուլֆատների և այլ օգտակար հանածոների շահագործման պատճառով, որոնք շրջակա միջավայրի հետ աղտոտում են նաև ջրային օբյեկտները: Իսկ ջրային օբյեկտները մաքրել հնարավոր չէ ջրամաքրիչ սարքավորումների անլիարժեքության պատճառով:
-Ի՞նչ կասեք խորհրդային տարիներին գործող, այսօր չգործող թալանված բազմաթիվ պոմպակայանների մասին:
-Պոմպակայանների չգործելու միակ պատճառը էլեկտրաէներգիայի թանկ լինելն է, որը, հասկանալի պատճառներով, մեր ունեցած ջրից թանկ չէ: Պոմպակայանների չաշխատելու պատճառով մեր պետական, ազգային հարստություն ջուրը հոսում է հանրապետությունից դուրս` ոռոգելով հարևան երկրների հողերը:
Նոյեմբերյանի, Տավուշի, Լոռու հողատարածքներում տեղակայված պոմպակայանների չգործելու պատճառով շուրջ 45 մլն խմ ջուր Դեբեդի ավազանով գնում, լցվում է Կուր և ոռոգում վրացական ու ադրբեջանական հողերը: Իջևանի տարածաշրջանում Ջողազի ջրամբարի չշահագործման և Իջևանի շուրջ 11 պոմպակայանների չաշխատելու պատճառով չի օգտագործվում 30 մլն խմ ջուր` հոսելով հարևան հանրապետություններ:
(2002 թ. տվյալներով՝ ոռոգման նպատակներով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվել է 1075,8 մլն խմ ջուր, որից ինքնահոս եղանակով՝ 796,6 մլն խմ և մեխանիկական եղանակով՝ 279,2 մլն խմ։
Մեխանիկական եղանակով մատակարարված ջրի համար պոմպակայաններում սպառված էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 142,5 մլն կՎտ.ժամ։ Էլեկտրաէներգիայի հարաբերական տնտեսումը կազմել է 15,1 մլն կՎտ.ժամ)։
Մեր ապագան ինքնահոս ոռոգման համակարգերի ստեղծումն է: Եթե էլեկտրաէներգիան թանկ է և այսուհետ չի օգտագործվելու ոռոգման նպատակներով, պետք է հնարավորինս արագ ստեղծենք ինքնահոս համակարգեր և կառուցենք ջրամբարներ: Հատկապես ջրամբարների կառուցումը մեր պետության համար գերխնդիր պետք է լինի, որպեսզի ապագա սերունդների համար կարողանանք փրկել մեր երկիրն ու գյուղատնտեսությունը, և որ մեր բարձրաբերձ լեռներից իջնող անապական ջրերն իրենց ուղին օտար հողում չավարտեն: Եվ կարծես Համո Սահյանի հառաչն էլ է հենց այդ մասին ասում.

Ինչի՞ց է, որ Հայաստանում
Ջրերը չեն հանգստանում,
Այլ քարեքար ընկած այսպես,
Հնուց ի վեր, գժվածի պես,
Շառաչում են կիրճերն ի վար
Եվ ճչում են տագնապահար:

-Ինչպե՞ս, ինչպե՞ս հանգստանան,
Երբ հայրենի լեռների մեջ
Նրանք չունեն ապաստարան…
Եվ գնում են ապաստանում
Հեռո՜ւ-հեռո՜ւ տափաստանում:
Այո, պետք է ամեն գնով պահպանենք մեր երկիրն ու նրա ջրերը, քանի որ Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որոնց ջրերը լեռներից իջնում և իրենց ուղին ավարտում են օտար հողում:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 3365

Մեկնաբանություններ