Հոկտեմբերի 1-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում «Արարատբանկը» հայտարարեց արժեկտրոնային պարտատոմսերի իր հինգերորդ թողարկման մասին: Առաջին պարտատոմսերը բանկը թողարկել էր 2007 թվականին` 250 000 000 դրամ թողարկման ծավալով, 12 ամսով և 8 տոկոս եկամտաբերությամբ, 2008 թվականին` թողարկման ծավալն արդեն 400 000 000 դրամ էր` 18 ամսով և 9 տոկոս եկամտաբերությամբ: 2009-ին թողարկման ծավալը մնաց նույնը` 250 000 000 դրամ, 18 ամիս, բայց` 10 տոկոս, 2011-ին` վերստին 250 000 000 դրամ` 24 ամիս և 12 տոկոս: Հինգերորդ թողարկման պարտատոմսերը, ի տարբերություն նախորդ 4 թողարկումների, տրվում են դոլարով, և դա ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ի գլխավոր տնօրեն ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԱՐՈՅԱՆԸ համարում է հեղափոխական քայլ` «Նոր էջ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման պատմության մեջ, և այդ էջում առաջին տողը գրում է «Արարատբանկը»: «Ինչո՞վ է տարբերվում դոլարային պարտատոմսը դրամայինից» հարցին ի պատասխան պարոն Սարոյանը պարզաբանեց, որ շուկայում օբյեկտիվորեն առաջարկ-պահանջարկի որոշակի շեղում կա. «Պետական պարտատոմսերի եկամտաբերությունը գրավիչ է, և ընկերությունների համար բիզնես տեսանկյունից բավականին դժվար է կորպորատիվ պարտատոմսեր թողարկել և այդ գործիքն օգտագործել որպես միջոցների ներգրավման աղբյուր: Դոլարային պարտատոմսերի պարագայում ավանդատուները որպես այլընտրանք ունեն ավանդ, որ կարող են ներդնել, ասենք, 8 տոկոսով, մյուս կողմից, ընկերությունները որպես այլընտրանք ունեն վարկերը` դոլարով միջինը 12-13 տոկոսով: Այսինքն, ստեղծվում է օբյեկտիվ միջակայք, որտեղ կարող են գործել ընկերությունները: Մանր ներդրողները ցանկացած պահի հնարավորություն են ունենալու իրենց պարտատոմսերը վաճառելու, և դա շատ կարևոր է: Ավանդատուն էլ ցանկացած պահի կարող է ավանդը հանել բանկից, բայց` կորցնելով տոկոսները»:
«Արարատբանկի» գործադիր տնօրենի տեղակալ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ, պարզաբանելով արտարժութային պարտատոմսերի տարբերությունները, անդրադարձավ բանկի կիսամյա արդյունքներին: Նա նշեց, որ 2012 թ. առաջին կիսամյակում բանկի ակտիվներն ավելացել են 25 տոկոսով և կազմում են 109,4 միլիարդ դրամ: Վարկային ներդրումներն աճել են 26,3 տոկոսով, իսկ ժամկետային ավանդները` 11,8 տոկոսով: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկերն առաջին կիսամյակում ավելացել են 21 տոկոսով` կազմելով 13 միլիարդ դրամ: Կիսամյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 1,859 միլիարդ դրամ, իսկ կապիտալի շահութաբերությունը` 28,3 տոկոս` ակտիվների 3 տոկոս շահութաբերությամբ: Կապիտալի շահութաբերության մակարդակով, ինչպես հավաստեց պարոն Հարությունյանը, «Արարատբանկը» Հայաստանում առաջին տեղում է: Արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական թիրախն առայժմ ներքին շուկան է լինելու, հետագայում արտաքին ներդրողներ ներգրավելու ծրագրեր կմշակվեն: Շուկայում առաջինը` «Արարատբանկն» առաջարկում է արտարժութային պարտատոմսեր` 1 միլիոն ԱՄՆ դոլար թողարկման ծավալով, 40 000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսեր` ԱՄՆ 25 դոլար անվանական արժեքով, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և 36 ամիս մարման ժամկետով: Արժեկտրոնային վճարումը կիրականացվի եռամսյակային կտրվածքով: Արժեթղթերը կարելի է ձեռք բերել հոկտեմբերի 5-19-ին` «Արարատբանկի» գլխամասային գրասենյակից կամ երևանյան 15 և մարզային 15 մասնաճյուղերից, իսկ 2012-ի հոկտեմբերի 19-ից մինչև 2015-ի հոկտեմբերի 19-ը` երկրորդային շուկայում, մասնավորապես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում: Պարտատոմսերը կարող են գնել իրավաբանական և ֆիզիկական անձինք: Նախորդ թողարկումների նման հինգերորդ թողարկման պարտատոմսերը ևս ցուցակվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում և մշտապես գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով:
Ի հավելումն` եթե ավանդի ներդրման դեպքում ժամկետը խախտելիս ստանում եք միայն ներդրված գումարը, կորպորատիվ պարտատոմսեր ձեռք բերելով, շրջանառության ընթացքում ցանկացած պահի կարող եք վաճառել պարտատոմսը և ստանալ ոչ միայն ներդրված գումարը, այլև կուտակված տոկոսագումարները: Հիշեցնեմ` մեկ պարտատոմսի արժեքն է 25 ԱՄՆ դոլար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ