ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Տղամարդիկ պետք է վախենան կնոջ մրցակցությունից»

«Տղամարդիկ պետք է վախենան կնոջ մրցակցությունից»
10.04.2009 | 00:00

ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ երեկ մեր ակումբի հյուրն էր։ Ասուլիսից հետո հրավիրեցինք նրան բլից-առանձնազրույցի։
-Քաղաքապետի միակ կին թեկնածուն եք: Չե՞ք «վախենում» այդքան տղամարդկանց մրցակցությունից:
-Քանի որ միակ կին թեկնածուն եմ, կարծում եմ, որ տղամարդիկ պետք է վախենան կնոջ մրցակցությունից: Բավ է, որ տղամարդիկ են մշտապես գրավում առանցքային բոլոր պաշտոնները: Կողջունեմ այն հզոր տղամարդկանց, ովքեր կկանգնեն իմ կողքին, կօգնեն, կսատարեն ինձ` աջակցելով նաև քաղաքակիրթ երկիր ունենալու գործին:
-Ովքե՞ր են Ձեզ ձայն տալու, ո՞ր խավն է այսօր ՕԵԿ-ի էլեկտորատի միջուկը:
-ՕԵԿ-ը մշտապես ունի իր կայուն էլեկտորատը, որի բազմահազար ներկայացուցիչները մեր գաղափարակիցներն ու համակիրներն են: Շնորհիվ վառ անհատականություն և բանիմաց առաջնորդ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ-ը երեք անգամ անընդմեջ հաղթել է խորհրդարանական ընտրություններում, մշտապես ձեռք բերելով իր կայուն ընտրազանգվածը, որի համակրանքի հիմքում ընկած է մեր նախընտրական ծրագրերի շրջանակներում կատարած աշխատանքը։
-Ինչպիսի՞ ընտրապայքար եք ակնկալում Ձեր կոալիցիոն գործընկերներից:
-Կոալիցիոն և ոչ միայն կոալիցիոն գործընկերներից ակնկալում եմ ցուցաբերել հանդուրժողականություն միմյանց նկատմամբ: Քաղաքական պայքարի առանցքում պետք է լինեն նախընտրական ծրագրերի քննարկումներն ու բանավեճերը, գաղափարական պայքարը, և թող հաղթի այն թեկնածուն, որին տրված ձայները կլինեն արդարացի, և որն էլ կծառայի ժողովրդին:
-ՀԱԿ-ի հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում: Եթե ընդդիմությունը չկարողանա հաջողության հասնել` ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում:
-Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը նույնպես կունենա հաջողություններ, և որ դասեր քաղելով անցյալից, քաղաքական անցանկալի զարգացումներ չեն լինի:
-Երևանցիները պատրա՞ստ են կին քաղաքապետ ունենալ։ Մեր մենթալիտետը տղամարդ լիդերի «բարդույթից» ձերբազատվե՞լ է:
-Հայ մենթալիտետն իսկապես ունի տղամարդ լիդերի բարդույթից ձերբազատվելու խնդիր։ Վստահ եմ, որ հասարակության մեծ մասն էլ է ցանկանում փոփոխություններ և առանցքային պաշտոններում ուզում է տեսնել նաև կանանց: 2007-ի խորհրդարանական ընտրություններում, որպես մեծամասնական թեկնածու, Շենգավիթում ինձ ձայն տվեց 12 հազարից ավելի քաղաքացի, բայց չհաղթեցի, որովհետև տեղի ունեցան հովհարային անջատումներ, որոշ տեղամասերում` ընտրակեղծիքներ, անսահման ընտրակաշառքներ, ճնշումներ: Վստահ եմ, որ ես էի հաղթել:
-Եթե անկեղծ` հավատո՞ւմ եք Ձեր հաղթանակին:
-Եթե անկեղծ` հավատում եմ մեր հաղթանակին: Հավատն այն մեծ զենքն է, որն ինձ մղում է առաջ: Ես հավատով եմ ծառայում ժողովրդիս, կուսակցությանը, ընտանիքիս, ընկերներիս և այդ մեծ հավատով էլ ուզում եմ հաղթել:
-Հայ և թուրք հանրությունը պատրա՞ստ է հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման:
-Հայ հանրությունը բավականին պատրաստակամ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Մեր քաղաքացիների մեծ մասը հաճույքով հանգստանում է Թուրքիայում, հայ գործարարների մի մասն առևտրական կապերի մեջ է թուրք գործընկերների հետ։ Ստացվում է այնպես, որ համագործակցություն կա, բայց չկան դիվանագիտական հարաբերություններ։ Այդ առումով ողջունում ենք երկրի նախագահ Սերժ Սարգսյանի` երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ ձևավորելուն միտված քայլերը։ Այսօր սեղանին է դրված հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը, որը կնպաստի տնտեսական կապերի աշխուժացմանը, գների նվազեցմանը և, որ ամենակարևորն է, այլընտրանքային ճանապարհ կապահովի տրանսպորտային շրջափակման մեջ շարունակ գտնվող Հայաստանի համար։ Ինչպես Արթուր Բաղդասարյանն է ասում` մենք մեր հարևան պետությունների հետ ունենք խնդիրներ, և այդ խնդիրների հետ պետք է ոչ թե կռվել, այլ պետք է գնալ դրանք լուծելու ճանապարհով: Իսկ լուծելու ճանապարհը առողջ ու բանական քննարկումներն են, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
Հպանցիկ զրույցը` Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԻ

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ