Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Նպատակ ունենք ներկայացնելու տարածաշրջանի լավագույն կինոն. սա լուրջ քաղաքականություն է»

«Նպատակ ունենք ներկայացնելու տարածաշրջանի լավագույն կինոն. սա լուրջ քաղաքականություն է»
15.05.2012 | 00:00

Մշակույթի նախարարությունում օրերս կայացած մամուլի ասուլիսը նվիրված էր «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին։ Բանախոսներն էին մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ և փառատոնի գեղարվեստական տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնը ստացել է 1120 հայտ (անցյալ տարի` մոտ 700) աշխարհի շուրջ 70 երկրից, ինչը վկայում է «Ոսկե ծիրան»-ի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրության մասին: Փառատոնի ժյուրիի նախագահն իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010-ին Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն է: Գլխավոր հովանավորներն են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և մշակույթի նախարարությունը:

Մրցութային ծրագիրը 2012-ին կպահպանի 4 մրցույթները` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ». վերջինը մեկնարկել է 2011-ին և անդրադառնում է երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերին: Հարուստ ֆիլմացանկով կներկայանան «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում սպասվում են մի շարք անակնկալներ համաշխարհային կինոյի վարպետներից:

«Փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացվում ամբողջ աշխարհից: Ես շատ ուրախ եմ, որ, բացի եվրոպական, լատինաամերիկյան երկրներից, հետաքրքրությունը մեծ է նաև տարածաշրջանում,- ասաց ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:- Մենք նպատակ ունենք կինոգետներին, լրագրողներին ներկայացնելու տարածաշրջանի լավագույն կինոն: Սա լուրջ քաղաքականություն է, շատ կարևոր եմ համարում մեր հետաքրքրությունը պարսկական, վրացական, թուրքական, մինչև իսկ աֆղանական կինոյի նկատմամբ»:

Հարություն Խաչատրյանն անդրադարձավ նաև Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու խնդրին: Պատմեց, որ իրենք ադրբեջանական ֆիլմ մեկ անգամ ցուցադրել են փառատոնում, ուր ներկայացվել է իրական Ադրբեջանը` հանքահորերի մոտ մեռնող սովահար մարդկանցով: Նրա խոսքով` եթե պետք է ցուցադրես թշնամուդ ֆիլմերը, ապա միայն նրանց թույլ կողմերը հասկանալու համար: Երբ կինոգործիչներն են կինոն օգտագործում որպես մշակութային քաղաքականության զենք, ռեժիսորի համոզմամբ, դա ընդունելի է, իսկ քաղաքական գործիչների կինոնկրտումները` ոչ:

Նշենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնը կանդրադառնա նաև Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն, ինչի առթիվ կներկայացնի նոր ծրագիր` «Գիրք և կինո» խորագրով: Ծրագրում ընգրկվելու են հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունների լավագույն էկրանավորումները: Մինչև փառատոնի սկսվելը ծրագրվում է իրականացնել նաև «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով դասընթաց` միջազգային բարձրակարգ մասնագետների և արևելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ: Վերջիններիս համատեղ ուժերով փառատոնի օրերին կտպագրվի «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2553

Մեկնաբանություններ