ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումն ամենամոտ ապագայում կայացած փաստ կլինի»

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումն ամենամոտ ապագայում կայացած փաստ կլինի»
24.04.2009 | 00:00

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՆՔ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է հայ-թուրքական գործարար զարգացման կապերի հանձնաժողովի համանախագահ ՔԱԱՆ ՍՈՅԱԿԸ
-Պարոն Սոյակ, 1997 թվից Դուք հայ-թուրքական գործարար զարգացման կապերի հանձնաժողովի համանախագահն եք, մշտապես եղել եք հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ջատագով։ Կարո՞ղ ենք ասել, որ արդեն շատ մոտ է այդ պահը:
-Այո՛, մենք շատ-շատ ենք մոտեցել այդ սահմանագծին, և, կարծում եմ, Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումն ամենամոտ ապագայում կայացած փաստ կլինի:
-Խոսակցություններ կային, որ ապրիլի 16-ին` Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի Հայաստան կատարած այցի «շրջանակներում», կստորագրվի փաստաթուղթ։ Ի՞նչն է խանգարում, որ «փաստաթուղթը» չի կայանում:
-Հարաբերությունների բարելավման, սահմանի բացման ուղղությամբ ընթացող բանակցությունները խիստ ակտիվ էին անցնող մեկ տարվա ընթացքում: Կարծում եմ, որ այս պահին կոնկրետ արդյունքներ չգրանցվեցին, առաջին հերթին, այն պատճառով, որ Թուրքիան և Ադրբեջանը չէին ձևավորել համապատասխան հասարակական կարծիք, և դա, կարելի է ասել, թե՛ մեր, թե ադրբեջանական կողմի թերացումն էր:
-Նախ, եթե լրիվ անկեղծ լինենք, ի՞նչ կապ ունի այստեղ երրորդ երկիրը` Ադրբեջանը, մեր երկու երկրների հարաբերությունների հարցում: Եվ ապա` տեսակետ կա, որ Ռուսաստանը նույնպես շատ չի այրվում այս պահին սահմանի բացման ԱՄՆ-ի «հովանավորության» հեռանկարով:
-Ես կարծիքներ չեմ կարող հայտնել ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի մասին, բայց ուզում եմ ասել, որ Հարավկովկասյան տարածաշրջանում ոչինչ հնարավոր չէ անել առանց Ռուսաստանի մասնակցության: Անհրաժեշտ է այս գործընթացը ևս իրականացնել Ռուսաստանի հետ համաձայնեցված և նրա օգնությամբ:
-Բոլոր դեպքերում, սահմանի բացումն ու մեկտարյա ֆուտբոլային չարչրկված դիվանագիտությունն այս պահին չտվեցին կոնկրետ արդյունքներ նաև այն պատճառով, որ Թուրքիան, այսպես ասած, «վերջին պահին» նախապայմաններ առաջ քաշեց:
-Չկան նախապայմաններ, որքան ես գիտեմ:
-Դե` չէ. Թուրքիո վարչապետ պարոն Էրդողանը քանիցս հայտարարեց, որ քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, սահմանը չի բացվի:
-Այստեղ կա անհստակություն, որովհետև, երբ դու խոսում ես ղարաբաղյան խնդրի մասին, մարդիկ կարծում են, թե նկատի ունես միայն Ղարաբաղյան «ռեգիոնը», իսկ իրականում Էրդողանն ուզում էր ասել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը պետք է անպայմանորեն ընդգրկի տարածաշրջանային մյուս զարգացումները ևս, այն է` ողջ տարածաշրջանում պետք է տեղի ունենա հարաբերությունների նորմալացում: Այսինքն` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կօգնի նաև Ղարաբաղի հարցի լուծմանը, որովհետև եթե վերցնենք լոկ տնտեսագիտորեն, ապա երբ դու բացում ես միայն Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա բավարար չէ: Անհրաժեշտ է ամբողջ Կովկասով մեկ ապրանքների ազատ շրջանառություն, ինչն էլ ենթադրում է, որ այդ շրջանակի մեջ պետք է ընդգրկել նաև ռուսական երկաթգիծը` Ռուսաստանից-Հայաստան, ապա Թուրքիա` Կարս-Երևան երկաթգիծը: Ինչն էլ, իր հերթին, նշանակում է համագործակցություն Ռուսաստանի և տարածաշրջանային մյուս միավորների հետ:
-Հարցն առավել քաղաքական բնույթի էր. պարոն Էրդողանի հայտարարությունում խոսքը Ղարաբաղի համար անվտանգության գոտի համարվող` ազատագրված յոթ շրջանների վերադարձի մասին էր:
-Ես վստահ չեմ` յոթ, հինգ, թե չորս շրջանի մասին է խոսքը, բայց եթե հիմնական նպատակն այն է, որ պետք է խաղաղություն հաստատվի Կովկասում, ապա անհրաժեշտ է, որ Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները, երբ համաձայնեն միմյանց հետ, այդ համաձայնությունը լինի ինչ-որ առումով փոխզիջումային, այն գուցե մի քիչ լավ, մի քիչ վատ լինի Թուրքիայի համար, հնարավոր է Հայաստանի համար ևս կիսալավ-կիսավատ լինի, բայց մենք բոլորս` երկու երկրների ժողովուրդները, բիզնեսմեններն ու քաղաքական գործիչները, պետք է ամեն ինչ անենք, աջակցենք սահմանի բացմանն այն պարզ պատճառով, որ այլընտրանք չկա. հարևան երկրները պետք է կարողանան միմյանց հետ ապրել, միմյանց հետ առևտուր անել, միմյանց հետ նորմալ հարաբերություններ հաստատել և զարգանալ:
-Իսկ Իրանի պարագա՞ն ինչպես եք դիտարկում` «սպասվող» զարգացումների ենթատեքստում:
-Իրանն անչափ կարևոր երկիր է, և ես հավատում եմ, որ առաջիկայում ԱՄՆ-Իրան հարաբերությունները նույնպես շատ լավ կդասավորվեն: Բոլոր դեպքերում, Իրան-Թուրքիա հարաբերությունները բավականին նորմալ են, և մենք կարծում ենք, որ Իրանը նույնպես պետք է լինի ամենագլխավոր գործող երկրներից մեկը տարածաշրջանային շուկայում:
-Բոլոր դեպքերում, ինքներդ ի՞նչ ժամկետներում եք կանխատեսում սահմանի բացումը։ Չերչիլն ասում էր` կանխատեսեք, հետո կասեք` ինչու չեղավ, իսկ ահա Սերժ Սարգսյանը վերջերս կանխատեսեց, որ չի բացառվում` ինքը հոկտեմբերին հայ-թուրքական ֆուտբոլային խաղը դիտելու գնա բաց սահմանով: Կիսո՞ւմ եք այդ «հեփի էնդը»:
-Ես ինչքան հասկանում եմ` պրեզիդենտ Սարգսյանը բարի ցանկություններ ու նպատակներ է հայտնել, իսկ մենք, մեր հերթին, սպասում ենք ավելի արագ լուծում: Կարծում եմ, սահմանը շատ ավելի շուտ կբացվի, քան ինքը կգա այդ խաղը դիտելու:
-Ե՞րբ:
-Կդժվարանամ ասել: Բայց կարծում եմ, որ առաջինը կկարգավորվեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որից հետո Թուրքիան կարող է օգնել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Ռուսաստանն էլ կարող է օգնել, Միացյալ Նահանգներն էլ արդեն օգնում է:
-Ի դեպ, ի՞նչ կարծիքի եք Հայաստանի մասին, այսքան տարի գնում-գալիս եք. դե, պատկերավոր ասած, համարյա «հայ» եք:
-Լուրջ զարգացում եմ տեսնում Հայաստանում, հայերը բավականին խելացի են, լավ ընկերներ են, լավ բիզնեսմեններ, վստահելի գործընկերներ: Ի դեպ. ասեմ նաև, որ Օսմանյան կայսրության մեջ նույնպիսի վստահություն կար հայերի և թուրքերի միջև, որովհետև մենք իրականում եղբայրներ ենք:
-Իսկ Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915 թվին Թուրքիայում տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն:
-Մենք չենք խոսում այդ մասին: Ես կուզենայի, որպեսզի ճշմարտությունն իմացվեր բոլորի կողմից: Ես հույս ունեմ, որ հարաբերությունների լավացումը կօգնի, որպեսզի այդ ճշմարտությունը բոլորի կողմից ճանաչվի և իմացվի, որովհետև այս հարցը շատ երկար տարիներ մեզանում տաբու էր, և հարաբերությունների լավացումը կվերացնի նաև այդ տաբուն, ինչը նույնպես շատ կարևոր է:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1625

Մեկնաբանություններ