Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մենք մշակույթ արտահանող ժողովուրդ ենք

Մենք մշակույթ արտահանող ժողովուրդ ենք
11.05.2012 | 00:00

Ամեն ազգի կամ ժողովրդի հոգեկերտվածքը ձևավորվում է աշխարհագրական որոշակի տարածքում, որի բնությունն էլ կերտում է անհատի և ազգի հավաքական բնավորությունը և խառնվածքը, մտավոր կարողություններն ու անգամ մարմնի կառուցվածքն ու դիմագիծը, բայց ո՛չ մարդաբանական տեսակը. այստեղ գործում է տեսակի պահպանման` բնության ամենազորեղ ուժը։ Դարերով աշխարհագրական նույն տարածքում ապրած և ժառանգականության շարունակականությունը` արյան անաղարտությունը, կենսաբանական և հոգևոր իմաստով պահպանած մարդկային հանրույթը, բազմանալով և հոգևոր ու նյութական մշակույթ ստեղծելով, դառնում է ազգ և, հասնելով ինքնաճանաչողության, տարբերում է իրեն այլ ազգերից, ուրիշներն էլ տարբերակում են այդ ազգն իրենցից և հարևան ու հեռավոր այլ ազգերից։

Հայտնի է, որ վաղնջական ժամանակներում եղել են ժողովուրդների մեծ տեղաշարժեր, որոնք դիտվում են որպես բնականոն երևույթ, քանի որ բուն «հայրենիքում» ժողովրդի բնական աճը ստեղծում էր բնակչության գերխտություն` դառնալով կենսակայն պայմանների սղության պատճառ։ Այդ ժամանակ մարդիկ ցեղախմբերով հեռանում էին, բնակվում իրենց «հայրենիքի» բնակլիմայական պայմաններին առավել նման նոր միջավայրում և մի քանի սերունդ հետո հարմարվում դրան։ Այդպես են տարածվել «հնդեվրոպական» ազգերը։ Բայց հաճախ պատմության մեջ` որպես քաղաքական վայրիվերումների հետևանք, մի ազգի փոքրաթիվ կամ պարբերաբար աճող հատվածը հայտնվում է իր կենսահոգեբանական կշռույթին անհարազատ միջավայրում, որտեղ նա օտար է իր խառնվածքով, մտածելակերպով ու մտավոր ունակությամբ, արտաքինով և էլի մի շարք գործոններով։

Նոր միջավայրում, երբ ներգաղթյալների վրա բնականորեն ներգործում են աշխարհագրական և երկրաբանական գործոնները և դրանց կենսաբանական կշռույթը (ռիթմը), յուրաքանչյուր անհատի վրա ավերիչ ազդեցություն է ունենում նաև այդ երկրի ժողովրդի պատմական հիշողության, լեզվական ու մշակութային ճնշումը: Ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս մարդու սոցիալ-հոգեբանական հարմարվողականության «փրկարար» ունակությունը. օտար միջավայրում նա գոյատևում է որպես բնակիչ և քաղաքացի, բայց տկարանում և ի վերջո «մեռնում է», որպես իր ազգին պատկանող և նրա մշակութային ժառանգական հիշողությունը պահող և հաջորդ սերնդին փոխանցող անհատ: Բերեմ մի օրինակ: 18-19-րդ դարերում Աֆրիկայից բռնի Ամերիկա բերված տարբեր ցեղախմբերի պատկանող սևամորթները երկու հարյուր տարում կորցրին իրենց լեզուն, մշակույթը` ավանդույթները, ավանդությունները (պատմական կամ որևէ այլ իրադարձության մասին պատմվող զրույց, հերոսական ասք և այլն): Այսօր աֆրոամերիկացիներն իրենց մաշկի գույնով են միայն «աֆրո»: Իրենց ազգային պատկանելությունը, գենետիկ հիշողությունն ու մշակութային առանձնահատկությունը նույն կերպ կորցրել են նաև մի քանի հարյուր տարի առաջ Հայաստանից զանգվածաբար կամ անհատապես հեռացած հայերը. ո՞ւր են Լվովի` անեցի հայերը: Այսպիսի փաստերը մեր պատմության մեջ շատ են:

Իսկ եթե այդ հարմարվողականությանն ավելանում են նաև խառնամուսնությունները, կտրուկ շեղվում է նաև ծնաբանական (գենետիկ) ժառանգականության գիծը:

Մենք` հայերս, մոտ 1600 և առավելապես 5-6 հարյուր տարիների ընթացքում պարբերաբար հայտնվել ենք ներգաղթյալի կարգավիճակում: Այդ պարբերականությունն այնքան հաճախ է կրկնվել, որ այդ երևույթը օրինաչափ է թվում, մինչդեռ իրականում այն նպատակասլաց ուղղորդում է եղել: Ցավոք, մեր պատմությունն իր փաստերով հաստատում է դա:

Շահում են այն ազգերը, որոնք դարերով չեն հեռացել իրենց կենսահոգեբանական միջավայրից, և անգամ երկրի ներսում, այսպես կոչված, վարչա-ազգագրական տարաբաժանման ներկայացուցիչներն իրենց երկրի սահմաններում իսկ զանգվածաբար չեն տեղափոխվել այլ շրջաններ: Այդպիսի նահանգներն ու գավառները սովորաբար լինում են տնտեսապես կայուն, հոգեբանորեն ամուր, մշակութային արժեքներ ստեղծելիս` ինքնատիպ: Որպեսզի խոսքս ավելի հավաստի և համոզիչ լինի, պատկերը տեղափոխենք անհատների հարաբերությունների դաշտ:

Հայ իրականության մեջ մինչև 20-րդ դարասկիզբ գյուղերում ապրում էին գերդաստաններով. յուրաքանչյուր գերդաստան բաղկացած էր 40-50 անձից: Քաղաքներում վաղուց տրոհվել էին գերդաստանները, և ստեղծվել էր հանրության ավելի փոքր բջիջ` ընտանիքը: Երբ արյունակցական կապերով միացած երեք սերնդի ներկայացուցիչներ ապրում էին մի հարկի տակ, նրանցից յուրաքանչյուրն իր հոգևոր և մարմնական կարողությունները ներդնում էր ընդհանուրի բարեկեցության համար, որի մեջ նաև ինքն էր: Գերդաստանում հստակ գործում էին աշխատանքի, իրավունքների և պարտականությունների բաժանման բարոյական սկզբունքները:

Գերդաստանն ուժեղ էր ու անխոցելի իր միասնությամբ. սակայն հետագայում տրոհումը մի քանի ընտանիքների թուլացնում է գերդաստանի բարոյահոգեբանական և տնտեսական վիճակը. իսկ երբ նորաստեղծ ընտանիքները հեռանում են իրենց մայր գերդաստանից նաև տարածությամբ, ապա ակնհայտորեն թուլանում է նրանց միջև եղած կենսաբանական կշռույթը: Ժողովրդական մի ասացվածք կա. «Աչքից` հեռու, սրտից` դուրս»: Այսօր մենք բազմաթիվ այդպիսի օրինակներ ունենք, երբ օտար երկրում ապրող որդին մոռանում է իր ծնողներին, քրոջն ու եղբորը, իսկ ծնողը` հարազատ զավակներին:

Ընտանիքը, որ տրոհված գերդաստանի մի օղակն է, վերջին մի քանի տասնամյակներին այնքան է փոքրացել, որ ոչ մի կերպ շրջագիծ չի կազմում` հայր, մայր և առավելագույնը երեք երեխա: Հաճախ մի կերպ շրջագիծ կազմած ընտանիքը ևս սկսում է տրոհվել, երբ նրա անդամները հեռանում են ոչ միայն ընտանիքից, այլև իրենց սովոր կենսա-հոգեբանական միջավայրից, որը, ինչպես ասացինք, ձևավորում է անհատ մարդուն, բնականաբար, նաև հանրույթը` ընտանիքն ու ազգը: Ահա այդ տրոհված, մասնատված ընտանիքը, կորցնելով իր անդամների հոգևոր դաշտի ամբողջականությունը, տկարանում է և՛ հոգով, և՛ մտքով, և՛ մարմնով: Նյութական բարեկեցությունը հաճախ հակադարձ համեմատական է լինում, քանի որ նոր միջավայրի օրենքները, որ ներգաղթյալի համար անծանոթ են, բայց նպաստավոր, նյութական բարեկեցություն են ապահովում: Մինչդեռ հոգևորի դաշտն աստիճանաբար աղքատանում է. չէ՞ որ աստվածային օրենքն ասում է` «Ոչ միայն հացիվ»:

Այս իրավիճակը ծանոթ է Հայաստանում (և ոչ միայն Հայաստանում) շատ հայ ընտանիքների, որոնց հարազատներն օտար երկրներում աշխատանք, բախտ ու փառք են փնտրում։ Ավա՜ղ, այս էլ քանի դար օտար, հալածող քամիները ներխուժում են մեր տուն, մեր հոգիների մեջ և մեր անգիտության ձեռքից բռնած տանում մեզ անհայտություն:

Եթե այս երևույթը տեղափոխենք ազգի ու ժողովրդի կենսագործունեության դաշտ, ապա կտեսնենք, որ ազգի ներկայացուցիչների` անհատ առ անհատ, ընտանիքով կամ զանգվածաբար հեռանալը երկրից ու հավաքական ազգից (սա, մեծ հաշվով, այն գերդաստանը կամ ընտանիքն է, որից հեռացել են նրա արյունակից հարազատները), պատճառ է դառնում նրա թվի նվազման, հավաքական ուժի թուլացման և տնտեսական անկման: Ի տարբերություն ընտանիքի մեկ կամ երկու անդամների հեռացումով վերջիններիս տնտեսական հաջողությունների և դրանց շնորհիվ երկրում մնացած ընտանիքի պայմանների բարելավման, պետության և ազգի պարագայում կատարվում է հակառակը: Մինչդեռ բոլորովին այլ արդյունավետություն է ունենում այն «արտագաղթը», երբ երկրից զանգվածաբար հեռացողները օտար երկրներ են գնում ոչ թե ձեռնունայն` այնտեղ աշխատել-ապրելու կրավորական տրամադրությամբ, այլ զենքով` քաղաքական և տնտեսական գաղութատիրության նկրտումներով: Մենք` հայերս, դարերով շարունակում ենք հայտնվել օտար երկրներում հենց այդպիսի կրավորական տրամադրությամբ: Երբեմն հախուռն, սեփական նյութական կարիքները հոգալու նպատակով, ավելի հաճախ` բռնագաղթի պատճառով։ Օտար միջավայրում հայերը կորցնում են իրենց կենսահոգեբանական դաշտը, թուլանում են ոգով և ձեռք են բերում սեփական ուժերին չվստահելու բարդույթ:

Մտովի թերթենք մեր պատմության էջերը և կտեսնենք, որ մեր ժողովուրդը պարբերաբար ենթարկվել է տնտեսական, բարոյական և քաղաքական բռնությունների ու բռնագաղթի: Եվ հաճախ այդ ճնշումներից խուսափելու համար հայերը թողել-հեռացել են իրենց երկրից:

Արտաքնապես այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իբր մենք թափառականի հոգեբանություն ունենք: Սա թյուր կարծիք է, ավելի ճիշտ, թյուր մեկնաբանություն: Հայտնի է, որ թափառական կամ վաչկատուն (քոչվոր) ազգերը մեծ մշակույթ չեն ստեղծում. անընդհատ շարժումը հնարավորություն չի տալիս կուտակելու ժողովրդի կենսափորձն ու իմաստությունը, որոնք հետո պիտի դառնան կենսափիլիսոփայություն, չեն ստեղծվում նաև նյութական արժեքներ` ճարտարապետություն, արվեստի և արհեստի բարձրարժեք առարկաներ: Այս ամենի համար մարդկությունը պարտական է նստակեցությանը:

Մինչդեռ մենք` հայերս, հազարամյակների նստակյաց ապրելակերպի շնորհիվ ստեղծել ենք նյութական և հոգևոր բարձր մշակույթ մեր հայրենիքում և, հայտնվելով օտար երկրներում, շարունակում ենք մշակութաստեղծ մեր առաքելությունը:

Մենք մշակույթ արտահանող ժողովուրդ ենք:

Հետևելով մեր անցած պատմության վայրիվերումներին` դժվար չէ նկատել, որ հարևան բոլոր պետություններն ու որոշակի քաղաքական ուժեր պարբերաբար հատուկ և նպատակասլաց ծրագիր են իրականացրել Հայաստանի ու հայության հավաքականության դեմ: Զանգվածաբար հեռացնելով մեզ մեր երկրից` թուլացրել են և՛ մեզ` որպես կորցրած պետականությունը վերականգնելու ձգտում ունեցող ազգային հավաքականություն, և՛ մեր երկիրը` տնտեսապես, ռազմականապես, և՛ որպես այդ ամենի հետևանք, նաև քաղաքականապես:

Դարձյալ խոսքս փաստերով հիմնավորեմ։

Չարաբաստիկ 387 թ. Հայաստանը մասնատվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Իմ վերլուծական հոդվածում` «Ազգ և պետություն. պետականության կորուստ և ազգ» («Իրատես de facto», 2011թ., թիվ 15,16) անդրադարձել եմ պատմական այս իրողությանը, թե ինչպես մեր հարևան և ոչ հարևան պետությունները մի քանի դար պարբերաբար բաժանել ու վերաբաժանել են Հայաստանը: Իսկ ժողովուրդը` անզեն և անբանակ, բռնել է գաղթի ճանապարհը` ֆիզիկական գոյությունը պահպանելու բնական մղումով:

Ահա թե ինչ է գրում 5-րդ դարի հայ պատմիչ Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմության» մեջ. «Մեր երկուսի միջև (Բյուզանդիայի և Պարսկաստանի) ընկած է այս հզոր ու հարուստ թագավորությունը: Լավ կլինի, որ այս միջոցով թուլացնենք և խանգարենք այս թագավորությանը, նախ երկու մասին բաժանենք այս երկու Արշակունի թագավորներով, հետո կաշխատենք նրանց էլ թուլացնել, աղքատացնել և մեր ծառայությանը ենթարկել, որպեսզի մեր մեջ չկարողանան գլուխ բարձրացնել»:

Փ. Բուզանդի պատմությունը 1600 տարի կարդացել ենք և չենք զգաստացել, և հայ զորավարներն իրենց բանակով ծառայել են մե՛կ հույներին, մե՛կ պարսիկներին: Մի՞թե մեր մեջ միայն պարզապես կռվող զինվորն է նստած եղել` առանց սեփական երկիրը պաշտպանելու և պահպանելու աստվածահաճո զգացմունքի և արժանապատվության: Անհավանական է:

Կայսրության հյուսիսային սահմանները պաշտպանելու և ամրացնելու նպատակով Հռոմի կայսրերը մեծ թվով հայերի և զինվորական ուժ էին տարհանում Հայաստանից այդ շրջանները, որոնք հետագայում ստանում են աշխարհագրական անվանում` Նորիկյան (Նորիքուս):

Իրանահայ նշանավոր պատմաբան, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Հովիկ Ներսիսյանն իր աշխատության մեջ նշում է. «Սա, ըստ էության, եղել է նախապես ծրագրված պարտադրյալ առաջին մեծ գաղթը Հայաստանից չորրորդ դարում» (Հովիկ Ներսիսյան, Հայագիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011 թ.):

591 թ. Պարսկաստանն ու Բյուզանդիան (Արևելյան Հռոմեական կայսրություն) երկրորդ անգամ նոր համաձայնագրով վերաբաժանում են Հայաստանը և, դարձյալ ծրագրված, մեծ թվով հայերի են գաղթեցնում տարբեր շրջաններ: Զարգացնելով Հուստինիանոս Ա-ի քաղաքականությունը` Բյուզանդիայի կայսր Մորիկը (Մավրիկիոս) իր իշխանության տարիներին հայերին տեղահանելու հստակ քաղաքականություն է վարել: Նա հայերին բնորոշում էր որպես`

ա) շատ պիտանի ժողովուրդ` ամայի վայրերում բնակեցնելու համար, քանի որ նրանք կարճ ժամանակում շենացնում են այն և դարձնում ապրելու համար բարենպաստ,

բ) սահմանները պաշտպանող ռազմական հզոր ուժ, քանի որ հայերը լավ զինվորներ են:

Բյուզանդական կայսրերը հայերին գաղթեցնելու համար հաճախ նրանց խրախուսում էին` խոստանալով ազատություն և նյութական ապահովություն: Միջին դարերում (և ոչ միայն) այս երկու գործոնները կենսական անհրաժեշտություն են եղել պետականությունը կորցրած և պատերազմական թատերաբեմ դարձած Հայաստանի բնակիչների համար: Սակայն, այնուամենայնիվ, հաճախ այդ խրախուսանքն արդյունք չէր տալիս, և բյուզանդական կայսրերը հայերին պարզապես բռնի գաղթեցնում էին և բնակեցնում կայսրությանը ռազմավարական տեսակետից շահավետ վայրերում: Օրինակ, 577 թ., երբ Մորիկը դեռ կայսերական զորքերի հրամանատար էր Հայաստանում, Արծն գավառից բռնագաղթեցնում է հայերին և ուղարկում այդ ժամանակ դեռևս անմարդաբնակ Կիպրոս կղզի, իսկ կայսր դառնալուց հետո նա հայերից կազմում է զինվորական գնդեր և ուղարկում Բալկանյան թերակղզի` պաշտպանական գործողություններով Մակեդոնիան և Թրակիան ամրացնելու նպատակով: Ռազմավարական այս քայլով նա ամրացնում էր մայրաքաղաք Կ. Պոլսի հյուսիսային և արևմտյան սահմանները ռազմատենչ ցեղերի հարձակումներից:

Պարբերաբար Հայաստանից դուրս բերվող ռազմական ուժը թուլացնում է երկիրը` զրկելով ժողովրդին ապստամբելու միջոցով անկախությունը վերականգնելու հնարավորությունից: Երկրից բռնագաղթած հազարավոր մարդիկ` իշխանական տների ներկայացուցիչներ, զորավարներ, զինվորներ, ճարտարապետ-շինարարներ, արհեստավորներ և վաճառականներ հարկադրաբար մնում էին գաղթավայրերում, բնակեցնում դրանք և դարձնում Բյուզանդական կայսրության ռազմավարական և ռազմական հենարանը:

Հայերի զանգվածային բռնագաղթը դարերով պարբերաբար շարունակվել է և հասել մինչև 20-րդ դար:

Կարինի և Բարձր Հայքի օրինակով կփորձեմ հաստատել իմ այս միտքը: Դիմենք ամենազոր պատմության անժխտելի փաստերին:

Բարձր Հայք նահանգի և նրա կենտրոն Կարին քաղաքի դժբախտությունները պայմանավորված են եղել դրանց ռազմավարական կարևոր դիրքով: Հայաստանի առաջին բաժանումից հետո Բարձր Հայքն անցնում է Հռոմի տիրապետությանը: Պետականությունը կորցրած և գաղութացված նահանգը ենթարկվում էր հռոմեական պետության և՛ տնտեսական, և՛ մշակութային ճնշումներին ու հալածանքներին: 405 թ. հայոց գրերի և գրականության վերաստեղծումից հետո Բարձր Հայքի հայերը, ի տարբերություն պարսկահպատակ Հայաստանի, զրկված էին հայերենով կրթվելու և քրիստոնեական նոր ուսմունքին հայերենով հաղորդակից լինելու հնարավորությունից: Միայն նոր ստեղծվող գրականությունը և նոր հավատքը կարող էին միավորել հայերին և հեռու պահել ուծացումից: Ահա այդ ժամանակ հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը, տեսնելով իր ժողովրդի ինքնությանը սպառնացող վտանգը, նամակ է գրում հունաց Թեոդոս կայսրին` խնդրելով, որ նա արգելքներ չդնի հայերի` մայրենի լեզվով կրթվելու գործին, և թույլտվություն է խնդրում հայոց դպրոցներ բանալ հռոմեահպատակ տարածքներում:

Անգամ սեփական հայրենիքում, բայց օտար մշակութային դաշտում թուլանում է ազգի ինքնահաստատման ձգտումը:

Կարին քաղաքի ռազմավարական դիրքին տիրանալու համար երկար ժամանակ պայքար են մղել պարսիկներն ու հռոմեացիները. քաղաքը հաճախ ձեռքից ձեռք է անցել, իսկ նրա բնակիչները, պատերազմական գործողություններից հոգնած և տուժած, հեռացել են հայրենի երկրից:

Ավելի ուշ` 11-րդ դարում, պատմական ասպարեզ են գալիս սելջուկ թուրքերը, որոնք աներևակայելի դաժան ասպատակությունների են ենթարկում Բարձր Հայքը, և նահանգի բնակիչները, չդիմանալով մահաբեր ահ ու սարսափին, հեռանում են երկրից կամ բարձրանում անմատչելի լեռները: 1314 թ. Կարինում գրված «Գործք առաքելոց» ձեռագիր մատյանի գրիչը հիշատակարանում գրում է, որ ամբողջ Բարձր Հայքը ենթարկվել է ծանր ու դաժան հարկահանության, փակվել են եկեղեցիները, դպրոցները, շատերի երեխաներին տարել են հարկի դիմաց, ժողովրդի մի մասը բռնի հավատափոխ է եղել, մի մասն էլ կյանքը փրկելու համար փախել է երկրից:

1394 թ. Բարձր Հայքը գրավում են Լենկթեմուրի հրոսակները և ժողովրդին ենթարկում անասելի հալածանքների` բռնություն, թալան, դաժան հարկահանություն: Կրկին գաղթ ու բռնագաղթ: 1400-ական թվականներին Հայաստան են ներխուժում թուրքական կարա-կոյունլու (սև ոչխարավոր), ապա` ակ-կոյունլու (սպիտակ ոչխարավոր) բարբարոս ցեղերը: Դարձյալ կողոպուտ և ասպատակություն, գաղթ հարազատ վայրերից: 1502 թ. թուրք-պարսկական հակամարտության արդյունքում Բարձր Հայքն անցնում է Սեֆյան Պարսկաստանի տիրապետության տակ: Սակայն 1555 և 1639 թթ. թուրք-պարսկական պատերազմներից հետո պայմանագրով Բարձր Հայքն իր Կարին կենտրոնով վերջնականապես անցնում է թուրքերի տիրապետությանը: Ճիշտ 20-րդ դարի ռուս-թուրքական պայմանագրերի նման, երբ երկու կողմերն իրար մեջ են բաժանում երրորդ կողմի` Հայաստանի հողերը:

Այսպես մոտ հազար տարի հռոմեացիներն ու պարսիկները նպատակասլաց և հետևողականորեն թուլացրել էին Հայաստանը, և ուշ միջնադարում Հայաստանում գրեթե ոչնչացված էին դիմադրող ռազմական ուժն ու ազատագրական ոգին:

Հայերի զանգվածային գաղթը շարունակվում է նաև 19-20-րդ դարերում:

1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանին են անցնում Խոյ, Սալմաստ, Մակու հայկական գավառները (Պարսկահայքի մի մասը), իսկ Ռուսաստանին` Երևանի խանությունը, Նախիջևանը, Ղարաբաղը, Գանձակը: Զինադադարից հետո վերոնշյալ գավառներից մոտ 45 հազար հայ է գաղթում ռուսական տիրապետության տակ հայտնված հայկական տարածքներ: Այդպես է Եղիշե Չարենցի հայրը` Աբգար աղան, Մակուից հայտնվել Կարսում: Բուն հայկական հողերը դատարկվում են հայերից նաև Արևելյան Հայաստանի պարսկական հատվածում:

1928-29 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքը գրավում է Կարինը. ռուսները նույնպես հասկացել էին այս քաղաքի ռազմավարական կարևորությունը: Սակայն միջազգային քաղաքական ճնշումների տակ Ռուսաստանն իր զորքը դուրս է բերում Կարինից և այն Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով վերադարձնում է թուրքերին:

Կարինի և շրջակա գյուղերի հայերը մի քանի ամիս են միայն ազատ ու ապահով ապրել: Ռուսների ռազմական հաղթանակը հայերին քաղաքական ազատության հույս էր ներշնչում: Բայց ռուսական բանակի հեռանալը մեծ տագնապ է առաջացնում հայոց մեջ: Դարձյալ զանգվածային գաղթ է սկսվում. շեն ու ծաղկուն Կարինն իր շրջակա գյուղերով դատարկվում է. տարբեր տվյալներով` մոտ 100 հազար հայ է գաղթել: Նրանց մեծ մասը տեղավորվել է Ջավախք աշխարհում և Գյումրիում:

1829 թ. Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին են անցնում Սև ծովի կովկասյան ափը, Ախալցխայի մի մասը, Ախալցխա և Ախալքալաք քաղաքները: Իսկ Արևմտյան Հայաստանի մի մասը, որ ազատագրել էին ռուսները, վերադարձվում է Օսմանյան կայսրությանը:

1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմին իրենց օժանդակությունն են բերել նաև Կովկասի հայերը` տրամադրելով 2 հազ. հետևակ և 800 հեծյալ, Կարսի հայերը կազմել են երկու զորաջոկատներ` հեծյալ և հետևակ, Բայազետում ռուսական բանակին է միանում Մելիք-Մարտիրոսի 500 կամավորականների հեծյալ ջոկատը, Էրզրումում` Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ էին ստեղծվել նաև Ալաշկերտում, Բասենում, Մուշում, Արդահանում, Սեբաստիայում և այլ հայկական գավառներում: Կարսի և Կարինի գրավումը միայն ռուսական բանակի ռազմական հաջողությունը չէր. այդ հաղթանակի զոհասեղանին հայերը դրել էին զենք, զինվորի ոգին, հայի ռազմական և մարտավարական կարողությունները և ամենակարևորը` հայի` թուրքական լծից ազատագրվելու մարդկայնորեն պարզ ու հասկանալի երազանքը, որը հերթական անգամ դաժանորեն փշրվեց: Մինչև ե՞րբ հավատանք օտարներին։

Մինչդեռ Հունաստանը այդ պատերազմում անկախություն է ստանում, իսկ Սերբիան, Վալախիան և Մոլդովան` ինքնավարություն: Հայերի հուսախաբությունն աննկարագրելի է լինում: Եթե, իհարկե, սոսկ քաղաքական հուսախաբությամբ վերջանար այդ: Թուրքերը դաժանորեն վրեժխնդիր են լինում չգաղթած հայերի հանդեպ:

Զարմանալիորեն չեն սպառվում մեր ժողովրդի ռազմական կարողությունն ու ազատագրական ձգտումը: Իսկ օտար բանակներին տված մեր փայլուն զորահրամանատարները պատիվ կբերեն ցանկացած հզոր պետության: Այստեղից հետևություն. ինչո՞ւ պիտի նրանք թողնեն, որ այդ զորավարները մնան իրենց երկրում, հզորացնեն այն և գուցե մի օր էլ դիմադրեն օտարների ասպատակությանը: Խորհել է պետք։

1877-78 թթ. ռուս-թուրքական նոր պատերազմի ժամանակ Կարնո հայերը դարձյալ մեծ օժանդակություն են ցուցաբերում ռուսական զորքերին, որոնց հրամանատարն էր ռուսական բանակի փառապանծ գեներալ Միքայել Լոռիս-Մելիքովը: Կարսը և Կարինը գրավելուց հետո մի կարճ ժամանակ անց ռուսական զորքը հեռանում է` իր հետ գաղթեցնելով հայերի մի ստվար հատված, իսկ մնացածներին թողնում թուրք բարբարոսների «բարեգթությանը»:

Վերջին և անդառնալի հարվածը Բարձր Հայքը ստանում է 1915 թ.: Զարմանալիորեն կենսունակ հայի այս տեսակը բազում բռնագաղթերից, դաժան հալածանքներից, հարկային ճնշումներից, 1895 և 1909 թթ. կոտորածներից, թալանից հետո անգամ ոտքի է կանգնել և չարքաշ աշխատանքով կերտել իր բարեկեցությունը: Ե՛վ 1915-ի եղեռնի, և՛ տեղահանության ժամանակ բացահայտվում է կարնեցիների աներևակայելի նյութական հարստության չափը` հարուցելով թշնամու զարմանքը:

Եթե այդ հարստության գեթ մի փոքր մասը նրանք տրամադրեին ինքնապաշտպանությանը, ապա ամբողջովին այլ իրավիճակ կլիներ և՛ Կարինում, և՛ շրջակա գյուղերում:

Ավա՜ղ, ոսկու փայլը դարձյալ կուրացրել է մեր հոգու և մտքի աչքերը, և մենք շարունակում ենք չտեսնել ոչ միայն վաղվա վտանգը, այլև, փորձանքի մեջ լինելով, չենք տեսնում դրա մահաբեր դատավճիռը:

Սիրելի՛ ընթերցող, ես վստահ եմ, որ դարեր շարունակ քաղաքական նկատառումներով հայերին իրենց հայրենիքից բռնի գաղթեցնելու այս դաժան փաստերը յուրաքանչյուրիս սիրտը ցավով ու զայրույթով են լցնում, բայց դրանք մեզ խորհելու տեղիք պիտի տան: Մեզ ցեղասպանության են ենթարկում, ցրում են աշխարհով մեկ, օգտագործում են մեր ներուժը, իսկ մենք երախտապարտ ենք լինում այն ազգերին, որոնք մեզ իրենց երկրում ապրելու տեղ են տալիս, իսկ մենք հարյուր տարի է` չենք կարողանում մեզ կոտորողին, մեր ձեռքից մեր հայրենիքը խլողին, մեզ մեր հայրենիքից վտարողին և նրան օժանդակողներին համարձակ ու շիտակ պահանջ ներկայացնել: Փոխարենը մենք ինքներս մեզնից ենք նեղանում և չենք հասկանում, որ այսօրվա հայաստանյան իրավիճակը նույնպես 1600-ամյա ծրագրի շարունակությունն է: Մենք հեռանում ենք մեր երկրից հմայվածի անգետ մոլուցքով և անգամ մեր թշնամիների զարմանքն ենք շարժում:

Մի՞թե կարելի է հազարամյակով չհասկանալ, թե ինչ են անում մեզ հետ:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2549

Մեկնաբանություններ