ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԱԾ-ն վարչապետի սպանության և ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու փորձ է կանխել

ԱԱԾ-ն վարչապետի սպանության և ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու փորձ է կանխել
15.11.2020 | 14:31

ԱԱԾ-ն, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով կառավարության, վարչապետի վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, օգտվելով 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտ գոտում զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի փոխադրել և իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր:

Հիշատակված անձը, 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր: Ա. Մ.-ն և Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, սակայն իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և խափանվել են ԱԱԾ-ի կողմից:


Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, ՀՅԴ անդամ Ա. Ա.-ն, Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի /7,62X54/ գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, 11 հատ պայթուցիչ/կապսուլ/, 8 հատ էլեկտրական պայթուցիչ/զապալ/, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել /ֆիթիլ/, 2 հատ ՌԳԴ տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրոտիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք, մեծաքանակ այլ զենք ու զինամթերք, որոնց օգտագործման և նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել: ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ, չտրվել սադրանքներին և ըստ այդմ վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և զգուշացնում է, որ վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն: ԱԱԾ-ն ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսոևորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին և արտաքին անվտանգության և հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են:

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ