Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Շտապեք հայրենապաշտության դպրոց

Շտապեք հայրենապաշտության դպրոց
12.06.2012 | 00:16

«Վա՜յ քեզի, որ կյանքդ հայրենիքից ավելի կսիրես»,- գրել է Պետրոս Դուրյանը։ «Մարդ երբեք չպետք է լքի իր հայրենիքը, նույնիսկ եթե կյանքին վտանգ է սպառնում»,- ասել է Կոստան Զարյանը։ Այսինքն` պետք է պայքարել աշխատանքով, մտքով, զենքով:
Կարդալով մեծերի այս հայրենաշունչ տողերը, խոր ցավ ես ապրում, որ այսօր, մեր անկախ հայրենիքի հարյուր հազարավոր հայրենակիցներ, նույնիսկ աշխատանք, տունուտեղ, մի խոսքով` ապահով կյանք ունեցողները, հեշտորեն լքում են հայրենիքը` օտարության մեջ մի քիչ ավելին վաստակելու, մի քիչ ավելի բարեկեցիկ, հարմարավետ կյանք վայելելու, մի քիչ ավելի փառք ձեռք բերելու համար:
Արդյոք դուք` հայրենիքը լքող հարյուրհազարներդ, երբևիցե խորհե՞լ եք, թե ինչու մոնթեները, ազգալդյանները, կրպեյանները, մեղրյանները, Վազգեն Սարգսյանի կոչով մարտի ելած հարյուրավոր մահապարտները, հազարավոր հերոսներ ու հերոսուհիներ իրենց կյանքը` հայրենիքից հետո ամենաթանկ բանը, զոհեցին. զոհեցին, որ շեն ու հզոր մնա սրբազան հայրենիքը, պաշտելի Արցախը, որ ոչ մի հայ զավակ երբեք չլքի հայրենի օջախը. չէ՞ որ այդ հայրենապաշտ նվիրյալներն էլ կարող էին իրենց տաղանդով, ձիրքով, շնորհքով բարեկեցիկ, ապահով կյանք վայելել, փառք ձեռք բերել օտար երկնքի ներքո:
Այնուամենայնիվ, հարկ է մեծավ ուրախությամբ արձանագրել, որ հարյուրավոր հայրենապաշտ սփյուռքահայեր այսօր ապրում են Արցախի գյուղերում, Շուշիում, Հայաստանում, շենացնում հայրենի հողը:
Ինչո՞ւ է հայ հանրության կյանքն այսքան երկփեղկված. թերևս դպրոցներում, բուհերում, հասարակական, քաղաքական, վարչական կառույցներում անուշադրության է մատնված հայրենասիրության, ավելի ճիշտ` հայրենապաշտության` նժդեհյան հայրենապաշտության սրբազան գաղափարը: Այո, «հայրենիքը սիրելը քիչ է, այն պետք է պաշտել» (Նժդեհ), քանի որ «անհայրենասեր ժողովուրդը, եթե ոչ այսօր, անհայրենիք կդառնա վաղը» (Նժդեհ):
Սակայն, այնուամենայնիվ, ի հրճվանք հայրենապաշտ հոգիների, ականատեսն ու ունկնդիրն ենք մի հայրենաշունչ ձեռնարկի` «Հայ ասպետ» խաղ-մրցույթի: Ամեն կիրակի «Հ1» հեռուստաալիքով ունկնդրելով նորօրյա` ապագայի հայ ասպետների ու ասպետուհիների խելացի, գրագետ, հայրենաշունչ խոսքը, պարզապես հրճվում ես, որ հայրենիքում, այնուամենայնիվ, դաստիարակվում է հայրենապաշտ մի նոր սերունդ` մոնթեների, ազգալդյանների, կրպեյանների, մեղրյանների, վազգենսարգսյանների սերունդ, որոնց հոգում ու մտքում այնպիսի հայրենիք է կառուցվում, որ նրանք երբեք չեն լքի հայաշխարհը, հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով կհզորացնեն, կծաղկեցնեն մեր սրբազան հայրենիքը:
Այս ամենի համար խորապես երախտապարտ ենք «Հայ ասպետի» նվիրյալ կազմակերպիչներին` Կարին Տոնոյանի ղեկավարությամբ, որոնք մեծագույն սիրով, ջերմությամբ, բացառիկ բանիմացությամբ, ազնիվ ուսուցչին հատուկ անաչառությամբ հայագիտություն, հայրենապաշտություն, բազմակողմանի գիտելիքներ են ուսուցանում Հայաստանի, Արցախի, Ջավախքի տասնյակ դպրոցների պատանիներին ու աղջիկներին։ Հիշենք` «Մենք ուխտ ունենք` միշտ դեպի լույս» (Հովհ. Թումանյան):
ՈՒրեմն, հայրենակիցներ, շտապեք, ձեր ուստրերն ու դուստրերը թող բազմապատկեն հայ ասպետների շարքերը, որպեսզի ապագայում նրանց տաղանդով ու նվիրվածությամբ ծաղկի և հզորանա մայր հայրենիքը` Արցախի, Ջավախքի և ողջ հայաշխարհի հետ:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ