ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Իրենք են ստացել ձայների մեծամասնությունը, թող իրենք էլ ստանձնեն ողջ պատասխանատվությունը»

«Իրենք են ստացել ձայների մեծամասնությունը, թող իրենք էլ ստանձնեն ողջ պատասխանատվությունը»
12.06.2009 | 00:00

«ՊԵՏՔ ՉԷ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԻՑ ԱՎԵԼԻ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍ ԼԻՆԵԼ»
Եվրաինտեգրացման հարցերը Հայաստանում և միջազգային կառույցներում այսուհետ կներկայացնի ԲՀԿ-ական ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: Մինչ հետընտրական իրողություններին անդրադառնալը` տիկին Զոհրաբյանին, նախ, հարցրինք. «Չունենալով դիվանագիտական աշխատանքի փորձ` չե՞ք կարծում, որ դժվար է լինելու միջազգային կառույցներում արդյունավետ գործունեություն ծավալել»: «Կոնկրետ այդ հանձնաժողովը, որը ես գլխավորում եմ ԵԽԽՎ-ում, որտեղ ևս ներկայացված եմ, ոչ այնքան դիվանագետի աշխատանք է պահանջում, որքան քաղաքական պրոֆեսիոնալիզմ ու քաղաքական-խորհրդարանական գործչի ունակություններ: Երբ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում մեր պատվիրակությունը բանավոր հայտարարություն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի շուրջ, այդ հայտարարության տակ ստորագրել էր ԵԽԽՎ-ում տարբեր երկրների 22 ներկայացուցիչ, և, առաջին անգամ մասնակցելով ԵԽԽՎ-ի լիագումար նիստին, ես ինքս 22-ից 17-ի ստորագրությունը հավաքեցի: Ի դեպ, ինձ հաջողվել էր նաև համոզել, որ մեր բանավոր հայտարարության տակ ստորագրի Ալբանիայի թուրք պատվիրակը, այսինքն՝ թուրքը ստորագրեց այն հայտարարության տակ, որն Ադրբեջանին ագրեսոր էր համարում: Կարծում եմ, սա հենց նաև դիվանագիտություն է: Այնպես որ, եվրաինտեգրացման հանձնաժողովում աշխատելու համար ավելի շատ քաղաքական փորձառության խնդիր կա: ՈՒստի վստահ եմ, որ իմ աշխատանքում՝ թե՛ խորհրդարանում, թե՛ ԵԽԽՎ-ում, Ձեր նշած խոչընդոտին հաստատ չեմ հանդիպելու»:
«ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼՈՎ ՈՒ ՔՎԵԱՐԿԵԼՈՎ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՆԱՌՈՂՋ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ԷԼԵՄԵՆՏ»
-Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ձայների զգալի (գրեթե կրկնակի) տարբերությամբ զիջեց ՀՀԿ-ին: Ընտրությունների այսպիսի ելքը սպասելի՞ էր Ձեզ համար, և արձանագրված 22 տոկոսը, ըստ Ձեզ, ԲՀԿ-ի իրակա՞ն ձայներն էին:
-Պիտի պատասխանեմ շատ կարճ. հերթական անգամ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Մեր սպասումները, թե մեր ընտրական մշակույթում տեղի կունենա ինչ-որ դրական բեկում, ի դերև ելան: Հիմա չեմ ցանկանում խոսել այս ընտրությունների մասին, որովհետև դրա գնահատականը բոլորին էլ պարզ է. դատախազությունն ինքը մի շարք տեղերում անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները, բազմաթիվ վիճահարույց խնդիրներ կան տարբեր ընտրատեղամասերում: Այս ամենը խոսում է այն մասին, թե ինչ որակի, կարգի ընտրություններ անցկացվեցին: Ցավոք, պետք է նաև արձանագրել, որ հերթական անառողջ ընտրական ավանդույթի ու մշակույթի մաս կազմեցին հենց քաղաքացիները, որոնք այդպես էլ չհասկացան, որ փող վերցնելով ու քվեարկելով դառնում են անառողջ ընտրական գործարքի շատ կարևոր էլեմենտ: Անընդհատ խոսակցություններ կան այն մասին, թե ԲՀԿ-ն կարող էր մանդատները չվերցնել: Ո՛չ, այդպես չէ, քանի որ վստահության քվեն մեզ տվել են երևանցիները: Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, Երևանում մեր ստացած ձայներն այս անգամ կրկնակի էին, այնպես որ մեզ վստահության այդ քվեն տվել է երևանցին, ու մենք մեզ տրված վստահության չափով փորձելու ենք իրականացնել մեզ վրա դրված գործառույթները: Իսկ ինչ վերաբերում է վարչական շրջանի ղեկավարների շուրջ ինչ-որ բանակցությունների առնչվող խոսակցություններին, ապա այդ ամենը բացարձակ անհեթեթություն է: Նման կարգի որևէ բանակցություն չի եղել: ԲՀԿ-ի որոշումն ի սկզբանե եղել է հստակ. իրենք ստացել են ձայների մեծամասնությունը, իրենք էլ թող վարչական շրջաններում նշանակեն ղեկավարներ և ստանձնեն ողջ պատասխանատվությունը:
-Ընտրությունների այսպիսի պատկերը հաշվի առնելով՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն քաղաքական «տեղի» փոփոխման անհրաժեշտություն տեսնի:
-Քաղաքականությունը դինամիկ գործընթաց է, և քաղաքականության մեջ ոչ մի բան չի կարելի բացառել: Այն քաղաքական ուժը, որ կասի, թե երբևէ բացառում է քաղաքական դաշտում իր տեղի փոփոխությունը, ապա դա հաստատ ճահճացած քաղաքական ուժ է: Այդուհանդերձ, ես մեր կուսակցության դեպքում նման զարգացման հիմք այս պահին չեմ տեսնում։
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՉԻ ՎԵՐԱԲԱՇԽՎԻ
-Ընտրություններից անմիջապես հետո Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք անցկացրեց, որտեղ նրա առաջնորդը հայտարարեց, թե շուտով ականատեսն ենք լինելու ԲՀԿ ղեկավարի ունեցվածքի վերաբաշխման: Տեր-Պետրոսյանը սովորական քաղաքական գործիչ չէ, և եթե նման տեսակետ է հայտնում, պետք է որ որոշակի հիմքեր ունենար: Ասվածը, ըստ Ձեզ, քանի՞ տոկոսով է համընկնում ճշմարտությանը:
-Անկախ նրանից, թե ինչ կալիբրի քաղաքական գործիչ է Տեր-Պետրոսյանը, կամ այս դեպքում նրա հայտարարությունն ինչքանով է կապված սովորական ու ոչ սովորական լինելու հետ, համենայն դեպս, եթե հիշում եք, նման հայտարարություններ հնչել են նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Ընդամենը կարող եմ խորհուրդ տալ` յուրաքանչյուր քաղաքական գործիչ, քաղաքական միավոր թող զբաղվի իր խնդիրներով ու չփորձի Նոստրադամուսից ավելի Նոստրադամուս լինել։ Գագիկ Ծառուկյանը հրաշալի գիտի իր և իր կուսակցության տեղը քաղաքական դաշտում, հրաշալի գիտի, թե՛ իր ներուժի և թե՛ կուսակցության ներուժի չափն ու կշիռը։ Այնպես որ, մենք կանխատեսումների կարիք մեր քաղաքական հետագա ճակատագրի վերաբերյալ ուղղակի չունենք: Իսկ մտահոգությունների համար, եթե դրանք լոկ մտահոգություններ են, շնորհակալ ենք:
-Ասել է՝ նման ենթադրությունների որևէ հիմք չկա՞ :
-Բացարձակապես չկա:
«ԱՄԱՌՎԱ ՍԿԻԶԲԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ»
-Եվ վերջում. ինչպիսի՞ քաղաքական ամառ եք կանխատեսում:
-Կարծում եմ՝ հանգիստ քաղաքական ամառ կլինի, որովհետև այս ընտրություններից հետո բոլորիս նյարդերը պրկված էին: Հույս ունեմ, որ քաղաքական ամռան ֆինալը կլինի համաներումը: Իմ` որպես ԲՀԿ անդամի և մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամի դիրքորոշումը հայտնել եմ այս համաներման առաջարկի առնչությամբ, այսինքն` եղել եմ համաներման առաջարկի հեղինակներից մեկը: ՈՒզում եմ հավատալ, որ ամառվա սկիզբը կմեկնարկի համաներումով, ինչն էապես կթուլացնի երկրում առկա ներքաղաքական լարվածությունը: Եվ երբ նախագահն ասում է, թե ինչ-որ պահի պետք է կանգ առնել ու սկսել նոր էջից, ուզում եմ հավատալ, որ այդ նոր էջում հասարակության երկու հատվածների միջև եղած անջրպետը հաղթահարված կլինի, և այդ նոր էջը մենք կսկսենք համաներումով:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ