Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱ՞Լ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱ՞Լ
07.06.2011 | 00:00

Ո՛չ: Պարզապես երեկ առավոտյան ժամը ութին իրանական կողմը տեղյակ է պահել Հայաստանին, որ Ահմադինեժադի այցը Հայաստան «հետաձգվում» է: Ինչը որևէ կապ չունի Հայաստանի հետ, որքան էլ դաշնակցականները փորձում էին զանազան-զարմանազան մեսիջներ «ուղարկել» Ահմադինեժադի ու Իրանի «կողմից»: Բայց` հերթով:
«ՍԱՂ» ՅՈՎԱՆՈՎԻՉՆ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ
Սերժ Սարգսյանի հետ հրաժեշտին Յովանովիչն այնպես էր սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը, որ կարծես ասում էր` տես, հա, ինձ չմոռանաս, էն Ահմադինեժադին էլ, որ ամսի վեցին գալու է, շատ փիշի-փիշի չանես։
Ժողովուրդն ասում է` աչքից փիս բան չկա: Չենք հավատում, իհարկե, ու Հայաստանի «աղոթողների կորպուսի» հետ երեք օր շարունակ աղոթում էինք, մեր նախագահական պալատը պատում Քրիստոսի արյամբ, որովհետև հոգևոր պատերազմ միշտ կա, ինչն էլ քաղաքական գործիչների «անելիքը» չէ, ու մենք մեր գործին էինք:
Չնայած գիտենք, որ շատ ժամանակ նույն քաղաքականությունն առանց միստիկայի յոլա չի գնում, և նույն Ահմադինեժադը հայտնի է միստիկ աշխարհի հետ իր կապերով ու տեսությամբ. ունի ուրույն փորձառություն` «պայծառ լույսի» և «այլնի» մասին, ու երբեք հրապարակավ չի հրաժարվում դրանցից: Ասենք` միշտ ափսե է դնում 12-րդ իմամի` Մահդիի համար, որը շուտով, որպես փրկիչ, պիտի երևա Մեքքայում, ահեղ դատաստանի առաջ կանգնեցնի «անհավատներին», բոլոր մարդկանց դարձնի մահմեդական և այդպես շարունակ: Հիշենք, որ օրերս ձերբակալվեցին Ահմադինեժադի 25 կողմնակիցներ` այլ աշխարհների հետ կապ պահպանելու, ջիներ կառավարելու, այն է` կախարդության մեղադրանքով:
ՈՒ քանի որ գիտենք, որ քրիստոնեության նախահայր Մովսեսի օձ դառած գավազանը կերավ մնացած բոլոր օձերին, շատ հանգիստ հոգևոր սանդղակներ էինք ուրվագծում երեկվա ժամը տասնմեկին սպասվող Սերժ Սարգսյան-Ահմադինեժադ ասուլիսից առաջ, երբ տեղեկացանք, որ իրանական կողմը «հետաձգել» է այն, ու ողջ իշխանական կորպուսը, ընդհուպ հայոց արտաքին գերատեսչությունը, սպասում էր, թե ինչ «բացատրություն» է տալու իրանական կողմը` «կարգավորվող և ավարտուն տեսքի բերվող փաստաթղթերի» մասով, չնայած, ինքնին, բոլորին էր պարզ, որ Ահմադինեժադի գործերն իր երկրում բանի նման չեն, և նրա այցը հետաձգելով, Խամենեին հստակ ազդակ է ղրկել ի ծագս աշխարհի:
Ավարտելով Մարի Յովանովիչի էզոտերիկ` գաղտնածածուկ թեման, տեղեկացնենք, որ տիկինը Սերժ Սարգսյանի ձեռքը նույնքան միստիկ սեղմելուց առաջ` էներգետիկ սենսորիկայի համաժամանակյա սեանս էր տվել մեր «էներգետիկ» նախարար Արմեն Մովսիսյանի հետ` ստորագրելով, ըստ ամենայնի, դարի պայմանագիրը:
Այո՜, թերթաքարի ռեսուրսներին վերաբերող: Գիտենք, որ թերթաքարն է մարդկության ապագան, ու թե միստիկայի գրկից դուրս գանք ու սահենք դեպ երևակայության հաճելի ու տաք մահիճը, ապա կարող ենք «նրան» տրվելով ասել, որ ադրբեջանական վերջացող նավթագազային ռեսուրսների կողքին Հայաստանն ապագայում կարող է դառնալ տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների կենտրոնը:
Որովհետև մեզանում անչափ մեծ են թերթաքարի պաշարները:
Մենք դրանով, իհարկե, չենք հպարտանում (հպարտությունն ամենամեծ մեղքն է տիեզերքում. դրա պատճառով անմիջապես կորցնում ես բոլոր ռեսուրսներդ), որովհետև հաղթանակների աղբյուրը հնազանդությունն է:
Աստծուն ու նրա կամքին:
Նյութի հոգևոր բաժինն ավարտվեց:
ՀԻՄԱ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՆՉՔԱ՜Ն Է ՏԽՐԵԼ
Այն, որ Մահմուդն աշխարհի ամենաէքստրաօրդինար ֆիգուրն է, երկրորդ կարծիք լինել չի կարող, ու մեզնից չեն նեղանա ո՛չ Չավեսը, ո՛չ Հավեսը (նկատի ունենք Բեռլուսկոնիին` յուր մատղաշներով հանդերձ):
1979-ին Ահմադինեժադը Թեհրանում ամերիկյան դեսպանատունը գրավողների, պատանդառուների մեջ էր: Ավելի ուշ նա, որպես նախագահ, հայտարարեց, որ երկրի երեսից կջնջի Իսրայելը:
Աշխարհի հետ իր կռիվը նա հետո տեղափոխեց ներիրանական հարթություն` դեպ Ռաֆսանջանի, դեպ Մուսավի, ապա և` Խամենեի: Էս վերջինից Ահմադինեժադը դժվար անկորուստ դուրս գա, որովհետև, ինչպես ցույց են տալիս զարգացումները, Մեջլիսի կողմից իրեն նավթի նախարար նշանակելու, դրանից առաջ հետախուզության ղեկավար Մոսլեհին գործից ազատելու, Խամենեիի կողմից վերականգնելու, կառավարության նիստին Մոսլեհին կրկին «դուրս շպրտելու» արդյունքում օրերս Մեջլիսի կողմից Ահմադինեժադին դատի տալու հանգամանքներն ապացուցում են, որ ներիրանյան «կռիվը», կարծես, մտել է եզրափակիչ փուլ։
Իսկ ահա երեկ, լույսը չբացված, դեպ Հայաստան ղրկված հրովարտակը` թե Մահմուդը չի գալիս, արդեն իսկ այցեքարտ էր, որ Իրանում գործընթացներն ընդհանրապես խառն են, և կարծես իրականությունից հեռու չէ փորձագետների տեսակետը, որ Ահմադինեժադի նկատմամբ շուտով կսկսվի իմպիչմենտի գործընթաց:
Թե իրականում որքան բարդ է Իրանում իրադրությունն արտքաղաքական, ներքաղաքական առումներով, կարծում ենք, չարժե ևս մեկ անգամ անդրադառնալ: Միայն Սիրիայում տեղի ունեցող զարգացումները բավարար են, որ դա հասկանանք: Չմոռանանք նաև, թե ինչ անմիջական մասնակցություն ունի Իրանը Համասի, «Հըզբոլլահի», Իրաքի, Եմենի ու Բահրեյնի «գործերում», ուր նույնպես վայրկյանների ընթացքում ստատուս քվո է փոփոխվում:
Իսկ ներիրանյան զարգացումները, ինչպես ասացինք, ուղղակի անվերջանալի են, որովհետև Իրանում իրական ուժ ու խաղացող Պահապանների կորպուսն այսօր միանշանակ դիրքորոշում չունի Ահմադինեժադ-Խամենեի հզոր «ձեռնամարտի» նկատմամբ. երկուսն էլ լուրջ կողմնակիցներ ունեն կորպուսում, և բոլորն սպասում են, թե ումն է լինելու դիրքային առավելությունը: ՈՒ թե հաշվի ենք առնում, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը Խամենեին է, ապա հասկանալի է դառնում, թե ինչու է այդքան օրթոդոքս հոգևոր առաջնորդը։ Ի դեպ, 2012-ի մարտին Իրանում խորհրդարանական, իսկ 2013-ին նախագահական ընտրություններ են: Համարյա` «ա լյա Հայաստան»:
Ընդ որում, չի կարելի միանշանակ պնդել, թե Ահմադինեժադի Հայաստան այցի «հետաձգումն» արդեն իսկ ազդակ է, որ խաղն ամբողջովին թեքվում է դեպ Խամենեի, ինչն էլ, փաստորեն, փորձում է անել «իրանահպատակ» հայ «դաշնակցութունը» (հասկանալի է, չէ՞, որ Հրանտ Մարգարյանն «այդ առնչությամբ պետք է լռեր, ու տրիբունի իր մունդիրով մեջլիս «ընկներ» ընկեր Վահանը. կարո՞ղ է մի քիչ էլ Ղարաբաղի մասով է բան հասկացնում Իրան-դաշնակներ տանդեմը` գումարած մի քիչ էլ Քոչարյան, որի բախտն ընդհանրապես վերջերս չի բերում. սույն «հետաձգմամբ» էլ առիթ չի լինի ևս մեկ անգամ «հիշելու» նրան, չնայած, ճիշտն ասած, մենք այդպես էլ լավ չհասկացանք` Պուտինի հետ նա հանդիպե՞լ է, թե՞ ոչ. որ հանդիպել է, պարոն մեծարգո Վիկտոր Սողոմոնյան, այդ դեպքում ինչո՞ւ դատի չեք տալիս «Ռեգնումին», երեք միլիոն գումարած փաստաբանական ևս երեք միլիոն «ծախս» պահանջում` ապատեղեկատվության, ես կասեի` վիրավորանքի համար): Ինչևէ:
Բայց և` սա պարոն Ահմադինեժադի առաջին հետաձգված «բեմելը» չէ հայոց գետնին վրա: Այո՜, հայ-իրանական հարաբերություններն աննախադեպ են իրենց փոխադարձ ջերմությամբ, միմյանց նկատմամբ նվիրվածությամբ:
Ամա՜:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻԱԿ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ ԷՐ ՆՈՎՐՈՒԶԻ ՏՈՆԻՆ
Այո, նա ունեցավ այդ քաջությունը և մարտին 27-ին մեկնեց Թեհրան` մասնակցելու մեր լավ հարևանի տոնին: Ավելին, այցն ամենևին դուր չէր եկել նրա ձեռքը պինդ սեղմած Յովանովիչի «քընթինենթին», ու Նահանգներից` պետքարտուղարության մամլո խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոների «խորքից» եկավ նամակ, թե ԱՄՆ-ը «դեռ կնայի այդ իրադարձությունը, այցը, էներգետիկ նախագծերի մոմենտով». կիսատոներով ակնարկել էր նա:
Էլ ավելին, հիշենք, որ ՀՀԿ տղերքը (իրականում «ծերերը»), հանդիպելով Մարիի հետ` նրա տանը, ասել էին, Մարի՜ («է՛գ թռչուն»` մեջբերումը Տերյանից է), Իրանի հետ մեր հարաբերություններն անքննարկելի են, ճիշտն էն է, որ Հայաստանը միջնորդ դառնա Իրանի ու Արևմուտքի միջև, արի, Մարի, էդպես անենք:
Մարին շատ չէր ոգևորվել դրանից:
Բա՛յց:
Մինչ կհասնենք «բայց»-ին, երկու հիշողություն ևս. որքան էլ Իրան-Հայաստան հարաբերություններն անքննարկելի են, նույնքան հետաքրքիր են դիվանագիտական այցերի «մոմենտները»: Ասենք, նույն Ահմադինեժադը 2007-ին, երբ այցելել էր Հայաստան, մեկ էլ օրվա կեսին իմացանք, որ Իրանում էլի «ներքին իրադրությունն էն չէ», ու առանց խորհրդարան այցի, նա ելավ-գնաց իրենց տուն: Հազա՜ր անգամ պատմել ենք այդ մասին: «Իրեն» դո՜ւր չէր եկել, որ մեր Սերժն էս անգամ էլ սեղմել էր Կոնդոլիզի պինդ ձեռը` պետդեպում (հիշո՞ւմ եք` Կոնդոլիզը Վաչոյին նույնպես դուր չէր եկել, մեր հարցին` չքնաղ էր, չէ՞, Լիզը, Վաչոն թե` բացարձակ):
Հաջորդ նոնսենսը տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյանի «չայցի» ժամանակ (ողջույններիս հավաստիքը, պարոն Աբրահամյան, ռեֆերենտին փոխեցի՞ք. սա` երկխոսության շարքից, եթե չեք ուզում, կարող ենք չխառնվել ձեր «ներքին գործերին»). ՀՀ ԱԺ նախագահը հասել էր հայոց օդանավակայան ու չէր «նավել» էնտեղից. «ռացիայով» ասել էին, որ իրանական կողմն այս այցը ևս «հետաձգում է» (նկատո՞ւմ եք, պարոն Աբրահամյան, պապանձվում ենք` «երկրորդ անգամ» դեպ Իրան կատարած Ձեր այցի «մանրամասների» մասով, որովհետև նվիրված ենք երկխոսությանը և հավատարմորեն պահում ենք պայմանավորվածությունը)։
Սակայն երեկվա հետաձգումը բոլորովին այլ «դեպք» էր:
Դիտարկենք տարբերակները. եթե Ահմադինեժադը գար: Մի քիչ այդ այցը դուր չէր գա Խամենեիին. բանն այն է, որ նա առավել դեպ Թուրքիա «թեքում» ունեցող քաղաքական գործիչ է: Բայց դա մեր երկու երկրների բարեկամական-ռազմավարական ուղենշումների վրա գրեթե ազդեցություն չի թողնում:
Ահմադինեժադը, չնայած իր էքսցենտրիկությանը, պատրաստ է ազատականության որոշակի սանդղակի իրականացման: Հայաստան կատարած նրա այցի ընթացքում չէր բացառվում, որ, ղարաբաղյան, երկաթուղու և այլ խիստ հրատապ հարցերի կողքին քննարկվեր նաև Իրան-Արևմուտք հարաբերություններում Հայաստանի միջնորդ լինելու հանգամանքը:
Չնայած, «որոշների» մոտ կասկած կա, որ Արևմուտքը, նույն Թուրքիայի միջոցով, «տակից» բանակցում է Խամենեիի հետ: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը մշտապես ու «տակից» բանակցել է Իրանի հետ թե՛ Իրաքի, թե՛ շիաների, թե՛ «Նաբուկոյի», թե՛ գազի ու մնացյալ հարցերով:
Որ չեկավ Ահմադինեժադը նույնպես նորմալ է: Որովհետև այս պահին, երբ միջազգային հանրությունը դեռ չի ավարտել իր բազարն Իրանի հետ, երբ կրկին ու կրկին սանկցիաներ է կիրառում վերջինիս նկատմամբ, երբ անհայտ է Մերձավոր Արևելքի ճակատագիրը, երբ օրակարգում է Կազանը, երբ… Գուցե բարին դա էր:
Բոլոր դեպքերում, մեր հարաբերությունները մեր հարևան Իրանի հետ եղել են, կան ու մնալու են խիստ բարիդրացիական-գործընկերային` բոլոր ոլորտներում, բոլոր առումներով:
Այնպե՜ս որ….
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ


Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ