Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ԻՆՉՊԵ՞Ս ՊԻՏԻ ՆԱՅԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ և ԼԱՎ ՀԱՐևԱՆ ՀԱՅԵՐԻ ԱՉՔԵՐԻՆ»

«ԻՆՉՊԵ՞Ս ՊԻՏԻ ՆԱՅԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ և ԼԱՎ ՀԱՐևԱՆ ՀԱՅԵՐԻ ԱՉՔԵՐԻՆ»
27.05.2011 | 00:00

Այն, որ արդի աշխարհում պրագմատիզմը քաղաքական նորմ է դարձել, մենք բոլորս, երևի, արդեն սովորել ենք։ Սակայն որ ցինիզմը կարևոր, երբեմն էլ գլխավոր նրբերանգ է միջազգային հարաբերություններում, նորմալ մարդու համար դրան ընտելանալը բավականին բարդ բան է, եթե ոչ` անհնարին։ ՈՒրեմն այսպես, վրացական խորհրդարանն օրերս բանաձև ընդունեց 19-րդ դարում Ռուսական կայսրության կողմից չերքեզ ժողովրդի ցեղասպանության փաստի ճանաչման մասին։ Իհարկե, ցանկացած ժողովրդի նպատակադրված ոչնչացման գործողությունները, անկախ վաղեմության ժամկետից, եղել են և են հանցավոր, դրանք արդարացում չունեն և չեն կարող ունենալ։ Սակայն, երբ այդ փաստը դառնում է քաղաքական շահարկման անսքող առարկա, ապա պակաս այլանդակ չէ։ Տվյալ պարագայում, ցավոք, մենք հենց դրան ենք բախվում։
Թող ավելորդ չհամարվի, եթե մեզ թույլ տանք հիշել, որ քանի վրացիներն այդքան մարդասեր ու արդարամիտ են, ապա չէր խանգարի, որ հիշեին ու դատապարտեին նաև ուրիշ նմանատիպ ողբերգություններ, զորօրինակ, հայերի ցեղասպանությունը։ Չէ՞ որ նույն վրացական խորհրդարանում «Վրացական ժողով» կուսակցության ղեկավար Ջոնդի Բագատուրիան նկատել է, որ, ընդունելով նման հուզական որոշում, Վրաստանը կարող է փչացնել հարաբերությունները հարևան Հայաստանի հետ։ Նա գործընկերներին կոչել է զգուշության և նշել. «Ինչպե՞ս պիտի նայենք մեր հայրենակիցների և լավ հարևան հայերի աչքերին, եթե նման որոշում ընդունենք, մինչդեռ անգամ նրանց հանրագրի քննարկմանը ձեռնամուխ չենք եղել»։ Բայց դե նրա խոսքերը «ձայն բարբառո յանապատի» եղան վրացական խորհրդարանի արդար ցասումով համակված ազնիվ պատգամավորների համար։ Իսկ ոչ պակաս ազնիվ վրացի պատմաբաններն իրենց զեկույցում արձանագրել են, որ «ռուս-կովկասյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի քաղաքական և զինվորական ղեկավարությունը ծրագրել և իրականացրել է չերքեզական տարածքի էթնիկ զտում, այնուհետև այդ տարածքներում բնակեցնելով կազակների և ռուսների»։ Եվ, այդուամենայնիվ, նրանք երբեք զարմանք չեն արտահայտում ժամանակակից Թուրքիայի` իրենց սահմանակից տարածքներում տեղի ունեցած ազգային ժողովրդագրական փոփոխությունների առիթով։ Նկատենք` այդ երկրի գիտական հանրությունը, պարզվում է, «XVIII-XIX դդ. չերքեզների ցեղասպանության» փաստը կասկածի չի ենթարկում։ Սակայն Անկարային նեղացնելու վախը մթագնում է նրանց թե՛ միտքը, թե՛ գիտական անաչառությունը։ Ասենք, վաղուց արդեն հայտնի է, որ ներկայումս պատմությունը գիտության ոլորտից անցնում է քաղաքականության սպասյակի ոլորտ։ ՈՒստի և, գալով այսօրվան, պետք է նշել, որ ուրիշ շատ պատմաբանների հատկապես անհեթեթ է թվում Վրաստանի կողմից կիրառության մեջ դրվող «չերքեզական ցեղասպանություն» տերմինը։
Ավելին, նրանք հավատացնում են, որ վրացիները Կովկասյան պատերազմի ժամանակ, գրեթե մինչև վերջին մարդը, կռվում էին ցարական բանակի կազմում` ընդդեմ այդ նույն «խաղաղ լեռնականների», և Կովկասյան պատերազմից հետո Աբխազիայից բնակչության զանգվածային գաղթի (մոհաջիրություն) պատճառով միայն վրացիներն սկսեցին բնակություն հաստատել այնտեղ։ Ընդ որում, նրանք այդ բանն անում էին այնքան ջանադրաբար, որ շուտով վրացիների թիվը եռակի գերազանցեց տեղաբնիկ աբխազների թիվը։ Ըստ էության, հենց այս փաստի վրա էլ կառուցվում են վրացիների հավակնությունները Աբխազիային տիրանալու հարցում։ Այդուամենայնիվ, այժմ վրացի փորձագետներն այն հետևությանն են հանգել, որ Ռուսաստանի ղեկավարությունը «ծրագրել և իրականացրել է էթնիկ զտում», ոչնչացնելով ազգի գենոֆոնդի ավելի քան 20 տոկոսը։ Բացի այդ, փաստաթղթում չերքեզների սերունդները ճանաչվում են որպես փախստականներ, ինչը նրանց հիմք է տալիս, թեկուզ հիպոթետիկ, ՌԴ-ից պահանջելու փոխհատուցում կամ մարդկանց վերադարձ։ Այս ճշգրտումը բանաձևում հայտնվեց չերքեզական սփյուռքի կամքով։ Այնպես, ինչպես կատարվեց հարցը արտահերթ կարգով ներառելու և բանաձևը մայիսի 21-ին ընդունելու խնդրանքը, նկատի առնելով, որ այդ օրը չերքեզները նշում են Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օրը։
Պետք է խոստովանել, որ ռուսների գործողությունները «անդրկուբանյան չերքեզների» դեմ (տասնյակ ցեղերի խառնախումբ, որոնք կրում էին «չերքեզներ» ընդհանուր անվանումը` թուրքական «սերքեստու» բառից, և որոնք հաճախ թշնամաբար էին տրամադրված միմյանց նկատմամբ), իրոք, կոշտ բնույթ են կրել։ Եվ «չերքեզական ցեղասպանության» թեման ընդունված է կապել այն հարցի հետ, երբ վաղեմի Կովկասյան պատերազմի ընթացքում նրանք հեռացել են Կաբարդայից և այժմյան Չերքեզիայից, որը մտնում է Կարաչաևո-Չերքեզական Հանրապետության մեջ, ժամանակակից Ադիգեյից և Աբխազիայից։ Այն ժամանակ հազարավոր մարդիկ փախել են Օսմանյան կայսրություն, ընդ որում, ինչպես նկարագրել են ականատեսները, «թուրք նավապետերը, ագահությունից կուրացած, Փոքր Ասիայի ափերը հասնելու համար իրենց նավերը վարձած չերքեզներին բեռան նման իրար գլխի էին լցնում և բեռան նման էլ ջուրն էին նետում հիվանդության առաջին իսկ ախտանշանները նկատելու դեպքում»։ Իսկ հետո փախստականները տարածվել են Մերձավոր Արևելքով մեկ։ Իսկ նրանք, ովքեր մնացել են տեղում, բնակեցվել են հարթավայրում` կազակների հսկողության տակ։ Եվ թվում է, թե արդարությունը հաղթանակել է. Վրաստանը դարձավ առաջինը, որը ճանաչեց չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը։ Չերքեզներն ստացան բաղձալի նախադեպը և հիմա կարող են նման որոշումներ «անցկացնել» այլ երկրներում։ Այսինքն, նրանց ձգտումներն ու անսքող ուրախությունը կարելի է հասկանալ։ Բայց այլ հարցեր են բաց մնում։
Իսկ ի՞նչ է ուզում Վրաստանը։ Ինչո՞ւ է այդ ամենն այնտեղ արվում։ Որ Մոսկվային ավելի՞ կատաղեցնի։ Բայց, կարծես, էլ տեղ չկա։ Վրաստանը, անկասկած, Մոսկվայի «հոգուն հասցրել» է, բայց դրանից ոչ մի օգուտ ունենալ չի կարող։ Կրեմլը, իհարկե, կմոլեգնի։ Երևի մեկ անգամ ևս Սաակաշվիլուն «խելագար» կանվանի, Ռուսաստանում եղած վրացիներին մի քիչ կնեղի, մի քանի մանրապճեղ «օրենքով գող» կուղարկի, կճանաչի «օսերի ցեղասպանությունը»... Բայց նա կարող է և ձևացնել, թե ոչինչ ուղղակի չի նկատում, և կնախընտրի լծվել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ իր համար ավելի կարևոր երկխոսությանը։ Թբիլիսին որոշել է հիշեցնել իր մասին և դուր գալ Արևմուտքին։ Բայց Արևմուտքը հիմա հասկացնում է, որ ռուս-վրացական առճակատումն իրեն պետք չէ, այն ավելորդ լարվածություն է առաջացնում, շեղում է աշխարհաքաղաքական շատ ավելի կարևոր հարցերի լուծումից։ Միգուցե իրոք, ինչպես ենթադրում են ռուսական մի շարք քաղգործիչներ, այդ «դեմարշը» նպատակ է հետապնդում առավելագույնս բարդացնելու Սոչիի 2014 թ. օլիմպիադայի անցկացումը (ինչպես հայտնի է, 1864 թ. մայիսի 21-ին արյունով ողողված Կբաադեում` ներկա «Կրասնայա պոլյանա» լեռնադահուկային առողջավայրում և օլիմպիական օբյեկտում, Ալեքսանդր Երկրորդ կայսեր հարազատ եղբոր` Մեծ իշխան Միխայիլի ներկայությամբ, տեղի է ունեցել հաղթանակի զորահանդես` Կովկասյան պատերազմի ավարտի և չերքեզների Թուրքիա արտաքսման առթիվ)։ Օլիմպիադայի կապակցությամբ ռուսների արյունը պղտորել, իհարկե, հնարավոր է, սակայն ավելի լուրջ բան ակնկալելը բացահայտ անմտություն է։ Այնպես որ, օրինաչափ հարց է ծագում` որ ի՞նչ։ Ի՞նչ է դա տալու Վրաստանին ու անձամբ նրա նախագահին։
Ահա և ամենագլխավորը. պարզվում է, այդ փաստաթղթի կողմնակիցները համոզված են, որ որոշումը Վրաստանին հնարավորություն կտա «նորից ստանձնելու Կովկասի առաջատարի դերը»։ Այդ նպատակին հասնելուն կնպաստի նաև, ինչպես կարծում են մի շարք վրացի պատգամավորներ, Ռուսաստանի այլ ժողովուրդների, մասնավորապես չեչենների և ինգուշների, էթնիկ զտումների հետագա ճանաչումը, ընդհուպ մեր օրերում կատարվող։ Ինչպես նրանց է արդարացիորեն թվում, անկախ կովկասյան ժողովուրդների տրամադրությունից, նրանք բոլորը, նույնիսկ ռուսամետները, չեն կարող բացասաբար վերաբերվել դրան։ ՈՒրեմն և Վրաստանին կվերաբերվեն որպես դաշնակցի։ Իհարկե, առայժմ ո՛չ Ռուսաստանի դեմ պատերազմի դաշնակցի, այլ «բարեկամ» իմաստով դաշնակցի, մարդասիրական առումով դաշնակցի։
Եվ այս կապակցությամբ խիստ հետաքրքրական են այն հաղորդումները, թե Վրաստանը վերջին ժամանակներս ամուր կապեր է հաստատել չերքեզ այն մտավորականների, գիտնականների, լրագրողների, նկարիչների հետ, որոնք տարածաշրջանների ո՛չ գործարար, ո՛չ էլ պաշտոնատար հանրության մեջ չեն մտնում։ Հենց նրանք են, առաջին հերթին, պահանջել ճանաչել ցեղասպանությունը, և Վրաստանի վճիռը նախ և առաջ նրանց հավանությանն էլ կարժանանա։ Ըստ երևույթին, Թբիլիսիում դա հասկանում են և ապագայի համար հենց այդ հանրության աջակցության հետ էլ հույսեր են կապում։ Առավել ևս, որ Վրաստանը հասարակական մտավորականության հետ աշխատանքի նպատակադրություն ունի` կապված ոչ միայն չերքեզների, այլև ամբողջ Հյուսիսային Կովկասի հետ։ Այդ են վկայում հասարակագիտության խորհրդաժողովները, որոնք պարբերաբար անցկացվում են Վրաստանում, և որոնց մասնակցում են Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչները։ Բայց բանն այդ խորհրդաժողովներով չի սահմանափակվում։ Հիշեցնենք, Վրաստանում հրամանագիր հրապարակեց ռուսական Հյուսիսային Կովկասի բոլոր բնակիչների համար անհրավեր այցեկարգ սահմանելու մասին, բացվեց հատուկ ռուսալեզու Կովկասյան հեռուստաալիք, եղավ միասնական Կովկասի մասին նախաձեռնություն, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հրապարակվեց Սաակաշվիլին։ Ավելին, թվում է, որ խորհրդարանի վերջին նախաձեռնություն էլ է միանգամայն տրամաբանորեն ներդաշնակում Կովկասի ինտեգրման ընդհանուր սցենարին, որը երկարատև մոռացությունից հետո վերստին մտնում է արևմտյան ռազմավարների առաջնային խնդիրների մեջ։ Հատկանշական է, որ չերքեզների անունից արվող հայտարարությունների գլխավոր նախաձեռնողները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի չերքեզական կազմակերպություններն են։ Թուրքիայի, Հորդանանի և Սիրիայի շատ ավելի մեծաթիվ չերքեզական կազմակերպությունները հրաժարվել են այդ «խաղերին» մասնակցելուց, հենց միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու նկատառումով։ Այնպես որ, պետք չէ բացառել, որ, ինչպես 90-ականների սկզբին, Հյուսիսային Կովկասն սկսի Արևմուտքում դիտվել (իսկ դա և՛ օրինաչափ է, և՛ տրամաբանական) որպես ընդհանուր տարածաշրջանային համակարգի բնական բաղկացուցիչ։ Իսկ այդ ամենի համար, ակնհայտ է, անհրաժեշտ է Մոսկվային ներկայացնել որպես բոլոր ժողովուրդների դժբախտությունների աղբյուր, առավել ևս, որ դա որոշակի պատմական նախադրյալներ ունի։ Եվ այսպիսով, Ռուսաստանից Կովկասի բաժանման սպառնալիքը, թող որ առայժմ երևութական բաժանում լինի, երևում է, սկսում է իրագործվել մեկ այլ, շատերի համար անսպասելի կողմից։ Եթե իրավիճակը գնահատելու լինենք առանց հույզերի և զուտ իրատեսորեն, ապա հենց դա էլ միակ լուրջ քաղաքական շահն է Վրաստանի իշխանությունների համար։ Եվ շատ հնարավոր է, որ այդ գործոնի նշանակությունը անհնար է թերագնահատել։ Հանուն արդարության պետք է նշել, որ «ընդհանուր Կովկասի» պլաններից բխող սպառնալիքը Մոսկվայում եթե առայժմ լիովին չեն էլ գիտակցում, ապա բնազդորեն զգում են, և արդեն ձգտում են խլել նախաձեռնությունը։ Սակայն, երևում է, ռուսները խրոխտ զեկույցներից այն կողմ դեռևս չեն կարողանում անցնել։ Ավելին, Մոսկվայի բոլոր վերջին գործողությունները մեկ անգամ ևս համոզում են, որ դաշնային չինովնիկներն անհամարժեք են պատկերացնում Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակը, այդպես էլ նեղություն չեն կրում հասկանալու, որ դա մի տարածաշրջան է, որին առանձնահատուկ մոտեցում է պետք, որ նրանք դեռևս սրբորեն հավատում են, թե փողը ցանկացած սոցիալական և ազգային խնդրի լուծման ամենահաղթ գործիք է։ Սակայն դա, մեկ անգամ ևս ընդգծենք, բնավ էլ այդպես չէ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ