Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ո՞ՐՆ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞ՐՆ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
13.05.2011 | 00:00

Քոչարյանի` «Մեդիամաքսին» տված հարցազրույցը մի քանի շերտ ունի: Իրավական: Քաղաքական: Հոգեբանական: Հա՛, տնտեսական էլ:
Իսկ եթե ավելի անկեղծ, ապա երկրորդ նախագահը ռեֆերենտի լուրջ խնդիր ունի: Հարցն ամենևին այն չէ, որ այս անգամ հարցազրույց «գրողը» չէր օգտագործել «թութքային» լեքսիկոն, ինչն ամենևին էլ ձեռքբերում չէ, որովհետև մտածողության այդ տեսակը խորք էր մղվել` ֆրոյդիստական նոր նրբություններ ի հայտ բերելով:
Իսկ որ կարևորն է, վերը նշված բոլոր շերտերում` իրավական, քաղաքական, հոգեբանական, հարցազրույցը խիստ խոցելի էր:

ՈՒՇԱՑԱԾ ՄԱՐԴՈՒ ՖԵՆՈՄԵՆԸ
Քոչարյանի ողբերգությունն «ուշացած» լինելն է: Նրա «գործողություններն» իրավաչափ չեն: Այդ թվում և` այս հարցազրույցը: Դրանք ադեկվատ չեն իրականությանը: Պատճառներն էլ նույնքան խորքային են:
ա) Նա չի տիրապետում գլոբալ խաղին. աշխարհը փոխվել է, ինքը չի «իդենտիֆիկացվել» այդ փոփոխություններին:
բ) Նա չի տիրապետում նաև ներհայաստանյան խաղին: Չի զգում մթնոլորտը: Ավելին, խոստովանում է այդ մասին:
Թե որքան է նա մեկուսացված Հայաստանում կատարվողից, ակնհայտ է նույնիսկ նրա արտաբերած մտքերից. «Ինչ է այժմ կոնկրետ կատարվում իշխանության և ընդդիմության միջև, ես չգիտեմ… Ես չգիտեմ, թե վերջին երեք տարում մարտի մեկի հետաքննությունն ինչքանով է առաջ շարժվել»:
գ) Ամբիցիաների խնդիր էլ կա: Քոչարյանը, ի տարբերություն առաջին և երրորդ նախագահների, լռելու մեծ արվեստին չի տիրապետում: Նա երբեք չի վայելել պարտությունն ու նահանջն ընդունելու մեծագույն բերկրանքը, որն իր մեջ թաքնված պոտենցիալ հաղթանակ ունի, ինչին, ի դեպ, տիրապետում են Սերժն ու Լևոնը:
դ) Քոչարյանը չի ապրել և չի ապրում իր ստատուսի փոփոխության, որքան էլ դաժան, իրողությունը: Նա կորցրել է իրականության հետ կապը: Դատի է տալիս թերթերին, ասում` Գյուլին չէի հրավիրի (ներեցեք, բայց Ձեզ ո՞վ էր ասում` հրավիրեք, որ` «չէիք հրավիրի»), չէր երկխոսի որևէ մեկի հետ, ու «փառք Աստծո, որ ինքն այդ ամենի մեջ չկա»… Այս միտքը եկեք համարենք հարցազրույցի ֆրոյդիստական ամենամեծ գագաթն ու դրան անդրադառնանք ներքևում:
Հիմա շարունակենք. այո, մշտապես, և այս հարցազրույցում ևս, Քոչարյանը խոսում է որպես գործող նախագահ: Նրա համար ժամանակը կանգ է առել: Իսկ սա, բացի նրանից, որ առաջացնում է բնական հակազդեցություն լսողների մեջ, ենթագիտակցական մակարդակում վնասում է առաջին հերթին հենց Քոչարյանին, որովհետև կա ոսկե կանոն` ճանաչեք ճշմարտությունը, և այն ձեզ կազատագրի:
ՈՒ քանի որ չկա այդ ճանաչումը, Քոչարյանն ամենաշատն է օգնում նրանց, ում դեմ, կարծես, պայքարի է ելել` Սերժին և Լևոնին:
Ցանկանում է ալամ աշխարհին ցույց տալ, թե «չՊպ ՐՈՍՌ ջՌՎց՚Ց»: Ասել է` փորձում է տեղը դնել ընդդիմությանն ու իշխանությանը, արդյունքում` ինքն է լրիվ խաղից դուրս մղվում, որովհետև նրա ասած ցանկացած միտք հազարավոր այլ մտքերով լվացվում ու հետ է մղվում: Ահավոր խոցելի լինելու պատճառով:
Բայց, դե, այս ամենն էլ բուն ողբերգությունը չէ:
Բուն ողբերգությունն այն է, որ այսօր նրան գրեթե ոչ ոք չի պաշտպանում: Ոչ ոք նրա կողքին չի կանգնում: Ո՛չ անհատներ: Ո՛չ քաղաքական ուժեր: Ո՛չ ԲՀԿ-ն: Ո՛չ ՀՅԴ-ն:
Գոնե հրապարակավ:
Իսկ սա արդեն լուրջ «հայտ» է Քոչարյանի համար, որպեսզի նա, ի վերջո, օգտվի տիեզերքի ընձեռած հնարավորությունից ու անձնաքննություն անի, իր խորքը նայի` ինչու է այդպես, ու, ի վերջո, հաշտվի ինքն իր, աշխարհի, Հայաստանի, բոլորիս հետ: ՈՒ ընդունի, որ ինքն այլևս «նախագա» չէ, ու նաև… դժվար դառնա. հենց միայն այն պատճառով, որ գործում է հաջորդ ոսկե կանոնը` նույն ջրով անցնելու մասին:
Ասում եք` վախենում են, դրա՞ համար նրան հրապարակավ չեն պաշտպանում: Կարող է և լինել այդ բաղկացուցիչը, սակայն դա չէ հիմնականը: Այլ որ բոլորը` ՀՅԴ-ն էլ, ԲՀԿ-ն էլ, համարում են, որ նա շանս ունի այս պահին խաղի մեջ լինելու: Որ նա... Հրանտ Մարգարյանը, ասես, հեռուներում թողած անցվորի մասին խոսելով, «մտածում» է` կարող է պատահի «տրումբեն պայթի» ու նախագահական ընտրություններին (նկատում եք` խորհրդարանականի համար մերժում է Քոչարյանին) հայտ ներկայացնի երկրորդ նախագահը և այսպե՜ս շարունակ:
ԽՈՑՈՒՄ ՀՈՎԱՆՈՑՈՎ
Ընդհանուր առմամբ, Քոչարյանի հարցազրույցը գրելու անսպառ նյութ է: Գրում-գրում ենք, ու չի պրծնում:
Այսպիսով, ի՞նչ է ասում Քոչարյանը: Մի կողմ թողնենք տարընթերցումների ողջ բլոկը. ասենք, ըստ նրա` ընդդիմությունը հայտարարել է` գնում եմ գրավեմ նախագահական պալատը (ասում ենք, չէ՞, Քոչարյանը ռեֆերենտի խնդիր ունի, որովհետև տեքստը կազուսների ամբողջություն է), երբ նման որևէ արտահայտություն չի եղել (չենք կարծում` ընդդիմությունը դրա համար դատի կտա Քոչարյանին):
Սա, փաստորեն, մարտի մեկի գործով նոր հաղորդում է. հրավիրում ենք քննչական մարմնի ուշադրությունը ի հայտ եկած նոր «հանգամանքի» վրա:
Հարցազրույցից երևում է, որ Քոչարյանի համար օրվա հաշվարկն էլ է ոչ իդենտիֆիկացիոն: Գլոբալ աշխարհի հաշվարկի համատեքստում: Նրա համար մարտի մեկի օրն սկսվում է ոչ թե կեսգիշերից ու լուսադեմից, երբ առանց զգուշացման սկսվեց քնած միտինգավորների «բռնի տեղահանումը» Ազատության հրապարակից, այլ Մյասնիկյանի արձանի մոտից, իսկ առավել ստույգ` արտակարգ դրություն հայտարարելու ժամերից:
Կարելի էր էս դեպքում էլ գլոբալիստների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա այն պարզ պատճառով, որ բարոն Մյունխհաուզենին հղում անելը տեղին չէր լինի` յուր մայիսի «եռեսուներկուսով» ու մնացածով:
Ընդ որում, չգիտես ինչու, Քոչարյանը նույն հարցազրույցում (ի դեպ, հարցազրույցում հարցերն ավելի շատ բան էին ասում, քան պատասխանները) հիշում է նաև արտակարգ իրադրության ռեժիմ մտցնելու սահմանադրականության հարցը` խիստ յուրովսանն: Հիշենք, որ այդ օրերին և առայսօր Հայաստանում չկա արտակարգ դրության մասին օրենք, որին հղում է անում Սահմանադրությունը` արտակարգ դրություն հայտարարելիս: ՈՒ թե օդից վերցրած ինչ օրենքով է նա այդ «դրությունը» հայտարարել` իր N ՆՀ-35-Ն հրամանագրով, որտեղից է վերցրել այդ հրամանագրի հատկապես չորրորդ կետի ենթակետերը, որոնցով սահմանափակվում են մարդու հիմնարար, լրատվամիջոցների իրավունքները: Մնացել և մնում է անհասկանալի:
Նույնիսկ հետաքրքիր չէ նյուանսը, որ եթե ինքը երեք տարի չգիտի, թե հետաքննությունն ինչպես է առաջ շարժվում, այդ դեպքում ինչո՞ւ է պնդում, որ հարցը չի առնչվում արտակարգ դրություն մտցնելու իրավական խնդրին (Քոչարյանը ռեֆերենտի հստակ խնդիր ունի, այլապես ցանկացած, նույնիսկ Ֆրոյդից որևէ պատկերացում չունեցող մեկը կհասկանար, որ Քոչարյանը եթե ոչ ենթագիտակցական վախ, ապա հաստատ հարցականներ ունի արտակարգ դրության իրավականության մասով, թե չէ` ինչու է մեկ էլ ու հիշում), այլ, ըստ Քոչարյանի, մարտի մեկի «խնդիրը» մարդկանց մահվան չբացահայտված հանգամանքներն են:
ՈՒ էստեղ հնչում է ֆրոյդիզմի ամենաշենշող միտքը. «Ակներև է, որ, բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա… Այնտեղ գործնականում իրավիճակը ոչ ոք չէր վերահսկում. ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ ընդդիմության առաջնորդները»:
Ինչ-որ բա՞ն է հասկացնում Քոչարյանը: Ինչ-որ մեկին: Ինքը կիմանա:
Բա էդ դեպքում ի՞նչ բանի էր ոստիկանությունը, որի վրա, ըստ նույն հրամանագրի, դրված էր իրավիճակի ապահովումը, որ «չէր վերահսկում»:
Ի դեպ, ըստ նույն հրամանագրի` իրավիճակի ղեկավարումն էլ վերապահված էր երկրի նախագահին: Հիմա ընթերցենք հաջորդ միտքը. «Նախագահն անմիջապես չի ղեկավարում փողոցներում կարգուկանոնի գործընթացը… Դա անում են համապատասխան գործադիր մարմինները»:
Հազար ներողություն. փոփոխված սահմանադրությամբ ո՞ւմ են ենթարկվում նույն ոստիկանությունը, նաև բանակը, որն այդ օրը նույնպես փողոցում էր, երբ բանակն իրավունք չուներ «ներքին գործերին խառնվելու»:
Չէ՞ որ այդ երկու ուժային կառույցները, գումարած ազգային անվտանգության` «տեսախցիկներ չունեցող», սակայն հաստատ «պրոսլուշկա ունեցող» կառույցը, օրենքով ենթարկվում են նախագահին, գործում նրա իրավասության ներքո, կատարում նրա՛ հրամանները և ոչ գործադիրի:
Իհարկե, կարելի է կարդալ և անդրադառնալ անչափ գայթակղիչ հաջորդ մտքին, թե «ՀՀՇ-ի օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին»։ Ասինք ՀՀՇ, հիշեցինք Վանոյին, որը Հայաստանից «մեկնելուց» առաջ նույն Քոչարյանին պատվիրակեց` չի դառնալու «քավության նոխազ»:
Քոչարյանի այս հարցազրույցը կարող էր «ա լյա Վանո» դառնալ, եթե չլինեին այն «մոմենտները», որոնց մասին ՀՀՇ-ական նախկին գործիչ Քոչարյանի մասին գրել են լրատվամիջոցները, իսկ դրանք վերջնականորեն հանրագումարել է ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Այդքանն էլ հերիք է:
ԱՎԵԼՈՐԴ ՏԵՂՆ ԱՍՏԾՈ ԱՆՈՒՆԸ ՄԻ ԱՐՏԱԲԵՐԻՐ
Երբ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության ժամանակ կաթողիկոսը խաչը մոտեցրեց երբեք խաչ չհանող Քոչարյանին` համբուրելու, Քոչարյանը զզվանքով (մեղա՜, մեղա՜, բազմիցս մեղա՜) երեսը թեքեց ու չհամբուրեց խաչը… Եթե տիեզերակարգով նայենք, ապա մարտի մեկի էմբրիոնը հենց այդ ժամանակ բացվեց, հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մարտի մեկը: ՈՒ այդ էներգետիկան առարկայնացավ: Բայց սա հաստատ այլ խոսակցություն է: ՈՒ թե անկեղծ` ապա այդ ժամանակ պետք է լիներ հանրային ընդվզում, և մեր ընդերքը պետք է ադեկվատ ու իրավաչափ արձագանքեր` այդ արարքի գնահատման հարցում:
Չարեցինք: Ստացանք հաջորդ «էմբրիոնը». այսօր Քոչարյանը, որպեսզի ցուցանի, թե որքան է ատում Հայաստանում ընթացող ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը, ասում է` փառք Աստծո, որ ես այդ գործընթացին չեմ մասնակցում:
Հիշեցնենք Քոչարյանին և մեզ բոլորիս` Աստված սեր է:
Աստված ծաղր չըլլար:
Այսքանը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ