Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՈՒ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՈՒ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
26.07.2011 | 00:00

90-ական թվականներն ու 2000-ականների սկիզբը բնութագրվում էին ՆԱՏՕ-ի ճգնաժամի խորացմամբ և, ըստ էության, նրա պառակտմամբ, ինչը հետևանք էր ինչպես սոցիալիստական ճամբարի փլուզման, այնպես էլ ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների հակասությունների սրման։
Հիմա էլ այդ խնդիրները չեն վերացել, դրանք ոչ միայն ժամանակ առ ժամանակ` տարածաշրջանային և այլ ճգնաժամերի պահերին, հիշեցնում են իրենց մասին, այլև դարձել են ՆԱՏՕ-ի ներկա գործունեության հիմնական պայմանները։ 90-ականների վերջին Եվրոպայի առաջատար պետությունները հանդես եկան Եվրոպայի զինված ուժեր ստեղծելու նախաձեռնությամբ, և Եվրամիության շրջանակներում ստեղծվեց նոր պաշտպանական կառույց։ Դա անհանգստացրեց ԱՄՆ-ին և արժանացավ Մեծ Բրիտանիայի քննադատական վերաբերմունքին, չնայած նա ևս նախաձեռնության մասնակից էր։ Այդ կառույցի ստեղծումից անմիջապես հետո Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան և Լյուքսեմբուրգը փորձեցին ստեղծել ավելի փոքր ռազմական բլոկ, բայց ՆԱՏՕ-ին այլընտրանք ստեղծելու թե՛ այս, թե՛ այլ եվրոպական փորձերը ձախողվեցին, ինչի պատճառը, նախ և առաջ, այն էր, որ եվրոպացիները հասկացան` իրենց շահերը պաշտպանելու համար պարտադիր չէ փլուզել ՆԱՏՕ-ն։ Ոչ այնքան վաղուց Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ստեղծեցին ռազմական դաշինք, որը, եվրոպական փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ին ու Գերմանիային հասցեագրված ազդանշան էր այն մասին, որ երկու «դասական կայսրությունները» կարիք ունեն ավելի հրատապորեն արձագանքելու աշխարհում տեղի ունեցող ճգնաժամային իրադարձություններին։ Որոշ փորձագետներ կասկած չունեն, որ ՆԱՏՕ-ն էապես կարդիականացվի, այդ թվում նաև կառավարման, որոշումների ընդունման և քաղաքական հարցերի հստակեցման առումով։ Հնարավոր է, որ ստեղծվեն պաշտպանական նոր կառույցներ` ՆԱՏՕ-ի անդամների մասնակցությամբ նախատեսված որոշակի աշխարհառազմավարական ուղղություններում առաջադրանքներ կատարելու համար։ ՆԱՏՕ-ի գործողություններն Աֆղանստանում և Լիբիայում, ՆԱՏՕ-ի վերաբերմունքն ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի իրաքյան գործողության նկատմամբ անդրատլանտյան հարաբերությունների ժամանակակից մոդելի դասական պատկեր են։ Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ն անվտանգության միակ լայնապարփակ համակարգն է, որը, չնայած դժվարություններին, ձգտում է իր նպատակների ու խնդիրների ոլորտ ներգրավել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և այլ ուղղությունների ոչ եվրոպական պետությունների։ Ֆրանսիայի վերադարձը ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպություն հանգեցրեց ՆԱՏՕ-ի ներսում հակասությունների զգալի մեղմացման, անդրատլանտյան հարաբերություններում ճգնաժամի որոշակի մարման։ ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցումը հանգեցրեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասնակի կարգավորման, ինչը հնարավոր դարձրեց հատկապես արևելյան ուղղություններում դաշինքի ավելի արդյունավետ գործունեությունը։ Ավելի շուտ, ՆԱՏՕ-ի անդամներն սկսեցին դաշինքում տիրող իրադրությունն ընկալել որպես մի իրողություն, որի հետ պետք է հաշվի նստել և գործել, հաշվի առնելով հարաբերությունների այդ վիճակը։ Վերջին ժամանակներս չկա ՆԱՏՕ-ի առջև ծառացող ոչ մի ռազմական խնդիր, որ առարկություն չառաջացներ այս կամ այն պետության կամ դաշինքի անդամ պետությունների կողմից։ ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ունեն բավականաչափ տնտեսական, պաշտպանական և քաղաքական ռեսուրսներ, որպեսզի համեմատաբար հեշտ լուծեն ծագող խնդիրները, բացի պաշտպանության և անվտանգության շահերից, նրանց միավորում են տնտեսական սերտ կապերը։
Այս պայմաններում ծառանում է ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հարաբերությունների հարցը, որն ավելի ու ավելի է ձգտում իր արտքաղաքական հավակնությունները, նպատակներն ու նկրտումները տարածել ՆԱՏՕ-ի վրա` դաշինքը համարելով հարմար ասպարեզ իր քաղաքականության ծավալման և պահանջների առաջադրման համար։ Հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջատար վերլուծական կենտրոններում աշխատող փորձագետների կարծիքը։ Նրանք համարում են, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի, ինչպես նաև Եվրոպայի ու Թուրքիայի միջև եղած խնդիրները հարթված չեն, և հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ավելին, նրանք պնդում են, որ «այդ խնդիրները կլինեն միշտ», քանի որ պատմական ժամանակաշրջանը ենթադրում է Թուրքիայի կողմից նոր հավակնությունների ու Արևմտյան ընկերակցությանը նոր պահանջների առաջադրում։
Առայժմ ՆԱՏՕ-ում Թուրքիայի գլխավոր խնդիրը ոչ թե տարածաշրջանային հարցերն են, այլ Եվրամիության և առաջատար եվրոպական պետությունների վրա ՆԱՏՕ-ի միջոցով ճնշում գործադրելու փորձերը։ Այդ պատմական ու քաղաքական անհամամասնությունը, երբ նման խոշոր պետությունը Եվրոպայի ռազմական դաշինքի անդամ է, բայց նրա տնտեսական և քաղաքական միության մեջ չի մտնում, չի կարող հակասություն չառաջացնել Թուրքիայի վարքագծում և Եվրոպայի հետ հարաբերություններում։ Եվրոպացիները հիանալի են հասկանում, որ Թուրքիան այսուհետ ևս կշարունակի ՆԱՏՕ-ում իր դիրքերն օգտագործել Եվրամիության վրա ճնշում գործադրելու և նոր պահանջներ առաջադրելու համար։ Հաշվի առնելով, որ եվրոպական պետությունների միջև գոյություն ունեն բավականին լուրջ հակասություններ, Թուրքիայի` այդ խաղերին մասնակցությունը միանգամայն անընդունելի է Եվրոպայի համար։ Չնայած նրան, որ այժմ, ըստ էության, հասկանալի է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության որևէ հեռանկար չկա, վերջին ժամանակներս նկատվում է, որ եվրոպացիներն անհնար են համարում ոչ միայն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը, այլև ինտեգրման որևէ այլ ձև։ Եվրոպական այն պետությունները, որոնք առաջ պաշտոնապես հայտարարում էին, թե կուզենային Թուրքիան տեսնել Եվրամիության մեջ (դրանք, առաջին հերթին, Հարավային ու Կենտրոնարևելյան Եվրոպայի երկրներն էին), այժմ իրենց փորձագետների ու քաղաքագետների միջոցով «պարզում են» իրավիճակը և հասկանալի դարձնում, որ, փաստորեն, ամբողջ Եվրոպան է դեմ միությանը Թուրքիայի անդամակցությանը։ Հետաքրքրություն է ներկայացնում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը։ Այդ երկիրը տվյալ հարցի քննարկման ամբողջ ընթացքում եղել է Թուրքիայի անդամակցության կողմնակից։ Դրա հետ մեկտեղ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կամերոնի Թուրքիա կատարած այցից հետո, որն ավարտվեց Թուրքիայի և Եվրոպական ընկերակցության միջև միջնորդ դառնալու Լոնդոնի փորձերի լիակատար ձախողմամբ, վերջինիս դիրքորոշումն ավելի «թափանցիկ» ու հասկանալի դարձավ։ Հնարավոր է` Մեծ Բրիտանիան համոզվեց, որ Թուրքիան միտք չունի որևէ բան զիջելու Արևուտքին` բրիտանացիների բարյացակամ վերաբերմունքի դիմաց։ Բացի այդ, Լոնդոնում հասկացան, որ, գտնվելով Եվրամիության մեջ, Թուրքիան չի դառնա մեծ Բրիտանիայի «մասնավոր» գործընկերը, այլ ընդհակառակը, նորանոր ու անհաճո պահանջներ կառաջադրի։ Երևի բրիտանացի քաղգործիչները հասկացել են նաև ամենակարևորը` Թուրքիան Եվրամիություն խցկելու գործելակերպից ԱՄՆ-ի փաստական հրաժարումը։ Միայնակ մնալով միության մեջ Թուրքիայի ընդունման կողմնակիցների ճամբարում` Մեծ Բրիտանիան նախընտրում է իր դիրքորոշումը համապատասխանեցնել Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպայում մյուս հիմնական գործընկերների դիրքորոշմանը։ Այսպես թե այնպես, Մեծ Բրիտանիայի «նոր դիրքորոշումն» ավելի հստակ է գծագրվում, և դա Թուրքիայի շրջափակման ու մեկուսացման նոր փուլի կարևոր ազդանշան է։ Ինչպես երևում է, ֆրանս-բրիտանական նոր դաշինքի ստեղծումը կամրապնդի Լոնդոնի նոր դիրքորոշումը։ Կարելի է հնարավոր համարել, որ, մնալով որպես «եվրաթերահավատներ», բրիտանացիները հեռանկարում կնախընտրեն ավելի շատ համերաշխվել մայրցամաքային Եվրոպայի հետ, առաջին հերթին` տարածաշրջանային քաղաքականության առումով։
Թուրքիայի առաջադրած պահանջների և Եվրոպայի հանդեպ նրա հավակնությունների առնչությամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը ներկայումս միանգամայն այլ է, քան առաջ էր։ ԱՄՆ-ը չի կարող այլևս համագործակցել եվրոպացիների հետ տարբեր ուղղություններով, եթե շարունակի պնդել, որ Թուրքիան պետք է ընդունվի Եվրամիություն։ ՈՒստի, չնայած Վաշինգտոնի հուսադրող հայտարարություններին, իրավիճակը, իրոք, փոխվել է խիստ էականորեն, և դա լիովին գիտակցում են Անկարայում։ Կարելի է ենթադրել, որ երբ Ֆրանսիան վերադառնում էր ՆԱՏՕ, ԱՄՆ-ի հետ երկխոսելիս Թուրքիայի ընդունման հարցի «փակումը» եղել է պաշտոնական Փարիզի գլխավոր նախապայմաններից մեկը։ Այսպիսով, Ֆրանսիան հայտնվեց բավականին նախընտրելի դիրքում, կարողանալով հավասարակշռություն պահպանել ամերիկյան, բրիտանական ու եվրոպական շահերի միջև, ինչը հնարավորություն տվեց միության մեջ Թուրքիայի ընդունման վերաբերյալ Փարիզի կարծիքն ու դիրքորոշումը տարածելու Եվրամիության և ՆԱՏՕ-ի գծով առաջատար գործընկերների վրա։
Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի լուրջ հակամարտությունը դեռ առջևում է, և առնչվում է, նախ և առաջ, տարածաշրջանային խնդիրներին։ ՆԱՏՕ-ն դուրս է եկել սուր ճգնաժամից և հարմարվում է արդյունավետ ու ակտիվ պաշտպանական գործունեության իրականացմանը` հակասությունների և դրանք հաղթահարելու ունակության պայմաններում։ Այժմ ՆԱՏՕ-ում առավել լուրջ հակասություններ են առաջանում ոչ թե ԱՄՆ-ի ու մայրցամաքային եվրասիական պետությունների միջև, այլ այն պետությունների, որոնք աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի տարբերություններ ունեն, ընդ որում, ինչպես ցույց տվեցին Լիբիայի իրադարձությունները, այդ հակասությունները կարող են ծնվել շատ անսպասելիորեն և այնպիսի մերձավոր գործընկերների միջև, ինչպիսիք են Ֆրանսիան ու Գերմանիան։ Ֆրանսիան բացահայտորեն շահագրգռված է Միջերկրածովյան ավազանում և Մերձավոր Արևելքում դիրքերի ամրապնդմամբ և ներկայությամբ, այսինքն` այն գոտում, որտեղ Թուրքիան հայտարարել է իր ունեցած շահերի և հավակնությունների մասին։ Ավելի ստույգ, Միջերկրական ծովը նորից կդառնա արդի աշխարհի շատ խնդիրների լուծման ասպարեզ, և հենց այդ ասպարեզում ի հայտ կգան առավել լուրջ հակասություններ ինչպես ՆԱՏՕ-ի ներսում, այնպես էլ ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև։ Ֆրանսիան ձգտում է Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Իտալիային և Իսպանիային շահագրգռել Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում առկա զանազան հեռանկարներով, թեև առավել կարևոր խնդիրն այդ ուղղությամբ ԱՄՆ-ին շահագրգռելն է, ընդ որում, եվրոպական շահերի շրջանակներում։ Սա շատ հետաքրքիր իրավիճակ է, որը կարող է ազդել տարածաշրջանում շատ գործընթացների ծավալման, արաբական աշխարհում հեղափոխական և այլ սոցիալական իրադարձությունների զարգացման վրա։ Միաժամանակ, Թուրքիան այդ տարածաշրջանները համարում է մի գոտի, որը պետք է գերակա լինի իր արտաքին քաղաքականության մեջ, և աշխատում է սահմանափակել եվրոպացիների ու ամերիկացիների միջամտությունը, հատկապես ռազմական ոլորտում։ Թուրքիան համառորեն խցկվում է ոչ միայն Ֆրանսիայի, այլև Մեծ Բրիտանիայի ազդեցության ավանդական գոտիներ, էլ չենք խոսում ԱՄՆ-ի մասին։ Գերմանիան նույնպես շահագրգռված է Մերձավոր Արևելքով, ներառյալ առաջատար արաբական երկրներն ու Իրանը, այստեղ իրականացնում է տարատեսակ ներդրումային գործունեություն, և Թուրքիան, որպես ներդրող կամ այդ երկրների առաջատար առևտրական գործընկեր, նրան պետք չէ։ Արևմտյան ընկերակցության պետությունները, ընդհանուր առմամբ, շահագրգռված չեն թուրքական արդյունաբերության հետագա զարգացմամբ, հատկապես բարձրտեխնոլոգիական ճյուղերի ստեղծմամբ։ Թուրքիան համարվում է մի գործընկեր, որը ծառայություններ է մատուցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեքստիլ արդյունաբերությունը, գյուղատնտեսական մթերքի մատակարարումը, ոչ այնքան բարձրորակ արտադրանքի թողարկումը, զբոսաշրջությունն ու տրանսպորտը։ Չնայած ներդաշնակորեն զարգացող երկրի վարկանիշին, Թուրքիան դեռևս չի կարողացել իրեն դրսևորել որպես խոշոր ներդրող, որն ի վիճակի է ռազմավարական լուրջ նախագծեր իրականացնելու տարածաշրջաններում։ Հենց դա էլ հանգեցրել է այն բանին, որ Թուրքիան կորցրել է դիրքերը, ավելի ճիշտ, չի կարողանում լուրջ դիրքեր ձեռք բերել Կենտրոնական Ասիայում, Բալկաններում, Հարավային Կովկասում։ Ամերիկյան ու եվրոպական փորձագետները շարունակ մատնանշում են Թուրքիայի սահմանափակ հնարավորությունները տնտեսության ոլորտում, հատկապես արտաքին շուկաների նվաճման գործում, ուստի Արևմուտքի պետություններն այստեղ դեռևս որևէ լուրջ վտանգ չեն տեսնում, բայց ավելի ու ավելի են երկյուղում տարածաշրջանի խնդիրներին Թուրքիայի հնարավոր միջամտության, նրա կողմից լրացուցիչ ճգնաժամային հանգամանքների հարուցման և գլխավորը` Եվրամիության ու ՆԱՏՕ-ի կանոնների ու շահերի մեջ չտեղավորվող «արտահամակարգային» քաղաքականության վարման հեռանկարից։ Ամերիկացիներն ու եվրոպացիները Թուրքիայի նոր արտաքին քաղաքականության խնդրի առնչությամբ պաշտոնական կամ կիսապաշտոնական պայմանավորվածության դեռևս չեն հանգել, թեև տարակույս չկա, որ ավելի լավ են սկսել հասկանալ իրենց շահերը Թուրքիայի հանդեպ իրականացվող քաղաքականության մեջ և պատրաստ են որդեգրելու Թուրքիայի շրջափակման ու մեկուսացման փոխշահավետ դիրքորոշում։
Իհարկե, Վաշինգտոնը ներկայումս ավելի շատ շահագրգռված է Թուրքիայով, քան առաջատար եվրոպական պետություններով, քանի որ Արևմտյան ընկերակցության երկրներից միայն ԱՄՆ-ն ունի լայնընդգրկուն, բազմակողմանի ռազմավարություն և նրան պետք են շատ գործընկերներ տարբեր տարածաշրջաններում։ Միաժամանակ, ԱՄՆ-ը ևս նկատելիորեն ճշգրտել է տարածաշրջանային գործընկերների իր «պահանջարկը», այդ թվում նաև Թուրքիայում։ Նախ, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը նկատելիորեն ավելի սահմանափակ է դարձել, և նա, փաստորեն, հրաժարվել է գործառական շատ ուղղություններում ակտիվ դեր ստանձնելուց։ Օրինակ, Հարավային Կովկասում և Բալկաններում ԱՄՆ-ի շատ խնդիրներ արդեն լուծում են ստացել կամ էլ շոշափելիորեն կրճատվել են։ Ի տարբերություն ԱՄՆ-ի, եվրոպացիները կցանկանային արմատապես հրաժարվել Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցությունից, քանզի հասկանում են, որ Թուրքիայի իրական շրջափակումն ու մեկուսացումը հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ երկիրը հեռացվի ՆԱՏՕ-ի կազմից։ Ճիշտ է, ներկայումս նման հարցադրում չկա, սակայն նման հեռանկարը չի բացառվում։ Թուրքիան լավ է հասկանում, որ ՆԱՏՕ-ից դուրս գալու հաջորդ օրն իսկ ինքը կհայտնվի լուսանցքային երկրի կարգավիճակում, կորցնելով արտքաղաքական և տնտեսական կարևորագույն դիրքերը։ Անկարան ջանում է խաղալ բավականաչափ կոշտ խաղ, նպատակ ունենալով կանխապահովել Արևելքի աջակցությունն Արևմուտքին նոր պահանջներ առաջադրելու հարցում, չունենալով բավարար քաղաքական ռեսուրսներ, ընդ որում, կասկածի տակ դնելով նաև իր ավանդական արժեքներն ու գերակայությունները։ Ըստ երևույթին, գլխավոր հարցը շուտով կդառնա հետևյալը. ինչպե՞ս հսկողության տակ պահել Թուրքիան և ճնշում գործադրել նրա վրա, եթե նա ա) շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի կազմում, բ) եթե դուրս է գալիս ՆԱՏՕ-ի կազմից։ Սա թուրքական հարցի առնչությամբ բանավեճի հիմնական թեման է, որն Արևմուտքում քննության կառնվի ավելի մանրամասնորեն և առարկայնորեն։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ