«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱԹԱԹՈՒՐՔԻ ՍՏԱԴԻՈՆՈՒՄ ԾԱԾԱՆՎՈՒՄ ԷՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԴՐՈՇԸ

ԱԹԱԹՈՒՐՔԻ ՍՏԱԴԻՈՆՈՒՄ ԾԱԾԱՆՎՈՒՄ ԷՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԴՐՈՇԸ
16.10.2009 | 00:00

Ստադիոնում դրոշամարտ էր, դրոշակռիվ` կասեր Համո Սահյանը:
Ի տարբերություն քաղաքի մնացած թաղամասերի, ուր բուրսացիք շատ բարեկամական էին տրամադրված հայերիս նկատմամբ, ստադիոնի մերձակայքում իսկական «մարտեր» էին ընթանում։ Քառաշար կանգնել էր ժանդարմերիան՝ ֆուտբոլի երիտասարդ ֆանատների առջև, որոնք, ադրբեջանական դրոշները վեր պարզած, բողոքի ակցիայի էին դուրս ելել նաև այն պատճառով, որ խաղի տոմսերը չէին վաճառվել, և իրենք չէին կարողացել հայտնվել իրենց մյուս ֆանատ ընկերների կողքին, ստադիոնում:
Մյուս պատճառը «զդաչին» էր ու ադրբեջանցիների սիրտը շահել-պահելը: Գյուլի` Հայաստան այցի ժամանակ դաշնակցականները խիստ քաղաքակիրթ ցույց էին արել, իսկ (բուրսացի ֆանատները համը հանեցին՝ նրանք «գնդակոծել», իմա՝ քարկոծել էին հայ լրագրողների ավտոբուսը) հիմա Թուրքիո հերթն էր ցույցի:
Իսկ որ ստադիոնում հայտնվածներն իսկապես ֆանատներ էին, կասկածել պետք չէր։ Առաջին անգամ էի ստադիոնում լինում, ֆուտբոլ նայում, շշմել էի, թե ինչպես էին Թուրքիո «բալեշչիկները» աջակցում իրենց թիմին։ Դա ուղղակի մի կատարյալ, սակայն անչափ կանոնակարգված տարերք էր՝ արվեստի մակարդակի հասցված տեսարանների շարք, ուր ապշեցնողը ներքին կապը, վիզուալ ներդաշնությունն էր։ Ձեռները համաչափ, կանոնիկ աջ-ձախ-վերև, ոտքի են կանգնում, ալիքվում է արևմտյան տրիբունան, արևելյանը։ Մասսային ղեկավարում էր մի այնպիսի միասնական ոգի, որ քիչ դեպքերում է այցելում. ռիթմիկ-խելագարված երգում էին՝ «բարձր է, հաղթում է, կհաղթի Թուր-քի-ա՛ն…» (ի՜նչ կոդեր են), «վեց անգամ՝ գրավենք դարպասը՝ դար-պա-սը». ըհը՜, քիչ էր մնում բացեինք կոդը (ուզում էինք մտածել՝ վեց թվի նկատմամբ, փաստորեն, պաշտամունք կա այս երկրում, և չի բացառվում, որ նրանց էներգետիկան հենց այդտեղից է գալիս, մեկ էլ նայեցինք-տեսանք՝ Սերժ Սարգսյանի և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կողքին նստած է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Ալեքսանյանը, որը նույնպես վեցի նկատմամբ անտարբեր չէ, ասինք՝ անցած «ըլնի»):
Իսկ քիչ հետո՝ գողեգո՜ղ, արևելյան տրիբունայի վերին մասում սկսեցին երերալ ադրբեջանական երեք դրոշներ. Բուրսայի քաղաքապետը նախորդ օրն ի լուր աշխարհի ասել էր, թե չենք թողնի նման դրոշներ մուտք գործեն ստադիոն: Դրոշները մի քանի րոպե հետո անհետացան: Հետո նորից հայտնվեցին դիմացի տրիբունայում: Եվ այդպես՝ գաղտագողի ու շարունակ:
Գոլ խփեցին: Թուրքերը: Տրիբունայից ողջ ստադիոնով մեկ դարձյալ ահավոր ռիթմիկ հնչում էր գոլ խփողի անունը, իսկ ստադիոնն արտաբերում էր ազգանունը: Սա էլ էր մշակույթի աստիճանի հասցված: Եվ, ընդհանրապես, բավականին հետաքրքիր էր՝ կա՞ մեզանում թիմին աջակցելու նման մշակույթ: Գործից տեղյակ մեկը մեզ պատմեց, որ Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղի նախօրյակին փորձել են երիտասարդներին հավաքել. պարապել են, որ ոտքի կանգնեն, ալիք սարքեն, «Արարատ, հուպ տուր, Հայաստան» վանկարկեն, առանձնապես մեծ էֆեկտ չի ստացվել։ «Թուրքերի մոտ այդ մշակույթը ձևավորվել է դեռ անցյալ դարի երեսունական թվականներին, նրանք այդ առումով ահագին ճամփա են անցել, իսկ մեր ֆուտբոլը դեռ շատ երիտասարդ է»,- տեղեկացրեց զրուցակիցս:
ՈՒ մինչ սրտնեղած մտածում էինք, որ գուցե այս հարցում լուրջ մոտեցում է պետք, և դա պետք է դրսևորի ոչ միայն ֆեդերացիան, այլև… Մեկ էլ դիմացի տրիբունայում, ուր նստած էին հայ գործարարները, էն տեսանք, որ երկու հոգի կանգնեցին, բարձրացրին Ղարաբաղի բավականին մեծ դրոշն ու ծածանելով՝ տևական ժամանակ բացականչում էին՝ «հա՜-յե՜ր»:
Բա՛։
Իսկ մեզ՝ լրագրողներիս, հայկական դրոշը բարձրացնել-ծածանել թույլ չտվեցին, մենք կողմնակալ լինելու իրավունք չունենք, մենք օբյեկտիվ իրականությունը պետք է ներկայացնենք (իսկ «օբյեկտիվի» մասին` հարակից նյութում):
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Բուրսա-Երևան

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ