Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Գոյությունը շարունակելու հիմնական միջոցը բոլորի անխոնջ և լրջորեն կազմակերպված աշխատանքն է

Գոյությունը շարունակելու հիմնական միջոցը բոլորի անխոնջ և լրջորեն կազմակերպված աշխատանքն է
11.02.2024 | 07:20

Իսկապես շատ բան նորովի գնահատելու ու մեկնաբանելու կարիք ունենք, բայց առաջին հերթին պետք է հասկանանք մեր ով լինելը։

Այս հարցում մենք մի կերպ լող ենք տալիս թյուրիմացությունների ծովի մեջ, և նաև որևէ նշան չի երևում, որ մենք գիտակցաբար ուզում ենք դուրս գալ այդ վիճակից։

Ցավալիորեն շարունակում ենք դատարկախոսել ամեն ինչի մասին, բացի հիմնականից՝ գոյությունը շարունակելուց։

Մեր իսկ ձեռքերով ստեղծել ենք մեր մասին մարդկային բոլոր հնարավոր բացասական գծերով մի պատկեր, որը, հեռու լինելով իրականությունից, նաև կործանարար է։

Հասկանալ է պետք, որ, նախ, մենք ունենք նաև բարձր գնահատելի մարդկային լավ գծեր և գործարար հատկություններ ու, հետո էլ, եթե ուզում ենք ճգնաժամային վիճակից դուրս գալ, պետք է հենվենք մեր հենց այդ դրական գծերի ու հատկությունների վրա։

Որևէ մեկը չի կարող պնդել, որ մեր վատ գծերի վրա հենվելով կարող ենք դուրս գալ ներկա վիճակից, ինչքան էլ դրանք լավ հասկացած լինենք։

Բացի դրանից, հավանաբար, այնքան էլ գովելի մարդկային հատկություն չէ անձնական անհաջողության կամ լավագույն նպատակներին հասած չլինելու համար վրեժ լուծել սեփական ժողովրդից։

Չէ՞ որ բազմաթիվ օտարներ դրականորեն են գնահատել մեր գործունեությունը մարդկային կյանքի ամենատարբեր ոլորտներում։

Դրանում համոզվելու համար վատ չէր լինի նայել թեկուզ միայն «Աշխարհի հայերը» հրաշալի հաղորդաշարը։

Մյուս կողմից էլ ճիշտ է, որ մենք, հանգամանքների բերումով, հետ ենք վարժվել սիստեմատիկ աշխատանքից ու ներկա վիճակում դեռ շատ հեռու ենք այն բանը հասկանալուց, որ գոյությունը շարունակելու հիմնական միջոցը բոլորի անխոնջ և լրջորեն կազմակերպված ամենօրյա տքնանքն ու աշխատանքն է։

Առանց տքնանքի ու նպատակային աշխատանքի լավ ապրելու կործանարար գաղափարը տիրել է առանց առաջնորդ մնացած ու անհիմն ձևով մեծամտացած մարդկանց։

Բանը հասել է այնտեղ, որ ապրելու միջոց չունեցող մարդուն աշխատանք ես առաջարկում և նրա ռեակցիան լինում է՝ «Կարող ա՞ ես քո նոքարն եմ»։

Բայց պետք է հասկանալ նաև, որ կյանք կազմակերպելու բարդ գործի մեջ հիմնական դերը էլիտայինն է, որի հիմնական ֆունկցիան սեփական ժաղովրդին բազմակողմանիորեն ղեկավարելն ու առաջնորդելն է։

Մյուս կողմից էլ, կեղծ էլիտան երբեք ու երբեք չի կարող փոխարինել սեփական ժողովրդի կյանքով ու ցավերով ապրող իսկական էլիտային։

Այս մի հարցը, այն է՝ էլիտայի իմիտացիան բացարձակապես անհնարին է, ավելին՝ կործանարար է։

Այն թյուր թեզը, որ եթե ժաղավուրդը լավը լիներ, ապա կծներ որակյալ էլիտա, վերաբերում է միայն խոշոր ազգերին, որոնք իրենց հարցերը իրենք են լուծում, և չի վերաբերում մեզ նմաններին, որոնց հարցերը, որպես կանոն, ուրիշներն են լուծում։

Պետք է վերջապես դուրս գալ գոնե այս մի թյուրիմացությունից, քանի որ հազար տարուց ավելի է, որ նման մեխանիզմ մեզնում չի գործել, իսկ մեր ղեկավարները եղել են ուրիշների կողմից նշանակովի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2395

Մեկնաբանություններ