Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Լիցկային թիկնապահ են տրամադրել, իսկ Արտակ Բուդաղյանի՞ն

Լիցկային թիկնապահ են տրամադրել, իսկ Արտակ Բուդաղյանի՞ն
10.06.2013 | 00:56

Օրը կիրակի է, ու թվում էր, թե Աստծո խաղաղության մեջ պիտի անցներ: Երևանից դուրս կյանքը այլ է, մանավանդ, եթե ինտերնետի հնարավորություն չունես: Ծերացած ու բեզարած Իջևանից մայրաքաղաք վերադառնալիս, ճանապարհի կանաչը, ամառվա տաքն ու ճամփեքին տեղ-տեղ երևացող ձիերն ու կովերը երկրի կյանքում եղած ու լինելիք ամեն բացասականից այլ, մի ուրիշ տեղ են տանում, մինչև տուն ես հասնում ու բախվում իրականին. էս քեզ Ֆեյսբուքը, էս քեզ ինտերնետն ու աչքիդ զարնող ամենաառաջին «ցնցող» լուրը` Լիցկային թիկնապահ է տրամադրվել իր իսկ խնդրանքով: Նախորդ օրերի մղձավանջի շարունակությունը: Իսկ օրը դեռ կիրակի է, ու վաղ առավոտվա իջևանյան խոնավ արևից սկսած խաղաղություն էր «բուրում»:
Սուրիկ Խաչատրյանը թիկնապահի կարիք ունի, պարզվում է: Չի բացառվում: Գիտենք, որ Զարզանդը բռնված է: Իսկ Սուրիկ Խաչատրյանը, ինչ է, մի թիկնապահ ունե՞ր: Չեմ կարող հավատալ, որ Հայաստանում պաշտոնյան, ով ընդհանրապես թիկնապահ ունենալու «թուլությամբ» է տառապում, բավարարվում է մարդկային էդ տեսակի մեկ նմուշով: Ու քանի որ հավատից մի քիչ կաղում եմ, միտքս են գալիս վերջին օրերի մի քանի դրվագներ` Բուդաղյանների ռուսաստանցի եղբայրը Հայաստանում է և ասել է. «Սա մեր բազարն է»: Լիցկան Գորիսից ընտանիքով տեղափոխվել է Երևան, Լիցկան խեղճացել է, Սյունիքի քաղաքապետարանի տարածած հայտարարությունը, հետո էլ տեսանյութը, որը, որոշ հարցերի պատասխաններ տալու փոխարեն, առաջադրեց նոր հարցեր: Եվ ուրեմն` ի՞նչ է մտածել Սուրիկ Խաչատրյանը՝ թիկնապահի համար դիմելով:
Դա այն, ոչ այնքան յուրօրինակ, «ստրախովկան» է, որը Լիցկան իր համար արել է հետագա զարգացումներից խուսափելու նպատակով: Հնարավորինս: Եղբայրներից մեկին սպանելն ու մյուսին ծանր վնասվածքներով հիվանդանոց գցելը իրոք դժվարամարս բան է, որ դաշտում էլ «քնընես»: Թե՛ իրավական առումով, թե՛ միջանձնային հարաբերությունների դաշտում, թե՛, և առաջին հերթին, Աստծո առաջ: Էս ամենի մեջ մի վտանգավոր բան կա, ամենավտանգավորը, ըստ իս: Կա թափված արյուն ու վրեժխնդրության կանչ: Հայաստանում բանը հասել է նրան, որ ամեն մարդ, եթե հնարավորություն ունի, ինքն է որոշում դիմացինի ապրել-չապրելու հարցը: Ու սա իր հերթին դառնում է այլոց ապրել-չապրելու հարց: Սա կարող է տանել անարխիայի լրիվ ու իրական հաստատման, որից անդին… չեմ էլ ուզում պատկերացնել: Իջևանցի տաքսու վարորդը դեռ երեկ ասում էր. «Ո՞նց կարա էդ գործը բացահայտվի, հվատըմ չեմ: Թե սամասուդ անեն, ուրիշ պյան»: Ասացի` ի՞նչ եք խոսում, դա ճիշտ չի: «Դե ասա, տենամ, ո՞ր մի գործն ա բացահայտվել, որ էս մինն էլ բացահայտվի»,-ասաց:
Լիցկային թիկնապահ է տրամադրվել: Լավ է: Իսկ Բուդաղյանների՞ն: Նրանք չեն դիմել, եթե դիմեն, նրանց էլ կտրամադրվի` կասեն իրավապահները: Այս պատմությունն այնքան խառն է` առաջին իսկ լուրերից սկսած ու վերջացրած հրապարակված տեսանյութով, որ հայտնի չէ, թե իրականում ով ումից պիտի պաշտպանվի, կամ ով ում համար է դեռևս վտանգավոր: Այս պատմության մեջ առանցքային է Արտակ Բուդաղյանի դերը: Կարևոր է, որ նա շուտ ապաքինվի և օգնի իրավապահներին՝ պարզելու արյունոտ միջադեպի մանրամասները: Եթե դրանք Լիցկայի օգտին չեն, ապա Արտակ Բուդաղյանին նույնպես թիկնապահ տրամադրելու անհրաժեշտություն կլինի: Նախահարձակ լինող տեսակ կա, որը միջոցների մեջ խտրականություն չի դնում, իսկ ճշմարտությունը, հակառակի պես, զոռբա լինելու սովորություն չունի:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ