ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հիշում ենք, դատապարտում և խոնարհվում

Հիշում ենք, դատապարտում և խոնարհվում
05.08.2023 | 13:38

Օգոստոսի 3-ին լրացավ Շանգալի եզդիների ցեղասպանության 9-րդ տարելիցը:

Երևանի սրտում ` Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգի), Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում գտնվում է եզդի ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը։

2014 թվականին` այս օրերին և այս ժամերին եթեր էին հեռարձակվում այս կադրերը:

Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ կատարվում էր ցեղասպանություն` իսլամիստ հրեշների ձեռքով... շատ ժամանակ չպահանջվեց պարզելու համար, որ այդ անմարդկային հրեշները պատրաստություն են անցնում մեր հարևան ցեղասպան երկրի տարածքում ստեղծված հատուկ ճամբարներում։ Հետո կարճ ժամանակ անց տեսնելու էինք, թե նույն իսլամիստ հրեշներն ինչպես են ի տես ամբողջ աշխարհի դաժանորեն սպանում 24 ղպտի տղաներին, հրո ճարակ դարձնում Սիրիայի ասորիների սրբավայրերը, ապա պայթեցրեցին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Դեր -Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ մեր նահատակների մասունքներն էին պահվում, այնուհետև հարձակման թիրախ դարձրին հայաբնակ Քեսաբը և Նոր գյուղը:

Իննը տարի առաջ աշխարհը տեսավ այս կադրերը ու լռեց։ Մինչդեռ ձեռագիրն ու գաղափարը նույնն էր` սպանել ու ոչնչացնել մի ժողովրդի միայն նրա համար, որ տարբերվում է իր հավատով և ավանդույթներով։ Եվ դա տեղի էր ունենում եզդի ժողովրդի պատմական բնօրրանում` Իրաքում։ Կատարվեց ցեղասպանություն, որն ավելի քան 20 հազար մարդու կյանք խլեց, հազարավոր եզդիներ անհետ կորան, 3000-ից ավելի եզդի կանայք և աղջիկներ հայտնվեցին գերության մեջ։

Այսօր էլ շատ եզդի կանանց ճակատագրեր շարունակում է անհայտ մնալ։

Եթե այս լուսանկարները դարձնենք սև և սպիտակ, ինչպես նաև բռնության ահասարսուռ պատկերներով լի այն հարյուրավոր տեսանյութերը, ապա դրանք չեն տարբերվի հայերի, պոնտացի հույների և ասորիների հանդեպ կատարված ցեղասպանությունների մասին պատմող վավերագրական կադրերից, որոնք կատարվել են 20-րդ դարի սկզբին ու մինչ օրս չեն դատապարտված։ Այս կադրերը գունավոր են, որովհետև սա «լուսավոր» 21-րդ դարն է:

20-րդ դարասկիզբը եզդի ժողովրդի համար ևս արյունալի էր, երբ նույն մեր թշնամին` եզդիների հանդեպ ևս իրականացրեց մասսայական սպանդ։

Որպես ցեղասպանության և հայրենազրկման ցավն ապրած ազգ` մենք եզդի ժողովրդի կողքին պետք է լինենք այս պայքարում, ինչպես որ մշտապես իրենք են մեր կողքին` մեր թշնամու հետ պայքարի ու մեզ պարտադրված պատերազմի առաջին գծում: ՈՒ հենց Արցախյան երրորդ պատերազմում էլ մեր եղբայրների կողքին կռվեցին ու իրենց կյանքը տվեցին նաև եզդի հերոսները:

Արցախի սրբազան Հողի համար իրենց կյանքը տվեցին նաև եզդի հոգևորականներ` շեյխեր, որոնց մասին նույնպես գրվելու է մեր պատմության էջերում։ Գրվելու է, որովհետև պատմության մեջ կան նաև դաշինքներ, որոնք չեն կնքվում որևէ փաստաթղթով, այլ ամրագրվում են պատմության երթում, ինչպես հայ և եզդի ազգերի եղբայրությունը։

Երեկ եզդիների հանդեպ ինը տարի առաջ գործադրված ցեղասպանության զոհերի հիշատակության օրն էր։ Եվ սա ևս մարդկության հանդեպ կատարված ոճրագործություններից է, որի դատապարտման համար դեռ միասին պայքարելու ենք:

Եվ երեկվանից հասցրի նկատել, որ շատ եզդիների էջերում` անգամ հիշատակի և ոգեկոչման այս օրերին հիմնականում շրջափակված Արցախի մասին նյութեր են։ Նրանք պարզապես ապրում են Արցախի և արցախցիների ցավով ու ճակատագրով, որոնց կյանքը վտանգված է ամեն բացվող օր ու ժամ։

Մեր եղբայրական ազգի զավակներն այսօր էլ մեր կողքին են։ Մենք էլ` իրենց կողքին ենք։ Եվ միասին էլ պայքարելու ենք ընդհանուր թշնամու դեմ` մեր ազգերի բարեկամությունը հասցնելեվ հաջորդ սերունդներին:

Խոնարհում` նահատակների հիշատակին։

ՈՒժ և կորով` վերապրածներին:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4702

Մեկնաբանություններ