38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պատերազմի հրեշը շարունակում է պտտվել մեր շուրջ

Պատերազմի հրեշը շարունակում է պտտվել մեր շուրջ
09.11.2023 | 13:34

Վերջին ամիսների ու շաբաթների աշխարհաքաղաքական ծանրագույն, աղետալի իրադարձությունների ազդեցությունների ու տպավորությունների տակ վերակարդացի հայ ականավոր պատմաբան, գրող Լեոյի «Անցյալից» աշխատությունը։

Վերակարդացի ու եկա այն հստակ եզրահանգման, որ աշխարհում այժմ ընթացող, այսպես կոչված, պրոքսի պատերազմը գոյություն է ունեցել նաև մեզանից ավելի քան մեկուկես դար առաջ, գուցե և ավելի վաղ, ու հայ ժողովուրդը չափազանց խորն է ընկղմվել այդ եղերական պատերազմների բոցերի մեջ:

Լեոն համոզիչ ու ցնցող փաստերով ընթերցողին համոզում է, թե որքան անամոթաբար են հայերին ու Հայաստանը վաճառել եվրոպական տերությունները, թե որքան դաժան է վարվել ռուսական ցարիզմը հայկական անկախ պետականության կամ ինքնավարության գաղափարի հետ։

Բայց եթե ցարիզմը հայերի դեմ գործել է անթաքույց, երբեմն էլ՝ քողարկված խորամանկությամբ, առանց ժպտալու և խոստումներ տալու, ապա Արևմուտքը դեմից մեզ ժպտացել է, շռայլ խոստումներ տվել, ապա ստորաբար խաբել ու նետել գեհենի կրակների մեջ։

Ու նույն ձեռագիրն է, դեպքերի նույն կրկնությունը․ Ճիշտ Վասպուրականի, Մշո դաշտի, Ալաշկերտի, այլ վայրերի նման մենք մեր աչքերով տեսանք ու ապրեցինք արցախահայության եղեռնը, բռնագաղթն ու հայրենազրկումը։

Ու դեռ հարց է, թե այս դժնդակ ժամանակներում որ կետի, որ էջի վրա է կանգ առնելու հայոց հերթական «զուլումը», քանի դեռ միջազգային չարքերն աշխարհում աջուձախ պատերազմներ են ցանում։

Սրտի ու հոգու ցավով հիշեցի «Արցախ» թերթի խմբագիր Մաքսիմ Հովհաննիսյանին, նրա չարագուշակ մտավախությունը դեռևս 1994 թվականի մայիսի վերջին։

Նրա աշխատասենյակում զրուցում էինք հայ ժողովրդի մղած գոյապայքարի, Արցախի ապագայի, խաղաղության, հետագա սպասելիքների շուրջ։

Մաքսիմ Հովհաննիսյանը խոսում էր չափազանց մտահոգ՝ չնայած հաստատված խաղաղությանն ու հայերիս տարած անվիճելի հաղթանակներին։ «Եթե հարցը թողնեն մեզ ու թուրքերին,-ասաց նա,-ապա մենք մեկ ամսվա, մեկ տարվա կամ որոշակի ժամանակի մեջ կգծենք մեր սահմանները, կկնքենք հաշտություն, վերջ կտանք այս տևական ու անմիտ թշնամանքին։ Բայց, ցավոք, այնքան կրակ խառնող ու բորբոքող սատանաներ կան այս խաղի մեջ, որ դա երբեք թույլ չեն տա, ու այս հակամարտւթյան վերջը ոչ մի կերպ չի նշմարվում»։

Այդ օրից գլորվեց-անցավ 29 տարի, ու հիմա դժվար է հավատալ, որ էլ Արցախում հայ չկա, մինչդեռ 1994 թվականի հաղթական մայիսին բոլորս կարծում էինք, որ մեր հողի ու արյան թշնամին մեկընդմիշտ կսսկվի․․․

Իրոք, միջազգային չարքերը երկար գնացին-եկան, պտտվեցին Արցախի շուրջ, հաշվարկ արին, Արցախի ինքնավարությունից խոսեցին, մերթ մեզ ոգևորեցին, մերթ էլ մեր ոսոխին զինեցին զենքով ու ոգով, ու եղավ այն սոսկալին, ինչը մենք հոգու ողջ դառնությամբ տեսանք մեր շուրջ։

Ո՞վ իմանա, թե երբ ու ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական սպանդը, թե երբ ու ինչպես կավարտվի պաղեստինաիսրայելական սպանդը, որը դեռ նոր թափ է հավաքում։ Եվ ամբողջ սարսափն այն է, որ պատերազմի հրեշը շարունակում է պտտվել նաև մեր շուրջ։

Լեոյի նկարագրած ժամանակների ու մեր ժամանակի միջև միայն մի տարբերություն կա՝ այն է դա, որ այն ժամանակ ճշմարիտ կամ կեղծ լուրերը մարդիկ ստանում էին միայն լրագրերից կամ ամբոխի լրահոսից, որոնք տեղ էին հասնում օրերի կամ շաբաթների ուշացումով, հիմա դրանք տեղ են հասնում վայրկյանների արագությամբ։

Եվ այդ խայտաբղետ հանդիպումների, պաշտոնական այցերի, պատերազմական իրադարձությունների մեջ շատ դժվար է զանազանել կեղծն ու ճշմարիտը, արդարն ու անարդարը, լինելիքն ու չլինելիքը։

Ի դեպ, մեզ ուղղված թշնամական սպառնալիքները և «քաղաքակիրք» քրիստոնյա աշխարհից մեր օգտին արված «հայասիրական» հայտարարությունները իմ հոգում միևնույն սարսուռն են առաջացնում, որովհետև երկու դեպքում էլ արդյունքը նույնն է՝ հայ ժողովրդի ցավագին ու անդառնալի կորուստները։

Եթե նրանց հայտարարությունները ճիշտ լինեին, եթե Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, նաև՝ ռուսաց ցարի կողմից կնքած ու ստորագրած, ճիշտ լիներ, ապա մենք այսօր կորսված Արցախ, վտանգված ու թշնամու զինուժի կողմից բռնազավթած սահմաններ չէինք ունենա։

Հոգուս ցավն անսահման է, մտքերս՝ անհուն մոլորության մեջ։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 2969

Մեկնաբանություններ