ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ռուս-թուրքական «բազար», հայ-ադրբեջանական «վակզալ»

Ռուս-թուրքական «բազար», հայ-ադրբեջանական «վակզալ»
24.07.2023 | 17:34

Ինչպես և կանխատեսում էի, չուշացավ ՌԴ-ի պատասխանը Էրդողանին:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ ՌԴ խաղաղապահների 2025 թվականին Արցախից դուրս գալու և առհասարակ տարածաշրջանը լքելու վերաբերյալ արված հայտարարությանը, վերջինիս հիշեցնելով, որ Անկարան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ, ավելին՝ այդ փաստաթուղթը հստակ ուրվագծում է թե՛ խաղաղապահների ներկայության հարցերը, և թե՛ ևս 5 տարով առաքելության երկարաձգման հիմքերը։

Սպասելի էր նման պատասխան:

Օրեր առաջ՝ նման հայտարարությունից բխող ռուսական պատասխանի մասին տառացի նույն կարծիքն եմ բարձրաձայնել:

Բազմիցս եմ ասել, որ ՌԴ-ն ճամպրուկային պատրաստություն չի տեսնում, տարածաշրջանային իր հեգեմոնիզմն ու «ասիչ» դերակատարությունը չի զիջելու, ուր մնաց՝ ոմանց քմահաճույքը բավարարելով՝ լքի Կովկասը:

Հիմա դա լա՞վ է թե՞ վատ՝ այլ հարց է:

Կովկասը լքելու փոխարեն ռուսական կողմը վերահաստատել է հայ-ադրբեջանական հակամարտությունում իր առանցքային դերակատարությունը և այդ համատեքստում պատրաստակամություն է հայտնում մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում, որի շրջանակներում կքննարկվի խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության թեման և որին հաջորդելու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը՝ նշված փաստաթուղթը ստորագրելու համար:

Իսկ արդյոք կողմերը պատրա՞ստ են այդ պայմանագրի կնքմանը, արդյոք այն երկուստե՞ք ցանկություն է:

Եվ որ ամենակարևորն է.

այս համատեքստում ո՞րն է ՌԴ-ի ցանկությունը:

Համենայն դեպս, ՀՀ գործող իշխանությունները պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն ու 8 անկլավները ներառյալ՝ այդկերպ բավարարելով Ալիևի ցանկությունները:

ՀՀ իշխանություններն այն թղթին հանձնելուն և տակը ստորագրելուն պատրաստ են:

Ադրբեջանը, ի դեմս Ալիևի, պահանջում է, որ ստորագրվելիք «խաղաղության պայմանագրի» մեջ անպայման նշված լինի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» արտահայտությունը:

Նրա նպատակը մեկ փաստաթղթում ներառելը և այդկերպ միաժամանակ լուծելն է առանձին բաղադրիչ համարվող Արցախի հարցը:

Իսկ որ ամենակարևորն է՝ դրանով, ի վերջո, լեգիտիմացնել իր պահանջները, ձեռք բերելով մի օրինական թուղթ, որով ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է Արցախը և 8 անկլավները Ադրբեջանի կազմում:

Փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանը պահանջելու է ռուսական կոնտինգենտի դուրսբերումը Արցախից՝ հղում տալով «խաղաղության պայմանագրին», ըստ որի արցախյան կոնֆլիկտը ևս հանգուցալուծված է, և որ այլևս Ռուսաստանն Արցախում անելիք չունի, նրա խաղաղարար ծառայություններն այնտեղ այլևս պետք չեն:

Դրա համար ՌԴ-ին ձեռնտու է, որ «խաղաղության պայմանագիրն» ուղղված լինի բացառապես

հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, մասնավորապես՝ սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, ճանապարհների ու ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու համատեղ շահագործմանը, միջպետական հարաբերությունների հաստատմանը:

Բայց որ միաժամանակ այն տարանջատվի և ոչ մի կերպ չներդաշնակվի Արցախի հիմնախնդրին, որի լուծումն ըստ նրանց, թողնվելու է ապագայում:

(Ռուսաստանին առհասարակ ձեռնտու է կոնֆլիկտի առկայությունն ու շարունակականությունը:

Նա յուրովի սնվում է այս կոնֆլիկտից և դրանով իր ներկայությունն ապահովում Հարավային Կովկասում):

Այսինքն՝ մեկ այլ բան է այդ պայմանագրով կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, մեկ այլ բան՝ Արցախյան չհանգուցալուծված կոնֆլիկտը, որը պետք է վերոնշյալից դիտարկել առանձին:

Իսկ այս պարագայում Ռուսաստանի Դաշնությունը փորձում է հարմարվել նոր իրողություններին, որոնք իր համար բավականին անբարենպաստ են.

Ի հավելումն այս ամենի, ՌԴ-ի համար առաջացել է ևս մեկ խնդիր (իհարկե այն կարող ենք գնահատել նաև որպես ձեռնտու խնդիր).

փաստացի Հայաստանն ու Ադրբեջանը տապալել են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանած ստատուս քվոն՝ արցախցիներին կանգնեցնելով սովամահության, բռնի ինտեգրացիայի, գաղթի և էթնիկ զտման երկընտրանքի առջև։

Իսկ «դատարկ» Արցախը ՌԴ-ին պետք չէ:

Ինչևէ, այս ամենի արդյունքում արցախցիները՝

ՀՀ իշխանության արտաքին քաղաքական արկածախնդրության (որի գերնպատակը ռուսներին տարածաշրջանից հանելն է), Ալիևի մաքսիմալիստական ցանկությունների (ստեղծված բարենպաստ իրավիճակից օգտվելու, ավելին կորզելու) և ՌԴ-ի երկակի ստանդարտների

պատանդն են դարձել:

Իսկ երբ այսօր երկրիդ վարչապետն ասում է.

«Քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ և այդ պայմանագիրը վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից, պատերազմը շատ հավանական է», հասկանում ես, որ իր նպատակը՝ ժողովրդին պատերազմի վտանգով վախեցնելով, հապճեպ պայմանագիր կնքելն ու այն խորհրդարանով վավերացրելն է, կամ որ իրոք նոր պատերազմի է տանելու, որի մասին պարզապես զգուշացնում է:

Երբ երկրիդ ղեկավարը Վաշինգտոնում ու Բրյուսելում՝ արևմտամետ է, Մոսկվայում՝ ռուսամետ, երբ իրեն բնորոշ գավառական «շուստրիությամբ» մեկ ասում է, որ ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ րոպե անց պնդում, թե Ադրբեջանի նպատակն Արցախում էթնիկական զտումներն են ու ցեղասպանությունը՝ չհասկանալով կամ լավ էլ գիտակցելով, որ իր ասածով ինքնին ստացվում է, որ 120 հազար հայի թողնելով ցեղասպանի քմահաճույքին, նպաստում է այդ ցեղասպանության իրականացմանը, հասկանում ես, որ ողբերգության մեջ ես ու որ իրական թշնամին քո կողքին է:

Դե, իսկ Ալիևն էլ ևս հաստատում է, որ պատերազմի հավանականություն կա, պնդում, որ իր նպատականերին վերջնականապես չի հասել, որ պատրաստ է ցանկացած սցենարի, և որ այդ նպատակով Ղարաբաղյան 2-րդ պատերազմից անմիջապես հետո անցել է պաշտպանության ոլորտում խորքային բարեփոխումների։

Իսկ լեթարգիկ քուն մտած հայ ազգն ի՞նչ է մտածում այս ամենի մասին:

Չի՛ մտածում:

Շարունակում է ապրել բնականոն կյանքով, կարծես ոչինչ էլ տեղի չի ունենում:

Շատերը գիտեն, թե այս ամենի հետ իրենք կապ չունեն, մանավանդ, որ քաղաքականությամբ չեն զբաղվում:

ՈՒրիշ էլ ի՞նչ պետք է լինի, որ գոնե արձագանքեն, միասնականություն դրսևորեն՝ Աստված գիտի:

Ինչպե՞ս կարելի է այս աստիճան անտարբեր լինել, երբ Աստծո պարգև սրբացված հողը ոտքերիդ տակից տանում են, որի համար հազարամյակներով նախնիներդ պայքարել են, արյուն թափել, բայց պահել-պահպանել:

Այս բզկտված ու մի բուռ մնացած հայրենիքից էլ ի՞նչ պետք է տանք թշնամուն, զիջենք, օտարենք մեզանից, որ հանգիստ ապրենք:

Հանգիստ ու խաղաղ չենք ապրելու վերը թվարկվածի պատճառով...

Ով չի պայքարում իր հարենիքի, իր հողի համար, ով հայրենատեր չէ իր էությամբ՝ դատապարտված է ավելին կորցնելու:

Հիմա մենք այս ճանապարհն ենք բռնել ու հաստատակամ գնում ենք ինքնակործանման` պետականության կորստի:

Մեզ հնազանդեցնում ու ստորացնում են, դարձնում անհայրենիք-գաղթական:

Իսկ մենք հարմարվում ենք:

Արդյունքում՝ միջինասիական յայլեքից եկած քոչվորը դարձել է նստակյաց ու հայրենատեր, երկիրդ քեզանից շատ գնահատող ու սիրող,

մենք՝ նստակյաց արիականներս դարձել ենք քոչվոր-օտարական:

Ե՞րբ ենք հասկանալու, որ երկիր-հայրենիք ենք կորցնում:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ