ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չի կարելի բացառել, որ ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ է ու սովորական և հանգում է սոսկ… Կաբաևային

Չի կարելի բացառել, որ ամեն ինչ  շատ ավելի պրոզաիկ է ու սովորական և  հանգում է սոսկ… Կաբաևային
14.06.2013 | 01:08

Չի կարելի ասել, թե Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինների ամուսնալուծության փաստը աղմկահարույց թե սկանդալային իրադարձություն դարձավ ռուսաստանյան լրատվամթնոլորտում: Ինչ-որ տեղ դա սպասելի էր, քանզի արդեն տևական ժամանակ երկրի ղեկավարը հրապարակային միջոցառումներին ներկայանում էր առանց կնոջ ուղեկցության: Էլ չենք ասում ասեկոսեների մասին, ըստ որոնց` Պուտինը, իբր, «մտերիմ» հարաբերությունների մեջ է Պետդումայի պատգամավոր գեղեցկուհի Ալինա Կաբաևայի հետ: Այ, եթե Պուտինը փորձի օրինականացնել այդ կապը, դա արդեն պայթած ռումբի ազդեցություն կունենա:

Լյուդմիլա Պուտինան շահեկանորեն տարբերվում էր Ռաիսա Գորբաչովայից և Նաինա Ելցինայից, որոնց Ռուսաստանի ժողովուրդը տանել չէր կարող, եթե չասենք ավելին: Իսկ Պուտինան նույնիսկ հեռուստաէկրանից համակրանք էր առաջացնում, զգացվում էր, որ նա զուսպ ու համեստ կին է: Եվ դա հաստատում են նրան մոտիկից ճանաչողները: Չկար ոչ մի հակակրանք նրա նկատմամբ:
Ինչևէ, իրո՞ք Պուտինի հրապարակային կյանքն էր ամուսնալուծության պատճառը: Ամուսնական կյանքն այնքան ներանձնական է, որ պատասխանը կիմանան միայն նախկին ամուսինները: Արդարև, նույնիսկ հակապուտինական ԶԼՄ-ները, նրա քաղաքական հակառակորդները, ճիշտ է, չարախնդացին, սակայն այս անգամ մի կողմ դրեցին իրենց աներեսությունը և առանձնապես չպեղեցին նրանց համատեղ կյանքի վերջնափուլը: Իսկ ահա արևմտյան լրատվամիջոցները, ինչպես Ռուսաստանին վերաբերող բոլոր թեմաներում, հավատարիմ մնացին իրենց երկակի մոտեցումներին: Եթե մինչ այդ պահանջում էին «պարզություն» մտցնել երկրի ղեկավարի և նախկին «ինքնաթիռաուղեկցորդուհու» փոխհարաբերությունների հարցում և քաղաքակրթաբար բաժանվել, ապա այժմ ամեն ինչում մեղադրում են միայն նախագահին:
Այդուհանդերձ, մեծ պետության առաջին անձի 30-ամյա ամուսնական կյանքի խզումը չի կարող նաև քաղաքական հետևանքներ չունենալ: Եվրոպայում բեռլուսկոնիները սովորական երևույթ են (Ֆրանսիայի ներկայիս առաջին տիկինն ընդամենը Օլանդի քաղաքացիական կինն է): Իսկ ահա Պուտինի բաժանումը առաջինն է Պետրոս Մեծի ժամանակներից ի վեր: ՈՒստի դրվում է ցինիկ հարցը` դրակա՞ն, թե՞ բացասական քաղաքական շահաբաժիններ կբերի դա Պուտինին:
Բանն այն է, և այդ մասին հաճախ է խոսվում, որ ռուսները (և ոչ թե ռուսաստանցիները) Պուտինի նախագահական երրորդ ժամկետի հետ մեծ հույսեր են կապում կայսրապետության վերականգնման ճանապարհին, բնական է` ռուս էթնիկական տարրի և ոչ թե հրեաների (Արևմուտքի) գերակայությամբ: Դրա վկայությունն են բանակի աննախադեպ հզորացումը, արտաքին քաղաքական ակտիվությունը (Եվրասիա, Սիրիա), հակազդեցությունը Եվրոպայի գաղափարական նվաճողականությանը և այլն: Ահա և հետամուսնական համեմատությունը ամենակայսրապետական այրի` Իոսիֆ Ստալինի հետ, որը, կորցնելով կնոջը, այդպես էլ նորից չամուսնացավ, իր կյանքը լիովին նվիրաբերելով աշխարհի մեծագույն պետության` խորհրդային կայսրության ստեղծմանը: Այս տրամաբանությանն է տուրք տալիս ռուս նացիոնալիստ մի հրապարակախոս, գրելով. «Սա նշան է, որ Պուտինը մտածի իր պատմական դերի մասին, այն մասին, թե կարո՞ղ է իր անհատականության մասշտաբով համապատասխանել այն վիթխարի պատմական խնդիրներին, որոնք կանգնած են ռուս ժողովրդի, ռուսական պետության և իր իսկ առջև որպես մարդու, որն Աստծո կամոք հայտնվել է պետության ու ժողովրդի առաջնորդի դերում ներկա ծանր, խռովալից, ստոր ժամանակներում»:
Հնարավոր է, որ մենությունը նպաստել է Ստալինի հզոր կամքին ու դաժանությանը, սակայն արդյոք Լյուդմիլա՞ն էր խանգարում ամուսնուն վերջինիս «իմպերիալիստական-ռուսասիրական» նկրտումներում: Եվ բանը բանաստեղծական պատկերների մեջ չէ, երբ ռուս քաղաքագետներից մեկը գոչում է` Պուտինը չէր կարող ամուսնացած մնալ, որովհետև նա ամուսնացած է Ռուսաստանի հետ, ինչպես Ստալինը, որը, կորցնելով իր Նադեժդային, մեն-մենակ մնաց երկրի հետ, նրան վերածելով անծայրածիր գերտերության (Ելցինն էլ էր միշտ ասում, որ իր առաջին սերը Ռուսաստանն է, նոր միայն Նաինան, բայց դա նրան չխանգարեց առավելագույնս քայքայելու երկիրը):
Եթե անաչառ լինենք, հազիվ թե կողք կողքի դնենք հետպետրոսմեծյան երկու «մենակյաց» ռուսական կայսրերին` Ստալինին ու Պուտինին: Այլ են ժամանակները, անհատականության մասշտաբները: Որ Պուտինն իր գործունեությամբ իրոք միտված է ռուսական կայսրության վերածնմանը նոր ձևաչափով, անտարակույս է: Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ, ցույց կտա ապագան: Իսկ ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, ապա չի էլ կարելի բացառել, որ ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ է ու սովորական և հանգում է սոսկ… Կաբաևային:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2529

Մեկնաբանություններ