ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին

Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին
11.06.2013 | 11:50

(սկիզբը` այստեղ)

գ) Մտավորականությունը և մամոնայի զավակները: Եթե մամոնայի զավակը վախենում է իշխանությունից, բայց ատելությունը թաքցնում, ապա մտավորականից և՛ վախենում է, և՛ նրան ատում ու դա անում է անթաքույց հաճույքով: Քանզի ինքը գենետիկորեն բթամիտ է, պաշտում է միայն իր հորը, նյութը և ստամոքսը, իսկ մտավորականը՝ Աստծուն, հոգին ու միտքը:
Մերօրյա զավակները մտավորականության ոչնչացման գործողությունը փայլուն կատարեցին: Օգտագործեցին այն բնականոն հանգամանքը, որ մտավորականն էլ չի կարող ապրել առանց նյութի, նրան էլ է կերակրվել պետք:
Նախ վերացրին կրթությունը: Աղքատությունն ուսուցչին ստիպեց դասերը թողնել ու Սադախլո մեկնել: Մանկավարժն սկսեց մանուկներից ու նրանց ծնողներից կրթակաշառք կորզել:
Հետո մամոնայի զավակները հիմնեցին մասնավոր ինստիտուտներ, համալսարաններ, ակադեմիաներ ու վճարի դիմաց սկսեցին բարձրագույն կրթության վկայական տալ ցանկացածին: Ծաղկեց դասախոսական բիզնեսը. աղքատությունը, բարեկեցիկ տգետներից հետ չմնալու ձգտումը դասախոսին դրդեցին մի կողմ թողնել գիտելիք փոխանցելու կոչումն ու փող աշխատել: Գիտական աստիճան ստանալն էլ վերածվեց կոծկված բիզնեսի: Փողի դիմաց սկսեցին ատենախոսություններ գրել: Հայցվորները դրանք պատվիրում-գնում էին, կաշառք տալով աստիճան ստանում ու մտնում բուհեր՝ կաշառակերությամբ զբաղվելու: Բիզնեսի պարզագույն կանոն էր՝ ֆինանսական ներդրում էին կատարում շահույթ ստանալու նպատակով:
Հետո մամոնայի զավակներն արագորեն ոչնչացրին հայոց լեզուն: Իրենց բուհերն ավարտածներով հեղեղեցին իրենց իսկ գնած կամ ստեղծած եթերն ու մամուլի էջերը: Խոսակցական, հասարակ խավի հայերենը՝ համեմված օտար լեզուների փշրանքներով, դարձավ նորմ, իսկ գրական հայերենը՝ ծաղրուծանակի առարկա: Ոչ մեկի պետքը չէր, որ մայրենիի ոչնչացումը հանգեցնելու էր և հանգեցրեց հայի ինքնության կործանման: Եթե նախկինում կար «հոմո սովետիկուս», ապա այժմ ձևավորվել է «հոմո արմենիկուս»` հայի անծանոթ, ամորֆ, ամեոբային տեսակամբոխ:
Մամոնայի զավակներն ամեն ընտանիք սողոսկող իրենց եթեր բերեցին շոուներ, թոք-շոուներ, կլիպներ, զազրելի սերիալներ, սիրունատես և ապուշ աղջիկների, սեռական անհասկանալի կողմնորոշում ունեցող տղաների և խոհարարների:
Այս ամբողջը կբնութագրեմ թիֆլիսահայ մամուլի տարբեր հոդվածների վերնագրերով, որոնք կվերածեմ մեկ նախադասության: Եվ այսպես, այլագունած ոսկին ծնեց միջանկյալ մարդկանց, մեռելների սազանդարների, անառակները առակներ կարդացին և տիրեց համընդհանուր տգեղության կատարելություն ու տխմարության ծափ: Եթերը ծնեց տեսակամբոխի ենթատեսակ, որը Եվգենի Պետրոսյանն անվանեց элита подзаборья:
Եվ այս ամբողջը փոխարինեց հայ դասական մշակույթին՝ արվեստին, գրականությանը, երաժշտությանը, թատրոնին, կինոյին:
Մամոնայի զավակները փչացրին, իմբեցիլացրին պետության ամբողջ բնակչությանը և ստեղծեցին ինդուստրիա, որը ծառայում ու փառաբանում էր իրենց՝ ոտնատակ տվող ձիերին սեփական ես-ը բարձածներին:
Սակայն դրանով չբավարարվեցին, դա գործի կեսն էր:
Տեսականորեն մտավորականությանը պիտի պահի պետությունը, եթե, իհարկե, ուզում է կառավարել քաղաքացիների, այլ ոչ ընտրազանգվածի:
Սեփական պետականության բացակայության պայմաններում հայ մտավորականության ֆինանսանյութական ապահովումը տարերային բնույթ ուներ, գրողները, գիտնականները, արվեստագետները, հրապարակախոսները լիովին մատնված էին բախտի քմահաճույքին:
Փարթամ ու բարեկեցիկ Նոր Նախիջևանի հարուստները չպահեցին Մ. Նալբանդյանին, և բանաստեղծը գրեց. «Գրիչս պիտի կոտրեմ ու ձգեմ. միւս անգամ հայոց ազգի անունը տւած ժամանակները եւս պիտի սիրտս խառնւի եւ փսխելիքս գայ։
Ափսո՛ս ինձ, որ ես երեւեցայ հայերի մէջ. մի այլ ազգի մէջ երբէք այս վիճակում գտանվելու չէի եւ, անտէր ու անօգնական, միմիայն յուսալով նախախնամութեան վերայ, որ կերակրում է եւ ճնճղուկները»: (Այսպիսի դիրքորոշմանը կտրականապես համաձայն չեմ, բայց և չեմ մեկնաբանի, տեղն ու ժամանակը չէ):
Ճոխ ու հարուստ Թիֆլիսում գլուխ գլխի եկած մտավորականների ճակատագիրն էլ տարբեր էր: Եթե Ծերենցի բախտը բերեց, որովհետև փեսան ականավոր հանքարդյունաբերող և բարերար Ալ. Մելիք-Ազարյանն էր, ապա չքավորության մեջ մեռավ տաղանդավոր «կուզիկը»՝ փիլիսոփա Սեդրակ Թառայանը: Չքավորությունից հիվանդացավ ու հոգեբուժարանում մահկանացուն կնքեց Մուրացանը: Հովհ. Թումանյանը, Խրիմյան Հայրիկի խոսքերով՝ մի քանի զույգ երեխաների ձեռը բռնած, թակում էր էսուէն հարուստի դուռը, և վիճակը քիչ բարվոքվեց, երբ 1910 թ. մի բարեսեր տիկին՝ Վարվառա Մելիք-Հայկազյանցը, մահվանից առաջ նրան կտակեց տարեկան 600 ռուբլի թոշակ:
Ավ. Իսահակյանը գնաց Բաքու, բայց հանդիպելով բռի մամոնայի զավակների՝ արգահատանքով հեռացավ:
Կոմիտասի հիվանդությունը կապակցում ենք ցեղասպանության հետևանք հոգեկան ցնցման հետ, բայց «ամոթխածորեն» լռում այն մասին, որ հանճարին չպահեցին մամոնայի մեր զավակները: Նա, ով, Ալ. Մանթաշյանցից տարեկան ստանալով 6000 ռուբլի, ուսում էր առել Բեռլինում ու պարգևատրվել թանկարժեք դաշնամուրով, ազգային մեծագույն բարերարի վախճանից հետո հայտնվեց նյութական ծանր պայմաններում, և նրա հիվանդության պատճառներից մեկը նաև դա էր: Զո՞ւր էր 1914 թ. գրում. «Հօտն անհովիւ՝ մոլոր ու շփոթ, աներեւոյթ եւ անզուսպ ալիքներ յախուռն կը յուզին ի խորս մեր հալածական եւ ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ: Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերութիւն, օտարամոլութիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմէն: Փառասիրութիւն, փութկոտութիւն մէկ երեսէն, ապիկարութիւն, տգիտութիւն միւս երեսէն: Իւրաքանչիւր ոք իր պաշտօնն զգեցած է իբր հանդերձ, յոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց: Մեր մարմինը նեխած է, մեր հոգին ապականած, մեր կեանքը դիակնացած։ Ո՞Ւր է մեր խոհական Խորենացին, թող ելլէ՛ արիւնքամ հողու տակէն եւ ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը: Մեր նախնիք իրենց պաշտօնին փարած էին անձնահեղձութեամբ, իսկ մենք կը յափշտակենք գործն ընչաքաղցութեամբ:
Սիրտս փլած է»:
(Այստեղ վերջակետ կդնեմ, էլ ի վիճակի չեմ, թող մեկ ուրիշը թեման շարունակի):
Մեր պետությունը, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով, ի վիճակի չի եղել ու չէ մտավորականություն պահելու: Փող չունի, եղածը ծախսում է հանապազօրյա խնդիրների լուծման վրա կամ «արդյունավետ» մսխում:
Բայց մտավորականն էլ պիտի կերակրվի: Ի՞նչ անի՝ ճարահատյալ պիտի գնա փողվորի, իշավարի հարստացածի դուռը: Հենց այդ պահից սկսվում է մամոնայի զավակների ամենահաճելի զվարճանքներից մեկը: Առաջին հերթին ստորացնում, նվաստացնում, անարգում է մտավորականին. փո՞ղ ես ուզում գիրք հրատարակելու, կինո նկարահանելու, պիես բեմադրելու, կտավիդ կամ երաժշտական ստեղծագործությանդ դիմաց՝ նախ մտածեմ՝ հետույքս բացե՞մ առջևդ, թե՞ ոչ: Եթե մտավորականը շատ քաղցած է, ուրախությամբ համաձայնում է: Բայց դա միշտ չէ, որ հաջողվում է: Ծանոթներիցս մեկը մի անգամ ասաց. «Ես էլ եմ ուզում մտնել, բայց մինչև հարմար քամակ եմ գտնում, տեսնում եմ արդեն զբաղված է»: Զբաղված է հետույքային մտավորականներով, ցածրապատիվ մուրացիկներով, խնդրարկուական արվեստի վաստակավոր գործիչներով, քամակ մտնելու վարպետներով, մամոնայի զավակների պաշտպանների վաշտերի անագե զինվորներով:
Իսկ եթե մտավորականը տարրական մարդկային արժանապատվություն ունի, ի՞նչ պիտի անի: Քաղաքականությամբ պիտ զբաղվի, ընդդիմանա իշխանությանը և, որ առավել անընդունելի է, պետությանը՝ հաշվի չառնելով, որ պետությունն անձեռնմխելի է, պետության մի մասնիկն ինքն է:
Շատ անգամ եմ ինքս ինձ հարց տվել՝ այսինչ տաղանդավոր մարդն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ, նրա կոչումը ստեղծագործելն է: Հապա ի՞նչ անի, երաժշտությամբ, բեմականացմամբ կամ դերակատարմամբ ինչպե՞ս արտահայտի իր վրդովմունքն ու դժգոհությունը: Մամոնայի զավակները նրան զրկել են ստեղծարարության հնարավորությունից, իսկ բնակչության մեծամասնությանը մատնել աղքատության, պարզագույն գոյապահպանական խնդիրներ լուծելու: Ախր այդ մեծամասնության հոգսն էլ է իրենը:
1919 թ. Լեոն գրում էր. «Մեր փոքրության պատճառով քաղաքականորեն եղել ենք միշտ թույլ, արտադրել ենք միայն տանջանքներ, բայց նվիրագործել ենք մեր գոյությունը նրանով, որ բախտի բոլոր հարվածների տակ գիրք ենք պաշտել, արվեստ ենք պաշտել: ՈՒրիշ պարծանք չունի հայ հազարամյա կյանքը: Եվ ահա թվում էր, թե այժմ էլ մեռնող հայրենիքի համար ուրիշ փրկություն չկա: Հայ մարդուն ինքնապաշտպանության համար միայն փամփուշտ չէ հարկավոր, այլև գիրք: Հինգ տարի է, Հայաստանը անապատ է դարձվում, վայրենացվում է: Սոսկալի է այն. երկրում գիրք չմնաց»:
Սա գրելիս Լեոն առարկայական նկատառումներ ուներ. ապրուստի միջոցներից զուրկ էր և ուզում էր, որ Հայաստանի կառավարությունը գնի իր արժեքավոր ու հարուստ գրադարանը, հորդորում էր իրեն 25 ռուբլի ուղարկել Թիֆլիս, որպեսզի «ՈՒրբաթագիրք» գնի և ուղարկի Երևան: Ինչպես Երրորդը չունի, այնպես էլ Առաջին հանրապետությունը նման բանի համար փող չուներ:
Լեոյի խոսքերի այժմեականությունը մնացել է, իսկ գիրքը խորհրդանշական իմաստ է ձեռք բերել: Գիրքը մեր ազգային արժեքների՝ մայրենի լեզվի, ազգային ավանդույթների, ազգային մշակույթի, մեր ինքնության առհավատչյան է: Այն ամենը, ինչն սպանել են մամոնայի զավակները՝ վայրենացնելով Հայաստանը:

(շարունակելի)


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ