ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անկարան չի հրաժարվում Աջարիայում իր ներկայությունը հաստատելու մտադրությունից

Անկարան չի հրաժարվում Աջարիայում իր ներկայությունը հաստատելու մտադրությունից
15.02.2013 | 00:17

Անկախ Վրաստանի կազմավորման և այդ երկիր մուտքի հնարավորության հենց սկզբից Թուրքիան սկսեց լուրջ քայլեր ձեռնարկել իր ազդեցությունն ու քաղաքական ներկայությունը հաստատելու Աջարիայում (բնակչության 50-60 տոկոսը մահմեդականն է), ինչպես նաև ադրբեջանաբնակ Ստորին Քարթլիում, Աբխազիայում, որի հետ Թուրքիան կապված է 550-հազարանոց աբխազական սփյուռքով:
Թուրքական քաղաքականության գերակա ուղղությունն Աջարիան է, որը խորհրդային շրջանում ինքնավարության իրավունքով գոյություն ուներ շնորհիվ 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի պայմանների (3 կետ): Թուրքիան Աջարիան համարում էր իր խնամարկյալ, իսկ նրա բնակչությանը` ազգային և մշակութակրոնական առումով` Անատոլիայի շարունակություն: Օգտվելով Աջարիայում տիրող յուրօրինակ քաղաքական իրավիճակից, Թուրքիան կարողացել էր այստեղ ստեղծել իր ամուր քաղաքական և տնտեսական ներկայությունը: Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեն և նրա կառավարող կլանն իրենց գոյության համար մեծ մասամբ Թուրքիային էին պարտական: Փաստորեն, Աջարիայի համար մրցակցում էին Թուրքիան և Ռուսաստանը: Այդ իրադրությունը նկատելիորեն նյարդայնացնում էր ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, որոնց ամենևին դուր չէր գալիս աջարական վարչակազմին ցուցաբերվող արտաքին աջակցությունը:
«Վարդերի հեղափոխության» իրադարձությունների և վրացական իշխանությունների կողմից Աջարիայի «կլանման» ժամանակ Թուրքիան հստակ դիրքորոշում չդրսևորեց, սահմանափակվելով բանակցությունների անհրաժեշտության մասին տարբեր հայտարարություններով, ինչը բացատրվում է ԱՄՆ-ի դիրքորոշմամբ և այդ առթիվ Անկարայի հետ նրա աշխատանքով: Դրա հետ մեկտեղ, մնալով իրադարձությունների ստվերում, Թուրքիան մեծացնում էր իր ներկայությունն Աջարիայում` առանձնահատուկ խնդիրներ դնելով տեղեկատվության նախարարության առջև և ընդլայնելով նրա լիազորությունները: Թուրքիայի հատուկ ծառայությունների առջև խնդիր էր դրված կա՛մ ապահովել կառավարող վարչակազմի պահպանումը` թուրքական ջանքերի նվազագույն ցուցադրմամբ, կա՛մ կառավարող վարչակազմի անդամներին հասցնել Թուրքիա` Աջարիայի վտարանդի կառավարության հնարավոր կազմավորման համար: Այսինքն, Թուրքիան աշխատում էր առավելագույն շահ քաղել այդ իրավիճակից, որը, փաստորեն, իրենից կախված չէր:
Տարբեր գնահատականներով, այնուամենայնիվ, Թուրքիան պատրաստ չէր իրադարձությունների նման ընթացքին և շփոթության մեջ ընկավ, եթե նաև հաշվի առնենք, որ նրա գործողությունները կաշկանդում էր ԵՄ-ի դիրքորոշումը, որը լիովին պաշտպանում էր Վրաստանի «հեղափոխությունը», ինչի հետ Անկարան չէր կարող հաշվի չնստել, ուշադրության առնելով իր նպատակները Եվրոպական ընկերակցության առնչությամբ: Այդուամենայնիվ, արդեն Ասլան Աբաշիձեի տարագրությունից և Աջարիայում Թբիլիսիի իշխանության հաստատումից հետո, տեսնելով, որ իր ամենամռայլ երկյուղներն արդարացան, և Մ. Սաակաշվիլին, փաստորեն, մտադիր է վերացնել ինքնավարությունը, Թուրքիան ուշացած փորձեց կանխել իրադարձությունների ընթացքը` բառացիորեն իր իրավունքները ներկայացնելով Աջարիայի քաղաքական կարգավիճակի նկատմամբ: Սակայն Թուրքիայի դեսպանին և արտգործնախարարության հատուկ ներկայացուցչին Մ. Սաակաշվիլու անորոշ խոստումներից հետո նա հասկացավ, որ իր հնարավորություններն ու ազդեցության լծակներն այնքան էլ ուժեղ չեն: Սաակաշվիլին թուրքերին խոստացավ ապահովել նրանց շահերը Աջարիայում, ներառյալ Բաթումի փոխադրական հանգույցը, որից հետո Թուրքիան ձևացրեց, թե իր հավակնությունները բավարարված են, թեև թուրք փորձագետները կարծում են, որ իրենց երկիրն էապես տանուլ է տվել այդ իրադարձությունների հետևանքով:
Այնուհետև Աջարիայում իշխանազրկվեցին ոչ միայն քաղաքականացված կլանները, այլև ամբողջ մահմեդական բնակչությունը կորցրեց քաղաքական դերակատարումը` հայտնվելով քաղաքական-վարչական և տնտեսական կյանքի լուսանցքում: Աջարիայի բնակչության շրջանում ուղղափառ քրիստոնեական դավանանքի անցնելու կայուն միտում էր նկատվում, Աջարիայում ակտիվանում էին բողոքական աղանդները: Որոշակիորեն խորանում էին քաղաքացիական և տնտեսական ազատությունները, առանձին տնտեսական խմբեր սկսել էին ավելի քիչ կախման մեջ գտնվել թուրք գործընկերներից: Դրա կողքին, Թուրքիան հասցրեց Աջարիայում, նախ և առաջ Քեդայից և Շուախևիից մինչև Խուլո ընկած լեռնային շրջաններում, ստեղծել իր համակիրների շոշափելի ցանց: Այստեղ իսլամի դիրքերը բավական ուժեղ են, և բնակչության ծայրաղքատությունը թույլ է տալիս պահպանել թուրքական ազդեցությունը: Ծովափնյա հարթավայրի աջարական շատ կլաններ նույնպես թուրքական կողմնորոշում ունեն:
Թուրքիան չի հրաժարվում Աջարիայում իր ներկայությունը հաստատելու մտադրությունից և վրացական քաղաքական ղեկավարության հետ կանոնավորապես խորհրդակցություններ է անցկացնում այդ երկրամասի կարգավիճակի, իշխանության տեղական մարմինների իրական դերի շուրջ: Դրան զուգընթաց, Վրաստանը ոգևորված չէ Աջարիայում, հատկապես մարզերում Թուրքիայի դիրքերի ամրապնդմամբ: Վրաստանը հասկացել է, որ անգամ լայնածավալ սեփականաշնորհման արդյունքում իրեն չի հաջողվի բավական հրապուրիչ դառնալ ներդրումների առումով: Բացի Ռուսաստանից, փաստորեն, ուրիշ ոչ մի արդյունաբերական տերություն հետաքրքրություն չի ցուցաբերել վրացական արդյունաբերության նկատմամբ: Այս պայմաններում Վրաստանը շահագրգռված էր, որ Հայաստանի ընկերությունները ներգրավվեն Բաթումի և Փոթիի նավահանգստային տնտեսության ձեռքբերման և նոր նավամատույցների կառուցման գործում, ինչպես նաև մասնակցեն վրացական արդյունաբերության որոշ առանձնակի ճյուղերի գործարկմանը: Վրաստանը փորձում է Բաթումի փոխադրական հանգույցում ստեղծել մրցակցության դաշտ, և դա մեծ մասամբ արվում է Թուրքիայից տնտեսական կախման մեջ չընկնելու նպատակով: Բայց Թուրքիան էլ է դարձել կարևոր դերակատար Աջարիայի և Բաթումի շուրջ ծավալված այդ խաղում:
Թուրքիան պակաս ուշադրություն չի նվիրում Ստորին Քարթլիի թրքախոս բնակչությանը, որը բավական կտրված է Ադրբեջանի հիմնական բնակչությունից և պատկանում է բորչալու ցեղախմբին (պոլովցիների սերունդներ): Այդ բնակչությունը միջնադարում մասնակցել է Վրաստանի քաղաքական իրադարձություններին, կռվել նրա զինված ուժերի շարքերում, դարեր շարունակ խնդիրներ չի ունեցել վրացական իշխանությունների և վրաց ազգի հետ: Սակայն այդ բնակչության թվի զգալի աճը, սակավահողությունը, բացահայտ, անսքող խտրականությունը վրացական իշխանությունների կողմից, Ստորին Քարթլիում քաղաքական լուրջ խնդիրներ առաջացրին, որոնք սրվեցին «վարդերի հեղափոխությունից» հետո և շովինիստական քաղաքականության հետևանքով:
90-ականների սկզբից Թուրքիան այդ մարզի թրքախոս բնակչության շրջանում ստեղծել է կիսալեգալ և անլեգալ գործակալների լայն ցանց, որոնց ընդունված է անվանել «Թուրքիայի բարեկամներ»: Թուրքիայի, այդ թվում` որոշ հանրային հիմնադրամների, խնամակալության տակ են գտնվում զանազան «հասարակական ակտիվիստների խմբեր», գյուղական ուսուցիչների ընկերակցություններ, տեղական վարչակազմի, փոստի բաժանմունքների և կապի համակարգի աշխատողներ, խոշոր առևտրականներ: Թուրքիան է ֆինանսավորում Բաքվի հետ, հատկապես Ադրբեջանում գործող քաղաքական ու հասարակական կազմակերպությունների հետ տեղական բնակչության կապերի ամրապնդմանն ուղղված գործունեությունը: Հաճախ թուրքերը հաճույքով իրենց գործունեությունը ցուցադրում են վրացական իշխանություններին, ցանկանալով ընդգծել հակավրացական մտադրությունների բացակայությունը: Վրացական փորձագետների տեղեկությունների համաձայն, բնակչության այդ հատվածի մոտ կուտակվել են զգալի քանակությամբ հրազեն և դիվերսիայի միջոցներ: Այդ բնակչության կազմակերպված խմբերը որոշակի դեր են խաղում Հայաստանի շրջափակման գործում, ինչպես ղարաբաղյան պատերազմի շրջանում էր: Վերջին ժամանակներս Թուրքիան այդ բնակչության շրջանում դեպի Ադրբեջան կողմնորոշումն ուժեղացնելու քաղաքականություն է վարում և չի ձգտում նրան կապել իր հետ, համենայն դեպս` լեգալ գործունեության առումով: Թուրքերը համարում են, որ այդ բնակչության խնդիրներով առավելապես պիտի զբաղվեն Ադրբեջանի իշխանությունները: Դրա հետ մեկտեղ, թուրքական լրատվամիջոցները բավական հաճախ են լուսաբանում Վրաստանի թրքախոս բնակչության խնդիրները, իսկ ամերիկյան ու եվրոպական թրքազգի փորձագետներն այդ խնդիրները լուսաբանում են հեղինակավոր հրատարակություններում: Ադրբեջանցի փորձագետների կարծիքով, Վրաստանում ադրբեջանցիների հասարակական գործունեության ծախսերի 90 տոկոսը հոգում է Թուրքիան: Առանձին գնահատումներով, այդ ծախսերը կազմում են տարեկան 0,5-1,2 մլն դոլար:
Սակայն ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ Թուրքիան ու Ադրբեջանը ներկայումս շահագրգռված չեն Ստորին Քարթլիում իրադրության սրմամբ, թեև վերջին ժամանակներս այն ավելի ու ավելի անկառավարելի է դառնում: Ստորին Քարթլիում Թուրքիայի քաղաքականության ամբողջ բազմազանությամբ ու թվացյալ անորոշությամբ հանդերձ, հարկ է նշել, որ թուրքական համապատասխան կառույցները` Ազգային անվտանգության խորհուրդը, արտաքին գործերի և տեղեկատվության նախարարություններն ու զինվորական հետախուզությունը, ինչպես նաև կառավարվող հասարակական հիմնադրամներն ու կազմակերպությունները Ստորին Քարթլին համարում են «թյուրքական» և «օսմանյան» գոտու տարրերից մեկը, ուր համակարգային աշխատանք է կատարվում (Ղրիմ, Աջարիա, Աբխազիա, Հյուսիսային Կովկաս, Ալբանիա և Կոսովո, Գագաուզիա, Բուլղարիայի և Հունաստանի թուրքեր, Հյուսիսային Կիպրոս, Բոսնիա, Իրաքի հյուսիսի թուրքասերներ և այլն): Ստորին Քարթլիի առնչությամբ Թուրքիայի անելիքների հրատապությունն ու բովանդակությունը բնորոշվում են նրանով, թե ինչ մարտադաշտ է նախատեսվում նեոօսմանիզմի դոկտրինում` միայն ա՞յդ մարզը, թե՞ ամբողջ Վրաստանը:
Աբխազիան Թուրքիայի ակտիվության մակարդակով գերակա տեղ է գրավում Վրաստանի մարզերի շարքում: Ի տարբերություն Աջարիայի, որը, չնայած աշխարհաքաղաքական կարևոր նշանակությանը, այնուամենայնիվ, տեղային խնդիր է ներկայացնում, Աբխազիայի հետ ընդարձակ ծրագրեր են կապվել Հյուսիսային Կովկասի կլանման համատեքստում: Աբխազիան մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն տերությունների համար, որոնք Կովկասին և կասպյան ավազանին առնչվող որոշակի աշխարհաքաղաքական նախագծեր են մշակում և արմատավորում: Իրենց նախագծերն Աբխազիայի հետ են կապում Մեծ Բրիտանիան և Թուրքիան, ինչպես նաև չեչեն պարագլուխները, անկախ նրանց կողմնորոշման շրջանից և ուղղությունից: Աբխազիան գտնվում է միջազգային քաղաքականության կիզակետում, նրա խնդիրները քննարկում են աշխարհի առաջատար պետություններն ու միջազգային կազմակերպությունները: Աջարիան կարևոր աշխարհաքաղաքական «կետ» է, բայց որոշակի իմաստով «մեղմ լարվածություն» ունի, որտեղ խնդիրները լուծվում են, ավելի շուտ, գաղտնաբար: Թուրքիան որոշել է ակտիվորեն չմասնակցել աբխազական գործերին, մնալով իբրև ակտիվ դիտորդ: Նա չի մասնակցում կարգավորման հիմնական աշխատանքներին, որոնք միջազգային ձևաչափ ունեն, և չի ձգտում պատասխանատվություն ստանձնել Աբխազիայի կենսագործունեության որևէ խնդրի, որևէ գործառույթի կամ անվտանգության ապահովման համար: Թուրքիան նախընտրում է օգտագործել մի այնպիսի արդյունավետ լծակ, ինչպիսին աբխազական սփյուռքի գործունեությունն է, որը որոշակի դեր է խաղում պատմական հայրենիքում քաղաքական և տնտեսական իրավիճակի կայացման գործում: Դրա հետ մեկտեղ, 90-ականների երկրորդ կեսին Թուրքիան փորձում էր Աբխազիայում ստեղծել միանգամայն որոշակի թուրքամետ կուսակցություն կամ կլան, որոնք պիտի փորձեին ժամանակի ընթացքում գերիշխել և որոշիչ դեր խաղալ: Սակայն դա չհաջողվեց, և հիմնականում ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման հետևանքով, այլ այն պատճառով, որ աբխազները չցանկացան պարտավորեցնող հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Հատկանշական է, որ Թուրքիան երկար ժամանակ չէր փորձում իր շահերն առաջ տանել ո՛չ Աբխազիայում, ո՛չ մեկ այլ լարված տարածաշրջանում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության տևական դիտարկումն այն հետևությանն է հանգեցնում, որ Թուրքիան սպասողական դիրք է բռնել և սպասում է ռուսական քաղաքականության լիակատար համակարգային ձախողմանն ու, միաժամանակ, ամերիկյան քաղաքականության որոշակի սնանկացմանը: Թուրքիան սպասում էր այն պահին, երբ Կովկասում կառաջանա աշխարհաքաղաքական նոր իրավիճակ` կապված որոշ պետությունների ուժեղացման և մյուսների թուլացման հետ: Բացի դրանից, այդ հույսը ենթադրում էր, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը կհանգեցնի Թուրքիայի համար առավելագույն նպաստավոր պայմանների ստեղծման: 2001-2003 թթ. Թուրքիան բախվեց հետևյալ իրողություններին. թուրք-ամերիկյան հարաբերությունները վատացան, Ռուսաստանն անցավ աշխարհաքաղաքական հարձակման և իր ազդեցության «գոտում» տեղ չի թողնում «երրորդ» տերություններին, ռուս-թուրքական հարաբերությունները բարելավվեցին, ինչը, սակայն, սահմանափակումներ առաջացրեց Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ճանապարհին, տարածաշրջանների մի շարք պետություններ, որտեղ Թուրքիան երկարաժամկետ շահեր ունի, կարողացան լուծել իրենց քաղաքական և տնտեսական խնդիրները և կարևոր դիրքեր ձեռք բերել միջազգային հարաբերություններում, և, վերջապես, Թուրքիան նոր դժվարությունների հանդիպեց արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում:
Աբխազիան այն տարածաշրջանն է, որտեղ թուրքական քաղաքականության այս բոլոր հանգամանքները դրսևորվել են ավելի փքուն ձևով: Թուրքիան չկարողացավ իրականացնել իր նպատակներն այդ չճանաչված հանրապետությունում, քանի որ խնդրի ծագման հենց սկզբից Անկարան սխալ ռազմավարություն ընտրեց: Հնարավոր է, Աբխազիայում Թուրքիայի քաղաքականությունը համակարգային բնույթ չի կրում, և այնքան էլ կոռեկտ չէ հենց այդ օրինակը բերելը: Բայց հարկ է ուշադրության առնել, որ Աբխազիան Թուրքիայի կողմից դիտվում է որպես «նեոօսմանիզմի» դոկտրինի կարևոր տարր, ուստի ակտիվության բացակայությունը բնավ չի նշանակում ռազմավարական նպատակների առկայություն: Թուրքիան որոշել է Աբխազիայի քաղաքական ղեկավարությանն ու հասարակական խմբերին առաջարկել մշակութային, սոցիալական և տնտեսական տարբեր ծրագրեր: Անկարան մտադիր է ծովային հաղորդակցություն հաստատելու Աբխազիայի հետ, թեև առայժմ հասկանալի չէ, թե ինչպես կարձագանքի դրան Վրաստանը: Թուրքիան մտադիր է լիովին կլանելու կրթության, հեռահաղորդակցության, ցամաքային և օդային տրանսպորտի համակարգը: Այսինքն, կարող է տեղի ունենալ իսկական նվաճողականություն: Դա կարող է հանգեցնել այն բանին, որ Թուրքիան վրաց-աբխազական հարաբերությունների վրա ազդեցության լուրջ լծակներ ձեռք բերի:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ