«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տեղական թերթերը բազմազան չեն` մի քանի արաբերեն պարբերականներ և մի քանի հայտնի անգլալեզու պարբերականներ

Տեղական թերթերը բազմազան չեն` մի քանի  արաբերեն պարբերականներ և մի քանի հայտնի անգլալեզու պարբերականներ
18.01.2013 | 13:22

Հաճելի է ամեն առավոտ աշխատանքի գնալիս կրպակից գնել քո նախընտրած թերթը, մի գավաթ սուրճ վայելելով և թերթն աչքի անցկացնելով սկսել աշխատանքային օրդ: Երևանյան այս սովորությունն Աբու Դաբիում մի քիչ փոխակերպվում է: Այստեղ մամուլի կրպակի չեմ հանդիպել, բայց թերթեր կարելի է ձեռք բերել առևտրի կենտրոններից, գրախանութներից, հյուրանոցներից: Թերթերն արժեն 2-3 դիրհամ: Երկրի բնակչության համար գինը մատչելի է:

Տեղական թերթերը բազմազան չեն` մի քանի արաբերեն պարբերականներ և մի քանի հայտնի անգլալեզու պարբերականներ: Կան նաև միջազգային թերթեր և պարբերականներ, որոնք հիմնականում վաճառվում են հյուրանոցներում և ուղղված են երկիր այցելող զբոսաշրջիկներին: Տեղական անգլալեզու պարբերականների հիմնական ընթերցողներն էլ աշխատանքային նպատակով Աբու Դաբիում բնակվող անգլախոսներն են: Պարբերականների տպագրության որակը վերջին տարիներին է լավացել, բայց դեռ կան թերթեր, որոնք այս առումով դաշտում մրցունակ չեն: Ընդունված կարծիքի համաձայն` բարձրակարգ են հատկապես անգլալեզու տեղական թերթերը: Իսկ միջազգային թերթերը ոչ միայն բարձրակարգ են համարվում, այլև նաև այդ կարծիքը հաստատում են անհամեմատ բարձր գնով: Ցանկանում եմ հատկապես կանգ առնել տեղական այն պարբերականների վրա, որոնց սկզբունքներն ինչ-որ չափով տարբերվում են մյուս պարբերականներից: Պատճառն արևմտյան մամուլի ազդեցությամբ ազատ խոսքի իրավունքը պաշտպանելու ձգտումն է: Մայրաքաղաքում առաջատար են համարվում «Դը Նեշընըլ» (The National), «Գալֆ Նյուզ» (Gulf News), «Խալի՛իջ Թայմս» (Khaleej Times) անգլալեզու տեղական թերթերը: Առաջինը` The National-ը, պատկանում է «Աբու Դաբի Մեդիա» ընկերությանը: «Աբու Դաբի Մեդիա» ընկերությունը Միջին Արևելքում արագ զարգացող և արագորեն ճանաչում ձեռք բերած ընկերություններից է, որը զբաղվում է հեռուստառադիոհեռարձակմամբ, տպագրությամբ: Ընկերությունն ունի ԱՄԷ-ում հանրային ծառայությունների մատուցման և արաբական երկրներում կոմերցիոն նպատակներով գործող ավելի քան 20 առաջատար ապրանքանիշ: Նրա կարևոր խնդիրը հանրային տեղեկացվածության և կրթական մակարդակի բարձրացումն է: Այդ խնդիրն իրականացնելու համար ընկերությունը հիմնադրել է «Ալ Իթթիհադ» (Al Ittihad) և «Դը Նեշընըլ» (The Nationa) օրաթերթերը, «Աբու Դաբի Ալ էմարաթ» (Abu Dhabi Al Emarat TV), «Աբու Դաբի Սպորտս» (Abu Dhabi Sports TV) հեռուստաընկերությունները, «Ղուրան Քարի՛իմը» (Quran Kareem) (Էմարաթ FM» (Emarat FM), «Աբու Դաբի FM» (Abu Dhabi FM), «Սթար FM» (Star FM) ռադիոալիքները և մանկական «Մաջիդ» (Majid) ամսագիրը: Ընկերությունը փորձում է բավարարել հասարակության բոլոր շերտերի հետաքրքրությունները` մեծ ուշադրություն դարձնելով հատկապես կանանց հետաքրքրող թեմաներին: Նրա ուշադրության կենտրոնում են նաև ողջ ընտանիքին հուզող ընդհանուր թեմաները, համատեղ անցկացվող ընտանեկան հաճելի պահերը: Այս նպատակով է հիմնադրվել «Աբու Դաբի Ալ Օուլա ՀԸ-ն» (Abu Dhabi Al Oula TV), «Զահրատ Ալ Խալի՛իջ» կանանց ամսագիրը (Zahrat Al Khaleej) և anaZahra.com կայքը: Ընկերությունը միայն այսքանով չի սահմանափակում իր գործունեությունը: Այն նաև ֆիլմարտադրող «Իմիջ Նեշըն Աբու Դաբի» (Image Nation Abu Dhabi) և «Յունայթեդ Պրինտինգ Պրես» (United Printing Press) սուբսիդային ընկերությունների սեփականատերն է, համագործակցում է «Յունիվերսալ Մյուզիք Գրուպի» (Universal Music Group) , «Սոնի Մյուզիք էնթրթենմենթի» (Sony Music Entertainment on VEVO) և «Նեշընըլ Ջեոգրաֆիկի» (National Geographic) հետ: Սիրելի՛ ընթերցողներ, ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել ընկերության սեփականությունը հանդիսացող պարբերականներից Աբու Դաբիում տպագրվող The National -ի վրա: Թերթի առաջին համարը լույս է տեսել 2008-ի ապրիլի 17-ին: Առաջին խմբագիրը Մարտին Նյուլանդն էր, իսկ 2009-ի հունիսի 8-ից այդ պաշտոնը ստանձնել է Հասան Ֆաթահը: Թերթը, մինչև իր լիարժեք գործունեությունը սկսելը, մանրազնին ուսումնասիրվել է դաշտի միջազգային և տեղական պատասխանատուների կողմից: Այն սկսել է տպագրվել համաձայն նախապես ստանձնած պատասխանատվության, որ պետք է հետևի արևմտյան թերթերի որոշ չափորոշիչների, չփորձի կոծկել երկրում կատարվող որևէ բացասական երևույթ, նաև պետք է հետևի «օգնելուն հասարակության զարգացմանը»: Միջին Արևելքի երկրներում լույս տեսնող թերթերի համար այսպիսի պատասխանատվություն ստանձնելը քաջություն է պահանջում, քանի որ մամուլը խստորեն վերահսկվում է պետության կողմից: Այստեղ թերթերի մեծ մասում չեք հանդիպի գողության, սպանության, բռնաբարության, պետական ճնշումների և այլ «վտանգավոր» թեմաների անդրադարձող հոդվածների: Սովորություններից դժվար է հրաժարվել: The National-ում իր որդեգրած քաղաքականությունից շեղելու փորձեր եղել են. կոծկվել են Աբու Դաբիին և ընդհանրապես երկրին առնչվող «փշոտ» լուրերը: Արդյունքում թերթի որոշ բարձր պաշտոնյաներ ստիպված են եղել հրաժարական տալու: Սակայն նույնիսկ ուժեղ պետական վերահսկողության պայմաններում այն դեռ կարողանում է հաստատուն մնալ իր սկզբունքներում, հաղթահարել խոչընդոտները և բարձրակարգ լրագրողների աշխատանքի շնորհիվ օրեցօր ավելացնել իր ընթերցողների թիվը: Այսօր թերթն ունի մոտ 7500 բաժանորդ: Թերթն ունի 4 հիմնական բաժին` լուրեր, բիզնես, սպորտ, արվեստ և կյանք: Ամեն շաբաթ թերթին կից լույս է տեսնում նաև «ՈՒլտրա Թրևըլ» (Ultra Travel) ամսագիրը: Այսօր թերթի աշխատակիցների թիվը հասնում է 200-ի, որոնց թվում կան աշխարհի հեղինակավոր պարբերականներում աշխատած լրագրողներ։ Հաճախ այստեղ աշխատակազմի փոփոխություններ և կրճատումներ են լինում: The National-ը, բացի տպագրվելուց, ունի նաև էլեկտրոնային տարբերակ, որին կարող եք հետևել` այցելելով www.thenational.ae հասցեով: Այստեղ հնարավորություն ունեք նաև ներբեռնելու թերթի հերթական համարը, դառնալու թերթի հետևողներից սոցիալական տարբեր կայքերում: Սա նաև իմ հիմնական նախընտրած թերթն է: Վերջում պետք է ավելացնեմ, որ այլ առաջատար թերթեր էլ կան, ինչպես «Գալֆ Նյուզը» (Gulf News), «Խալի՛իջ Թայմսը» (Khaleej Times):


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ