Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Գնումներ կատարելը Աբու Դաբիի բնակիչների նախընտրած ժամանցի ձևերից է

Գնումներ կատարելը Աբու Դաբիի բնակիչների նախընտրած ժամանցի ձևերից է
10.10.2012 | 15:28

Աբու Դաբիի բնակիչների առօրյայում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գնումները: Նրանք կարող են ժամեր շարունակ շրջել ավանդական արաբական շուկաներում (սուքերում) կամ առևտրի ժամանակակից կենտրոններում և, ամենակարևորը, չձանձրանալ: ՈՒշագրավ է, որ սա ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց նախասիրություններից է: Տարիների ընթացքում ձևավորվել են գնումներ կատարելու միայն Արևելքին հատուկ ավանդույթներ, որոնց, բնականաբար հետևում է նաև մայրաքաղաքի բնակչությունը: Օրինակ, միանգամից մարդիկ գնում չեն կատարում. գնորդն ապրանքն աչքի է անցկացնում քաղաքի գրեթե բոլոր առևտրի կենտրոններում, հետո միայն որոշում` որտեղից գնել: Նրան պետք է դուր գան ապրանքի գինը, սպասարկումը: Սակայն կարող է նաև գնի հարցում սակարկել: Ողջունելի է, որ այստեղ ավանդական շուկան ու ժամանակակից հիպերմարկետը գործում են կողք կողքի: Սուքը (թրգմ.` առանց ծածկի շուկա), հնուց միշտ տեղ է գտել քաղաքների ծայրամասային թաղամասերում կամ քաղաքից դուրս, որևէ վայրում: Օրինակ, Աբու Դաբիի Ալ Մինա նավահանգիստը հայտնի է ձկան, մրգերի և բանջարեղենի, պարսկական ձեռագործ ապրանքների և գորգերի սուքերով: Այսպիսի շուկաներում ապրանքների գներն անհամեմատ ցածր են: Հատկապես հանգստյան օրերին սուքերը մարդաշատ են: Դրանց մի մասն իր գործառույթներով հիշեցնում է երևանյան վերնիսաժը: Քաղաքը զարմացնում է նաև իր տասնյակ ժամանակակից առևտրի կենտրոններով, որոնք նաև կոչվում են մոլեր (Դալմա մոլ, Ֆութու ալ Քայիր մոլ, Համադան կենտրոն, Լամսի պլազա, Սիթի կենտրոն, Լիվա կենտրոն, Շի Զոն, Ռոթանա մոլ, Մեդինա Զայեդ և ոսկու շուկա, Ալքալիդյա մոլ, Ալվիդա մոլ): Դրանք սովորաբար բաց են շաբաթ-չորեքշաբթի` 10:00-22:00, հինգշաբթի` 10:00-23:00, ուրբաթ (հանգստյան օր)` 14:00-23:00: Ռամադանի տոնին առևտրի կենտրոնները գործում են տոնական ժամանակացույցով, և գնորդները խանութներում հայտնվում են 22:00-ից հետո:

Ի դեպ, ամենանշանավորը առևտրի Մարինա ու Աբու Դաբի մոլերն են: Մարինա մոլն ունի 160 տաղավար` ներառյալ աշխարհահռչակ ֆիրմաների բրենդային խանութները` IKEA, Woolworths, Zara, Versace, Burberry, Louis Vuitton, Channel, Gucci and Yves Saint Laurent: Իսկ Աբու Դաբի մոլն ունի 220 տաղավար և հագեցած է զվարճանքի վայրերով (կինոթատրոն, բիլիարդի սրահ, սրճարաններ և ռեստորաններ), ինչպես նաև ֆիրմային խանութներ` Bang & Olufsen, Betty Barclay, Esprit, Kenneth Cole, Massimo Dutti, Tommy Hilfiger, Virgin Megastore և Body Shop:
Աբու Դաբիում էլ են գործում առևտրի ցանցեր, ինչպես Երևանում «Երևան Սիթին» է, «ՍԱՍ»-ը, «ՍԹԱՐ»-ը, «ԶՈՎՔ»-ը: Իսկ Աբու Դաբիում հայտնի են Carrefour, LuLu, Home centre ցանցերը, որոնք խանութներ ունեն քաղաքի տարբեր անկյուններում: Այս առևտրի կենտրոններում վաճառվող ապրանքներից շատերը ծանոթ են հայաստանցի գնորդին, քանի որ վերջին տարիներին ակտիվացել է հանգստի նպատակով ԱՄԷ մեկնող հայաստանցիների թիվը:
ՀՀ-ն և ԱՄԷ-ն իրականացնում են նաև պետական մակարդակով առևտրային հարաբերություններ: ԱՄԷ-ն միջազգային առևտրի մեծ հարթակ է, որտեղ ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից բերված ապրանքներ: Տեղում սպառվելուց բացի, մի մասն էլ շարունակում է ճանապարհը` արտահանվելով այլ երկրներ: Եվ երբեմն այդ երկրներում գնորդը թյուրիմացության մեջ է հայտնվում. իրականում գնում է թուրքական, հնդկական, մալայզիական ապրանք, բայց կարծում է` Էմիրությունների արտադրանք է: Ներկայացվող տվյալները հայաստանյան գնորդին կօգնեն կողմնորոշվելու։ Տեսնենք, թե ինչ ապրանքներ է արտադրում ԱՄԷ-ն և դրա որ մասն է հասնում ներկրող երկրներին: Մինչև 1990-ը երկրի տնտեսության մեջ շեշտը դրված է եղել հիմնականում նավթի արտահանման վրա: Սակայն 90-ականներից հետո ԱՄԷ-ն, սկսում է արտադրել սննդամթերք, դեղեր, պարարտանյութ, աղ, քլոր, հրավառության համար նախատեսված պայթուցիկ նյութեր, ցեմենտ, վերամշակել է ալյումին: Տարեկան ԱՄԷ-ն արտահանում է 45 % հում նավթ, նաև բնական գազ, ցեմենտ, չորացրած ծովամթերք: Սակայն ներմուծում է մեծ քանակությամբ լայն սպառման ապրանքներ` էլեկտրական սարքեր, կոսմետիկա, ծխախոտ, կահույք, պլաստիկ և քիմիական ապրանքներ, սնունդ, հագուստ, անկողնային պարագաներ, ինչպես նաև պողպատ, մեքենաներ, տրանսպորտային միջոցներ, ինքնաթիռներ: ԱՄԷ-ի արտահանման ցուցանիշը (2011 թ.) կազմել է 1034 մլրդլ AED ( 2000-2011 թթ. արտահանման միջին արժեքը եղել է 510586,7 միլիոն AED (100 AED-11096,11 AMD): Ռեկորդային ցուցանիշ է գրանցվել 2001-ի դեկտեմբերին` 179120,0 AED: ԱՄԷ-ի արտահանման հիմնական գործընկերներն են Ճապոնիան, Չինաստանը և Իրանը: Իսկ ներկրման ցուցանիշը եղել է 2011 թ.` 742 մլրդ AED: 2000-2011 թթ. միջին ցուցանիշը եղել է 366396,2 մլն AED: Ռեկորդային ցուցանիշ է գրանցվել 2000-ի դեկտեմբերին` 128570,0 մլն AED: Հիմնականում ներկրման գործընկեր երկրներն են Եվրոպական 4 երկիր (Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան), նաև Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը և Ճապոնիան: Ինչպես տեսնում եք, նշված հիմնական առևտրային գործընկեր երկրների ցանկում չկա ՀՀ-ն:
Այժմ ուշադրություն դարձրեք ՀՀ արտահանման և ներկրման ցուցանիշներին և հիմնական գործընկեր երկրների ցանկին. Արտահանման ցուցանիշը 2011 թ. եղել է 1,3 մլրդ դոլար: Արտահանվել են պղինձ, երկաթ, ադամանդ, սննդամթերք, էլեկտրաէներգիա: Գործընկեր երկրներն են Ռուսաստանը` 16,4 %, Բուլղարիան` 11,7 %, Գերմանիան` 12,1 %, Նիդերլանդները` 9 %, Իրանը` 8,3 %, Բելգիան` 5%, Կանադան` 5 %, Վրաստանը` 4,6 %: Ի դեպ, ներկրման ցուցանիշը եղել է 4,1 մլրդ դոլար: Ներկրվել են բնական գազ, բենզին, ծխախոտ, սննդամթերք, ադամանդ: Ներկրման գործընկեր երկրներն են Ռուսաստանը` 16 %, Վրաստանը` 6 %, Չինաստանը` 5,1%, ՈՒկրաինան` 5,1 %, Իրանը` 5,5 %, Թուրքիան` 4,8 %, Գերմանիան` 3,8%:
Եթե ցանկանում եք անձամբ մեկնել գնումների, ընտրեք մարտ ամիսը, երբ սկսվում է Աբու Դաբիի ապրանքների ամենամյա տոնավաճառը: Այն աշխարհի տարբեր անկյուններից Էմիրությունների մայրաքաղաք է բերում հազարավոր մարդկանց, ովքեր այստեղ մատչելի գներով կարող են ձեռք բերել ֆիրմային հագուստ, կոշկեղեն, էլեկտրոնիկա, օծանելիք, ոսկի:
Թե՛ այս տոնավաճառի ընթացքում, թե՛ ընդհանրապես Աբու Դաբիում ապրանքների լայն ընտրություն կա` սկսած ցածրորակից մինչև բրենդային բարձրորակ ապրանքներ: Ներկայացված բոլոր ապրանքներն էլ գնորդ ունեն:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աբու Դաբիում մեր սեփական թղթակից

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ