ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Բոլոր հավատները կորել են, մնացել է մատերիալիստի, նյութապաշտի հավատը»

«Բոլոր հավատները կորել են, մնացել է մատերիալիստի, նյութապաշտի հավատը»
03.02.2009 | 00:00

ԱՆՀԱՏԻ ԵՎ ԱՄԲՈԽԻ ՇՓՄԱՆ ԿԵՏՈՒՄ
Սփյուռքահայ բեմադրիչ, դերասան, գրող, դասախոս, աշխարհի բազմաթիվ մշակութային օրրաններում իր բեմադրություններով հանդես եկած ու բարձր պարգևների արժանացած ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆԸ մեր զրույցի սկզբում այն կարծիքը հայտնեց, թե բոլոր ժամանակներում յուրաքանչյուր արվեստագետի պարտքն է իրազեկ լինել իր երկրի և աշխարհի քաղաքական անցուդարձերին, ունենալ հստակ դիրքորոշում՝ թեկուզև անձամբ չխառնվելով քաղաքականությանը:
-Պարոն Ֆազլյան, 1973-ին Բեյրութի «Ալ-Շապաքէ» պարբերականում Ձեզ բնութագրել են իբրև մի մարդու, ով մեկ ձեռքով չորս ձմերուկ է բռնում և դրանցից ոչ մեկը վայր չի գցում, որ Դուք ոչ թե Պերճն եք, այլ «Պերճին յոգնակին»: Ինչպե՞ս եք կարողանում այդքան անելիք միաժամանակ համատեղել:
-Այդ տարիներին ես շատ մոտ էի կանգնած Բեյրութի թատերական արվեստին: Բեյրութը թատերական ավանդույթներ չուներ. արաբական աշխարհում թատերական ավանդույթները գալիս էին միայն Եգիպտոսից: Եգիպտոսից դրանք անցել էին Սիրիա, Սիրիայից էլ՝ Բեյրութ: Սակայն Լիբանանի արվեստագետները, մտավորականները դժգոհ էին այդ երևույթից: Նրանք ցանկանում էին ստեղծել ինքնուրույն դիմագիծ ունեցող լիբանանյան արվեստ: Այդ շրջանում էր, որ այնտեղ սկսվեց թատերական, նաև՝ նկարչական արվեստի ծաղկումը: Ի տարբերություն այսօրվա՝ այն ժամանակ Լիբանանում թատրոնին ծանոթ, պրոֆեսիոնալ տեղացիներ չկային: Ես միակն էի այդպիսին: Գաղթել էի Պոլսից 1952 թվականին, Թուրքիայում հաճախել էի թատերական ինստիտուտ, ունեցել էի թատերական գործունեության շրջան: ՈՒստի և տեղացիները դիմեցին ինձ, որպեսզի համագործակցեմ իրենց հետ թատերական արվեստի ասպարեզում: Ես շատ տկար արաբերենով էի խոսում, գրեթե անտեղյակ էի լեզվին, սակայն իմ «արհեստը» լավ գիտեի: 70-ականներին միաժամանակ չորս ներկայացում էի արել, և չորս ձմերուկների պատմությունը դրա հետ է կապված:
-Խոսեցիք լեզուն չիմանալու պարագայում բեմադրություն անելու մասին: Կարելի՞ է ասել, որ թատրոնի լեզուն միջազգային է և լեզվական անջրպետներ չի ճանաչում:
-Հավատացած եմ, որ այդպես է: Մի անգամ «Պաղտասար աաղար» ներկայացումն էինք խաղում Ֆրունզիկ Մկրտչյանի հետ: Ներկայացումը դիտողների մեջ ամերիկացի բարձրաստիճան հյուր կար: Մի տեսարանում Ֆրունզիկն անխոս դեր էր կատարում՝ իր վրայից քշում էր ճանճերը: Ամերիկացին ներկայացումից հետո եկավ կուլիսներ և ասաց, որ իրեն ամենից շատ այդ տեսարանն է դուր եկել: Ֆրունզիկը կատակեց. «Այդ տեսարանն անգլերենով էի խաղում»: Ֆրանսիացի հայտնի բեմադրիչ Շարլ Դյուլեն ասում էր, որ դերասանն արտասանված բառերով չի խաղում, նա չասված բառերի, լռության մեջ է ցույց տալիս իր խաղը: Բառն ինքնին գոյություն ունի: Այն կարելի է ոչ միայն արտասանել, այլև կարդալ թղթի վրա: Իսկ երբ բեմի վրա դերասանը լռությամբ է այդ բառն արտահայտում, իր զգացումները հասցնում հանդիսատեսին, դա է իսկական թատրոնը:
-Ձեր կյանքն անցել է լեգենդների կողքին, որոնցից մեկի՝ Մհեր Մկրտչյանի մասին հիշատակեցիք: Կա ևս մեկ անուն, որ հատկապես թանկ է հայ արվեստասերների համար: Խոսքս Վահրամ Փափազյանի մասին է: Ի՞նչ հուշ-պատառիկ է Ձեր մեջ տպավորվել՝ կապված նրա հետ:
-Երբ Սունդուկյանի անվան թատերախումբն այցելել էր Լիբանան, ավագ սերնդի հետ եկել էին նաև Աճեմյանի երիտասարդ աշակերտները, ովքեր հետո դարձան լեգենդներ. Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Վոլոդյա Աբաջյանը, Մետաքսյա Սիմոնյանը: Հին սերնդի ներկայացուցիչներն էին Ավետ Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը և, իհարկե, Վահրամ Փափազյանը, որի հետ ես արդեն վաղուց նամակագրական կապեր ունեի և Բեյրութում իմ հիմնած թատերախումբն իր հորդորով կոչել էի «Վահրամ Փափազյան» անունով: Այդ շրջանում Վարդան Աճեմյանը պետք է բեմ հաներ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Փորձերի շրջանում Փափազյանը հյուրանոցում աչքի էր անցկացնում Մեք Գրեգորի դերը և վստահ էր, որ ինքն է այն խաղալու: «Ո՞վ կհամարձակվի խաղալ ինձմե զատ»,- մի անգամ ասաց ինձ: Մեք Գրեգորի դերում, սակայն, Աճեմյանը տեսնում էր մեկ այլ դերասանի: Նրան Մոսկվայից և Երևանից զգուշացրել էին, որ Փափազյանի համար այդ դերը շատ ծանր կլինի, նա կարող է չդիմանալ ֆիզիկական ու հոգեկան լարվածությանը և մահանալ հենց բեմում: Ես համարձակվեցի հակադրվել Աճեմյանին և ասել, թե նախընտրում եմ, որ Փափազյանն այդ դերը խաղա և մահանա բեմում, քան թե իր կյանքն ավարտի հյուրանոցի մի անկյունում: Աճեմյանը տեղի տվեց՝ հորդորելով, որ իմ թատերախմբի տղաները բեմում պաշտպանեն Փափազյանին և վտանգի դեպքում անմիջապես հասցնեն հիվանդանոց: Այդպես Փափազյանը խաղաց Մեք Գրեգորի դերը, որ բացառիկ մի իրադարձություն եղավ: Հաջորդ օրը եկավ մեր տուն (ամեն առավոտ կինս նրա համար սուրճ էր պատրաստում) և ցանկություն հայտնեց նամակատուն գնալու, որտեղից հեռագրեց կնոջը. «Եկա, տեսա, հաղթեցի»:
-Ձեր կինը՝ գեղանկարչուհի, դերասանուհի Սիրվարդ Գրիգորյանը, բնութագրելով Ձեզ հետ ապրած տարիները, նկատեց, որ փշոտ ծառի տակ մարդն իրեն միշտ լավ է զգում: Իսկապե՞ս փշոտ անձնավորություն եք, թե՞ այդ դիտարկումը կանացի կոկետության դրսևորում էր:
-Ես շատ բանով եմ պարտական կնոջս, ամենադժվար պահերին ինձ թիկունք է կանգնել: Թե՛ նյութական, թե՛ հոգեբանական դժվարություններ եմ ունեցել, խոր հուսախաբությունների մեջ եմ հայտնվել, ինքը հիսուն տարիների ընթացքում միշտ կողքիս է եղել, օգնել, որ կարողանամ ուզածիս հասնել:
-Նույնիսկ ամենափշոտ մարդիկ պապիկի դերում թավշյա քնքշություն են ունենում:
-Հա՜, մեր թոռնե՜րը: Նրանցից մեկը՝ փոքրը, իմ անունն ունի՝ Պերճ Ֆազլյան է: Մեծն աղջիկ է՝ Դիան: Պերճը բացառիկ երաժշտական ականջ ունի: Առաջին անգամ որևէ երգ, մեղեդի լսելուց հետո ճշգրիտ վերարտադրում է: Ես կցանկանայի, որ նկարիչ դառնար, բայց հստակ է, որ պիտի երաժիշտ դառնա: Դիան էլ երաժիշտ կդառնա, արդեն շատ լավ դաշմանուր է նվագում, կոմպոզիցիաներ անում, երաժշտություն հորինում: Այսինքն՝ նրանք շարունակելու են իրենց հոր մասնագիտությունը:
-Հասցրե՞լ եք կարծիք ձևավորել հայաստանցի երիտասարդության մասին:
-Առանձնապես շատ չեմ շփվել, սակայն հավաքույթներից, հեռուստատեսային հաղորդումներից ստացած տպավորությունս այնպիսին է, որ մեր երիտասարդները մատերիալիստ են դարձել: Ավելի շատ ապրում են առօրյայով, քան մտածում ապագայի մասին: Սա միայն հայաստանցի երիտասարդներին չի վերաբերում, ամբողջ աշխարհում են այդպես ապրում: Խոհապաշտական ձգտումների բացակայությունը զգալի է ամբողջ աշխարհի մասշտաբով: Դա ինձ համար հասկանալի է: Մարդիկ ինչի՞ն հավատան, ինչո՞ւ հավատան: Բոլոր հավատները կորել են, մնացել է մատերիալիստի, նյութապաշտի հավատը: Հռոմի պապը, որին նախնական առաքելությամբ արգելված էր դուրս գալ Հռոմից, այսօր շրջում է աշխարհով մեկ և քարոզում, որովհետև հավատքի ահավոր անկում կա ամենուր: Գաղափարների բախման անկում է նկատվում 21-րդ դարում: 20-րդ դարում բախում կար նիցշեականության և մարքսիստական մտածելակերպի միջև: Այս բախման շնորհիվ զարգացում, շարժում կար արվեստագետների մոտ: Արևմտյան աշխարհը, որ շարունակությունն է հունահռոմեական կուլտուրայի, հավատի անկում է ապրում ներկայում: Հավատացած եմ, որ 21-րդ դարը պիտի ստեղծի իր փիլիսոփայությունը: Եվ այդ փիլիսոփայությունը պիտի գա Հեռավոր Արևելքից՝ չինական և ճապոնական մտածելակերպից: Ինքս դրա կողմնակիցն եմ: Հունահռոմեական հավատքի մեջ Աստված մարդուց՝ մեզանից, դուրս է հանված: Երբ ինչ-որ բան է պատահում, դիմում ենք Աստծուն՝ իբրև մեզնից դուրս եղող մի բանի: Իսկ համաձայն արևելյան փիլիսոփայության՝ Աստված մարդու մեջ է, մարդն ինքը պիտի կարողանա փոխել դեպքերի, իրերի ընթացքը, որոշել, լուծել հարցերն ու խնդիրները: Ենթադրում եմ, որ այս մտածողությունը պիտի ժամանակի ընթացքում տարածվի ու գերիշխի աշխարհում: Իսկ քանի որ հիմա դեռ ոչինչ չկա, ստեղծվել է մի պարապություն, որը լցվում է իսլամական գաղափարախոսությամբ: Իսլամը նյութական հենք ունի, նրա հոգևոր արժեքն ինձ համար շատ կասկածելի է: Այն երկրային կրոն է և վտանգավոր է, որ մարդիկ տարվեն դրանով:
-Դուք թատրոնը համարում եք արվեստ, որի միջոցով անհատը շփվում է ամբոխի հետ:
-Միևնույն ներկայացումը երկու օրվա ընթացքում կարող է տարբեր արձագանք գտնել հանդիսատեսի հոգում: Ես այդ երևույթի շուրջ շատ հետաքրքրիր վերլուծություններ եմ արել: Հանդիսատեսի և արվեստագետի փոխհարաբերությունն ամենակարևոր հարցն է: Բրեխտը 20-րդ դարում հիմնեց թատերական մի նոր փիլիսոփայություն, որի համաձայն՝ թատրոնը ոչ թե զգացումների, այլ մտքի փոխհարաբերություն է: Այսինքն՝ դերասանը չպետք է զգացական լինի, պետք է խոսի, արտահայտվի, պատմի: Մինչ այդ Ստանիսլավսկու թատրոնը սովորեցնում էր, որ դերասանը պիտի ապրի, որ վարագույրը չորրորդ պատն է, որը բացելով՝ մենք մտնում ենք մարդկանց տները: Իսկ Բրեխտի մոտ վարագույր գոյություն չունի, եթե գոյություն ունի էլ, թեթև մի շղարշ է: Բրեխտն ասում է, որ բեմում ներկայացվածը թատրոն է, կյանք չէ, և մարդիկ էլ պիտի արթուն լինեն ու հասկանան, որ պետք է փոփոխություններ կատարել կյանքում: Իհարկե, Բրեխտն էլ ժամանակի ընթացքում կհնանա, և արդեն իսկ այնքան էլ թարմ չէ: 21-րդ դարում, դժբախտաբար, թատերական մտքի, թատերական փիլիսոփայության, դրամատուրգիայի պակաս կա:
-Ինչպե՞ս եք գնահատում սփյուռք-հայրենիք փոխհարաբերությունները:
-Այսօր սփյուռքում իշխում է այն մտածելակերպը, թե հայրենիքն ու սփյուռքը երկու անջատ իրականություններ են: Այս մտայնությանը պետք է մեկ անգամ ընդմիշտ վերջ տրվի: Այն սկսվել է հայրենիքից: Հայրենիքում մտածում են՝ թող սփյուռքը մեզ օգնի և չխառնվի ոչ մի բանի: Չէ՛, այդպես չէ: Երկուսն էլ իրավունք ունեն խառնվելու մեկմեկու կյանքին: Երբ բացում ենք միջազգային հանրագիտարանները, այնտեղ հայ թատրոնի մասին խոսելիս հիշատակվում են Հայաստանում ապրած և ստեղծագործած արվեստագետները, լիբանանյան թատրոնի մասին խոսելիս հիշատակվում է իմ անունը՝ որպես լիբանանյան թատրոնի հիմնադիր հայածնունդ արվեստագետի, Չուխաջյանի մասին խոսվում է՝ որպես թուրքական երաժշտության հայածնունդ հիմնադիրներից մեկի, Սարոյանը հայածին ամերիկացի հեղինակ է: Օրինակները բազում են: Մեր պետությունը պետք է մտածի այդ հայածինների մասին: Նրանք աստիճանաբար շատանում են: 1915-ի ջարդից մազապուրծ սերունդը գոյություն չունի այլևս, որի զգացումները կապված էին Արևմտյան Հայաստանի հետ: Որպեսզի կապը շարունակվի, այդ հայածինների սերունդը պիտի մոտ լինի հայրենիքին, հայրենիքի վերածննդի գործին: Հայրենիքն էլ իր հերթին չպիտի դուրս հրի սփյուռքահային: Այս կապը պիտի ամուր լինի:
-Դուք հայրենիքում նշեցիք Ձեր 80-ամյակը և առանձնահատուկ հուզմունքով ընդունեցիք ՀՀ մշակույթի նախարարության շնորհած Ոսկե մեդալը: Այս պարգևը հայրենիք-սփյուռք կապի մի յուրօրինակ դրսևորո՞ւմ է:
-Ենթադրում եմ՝ այո՛: Ես նախարարին էլ եմ ասել. թող սեմինարներ կազմակերպեն, թող սփյուռքահայ մասնագետները գան հայրենիք և իրենց գիտելիքները հաղորդեն այստեղի մասնագետներին: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին: Երբ Հայաստանը նոր էր անկախացել, ես ՀՀՇ-ի նախագահ տեր Հուսիկի հետ հարցազրույց ունեցա Մոնրեալի հեռուստատեսությամբ և առաջարկեցի օգտագործել սփյուռքահայ բիզնեսմենների, աշխարհի բարձրակարգ համալսարաններում բիզնեսի օրենքները դասավանդող մեր բազմաթիվ հայրենակիցների փորձը, որն անծանոթ է խորհրդային հասարակարգում 70 տարի ապրած մարդկանց: Տեր Հուսիկը պատասխանեց, որ այդ ամենը Հայաստանում էլ գիտեն և կարող են ինքնուրույն անել ամեն բան: Բայց բոլորս էլ տեսանք, որ այդպես չէր: Ամեն ինչ տակնուվրա եղավ սկզբում Հայաստանում: Բացի այդ, շատ կարևոր է հասարակության համար միջին դասակարգի դերը: Երբ միջին դասակարգը կործանվում է, մշակույթն անկում է ապրում: Դպրոցի ուսուցիչը, պրոֆեսորը, լրագրողը, գրադարանավարը, բժիշկը, թանգարանի աշխատողն են մշակույթ պահողը: Մեծահարուստը թատրոն, համերգ, ցուցահանդես չի գնում: Նա գնում է խաղատուն, ռեստորան, երբեմն, որպես քեֆ, հրավիրվում է որևէ ներկայացման: Իսկ միջին դասակարգը հնարավորություն չունի թատրոն գնալու, դրա համար էլ տանը նստած հեռուստացույց է նայում: Այս իմաստով միջին դասակարգի խնդիրը շատ էական է: Օրինակ, Ամերիկայում, Կանադայում, Ֆրանսիայում, շատ այլ զարգացած երկրներում մշակույթը զարգացած է, որովհետև գոյություն ունի միջին դասակարգ, գոյություն ունեն տարբեր մոտեցումներ, որոնք միջին դասակարգը կապում են մշակութային կյանքին: Գոյություն ունի աբոնեմենտային համակարգ, որը շահագրգռում է մարդուն` գնալ ներկայացում դիտելու: Երեք ներկայացման համար վճարում է, չորրորդը դիտում անվճար: Սա ևս բիզնես մտածողության արտահայտություն է: Եվ այդ երկրներում ամեն գիշեր թատերական դահլիճները լեցուն են: Սա նախանձելի բան է և կարելի է իրականացնել նաև հայրենիքում: Պետությունը պետք է ֆինանսավորի մշակույթը կամ պիտի շահագրգռի գործարարներին, բիզնեսմեններին՝ ներդրումներ կատարելու արվեստում և շնորհիվ դրա ազատվելու պետական հարկերից: Սրանից շահում են և՛ բիզնեսմենը, և՛ արվեստը, և՛ հասարակությունը: Այսպես է արվում առաջադեմ երկրներում և կարելի է նաև անել Հայաստանում:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6432

Մեկնաբանություններ