ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Եվրամիության «հարավային միջանցքի» կենտրոնական տարրը

Եվրամիության «հարավային միջանցքի» կենտրոնական տարրը
17.07.2009 | 00:00

ԵՄ-Ն ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐԹՈՒՄ ԵՆ «ՆԱԲՈՒԿՈ» ԳԱԶԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎԱԾ ՎԵՃԸ
Տարանցման վերաբերյալ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը նոր լիցք է տալիս վիճահարույց գազատարի նախագծին,- ս.թ. հուլիսի 12-ի «Գարդիանում» գրում է Իեն Թրեյները։- Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի գազի պաշարների համար պայքարում Եվրոպայի առանցքային նախագիծը նոր մեծ թափ կստանա վաղը, երբ Թուրքիայի և ԵՄ-ի կառավարությունները գազատարի շուրջ պայմանագիր կնքեն: Տասներկու երկրների կառավարությունների ղեկավարներ կհանդիպեն Անկարայում` 9 միլիարդ եվրո (7,75 միլիարդ ֆունտ ստեռլինգ) արժողությամբ «Նաբուկո» տարանցիկ գազատարի նախագծի շուրջ միջկառավարական համաձայնագիր կնքելու նպատակով: Սա գազամատակարարման այն հավակնոտ, բայց տարաբախտ նախագիծն է, որը նպատակ ունի թուլացնել Կրեմլի ճնշող ազդեցությունը Եվրոպայի գազամատակարարման հարցում:
Տնտեսական ու բանկային ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ ֆինանսավորում հայթայթելու համար պայքարող` 3300 կմ երկարությամբ ու դեռևս չկառուցված այս խողովակաշարը Բուլղարիայով, Ռումինիայով ու Հունգարիայով ձգվելու է Թուրքիայի արևելքից մինչև Ավստրիայի արևելք, և պետք է շահագործման հանձնվի մինչև 2014 թվականը: Սակայն, վեճերի ու դժվարությունների պատճառով, երկու տարի է` այս նախագիծը դոփում է տեղում, ինչը կասկածի տակ է առնում նրա կենսունակությունը, նաև հենց այն պատճառով, որ անհայտ է մնում, թե որտեղից պետք է գա տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր գազը:
Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիան և Եվրամիությունը չէին կարողանում համաձայնության գալ գազամուղի պայմանագրի կետերի շուրջ. Անկարան գազի 15%-ի համար զեղչված գներ էր պահանջում` կա՛մ ներքին սպառման, կա՛մ վերաարտահանման նպատակով: Թուրքիայի այս պահանջը կարող էր խափանել «Նաբուկո» նախագիծը` որպես կենսունակ բիզնես ծրագիր: Լինելով կարևոր տարանցիկ երկիր (գազամուղի առավել քան կեսը կանցնի Թուրքիայի տարածքով)` Թուրքիան նաև երկարատև վեճի մեջ էր «Նաբուկո» գազատարի պոտենցիալ առանցքային մատակարարի` Ադրբեջանի հետ, և դա դժվարացնում էր գազամատակարարման հարցում Ադրբեջանի խոստումներն իրականություն դարձնելու նպատակով Եվրոպայի ծավալած արշավը: Սակայն մայիսին Պրահայում տեղի ունեցած բանակցություններից հետո Անկարան ու Եվրամիությունը գազի տարանցման պայմանների շուրջ համաձայնություն կնքեցին` հարթելով գազատարի նախագծի իրագործման ամենամեծ խոչընդոտներից մեկը:
Եվրահանձնաժողովն այս պայմանագիրը շրջադարձային որակեց: Ամերիկացիները, որ նույնպես շահագրգռված են դեպի Եվրոպա գնացող գազատարների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը թուլացնելու մեջ, բոլոր կողմերին հորդորում էին համաձայնության գալ, իսկ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցելու են վաղն Անկարայում կայանալիք միջոցառումներին:
Եվրամիությունն իր սպառած գազի շուրջ մեկ երրորդը (140 միլիարդ խորանարդ մետր) ներմուծում է Ռուսաստանից, իսկ Գերմանիան ամենամեծ սպառողն է: Սակայն Ռուսաստանի գազային շանտաժի նկատմամբ Եվրոպայի խոցելիությունը տխուր կերպով ակնհայտ դարձավ հունվարին, երբ ռուսական «Գազպրոմ» մենաշնորհային ընկերությունը, գազի սակագնի շուրջ Կիևի հետ ունեցած վեճի պատճառով, փակեց ՈՒկրաինայով դեպի Եվրոպա գնացող գազատարը` ձմեռվա կեսին արևելյան Եվրոպայի մի շարք երկրների զրկելով գազից:
Մոսկվան և Կիևն այժմ էլ խճճվել են գազի վճարների շուրջ նոր վեճի մեջ, և դա մեծացնում է հետագայում գազամատակարարման դադարեցման հավանականությունը:
«Նաբուկո» ծրագիրը Եվրամիության «հարավային միջանցքի» կենտրոնական տարրն է, որը նախատեսում է ընդհանուր առմամբ երեք գազամուղ, որոնք մինչև 2020 թվականը պետք է մատակարարեն 60 միլիարդ խորանարդ մետր գազ (ընդհանուր պահանջարկի 10%-ը) շրջանցելով մատակարարման համակարգերի նկատմամբ «Գազպրոմ»-ի ունեցած վերահսկողությունը:
Ե՛վ ռուսները, և՛ եվրոպացիները, և՛ ամերիկացիները, և՛ թուրքերը դիվանագիտական ու բիզնես մրցակցության մեջ են ադրբեջանական ու թուրքմենական գազի համար:
«Նաբուկո»-ով կարելի է գազ արտահանել նաև Իրաքից և նույնիսկ Իրանից, եթե հանկարծ քաղաքական սեյսմիկ շրջադարձ տեղի ունենա, սակայն գազատարի երկարաժամկետ կենսունակության համար առանցքային է համարվում Թուրքմենստանը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
արտասահմանյան մամուլի տեսություն էջից
http://artmamul.ararat-center.org

Դիտվել է՝ 4048

Մեկնաբանություններ