ԱՍՔ ԵՐՋԱՆԻԿ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԺԲԱԽՏ ԱՍՈՒՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Ասունը բանական արարածն է, մարդը, այս պարագայում՝ ՀՀ քաղաքացին։ Անասունը կենդանիներն են՝ բորենին և այծյամը, վագրն ու թութակը, կետերն ու դելֆինները... անասուն են, չնայած բարոյականությամբ հաճախ գերազանցում են որոշ ասուններին։ Նրանք, ի դեպ, երբեմն հարյուրներով ափ են նետվում, շնչահեղձվում են, այլ կերպ ասած՝ ինքնասպանվում են։ Մտախոհ ասունները երկար ժամանակ պատեպատ էին խփվում, փորձելով կռահել, թե ինչու՞ են ափ նետվում ծովերի և օվկիանոսների զարդ կետերն ու դելֆինները։ Ոմանց կարծիքով ինքնակամ ափանետման դրդապատճառը անհույս սերն էր։ Այլոց տեսակետով էլ՝ սննդի պակասը։ Ամենևին։ Սնունդն առատ էր, սիրո պակաս էլ չկար, ուղղակի որոշ տմարդի և ռազմատենչ ասուններ ջրերի խորքում պայթեցնում էին ինչ-որ բան, սուզանավերի շարժիչները բարձր ձայնային հաճախականություն էին առաջացնում, և այս ամենը ոչ միայն անսովոր էր կենդանիների համար, այլև խաթարում էր նրանց հոգեկան անդորրը, խլացնում էր նրանց, և կետերն ու դելֆինները, համոզվելով, որ հարազատ տարերքն իրենց թշնամին է, դիմում էին ինքնասպանության, ափ էին նետվում և շնչահեղձվում։ Սա մի՞թե շեքսպիրյան դրամա չէ, ավելի ստույգ՝ ողբերգություն։
Մութն ընկել է։ ՀՀ իշխանակառավարական վերնադասին հրավիրում ենք Երևանի կենդանաբանական այգի, այլ կերպ ասած՝ գազանանոց։ (Հրավիրյալների թվում են պետականամետ այրերը և նրանց կերտումներին սատարող տիկնայք... յուրաքանչյուրի հանդերձանքը, ոտնամանից մինչև փողկապ՝ տիկնանց պարագայում, անշուշտ, գլխաշոր, չկասկածեք, նվազագույնը 5 հազար ԱՄՆ դոլար է, սա՝ ի միջի այլոց)։ Հրավիրում և դիրքավորվում ենք հղի օրանգուտանի, մտախոհ գետաձիու և թախծոտ վագրի վանդակների առաջ։ Ցնցվում է երկիրը (մի՞թե ժաժք է), դղրդում է երկինքը, գազանանոցամերձ պանդոկներում ու ռեստորանային համալիրներում զվարճանքը հասնում է գագաթնակետին, և պայթում են հրավառությունները։ Տիկնայք և տիարք պետականակերտ հոմոսափիենսներ, տեսա՞ք, թե անզոր ցավից և տագնապից ինչպես են պատեպատ խփվում, գալարվում օրանգուտանը, գետաձին, վագրը և մյուս գազանները։ Չկասկածեք, օանգուտանը չի բազմանա, գետաձին կկորցնի քաշի կես մասը, իսկ վագրը առհասարակ անլուր արհամարհանքով կվերաբերվի և՛ անտարբեր պետականակերտներին, և՛ հրավառասեր անբանականներին։ Այնուհետև վերոնշյալ վերնախավին մենք կուղեկցենք որևէ հյուրընկալ հայկական օջախ։ Այստեղ պապ ու տատ կա (որոնք տառապում են սրտանոթային և նյարդային հիվանդություններով), հղի կին կա՝ պատրաստ ծննդաբերության, և մուշ-մուշ քնած բալիկներ կան։ Դղրդում են հրավառությունները։ Մնացածը թողնում ենք գործող վարչապետի դուխով երևակայությանը։
«Սիրո և համերաշխության» հեղաշրջման ազդակային էությունն ու բնույթը բռնաբարվեցին 2018-ի հունիսի 8-ին։ Այդ օրը վարչապետ Փաշինյանի անկման նախերգանքն էր։ (Եվ տեղին է հիշել հինավուրց իմաստությունը՝ «դևը ընկած հրեշտակն է»)։ Այդ օրը ՀՀ կառավարության նիստում օրակարգից դուրս ելույթ ունեցավ, խիստ ընդվզեց ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը, առաջարկելով հրավառությունները կամ առհասարակ արգելել, կամ էլ թույլատրել միայն պետական տոների ժամանակ։ Նույն օրվա վարչապետի արձագանքը ապտակ էր նախարարին, առհասարակ՝ երկրի առողջապահական համակարգին. «Օրենքի խախտումով հրավառություն չի լինելու և վերջ»։ Օրվա կեսգիշերն անց հանրապետությունը հրավառում էր մինչև լուսաբաց։
ԱՍՔ ՏԱՆԿԻ ԵՎ ՌԱԳԱՏԿԱՅԻ ՄԱՍԻՆ
2018 թվական, փետրվար ամիս, ԱԺ։ «Ելք» ընդդիմադիր խմբակցության թիվ 2 շեփորահար Արարատ Միրզոյանը խրոխտ հրովարտակեց սույնը. «Հրավառությունները իսկական չարիքի են վերածվել մարդկանց համար։ Մարդկանց իրավունքը խախտվում է, անդորրը խաթարվում, մարդկանց երեխաները վեր են թռչում քնից, ինչ է թե մի հարևան որոշել է հրավառություն անի։ Խնդիրը շատ մեծ է, իսկ լուծման առաջարկվող մեխանիզմը՝ անիմաստ։ Խնդիրը եթե տանկ է, մեր ձեռքին ռագատկա է։ Այս մեխանիզմով օրենքը չի կարգավորվի։ Հրավառությունը տևում է վայրկյաններ, հրավառության ժամանակ մարդը նույնիսկ չի հասկանում, թե որտեղից է, ուր մնաց զանգի ոստիկանություն։ Ոստիկանությունը ինչքան արագ պիտի գնա, որ բռնի ու տուրք սահմանի։ Ժողովուրդ ջան, այս հրավառությունները կամ պիտի առհասարակ արգելել, կամ թողնել պետության մենաշնորհը՝ տոների ժամանակ»։
Տիար Միրզոյան, առաջին անգամ երբ հրավառապայթուցիկային հրեշի դեմ սուր բարձրացրիր, ձեռքիդ պարսատիկ էր, դիմացդ ՀՀԿ մենիշխանական զրահատանկը։ Այժմ զրահատանկի հրամանատարը գաղափարական առաջնորդդ է, ՀՀ վարչապետը, ինքդ զրահատանկի նշանառուն ես, արդ, ի՞նչն է խանգարում քեզ (ներիր մտերմիկ տոնիս համար, զի հասակի առումով կարող էիր որդիս լինել) դեմ տալ պատին Նիկոլին և պահանջել իսպառ չեղարկել հրավառություններն ու պայթուցիկային աղետը։ Չէ՞ որ «Ելքն» է այսօր քաղաքական մենիշխանը մեր հայրենիքում։
ԱՍՔ ԱՌ ՆԻԿՈԼՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2018-ի դեկտեմբերի վերջերին, համաձայն լրատվական կայքերից մեկի հաղորդման, հանրային մի տականք պայթուցիկ էր նետել շուկայից դուրս ելնող հղի կնոջ ոտքերի տակ։ Կինը վիժեց։ Երկու օր անց ՀՀ ոստիկանությունը ոչ պակաս ահասարսուռ տեսարաններ էր ներկայացնում նախաամանորյա հանգստի մեջ ընկմղվող հանրությանը, պայթուցիկների ոչ ճիշտ օգտագործման պատճառով այսինչ մարզի այնինչ համայնքում երեք չափահասներ վնասել են աչքի բիբը, հոնքն են այրել, ոտքն են հաշմել, առհասարակ կորցրել են առողջությունը։ Մայրաքաղաքի այսինչ վարչական շրջանի այնինչ փողոցում երկու դեռահաս վնասել են դաստակ և մատ։ Ոստիկանությունը թախանձագին հորդորում էր պահպանել պայթուցիկների գործածության անվտանգության կանոնները, այն է՝ է՛լ ավելի մեծ եռանդով պայթեցնել շրջապատը, ազդակային աղմուկով էական վնաս հասցնել քաղաքացիների առողջությանը, հարամել նրանց տոնը։ ՈՒ ոչ մի խոսք և որևէ հորդոր առ ելուզակներ՝ դադարեցնել պայթուցիկային բարբարոսությունը։ (Նման բան չկա անգամ Մարկեսի «Նահապետի աշունը» նշանավոր վիպասքում, երբ ոստիկանությունը դառնում է հակահանրային տականքին թև ու թիկունք)։ Իսկ թե ինչու ՀՀ ոստիկանությունը հենց այսօր օրենսդրական նախաձեռնությամբ չի դիմում ԱԺ-ին՝ կանխարգելելու հրագործական ապրանքների ներկրումը, արտադրությունը, վաճառքն ու գործածումը, անլուծելի մի թնջուկ է, դարակազմիկ առեղծված է, ուրիշ ոչինչ, զի ինքը ոստիկանն է հաճախ բարձրացվում զոհասեղան, պատանի հրոսակը պայթուցիկը պայթեցնում, տոնական հոգեվիճակը փոխարկում է ողբերգազավեշտի, երեք քայլ հեռու կանգնած ոստիկանության սպան անզոր է ձեռնարկելու որևէ բան, ասենք, ոլորելու ստահակի ականջը և բռնագրավելու հրագործական ապրանքը, ՀՀ կառավարության որոշմամբ դեռ 2002-ին կանաչ լույս է վառվել հրագործական ապրանքի ներկրման արտադրության, վաճառքի և գործածման առաջ։
ՆՅԱՐԴԱԲՈՒԺԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Նախորդ նախաամանորին մայրաքաղաքում գործող «Սբ Աստվածամայր» բուժհաստատության նյարդաբուժական բաժնի վարիչի իրազեկմամբ, միայն նախատոնական մի քանի օրում իրենց են դիմել 31 քաղաքացի, որոնք վնասել են աչք ու ականջ, ոտք և ձեռք պայթուցիկային զվարճանքին տուրք տալով։ Դժվար չէ հաշվել, որ ողջ հանրապետությունում խեղանդամվում են հազարավորները, գլխավորապես դեռահասներ։ (Տարիներ առաջ, կարծեմ Արմավիրի մարզում, երեքամյա թոռը պապին նախատոնական անակնկալ մատուցելու նպատակով ճայթուկը գցել էր ինչ-որ քաղցր բանի սպասող, աչքերը գոց, բերանը բաց պապի բերանը։ Ծերունին ճանապարհվեց ի վերին Երուսաղեմ, ճայթուկը ճայթել էր նրա բերանում)։
ՍԱԴՐԻՉՆԵՐ, ԶՈՀԵՐ, ԳԼԱԴԻԱՏՈՐՆԵՐ
Վարչապետ Փաշինյանը ոտան կոխան է դարձրել իր իսկ խոսք-պատգամը, արտասանված 2018-ի մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր-թանգարանում, ուր նշվում էր ազգային-պետական հերոսամարտի 100-ամյակը. «Այլևս ոչ ոք չի համարձակվի նվաստացնել ժողովրդին»։ Նվաստացնում են շատ ավելի մեծ ավյունով, քան արվում էր նախորդ իշխանությունների օրոք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հուշում-հիշեցնում ենք՝ նրա ելույթը չի մոռացվել առ օրս, ի՞նչն է նրան խանգարում, զորօրինակ, օրենք ընդունել հրագործական տեսականու վերջնական չեղարկման մասին։ Իսկ Արսեն Թորոսյանին, որպես բժշկի և առողջապահության կազմակերպչի, հորդորում ենք հաշվել, թե քանի հղի կին է կորցնում պտուղը տարեկան կտրվածքով, որքան է նյարդային և սրտանոթային այն հիվանդների քանակը, որոնց տկարությունը բազմապատկվում է գրեթե ամեն օր, հրավառությունների դժոխային սիմֆոնիային զոհաբերվելով և ամանորյա հանգստի օրերին։ Միով բանիվ վարչապետ Փաշինյանը անթաքույց կանխամտածված, ԱԺ նախագահը և ԱՆ նախարարը հավանաբար պարտադրված դարձել են ուխտադրուժ, զանցառել են իրենց հանրաշահ առաջարկները։ Ինչ խոսք, հրագործական ապրանքների գործածման պատճառով առաջացած դժոխքը գտնվում է վարչապետ Փաշինյանի անձնական բարձր հովանու ներքո։ (Նրա հովանու ներքո, նշյալ դժոխքից քիչ հեռու, ոտքը ոտքին գցած Նիկոլի նկարն էլ կրծքին ագուցած հանգրվանել է Աստվածամերժ արարածը՝ Դալուզյան Մելը)։
Եվ ահա մեր ահազանգ-կոչը ուղղված հանրային և քաղաքական կառույցներին, «Վերնատանը», ՀՅԴ-ին, «Ադեկվատին», «Վետո»-ին, «Ռեֆորմիստին», նմանապես երգիծաբան և դրամատուրգ Վահրամ Սահակյանին, ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանին և Նաիրա Զոհրաբյանին, քաղակտիվիստներ Սոնա Աղեկյանին, նյարդավիրաբույժ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանին, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանին, հանրապետության «Հուզանք ու Զանգ»-ամերժ երիտասարդությանը, առհասարակ քաղաքացիական գիտակցություն ունեցող բոլորին՝ ձեր հանրային և տականքամերժ հրեղեն խոսքով և դիմում-կոչերով կանխեք ազդակային ցեղասպանդը։
Երջանիկ են կետերն ու դելֆինները, զի գտել են ելքը, ափ են նետվում ու շնչահեղձվում։ Իսկ ինչ անեն ՀՀ տարաբախտ քաղաքացիները։ Պատշգամբից վա՞ր նետվեն, թե՞ ինքնասպանության այլ եղանակ փնտրեն, գտնեն։ Ո՛չ։ ՈՒղղակի արթնանան և ընդվզեն ազդակային ցեղասպանդի դեմ, միաբանվելով, հանրային նստացույցեր կազմակերպելով, ի վերջո, հեղեղելով ոստիկանությանը դիմում-բողոքներով։ Հրավառությունների և պայթուցիկների զոհ պատվարժան ՀՀ քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը ի զորու է գոնե մասամբ շտկելու իրավիճակը, երբ նրա ձեռքում կան հանրային դժգոհության առհավատչյա դիմում-բողոքները։ Միով բանիվ ազդակային ցեղասպանդի արմատական չեղարկումը վարչապետ Փաշինյանի, նախագահ Միրզոյանի և նախարար Թորոսյանի պատվի գործն է, ցեղասպանդի շարունակումը՝ նրանց չեղարկման հիմնաքարը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ