38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՈՒրբաթագիրք» (տեսանյութ)

«ՈՒրբաթագիրք» (տեսանյութ)
24.07.2012 | 18:28

Արմավիր քաղաքի մարզային մշակույթի տանը կայացավ հայերեն առաջին տպագիր գրքի` 500-ամյա «ՈՒրբաթագրքի» աշխարհաբար թարգմանության և գիտական հրատարակության շնորհանդեսը: Բնօրինակի վերծանումը, թարգմանությունը, քարտեզը, հարթաքանդակը և գեղարվեստական ձևավորումը Լուսինե Ավետիսյանինն են։

«Չունենալով պետականություն` մենք առաջիններից մեկն էինք, որ գրատպություն հիմնեցինք. բավական է նշել, որ Ռուսաստանը տպագիր գիրք ունեցավ մեզնից 52 տարի անց միայն` 1564 թվականին, և առաջին ռուս, ինչպես նաև շատ եվրոպացի տպագրիչներ օգտվել են Հակոբ Մեղապարտի զարդախորագրերի և գլխագիր տառերի ավեստից: Բացի նրանից, որ մեր տպագրությունն առանձնանում է ազգային գրով, եզակի է նաև պետականություն չունեցող ժողովրդի կյանքում խաղացած, չափազանցություն չի լինի, եթե ասենք, առանձնահատուկ դերով` պետության դերով»,- ասում է Լուսինե Ավետիսյանը և նկատում, որ առաջին անգամ գրատպության հոբելյանը նշվում է պետականության պայմաններում, և այսօր պետությանն է վերապահված պատմության մղձավանջներով անցած հոգևոր մշակույթի տերը լինելու դժվարին առաքելությունը:
Որքանո՞վ է ծանոթ «ՈՒրբաթագրքին» հայ ընթերցողը. ոչ միայն առաջին տպագիր գրքի գոյությանը, այլև բովանդակությանը:
Լուսինե Ավետիսյանի խոսքով` հասարակության փոքր մի շրջանակ տեղյակ է «ՈՒրբաթագրքի» մերօրյա հրատարակության մասին: «Բնօրինակի բովանդակությանը քչերն են ծանոթ,- ասում է նա:- Կան հետաքրքրվողներ այս հրատարակությամբ, որն ամփոփում է բնօրինակի տեքստի լուսապատճենը, գրաբար-աշխարհաբար զուգահեռ տեքստերը, վկայակոչված վանքերի ու եկեղեցիների մասին տեղեկատու, նրանց տեղաբաշխման քարտեզ, անձնանունների և տեղանունների ցանկ-բառարաններ, բովանդակությանն առնչվող մանրանկարներ` դրանց մասին հակիրճ տեղեկատվությամբ, որոնք լուռ քարոզիչներն են մեր մշակույթի կարևոր մի շերտի և այն ստեղծողների: Գրքում տեղ են գտել 1512-1920 թվականներին տպագրված գրքերի ժամանակագրական և վիճակագրական աղյուսակներ և հարուստ առաջաբան: Բազմակողմանիորեն լուսաբանված ներկայանում է մեր առաջին տպագիր գիրքը, որն ավելին էր, քան գիրքը. այն նաև սուրբ մասունք ու հմայիլ էր»:
Լուսինե Ավետիսյանը հավելեց, որ թեև մեզ համար այսօր կարևորվում է զուտ երևույթը` «ՈՒրբաթագիրքը» որպես հայերեն առաջին տպագիր գիրք, որպես գրատպության թոթովանք, սակայն ոչ պակաս կարևոր է նրա բովանդակությունը, որտեղ զուտ հավատալիքային տեքստերի կողքին գեղարվեստական բարձրարժեք աղոթքներ կան, որոնցից հնչեցին արմավիրյան գինեձոն-շնորհանդեսին, և նրանց ազդեցության չափը կարելի էր պատկերացնել դահլիճի լռությունից, որը ձգվեց րոպեներ` վերջին բառերից հետո:
«ՈՒրբաթագիրքը» տպագրվել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ծրագրի շրջանակում: Լույս է տեսել միջոցառումների մեկնարկի նախօրեին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութ

Հատուած ՈՒրբաթագրքից
Դիտվել է՝ 10831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ