(սկիզբը՝ այստեղ)
Սյունիքի թիկունք, Սյունիքի և Հայաստանի գոյության գրավական Արցախն առերևույթ պետական դավաճանությամբ՝ Բրյուսելի հայտարարությամբ, իր ոհմակի հետ միասին դրան նախորդած ու հաջորդած հայտարարություններով ու գործողություններով Ալիևին երկու փուլով նվիրելուց կամ վաճառելուց, վերջին հաշվով, հանձնելուց, զոհաբերելուց հետո, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նույն կերպ է վարվում նաև մեր երկրի տարածքների մի մասի նկատմամբ, ինչը կկանխորոշի Հայաստանի կործանումը:
Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն այսօր Գրանադայում հռչակագիր ստորագրելով, փաստաթղթային ձևակերպում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն: Ավելին՝ Տավուշի և Արարատի մարզերում գտնվող «ադրբեջանական անկլավներն» էլ, ըստ էության, նվիրել կամ վաճառել է ցեղակից եղբորը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, առնվազն՝ պաշտոնապես հայտնել դրա պատրաստակամությունը:
Ընդգծենք, որ Գրանադայում ստորագրվածը, ինչպես Ֆեյսբուքի օգտատերերից Տիգրան Հակոբյանն է իրավացիորեն արձանագրել , «պետական դավաճանություն է, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հակասահմանադրական փաստաթուղթ»:
Հը՞, ընդդիմություն՝ պայքարի առաջնորդությունը ստանձնած քաղաքական հայտնի ուժեր, «Ազգային կոմիտե» հորջորջված, Նիկոլը Գրանադայում այսօր փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետրով, այսինքն՝ ներառյալ Արցախը, ինչպես նաև Հայաստանի Տավուշի և Արարատի մարզերում գտնվող, «ադրբեջանական անկլավներ» համարվող մեր հայրենիքի մի մասը՝ Տավուշի մարզի 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշենը: Թե դա ինչ է նշանակում, ինչի է հանգեցնելու, ծանոթացեք այստեղ, եթե, իհարկե, ծանոթ չեք… Հետևաբար հարց է առաջանում՝ այս ամենի կապակցությամբ ասելիք չունե՞ք, ավելի ճիշտ, քանի որ շատերն արդեն հոգնել ու զզվել են ձեր կրկնվող ասելիքից, հռետորական հարցս այսպես վերաձևակերպեմ՝ անելիք չունե՞ք…
Դե, իհարկե՛, չունեք, ունենայիք, վաղուց արդեն արած կլինեիք, վաղուց արդեն պարտավոր էիք անել (հիշեցնեմ՝ Արցախի Հանրապետությունը պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ, Արցախում երեկվա դրությամբ, ըստ տարբեր աղբյուրների, 15- ից մոտ 50 հայ էր մնացել, Ադրբեջանն Արցախում հայերի ցեղասպանություն է իրականացրել 1915 թվականի մեթոդներով):
Քառասունչորսօրյա պատերազմից հետո հանդիպելով պայքարի առաջնորդությունը ստանձնած քաղաքական հայտնի ուժերի, «Հայրենիքի փրկության շարժման», «Դիմադրության շարժման», իսկ վերջին շաբաթների ընթացքում «Ազգային կոմիտե» հորջորջվածի եթե ոչ ձևական, ապա, «լավագույն» դեպքում, ծայրաստիճան ապաշնորհ ու տրագիկոմեդիա հիշեցնող, գործնականում, ըստ էության, զրոյական, ավելի ճիշտ, օգուտի, հայության դեմ գոնե որևէ չարիք կանխելու փոխարեն, վնաս տված դիմադրությանը, Նիկոլը «Ազգային ժողով» կոչվածում երեկ համարձակվել է հայտարարել՝ երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, ուրեմն խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ ստորագրված է։
Ըստ Նիկոլի, այդ սկզբունքների մեջ ոչ մի նոր բան չկա, դրանց մասին գիտեն բոլորը (այստեղ Նիկոլը մասամբ ստում է, ինչին քիչ հետո կանդրադառնամ):
«Այդ սկզբունքներն արձանագրված են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հայտարարությանը հետևած հայտարարության մեջ, որը արել է ԵՄ նախագահը, այդ սկզբունքները հետևյալն են, որ 2 երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը՝ 29,800 կմ2 է, Ադրբեջանինը՝ 86,600 կմ2, երկրորդը՝ Ալմա Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար»,- ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:
Նիկոլը չի ասել, որ այդ հայտարարությամբ ուղղակիորեն հանդես է եկել նաև հենց ինքը, Հայաստանի նախագահի և «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնները զբաղեցնողներն էլ հրապարակայնորեն սատարել են իրեն, ըստ էության, կրկնել պետական դավաճանության դրսևորում հանդիսացող տվյալ հայտարարությունը: Երկրորդ. Հայաստանում գտնվող ադրբեջանական «անկլավը» հենց ինքը՝ Նիկոլն է, իսկ այն, ինչ ինքը և իր ոհմակը համարում են անկլավ, մեր հայրենիքի անքակտելի մասն են:
Նիկոլի խոսքով՝ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի և համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա է արվելու դելիմիտացիան և դեմարկացիան (Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծումը և սահմանազատումը):
«Դա պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ որ այդ մեր դիրքորոշումը այսպես՝ շատ կարծր է»,- ասել է Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին:
Նկատենք, որ Նիկոլը չի նշել, թե ո՞ր քարտեզների՝ ՌԴ Գլխավոր շտաբի՞, թե իր ցեղակից եղբոր՝ Ալիևի կամ իր ցանկացած…
Երկրորդ. մեկ այլ ու դեռ չպատասխանված հարց է, թե ինչո՞ւ հենց 1975թ. քարտեզի, և ոչ թե՝ դրան նախորդած կամ հաջորդած:
Երրորդ. Նիկոլի ասած սուտը՝ իբր այդ սկզբունքների մեջ ոչ մի նոր բան չկա, այստեղ ջրի երես է դուրս գալիս, քանի որ նորը Նիկոլի հրապարակայնորեն արտահայտած պատրաստակամությունն է («… բայց սկզբունքորեն այնպես չէ որ այդ մեր դիրքորոշումը այսպես՝ շատ կարծր է»…) Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծումը և սահմանազատումը ոչ թե 1975 թվականի քարտեզների, այլ Ալիևի չհամաձայնելու դեպքում, ինչ- որ այլ քարտեզների (բնականաբար, Ադրբեջանին ձեռնտու) հիման վրա կատարելու:
Ինչպե՞ս չհարցնել՝ ա՛յ սրիկա (սա վիրավորանք չէ, այլ Նիկոլի բնորոշումը), կարո՞ղ է Հայաստանի տարածքը հորդ կամ քո սեփականությունն է, որ կարողանաս ցեղակից Ալիևիդ տալ, հանձնել այն ամենը ինչ նա ցանկանա…
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Sputnik Արմենիայի» փոխանցմամբ , ասել էր՝ «Մենք պատրաստ ենք տրամադրել Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները, որոնք մեր տրամադրության տակ են», և վստահեցրել, որ «դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, և Ռուսաստանը պատրաստ է դրա հիման վրա առաջ շարժվել` քննարկելով կողմերի հետ»։
Նշելով նաև երրորդ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման սկզբունքի մասին, Նիկոլը երեկ հայտարարել է, որ «Եթե Ադրբեջանը հրապարակային այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը ընդամենը կարճ ժամանակի հարց է»։
Ադրբեջանը Նիկոլի ասած սկզբունքներին իր նվիրվածությունը հրապարակային թե ոչ հրապարակային կերպով չվերահաստատեց, ապացույցը՝ Գրանադա մեկնելուց, այսօր Նիկոլի հետ հանդիպելուց, բանակցելուց և «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրելուց Իլհամ Ալիևի՝ շինծու պատճառաբանությամբ հրաժարվելը:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները ասում են, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությանը այդ սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջացնում, որ իրենք խաղաղություն ասելով, նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո»,- «Ազգային ժողով» կոչվածում դեռ երեկ հայտարարել է Նիկոլը (ընդգծումը՝ մերը):
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այսպիսով շատ պարզ հասկացրել է, որ Ադրբեջանը մտադիր է Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծել և նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, և միայն դրանից հետո խաղաղության պայմանագիր ստորագրել: Այո, այստեղ է, որ նա չի ստում, միայն չի ասում, որ խոսքն իր և Ալիևի նախապատրաստած պատերազմի մասին է:
Նույնիսկ Նիկոլի՝ պետական դավաճանությամբ վերոնշյալ համաձայնությունից հետո Ալիևը փաստաթղթով չի ճանաչում Հայաստանի ոչ մի քառակուսի կիլոմետր. հասկացա՞ք… Պարզ է, որ չի ճանաչի, որովհետև Նիկոլից ու նրա ոհմակից ստացել է այն, ինչն իրեն թույլ կտա Հայաստանի դեմ հաղթական պատերազմ սանձազերծել և իրականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իր կամ Ադրբեջանի նկրտումները: Այս իրավիճակում պատերազմը կանխելու միակ միջոցը Հայաստան ՌԴ կամ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ հրավիրելն է, առնվազն՝ համապատասխան կողմերին դիմելով, Հայաստանում հայ- ռուսական- իրանական համատեղ զորավարժություններ կազմակերպելը, ինչից Նիկոլն ու նրա իշխանությունը, չնայած ավելի վաղ թե հրապարակայնորեն, թե պաշտոնապես ներկայացված պահանջներին, համառորեն հրաժարվում են: Փոխարենը, որպես մեր ներքին թշնամիներ, հետևողականորեն փչացնում են Հայաստան- Ռուսաստան, Հայաստան- ՀԱՊԿ, Հայաստան- Իրան հարաբերությունները;
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ