«Զանգեզուրի միջանցքի» թեման կրկին ակտուալ է:
Չնայած՝ պատերազմի նման վերջնարդյունքից ու կապիտուլյացիայից հետո, բնական է, որ թշնամին փորձելու է քաղել ավելին, ճնշումներ գործադրել, հնարքներ բանեցնել ու բավարարել իր առավելապաշտական նպատակները:
Եթե մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի գյուղատնտեսության նախարար ոմն Իբրահիմ Յումակլին հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցքը թյուրքական աշխարհի դուռն է, որը միանշանակ պետք է բացվի: Իսկ Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում հնարավորություն է ստեղծել բացելու այն», ապա այսօր՝ Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու, ծայրահեղ ազգայնական Օղան Սինանն ակնարկում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են հարձակվել Արցախի վրա։
Ավելին՝ «պատմությունը կվերադառնա իր ակունքներին, Զանգեզուրի միջանցքն անպայման կբացվի»։
Այս կապակցությամբ տրիվիալ բառեր չեմ արտաբերի, անգամ չէի էլ արձագանքի ինչ-որ քաղաքական գործչի «ոգեղենիկ» ու պաթոսային գրությանը, եթե չդիտարկեի այն հանգամանքը, որ վերջինս այն քաղաքական ֆիգուրն է, ով այսուհետ հանդես է գալիս թուրքական իշխանությունների անունից, հանդիսանում է Էրդողանի աջ ձեռքը, գուցե հետագայում էլ «գործուղվի» Ադրբեջան՝ որպես Ալիևին փոխարինող:
Ակնհայտ է, որ Թուրքիան ինչպես 2020 թվականին, այնպես էլ հիմա ծրագրում է օգնել Ադրբեջանին՝ այս անգամ Հայաստանի հարավի վրա հարձակվելու և բռնի կերպով միջանցք բացելու հարցում:
Դրա իրագործման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան ցամաքային կապ կապահովեն՝ դրանով իսկ իրականացնելով պանթյուրքիստական երազանքը։
Հարավային հարևան Իրանը գիտի այս ամենի մասին, կատեգորիկ դեմ է սահմանների փոփոխման ցանկացած սցենարի, այդ հարցում անդրդվելի է, ուստի դիվանագիտական խողովակներով ժամանակ առ ժամանակ Ադրբեջանին զգուշացնում է զերծ մնալ Սյունիքի վրա հնարավոր հարձակումներից:
Կարելի է ենթադրել, որ ռազմական ագրեսիայի արդյունքում Սյունիքով միջանցքի բացման ադրբեջանական «ախորժակը փակողն» ու «արգելանքի պատվիրատուն» առ այսօր մնում է Իրանը:
Հողի վրա նրա ազդեցությունն է ակնհայտ:
Այդ իսկ պատճառով էլ Էրդողանը հասկանում է, ավելին՝ բարձրաձայնում, որ խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը, միաժամանակ վստահ է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի հետ այդ հարցում կգտնի ընդհանուր լեզու ու կգան հայտարարի:
Իսկ թե ի՛նչ կարող է առաջարկել Էրդողանը Ռաիսին, որի արդյունքում վերջինս կմտափոխվի, խիստ դժվար է ենթադրել…
Կարծում եմ, որ ցանկացած գրավիչ առաջարկ ու ձեռնտու պայման չի կարող կասկածի տակ դնել ազգային դոկտրինն ու պետական անվտանգային հայեցակարգերը:
Վերջիններս շրջանցող ցանկացած առաջարկ անգամ քննարկման առարկա չի կարող լինել:
ՈՒստի թուրք-ադրբեջանական ցանկությունները, նպատակներն ու ծրագրերը Սյունիքում բախվում են Իրանի պետական շահերի ու անվտանգային հայեցակարգի հետ:
Իսկ ինչ ենք անում մենք:
Ավելի ստույգ՝ ՀՀ իշխանությունները:
Փորձում են ինքնախաբեությամբ՝ իրենք իրենց, գավառական շուստրիությամբ էլ մեզ համոզել, որ բացառվում է էքստերիտորյալ միջանցքի տրամաբանությունը, սակայն դեմ չեն, որ բոլոր ճանապարհները ապաշրջափակվեն ու գործարկվեն:
Սյունիքով Հայաստանը պատրաստ է տրամադրել ոչ թե մեկ, այլ մի քանի ճանապարհներ, որոնք ցամաքային կապ կապահովեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև:
Սակայն փաստ է, որ այլ երկրի օրենսդրությանը ենթակա ճանապարհներ Ադրբեջանը չի ցանկանում:
Ընդհակառակը՝ պատրաստվում է ռազմական ճանապարհով իր համար ապահովել միջանցք, որը կլինի բացառապես իր տնօրինման տակ:
Այսօր մենք կանգնած ենք հենց այս վտանգի առաջ:
ՈՒստի, յուրաքանչյուրիս մոտ ծագում է հետևալ հարցը.
ի՞նչ անել, որպեսզի բացառենք նման սցենարի իրագործումը:
Այս հարցում մենք միայնակ անզոր ենք:
Հետևաբար, առաջնահերթ պետք է բանակցել Իրանի հետ:
Պարադոքսն այն է, որ առ այսօր Իրանի հետ մշակված չէ անվտանգային հարցերով ընդհանուր ռազմավարություն, չկա արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համատեղ հայեցակարգ:
Եվ իհարկե այդ խայտառակ բացթողումը կարող է հանգեցնել ճակատագրական ու անդառնալի հետևանքների:
Դա էլ քիչ չէ, ՀՀ իշխանությունները որերորդ անգամ տարբեր անհարկի պատճառաբանություններով մերժում կամ վտանգավոր անտարբերությամբ արհամարհում են Իրանի առաջարկած համատեղ զորավարժությունների անցկացումը:
Էլ չեմ խոսում ժամանակին առաջարկվող՝ տեխնիկայի ու սպառազինության մատակարարման, ռազմական համագործակցության գերազանց հնարավորությունների բացթողման ու մսխման մասի:
ՈՒ դա այն պարագայում, երբ Իրանի պաշտպանության փոխնախարարի գլխավորությամբ պատվիրակությունն այս պահին գտնվում է Բաքվում, որտեղ բանակցություններ են
ընթանում ինչպես Ադրբեջանի հետ հնարավոր ռազմական համագործակցությանն առնչվող հարցերում, այնպես էլ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասով:
Հետևաբար, օր առաջ պետք է իրենց ողջ պոտենցիալով հանդերձ վերբեռնել ռազմաքաղաքական հարաբերություններն Իրանի հետ:
Պետք է հստակեցնել, կանոնակարգել, պլանավորել համատեղ անվտանգային միջոցառումների իրականացումը տարբեր իրավիճակներում:
Խիստ անհրաժեշտություն է ու հրամայական՝ Իրանի հետ պարբերաբար զորավարժությունների անցկացումը Սյունիքում:
Ի դեպ, Իրանը կրկին զորքեր է կուտակում Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններին, ու ամենօրյա ռեժիմով, օպերատիվ կերպով վերահսկողության տակ է պահում ողջ սահմանագիծը:
Միաժամանակ Իրանը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին զգուշացրել է զերծ մնալ Սյունիքի վրա հնարավոր հարձակումներից:
Այնպես օր այս առումով գնդակը հիմա մեր դաշտում է:
Հապաղելը, առավել ևս չանելը՝ մեղմ ասած տգիտություն ու անհեռատեսություն է:
Իսկ մեր մասով անելիքը մեկն է.
սպառազինել երկրի հարավը, կահավորել առաջնագիծը, պատրաստվել հավանական, պարտադրված պատերազմի:
Իհարկե խիստ տարակուսելի է, թե պատերազմից 5 պակաս վիճակում գտնվող երկիրն ինչպե՞ս է բավարարելու վերը թվարկածս իր պարտավորությունները, երբ այս պահի դրությամբ կալանքի տակ է պահում մի շարք պրոֆեսիոնալ բարձրաստիճան սպաների, հրամանատարների, Հայաստանի զենքի գլխավոր մատակարարին, իսկ Գլխավոր շտաբի ամբողջ աշխատանքները համակարգող մի շարք պատասխանատու և կարևորագույն պաշտոնները, ինչպիսիք են՝ ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատարը, ՀՀ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 2 տեղակալները ամիսներով թափուր են:
Այս ամենին գումարած այն, որ զինված ուժերի առաջին դեմքը բացարձակ «իր տեղում» չէ:
Սա աբսուրդ է ու նոնսենս:
Սա նշանակում է, որ այդ պաշտոնները թափուր լինելու պարագայում՝ համակարգի որոշ ոչ կոմպետենտ անձնակազմով հանդերձ պարտադրված պատերազմի գնալը ճանապարհ է դեպի գիտակցված կորուստ և գիտակցված պարտություն։
Այս ամենն իրոք մտորելու, տարակուսելու առիթ է տալիս:
Ինչևէ, անկախ ամեն ինչից յուրաքանչյուրիս պարտքն է՝ այսպիսի օրհասական պահերին ամուր կանգնել բանակի կոքին:
Իսկ իշխանություններին մնում է հորդորել մի բան՝ խելքի ու ուշքի գալ:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ