Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ինչ պետք է անել այստեղ տարածաշրջանային մեծ պատերազմից խուսափելու համար, և ում ձեռքում է խնդրի լուծման բանալին

Ինչ պետք է անել այստեղ տարածաշրջանային մեծ պատերազմից խուսափելու համար, և ում ձեռքում է խնդրի լուծման բանալին
26.07.2023 | 21:55

Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը բացելուն նպատակաուղղված ՌԴ ղեկավարության բոլոր հայտարարություններն առ այսօր, ցավոք, ձայն բարբառո անապատի են

2023 թ. հուլիսը դեռ չի ավարտվել, բայց միայն այս ամսվա ընթացքում հսկայական երկրի, աշխարհում հազար ու մի դարդուցավ, խնդիրներ ունեցող, ամենակարևորը՝ ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի կողմից ՈՒկրաինայի միջոցով իր դեմ ծավալվող կենաց-մահու պատերազմի մեջ խրված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, անձամբ արտաքին գործերի նախարարը և նախարարի տեղակալն Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում իրենց նախաձեռնությամբ արդեն, ընդհանուր առմամբ, երեք անգամ անդրադարձել են Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի և Արցախի խնդրին, զբաղվել դրանով:

Բացի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, ՌԴ արտգործնախարարությունը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հնարավոր ամեն ճիգ ու ջանք գործադրել են, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի հիշյալ միջանցքի արգելափակումը, ինչպես նաև կանխվի Ադրբեջանի և Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմը, որը բռնկվելու դեպքում անտարակույս կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի՝ դրանում Ռուսաստանի, Թուրքիայի, հնարավոր է նաև Իրանի, վերջինիս դեմ էլ Իսրայելի ընդգրկմամբ:

Ստորև ներկայացնում ենք ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված այն անժխտելի փաստերը, որոնք Հայաստանում մեր երկրի, Արցախի և Ռուսաստանի որոշ թշնամիներ միտումնավոր անտեսելով, չտեսնելու տալով, վատաբանում, վայրահաչում, զրպարտում են Ռուսաստանին, նրա ղեկավարությանը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ցավոք, նրանց անհիմն, հանիրավի, զրպարտչական մեղադրանքները երկրորդում են իրականությանն անտեղյակ անձինք:

2023 թ. հուլիսի 15- ին ՌԴ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ , որն արդեն մասամբ ներկայացրել ենք «Ադրբեջանին զուգահեռ, Ռուսաստանի ղեկավարությանը, խաղաղապահներին, ՌԴ-ին թիրախավորել են նաև հուդան, նրա և Արևմուտքի արբանյակները» վերտառությամբ հոդվածաշարի երեկվա հրապարակմամբ , և որին առաջիկայում առավել հանգամանորեն դեռ կանդրադառնանք:

Վերոնշյալ հայտարարությունից ընդամենը 2 օր անց՝ հուլիսի 17- ին, Մոսկվայում կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի և Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հանդիպումը: Դատելով ամենից, դեսպանը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարություն, ընդ որում, հրավերը պայմանավորված է եղել նաև ս.թ. հուլիսի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանություններով :

Վերոնշյալ հանդիպման վերաբերյալ ԶԼՄ- ներին ուղղված ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը: Ռուսական կողմից վերահաստատվել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նորմալ կենսաապահովման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։

Ս.թ. հուլիսի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես հարգանքով է վերաբերվել և վերաբերվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է Դաշնակցային փոխգործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին: Միևնույն ժամանակ, դա չի չեղարկում

հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համալիր առաջմղման խնդիրը, օրակարգում դրված բոլոր հարցերը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, բացառապես խաղաղ

քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու խնդիրը» (ընդգծումները՝ մերը):

ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարությունից 10, իսկ Ռուդենկոյի և Բյուլբյուլօղլիի վերոնշյալ հանդիպումից 8 օր հետո՝ հուլիսի 25- ին, Մոսկվայում կայացել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: ՌԴ ԱԳՆ- ն իր կայքում հրապարակել է բանակցությունների ընթացքում Ս. Լավրովի բացման խոսքը, որում մասնավորապես նշված է.

«Ցանկանում ենք այսօրվա հանդիպումն օգտագործել մեր տարածաշրջանի ամենակարևոր հարցերից մեկը լուծելու համար, նկատի ունեմ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունացումը։ Համոզված ենք, որ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարումն է (1 , 2 , 3, 4 ).

Պատրաստվում են մի շարք լրացուցիչ փաստաթղթեր մեր առաջնորդների քննարկման համար։

Ցանկանում ենք հատուկ ուշադրություն դարձնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ բարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացմանը։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրել այդ ստորագրման համար։

Սակայն Լեռնային Ղարաբաղի և նրա հետ կապված ամեն ինչի վերաբերող այլ հարցեր ևս արժանի են կանոնավոր ուշադրության։ Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ միջազգային հանրությունում մեծ ուշադրություն և մեկնաբանություններ է հարուցում։ Գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի ընկերները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական հարցերից մեկն է» (ընդգծումները՝ մերը)։

Թե ինչ քաղցր խոսքեր է ասել, սուտ, կեղծ խոստումներ տվել Բայրամովը Լավրովին, որ վերջինս գնահատել է Ռուսաստանի «ադրբեջանցի ընկերների» հասկացողությունը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության վերաբերյալ, կարելի է ենթադրել: Լավրովի այս գնահատումը կամ ընդամենը դիվանագիտություն, քաղաքականություն է (ձևացնել, թե հավատում է…), որը Ռուսաստանն անհրաժեշտ է համարում մինչև իր համբերության բաժակի լցվելը, կամ «ծերուկը» հավատացել է խորամանկ Բայրամովին: Հուսանք՝ առաջինը:

Հենց նույն օրը՝ հուլիսի 25- ին, «ադրբեջանցի ընկերները» կամ Ադրբեջանը հերթական անգամ ու շատ ակնառու կերպով ոչ միայն արցախցիներին, այլև պարոն Լավրովին և, ընդհանրապես, ՌԴ ղեկավարությանը ցույց են տվել, թե ինչպես են հասկանում «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»:

Հենց նույն օրը «РИА Новости»- ին հղում կատարելով ՌԴ ՊՆ-ի վրա, տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում գտնվող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտվել է հրադադարի ռեժիմը:

Չնայած ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարությամբ Ադրբեջանի ղեկավարությանն ուղղված խիստ կոչին՝ «շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ», դրանից առաջ էլ, մասնավորապես, հունիսի 23- ին Բաքվին ուղղված նմանաբնույթ կոչին , նշված հայտարարություններից հետո Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, անհրաժեշտության ռուսական կողմի վերահաստատմանը , Ադրբեջանի ղեկավարությունը փաստորեն մնում է անդրդվելի:

Խնդրի լուծմանը հասնելու կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլ պաշտոնյաների բոլոր հայտարարություններն առ այսօր ընդամենը ձայն բարբառո անապատի են, ջանքերը՝ ընդունայն, հետևաբար իրավիճակը գնալով դառնում է պայթյունավտանգ:

Իսկ ինչ պետք է անել տարածաշրջանային մեծ պատերազմից խուսափելու համար, և ում ձեռքում է խնդրի լուծման բանալին…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ