Մայիսի 18-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն «Թանգարանները Հայաստանում. անցյալից ներկա» խորագրով:
Ամեն տարի մայիսի 18-ը աշխարհի ավելի քան 150 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում նշվում է որպես Թանգարանների միջազգային օր: Այդ և հաջորդ երկու օրերին կազմակերպվում են բազմաթիվ թանգարանային միջոցառումներ: Մայիսի 18-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն «Թանգարանները Հայաստանում. անցյալից ներկա» խորագրով:
Միջոցառման բանախոսը թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն էր, ով ներկայացրեց հայկական թանգարանների ստեղծման, զարգացման, այժմյան թանգարանային ցանցի պատմությունը. «Ասում ենք` Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց մեր թանգարանների պատմությունը, կարծես, անտեսված լինի, չի ներկայացվում: Այս ինստիտուտները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար, մանավանդ այսօր ամենակարևոր պայքարի գործիքներից են»:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց թանգարանային նախատիպերից մինչև պետական ազգագրական, արգելոց-թանգարանների, հնագիտական, հուշային և այլ թանգարանների ստեղծման պատմությունը, ինչպես նաև այդ գործընթացի դժվարությունները, տարբեր ժամանակաշրջաններում ոլորտում առկա միտումները:
Ըստ ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027թթ. ռազմավարության հրապարակված նախագծի՝ հանրապետությունում գործում է 134-ից ավելի թանգարան ( թիվը շարունակաբար ավելանում է), որից 66-ը պետական են: Մյուս թանգարանները գտնվում են ԿԳՄՍ և այլ նախարարությունների, մարզպետարանների, համայնքային, հասարակական կազմակերպությունների, մասնավոր անձանց ենթակայության տակ:
Պատմությունից ու ժամանակագրությունից զատ անդրադարձ կատարվեց թանգարանների առջև ծառացած հիմնախնդիրներին, որոնք իրենց մեջ ներառում են ֆինանսավորման, մասնագիստական ոլորտում առկա բացերի, գործունեության արդյունավետության գնահատման չափանիշների, թերի իրավական դաշտի խնդիրները:
Հասարակության շրջանում թանգարանների ընկալման խնդրի լուծման ճանապարհին Դավիթ Պողոսյանը կարևորում է ռեսուրսների, ֆինանսների ներդրման ուղին, որի շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել թանգարանների սպասարկման և մյուս հնարավորությունները: «Մեր թանգարանները ունեն զարգացում, բայց մեծ փոփոխությունների համար մեծ ներդրումներ են պետք»,-նշեց նա:
Մայիսի 20-ին անցկացվելու է ամենամյա «Թանգարանային գիշեր» միջոցառումը, որի ժամանակ ակցիային միացած թանգարանները, այդ թվում նաև Հայաստանի պատմության թանգարանը, չեն փակում իրենց դռները մինչև կեսգիշեր և սպասում են բոլոր այցելուներին:
Անի Ղևոնդյան