ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին հայտարարության՝ ԼՀԿ խմբակցության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում։ Կողմ քվեարկեց 37, դեմ՝ 76, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ Նախագծի հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը մինչ քվեարկությունը հայտարարեց՝ դեռևս 2020-ի նոյեմբերի 14-ին ԼՀԿ -ն ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։
«Մենք պնդում էինք, որ երկրի թիվ մեկ բանակցողը պետք է փոխվի, այլապես հայանպաստ որոշումների չենք կարող հանգել բանակցությունների ժամանակ։ Մեր պնդումը հերքվում և դատապարտվում էր իշխանությունների կողմից, սակայն հունվարի 11-ին մեր պնդումը դարձավ իրողություն։ Իշխանությունները որևէ քայլ չեն արել ներքին համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու համար»,-ասաց նա։
Ըստ Մարուքյանի՝ քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, որ պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը։ «Քաղաքական ճգնաժամը ՀՀ-ում հաղթահարված չէ։ Իշխանությունը որևէ առիթ չի ուզում օգտագործել՝ ցույց տալու աշխարհին, որ համերաշխ չէ, որ 21-րդ դարում ադրբեջանական բանտում գերիներ կան։ Դուք ոչ մի կերպ դասեր չեք քաղել տեղի ունեցածից, շարունակում եք նույն կերպ լռեցնել ընդդիմությանը»,-ասաց նա։
Նախագծի հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ հանձնաժողովում նախագծին տրվել է բացասական եզրակացություն՝ շատ պարզ պատճառով․
«Երբ ԱԺ-ն հայտարարություն է ընդունում, դրանք արտահայտում են ԱԺ-ի քաղաքական կամքը։ Այս հայտարարության նախագիծը չի կարող լինել խորհրդարանի քաղաքական կամքը, դա մեր պետաիրավական հանձնաժողովի մեծամասնության կարծիքն է»,-ասաց Հովակիմյանը։
Էդմոն Մարուքյանը խնդրեց 20 րոպե ընդմիջում՝ «Իմ քայլը»-ի հետ բանակցելու համար։ Ընդմիջումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իշխանությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ՝ պատերազմի հետևանքներից հետո առաջացած իրավիճակը հաղթահարելու համար, առաջարկվել է բոլոր քաղաքական ուժերին ցանկության դեպքում քննարկել այդ ճանապարհային քարտեզն իրականացնելու ուղղությամբ յուրաքանչյուրի դերակատարումը։