Ամերիկացի երգիչ, երաժիշտ ԴԱՆԻԵԼ ԴԵՔԵՐԸ այցելել է Հայաստան, իր իսկ խոսքով՝ սատարելու Հայաստանի և Արցախի հայերին։ 2016-ին, քառօրյա պատերազմի առիթով, Դեքերը դարձյալ Հայաստան էր ժամանել՝ հայտնելու իր զորակցությունը։ 2005-ին Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ երգելու «Ադանան»` Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ։ Տասնհինգ և ավելի անգամ մեր երկիր ժամանած երաժիշտը 2015-ից ստացել է Հայաստանի քաղաքացիություն՝ իր իսկ ընտրությամբ։ Հարկ եղած դեպքում նա իր ազգանվան վերջում ավելացնում է հայկական «յան»-ը։ Դանիել Դեքերը (Դեքերյանը) աշխարհին ներկայացնում է հայկական երգարվեստը, համագործակցում հայ երաժիշտների ու երգիչների հետ։ Այս այցելությունն էլ զերծ չէ երաժշտական նորությունից։
-Պարոն Դեքեր, երաժշտական ի՞նչ նորություն եք ներկայացնելու մեր հայրենակիցներին ու երաժշտասերներին՝ առհասարակ։
-Ավարտել ենք «Իմ Արցախ» երգի ձայնագրությունը, պատրաստել տեսահոլովակը և առաջիկա օրերին կներկայացնենք հանրությանը։ «Իմ Արցախ» երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է։ Առաջին անգամ այն կատարել եմ 2017-ին` Շուշիում «Իմ Արցախ» նախագծի շրջանակներում կազմակերպված համերգի ժամանակ։ Ինձ համար կարևոր է հենց այս օրերին այդ երգը նվիրել շուշեցիներին։
-2010-ին թողարկած Ձեր «Հայ եմ իմ ընտրությամբ» ալբոմում ընդգրկված է 13 հայկական երգ։ Ձեր երգացանկը հարստացրե՞լ եք հայկական նոր երգերով։ Նպատակ կա՞ թողարկելու նմանատիպ մեկ ալբոմ ևս։
-Արա Գևորգյանի հետ ունենք համատեղ գրված երգ՝ նվիրված Արաքսին, որը յուրահատուկ երգ է։ Սովորաբար Արաքսին նվիրված երգերը սիրո խոստովանություն են հենց գետին, իսկ այս դեպքում Արաքսի սերն է արտահայտվում իր ժողովրդի հանդեպ։ Մի երգ եմ հեղինակել, որը հավանաբար որպես զուգերգ եմ ներկայացնելու՝ Եվա Եգանյանի հետ։ Եվս երեք-չորս երգ պատրաստման փուլում եմ։ Գուցե արդյունքում իսկապես հայկական երգերի նոր ալբոմ ձևավորվի։
-Շատ ենք խոսում մշակութային երկխոսության, արվեստի ուժի մասին։ Հակամարտության այս օրերին մշակույթը, բախվելով աշխարհաքաղաքական շահերին, չի՞ դառնում անզոր։
-Բնավ անզոր չէ։ Արվեստը մեծ ուժ է։ Արա Գևորգյանի հեղինակած «Ադանա» երգը ես կատարել եմ տարբեր լեզուներով, և այն մեծ ազդեցություն ունեցավ աշխարհում Ցեղասպանության ճանաչման և իրազեկման գործում։ Այնպես որ, արվեստը և մշակույթը կարող են մոտիվացնել, ոգևորել, ոգեշնչել մարդկանց, ոտքի կանգնեցնել։ Հատկապես այսպիսի դժվար իրավիճակներում արվեստի դերը շատ մեծ է։
-Հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեզ ոգեշնչում են Հայաստանի մշակութային հարստությունը, երաժշտությունը, քրիստոնեական ժառանգությունը, գեղեցիկ բնաշխարհը, բայց ամենից շատ սիրում եք հայ ժողովրդին: Գուցե նաև այս հատկանիշների համա՞ր է թշնամին փորձում ոչնչացնել հայ ժողովրդին։
-Վստահաբար քրիստոնյա լինելը հանգամանք է, որ դուր չի գալիս մեր թշնամուն։ Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիան նպատակ ուներ ոչնչացնելու քրիստոնյաներին։ Այսօր էլ տեսնում ենք, որ այդ հանգամանքը դեր ունի։ Իսկ եթե փորձենք համեմատել կառավարման համակարգերը, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները հանրությանը պահում են մետաղյա բռունցքի մեջ, չեն հանդուրժում այլակարծություն, բանտարկում են լրագրողներին, որոնք բարձրաձայնում են խնդիրներ, որ նրանց հաճելի չէ լսել։ Հայաստանում կա ազատ խոսք, այստեղ ջերմորեն են ընդունում այլազգիներին, հայերը ջերմ, հյուրընկալ ժողովուրդ են։ Նման փորձառություն չեմ ունեցել թուրքերի և ադրբեջանցիների պարագայում։
-Ի՞նչ ելք եք կանխատեսում մեր փոքր ժողովրդի մեծ պայքարի համար։
-Շատ բարդ հարց է։ Ես քաղաքական գործիչ չեմ, երկրի ղեկավար չեմ և շատ դժվար է կանխատեսումներ անել նման իրավիճակների ելքի վերաբերյալ։ Բայց իմ աղոթքը հանուն խաղաղության է և հանուն Արցախի ու Հայաստանի հայերի հաղթանակի։ Դժվար է ասել, արդյոք այլ երկրներ կգա՞ն մեզ օգնության, թե՞ ոչ, բայց ես հաճախ եմ լսում, որ մարդիկ ասում են՝ մենք մենակ ենք։ Իրականում մենք մենակ չենք, մենք միասին ենք Հայաստանում և Սփյուռքում, մենք ունենք մեկս մյուսին, մենք կարող ենք միաբան լինել և ցույց տալ, որ վճռական ենք, անվախ ենք և հետ չենք կանգնելու մեր պայքարից։ Արցախի և Հայաստանի հայերը գիտեն այս երկրի արժեքը, որ նրանց հայրենիքն է հազարամյակներ շարունակ, և նրանց պայքարը արդար է։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ