Հունիսի 14-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ պատերազմական հռետորաբանություն փոխադրեց գործողությունների դաշտ` լիովին անտեսելով հուլիս 14-ի գիշերը Հայաստանի խաղաղասիրական հռետորաբանությունը։ Չնայած այս պարզ իրողությանը, միջազգային հարթակներում փորձ է արվում հավասարության նշան դնելու Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների միջև։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը` միջազգային հանրության ուժերի աչքերը բացելու համար։ Այս հարցն ուղղեցինք ՀՀ հանրային խորհրդի նախկին նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ։
-Այս պահին ճիշտ է խոսել միայն ռազմական գործողություններից, քանի որ Ձեր բարձրացրած հարցը մեծ զրույցի թեմա է,- ասաց պարոն Մանուկյանը։- Եթե ստեղծվում է պարտադրված ռազմական իրավիճակ, ապա պարտադիր պետք է հաղթես։ Այս իրավիճակից մենք հաղթանակով դուրս եկանք. առաջին` բարելավեցինք մեր դիրքերը, երկրորդ` մեր մարդկային և տեխնիկական կորուստներն անհամեմատ ավելի փոքր են, քան Ադրբեջանինը։ Եվ երրորդ, որն ավելի կարևոր է, Ադրբեջանը հասկացավ` իր առջև բանակ է, որն անընդհատ հաղթում է։ Դա իրենց մոտ առաջացնում է հոգեբանական բարդույթ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունների քաղաքական հետևանքներին, ապա, գնահատելով իրավիճակը, կարող ենք ասել, որ այս պահին մենք շահեկան դիրքերում ենք և՛ քաղաքական, և՛ ռազմական տեսանկյունից։ Այլ բաների մասին խոսել չէի ցանկանա։
-Այդ դեպքում` վերջին հարցը. ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների և Մինսկի խմբի չեզոք բնույթի հայտարարությունները։
-Դա առանձին քննարկման հարց է և ես չեմ ցանկանում այս պահին անդրադառնալ դրան։ Կարևորն այն է, ինչ ես արդեն ասացի։ Իսկ քաղաքական, դիվանագիտական հարթությունում, ցավոք, Հայաստանը լուրջ բացթողումներ ունի։ Բոլոր դեպքերում, քանի որ այս պահին պլյուսով ենք դուրս եկել ստեղծված իրավիճակից, չմտածենք, թե ինչ մինուսներ են սպասվում։ Ինչպես ռուսական ասացվածքն է ասում` «Խնդիրները կլուծենք, երբ դրանք առաջանան»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ