Ալֆան և օմեգան
14.02.2020 | 02:14
Լեյդիզ ընդ ջենթլմեն (տիկնայք և պարոնայք) և ուրիշներ, товарищи и друзья (ընկերներ և բարեկամներ), յու ար ուելքամ (բարի գալուստ) մեր ազատ, անկախ, ժողովրդավար և ինքնիշխան թագավորություն: Կարմիր լապտերների հեղափոխությունը, որի մասին ես այդքան խոսում և հանուն որի պայքարում էի, վերջապես իրականացավ: Ժապավեն չենք կտրելու նախկինների նման, պարզապես, հիմնվելով ժողովրդի վստահության վրա, ես, համաշխարհային առաջադեմ ժողովրդավար հանրույթի կողմից, լիազորված եմ բացված հայտարարելու հեղափոխական գործընթացների համաշխարհայնացման դարաշրջանը մեր մոլորակի վրա: ՈՒ թե մեր մղած մայիսյան հերոսամարտերի փայլից չշիկներ ճակատը նախկինների, իր մութ այրերում շունչը կփչեր հայրենի երկիրս… Հասկացաք, չէ՞, ի՛նչ պոետական էքսպրոմտ սարքեցի ոտի վրա: Դասականն անգամ կնախանձեր: Վասնզի, հիշե՛ք, ես նախ բացառիկ քաղաքական գործիչ, ապա նոր պոետ եմ:
Ձմեռ էր բոլոր, ծառերը մորեմերկ տկլորվել էին: Սակայն, նախապես ասեմ, որ մինչև վարդապետի վերին խազը խրված եմ կեղտի մեջ, և այդ ուբոռնուց, որը նույնն է, ինչ բիոզուգարանը, զոր հանապաժամյա և հանապազօրյա, ապա ամենշաբաթյա, ամենամսյա պարբերականությամբ արտադրում է պարարտանյութ՝ երկրում բերքատվությունը բարձրացնելու նպատակասլացությամբ և հանուն տուրիզմի սպասվելիք աննախադեպ զարգացման, ուրեմն, թե դուրս չեկա այդ արտաքնոցից, որ հիշեցնում է մեր բաղի վերի ծերին փորված բաց առաստաղով փոսը, որտեղ հատկապես գիշերային ժամերին անամոթաբար ծիկրակում էին երկնային մանր ու խոշոր լուսատուները, իսկ թեթև զեփյուռը հաճելիորեն տարուբերում էր դռանը փոխարինող վարագույրը, թաղելու եմ սաղիդ այդ կեղտ ու ժեխի մեջ, քանզի մղձավանջային չարագուշակ գիշեր անցկացրի զայսօրս, մինչև արեգակի առաջին ճառագայթները ցրեցին մութը, և լույսը բաց ձեռքերի թավշյա նրբությամբ թափանցեց հոգուս ու մտքիս մեջ:
Մի խումբ սատանաներ, դդմաձև գլուխներով, ծուռտիկ ոտքերով, իրենց գերագույն գլխավոր հրամանատարի հետ, որն ըստ իս՝ որձ էր, հնարավոր է նաև էգի տարբերակը, քանզի աչքերը ներկված էին և ականջներից մեկին օղ ուներ կախված ու, եթե ոչ դիմագծերը, ապա հոտը հիշեցնում էին տատիս, ինձ վերցրել էին կլոր շրջանի մեջ ու շուրջպար բռնել: Վայրի և անկանոն շարժումներով, այսուայն կողմ վերուվար ցատկոտելով և ահաբեկող գոռում-գոչյուններ արձակելով նրանք պտտվում էին շրջանագծով ու բացականչում անհասկանալի բնաձայնություններ՝ հո՜ւ-հա՛, դը՛մփ-դը՛մփ, հո՜ւ-հա՛, դը՛մփ-դը՛մփ…
Ես փորձում էի մոտենալ այդ ուրվականակերպարանք գաճաճ արարածների պատնեշին, ճեղքել վհուկների շրջափակումը, բայց մարդակերների հիստերիկ վայնասունն ու քրքիջը ահասարսուռ և սպառնալի էր. նրանք պատրաստ էին նետելու ինձ հսկա խարույկի մեջ, որի կայծերը բարձրանում և հանգչում էին մութ երկնքի աստղերին ձուլվելով: Ես հասկացա, որ սատանաները ցանկանում են խորովել ու խժռել ինձ մինչև վերջին կռճիկս: Սատանայապետը շրջանի կենտրոնում, մտրակը օդում թափահարելով հռհռում և հրահրում էր յուրայիններին, հասկացնում, որ առայժմ խնայում է ինձ ՝ հաճույք ստանալով իր խաղից, բայց կարող է նաև հարվածել՝ կատվի խաղը մկան մահը հայկական ժողովրդական անհեթեթ ասույթին հետևելով: Եվ շըրը՛խկ… հանկարծ բացվեց մեր պապենական տան դուռը, որտեղ էդ գիշեր տատս էր մենակ, ու թուրք կանանցով տունը լցվեց, տունը լցվեց թուրք կանանցով, Ճիչ-գոռոցով, հռհռոցով…
Ահռելի ձորում մի կտոր լուսին նայում էր գաղտուկ, թաքչում ամպերում։ Էն մութ, ահավոր գիշերվա կիսին վազում էր պառավն էն մութ ձորերում։ Չարքերը ընկած նրա հետևից, հերարձակ խմբով, ճիչ-աղաղակով հասնում են մեջքին, բռնում են թևից, զարկում են, զարկու՜մ օձի մտրակով... Իսկ մութ խավարի միջից անդրշիրիմյան մի ձայն, ասես ջրհորի խորքից, արձագանքում էր՝ բռնեցեք, փախավ տատս խելագար…Գնա արի, ման արի, գիշերները տուն արի… ՈՒ սպասվող հարվածը չուշացավ՝ դաղոցը շամփրեց ուղեղս, աչքերիս իջավ սև վարագույր, և ես լարվածությունից ու ահուսարսափից փշաքաղված, քրտնամխած վեր թռա…
Վատ երազ էր: Չարագուշակ նախազգուշացում. նախ սատանաները, հետո՝ տատիս մասին հիշողությունը: Ապո ջան, դե գնա-արի, ման արի, կնիկ ջան, թե իմանաս, ինչ լավ բան է արաղը, դու կծախես աման-չաման ու մաղը: Ծաղկեց Մարոյի բոստանը: Հլի, հե՜յ: Դեռ ու՞ր ես…
Ստիպված էի անմիջապես ձեռնարկել առաջին անհրաժեշտության միջոցառումներ՝ զանգահարեցի ԱԱԾ, ՀՔԾ, գլխավոր դատախազին և հայտնեցի, որ երկրում մոլեգնում է սև տեռորը, քաղաք է թափանցել սատանան իր վհուկների հետ և ակտիվ աշխատանքներ է իրականացնում քթներիս տակ, իսկ իրենք էշի ականջում քնած են, պահանջեցի լրացուցիչ ուժեր տրամադրել թիկնազորիս և շուտափույթ ձեռնամուխ լինել սատանայի, սատանիստների և կանիբալիստական մարդակերության արնախում հետևորդների բացահայտման ու չեզոքացման գործողություններին: Անհրաժեշտության դեպքում հայտարարել արտակարգ դրություն՝ արգելել ամեն տեսակի ելումուտ, մեկ անձից ավելի խմբվելը, կտրուկ շարժումները և ոչնչացնել հավանական թշնամուն ու նրա ուրվականներին առանց նախազգուշացման: Մենք տիրապետում ենք անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ներքին զորքեր, հրետանի, հակաօդային պաշտպանություն, տեխնիկական և ռազմաօդային հագեցվածություն, հարկ եղած դեպքում նաև Սևանի նավատորմը, Վենետիկի ափերին խարսխած «Արմենիա» առագաստանավը, տակավին երեք տասնամյակ առաջ մեր կառավարության ձեռք բերած և համաշխարհային օվկիանոսի ջրերում լողացող մեկ ատոմային սուզանավ՝ Հնդկական օվկիանոսում և մեկ ավիակիր՝ Միջերկրականում:
«Խելագարվեցի՞ր, արա: Ռազմածովային ուժերը ոչ ևս են: Բայց դու ու՞մ դեմ ես պատրաստվում ամբողջ զինանոցդ կիրառելու՝ սեփական ժողովրդի՞դ, որի ծոցից ես դուրս եկել ու հասել էսօրվա բարձունքներիդ»:
Ներքին ձայնս մարտական էր տրամադրված իմ դեմ, բայց ես անմիջապես սաստեցի նրան, հիշելով, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է.
«Արա-ն դու ես, արա, հերդ ու մերդ ա, հիմար, այլևս չհամարձակվես խառնվել իմ գործերին: Հետս ռազբորկա ես անու՞մ: ՈՒրեմն, գնա ու վեր ընկի ձեր հայաթի բեսեդկում: Ե՞ս լավ գիտեմ, թե դու՝ ո՛ր պատի ծակից եմ թռել: Մենք ու ինձ իր քվեն անվերապահ տված ժողովուրդը շատ լավ գիտենք մեր անելիքը»:
«Վաղ ես ուրանում ինձ, մոռացա՞ր, թե ում խորհուրդների շնորհիվ ես հասել շատ բաների»,- հոխորտաց ներքին ձայնս ու ձեռքը թափ տալով խռոված չքացավ: Նա հուշել էր, որ երազիս մեջ տատիս հիշատակումը, թեկուզ ոչ առարկայական, այլ դարչնաբուրմունքային, երբ միտդ են գալիս նրա տրեխանախաստեղծ հողաթափերն անգամ, հղի է անմեղսունակությունից բխող սպառնալի հետևանքներով, և ես ձեռնամուխ եղա ընտանյոք հանդերձ նրան շուտափույթ այցելելու նախապատրաստական աշխատանքներին, կռահելով, որ սատանիզմի բոլոր հետքերը կարող են տանել իմ պապենական գյուղի նահապետական հյուղակում միայնակ բնակվող տատիս մոտ և, որ շատ կարևորում եմ, ըստ հոգեբանների, ամենից ապահով վայրն այնտեղ է, որը մոտ է վտանգին, որովհետև դավադիր թշնամու համար ամենից քիչ հավանականը քո այդտեղ պատսպարվելն է:
Սատանիզմ ասացի և հիշեցի: Ի սկզբանե ասեմ՝ թքած ունեմ բոլոր իզմերի, իզմիստների և իզմիստուհիների վրա: Ականջներիդ օղ արեք, կուզեք՝ ոսկուց, որ ձեր ժանգը չփոխանցվի այդ ազնիվ մետաղին, կուզեք՝ ժեշտից, որ ձեր դատարկ ուղեղների ճենճահոտը ժանգից խեղդվի: Կարևորը օղն է, որ պարանոցդ գրկի, ոնց որ շան ժնջիլը կամ կախաղանի պարանը, որի ծայրին դես ու դեն են ճոճվում էդ ասունների թռփոշ ջանդակները, ու էդ հայվանները բնազդաբար քաջ գիտակցել են, որ ժողովուրդն իրենց մի օր քարշ էր տալու փողոցներով, ինչպես կասեր իմ ապուպապ Մենուայի որդի Արգիշտի Առաջինը, ի ցույց և ի սարսափ մեր թշնամյաց:
Գեղարվեստական փառահեղ պատկեր-տեսարան, հայտնություն, որի մասին երազել անգամ չէր համարձակվի իմ վերոշարադրյալ նախապապը, որ զուբիլը ձեռն առած ամեն քարի վրա դնու՛մ ու սեպագրում էր, դնու՛մ ու սեպագրում… Ավա՜ղ, նկարելուց վարժ չեմ, որ այդ շեդևրը կտավին հանձնեմ, չնայած, որ վիզ դնեմ՝ մի ամսում Ռոդենին ու Շագալին կկզցնեմ, կտամ պատերով ու կանցնեմ: Պարզապես դրա ժամանակը չունեմ: Իսկ ժամանակին մի գծանկար էի արել. խաչված Հիսուսն էր՝ իմ դեմքով, բայց տառապանք չկար, երեսին քմծիծաղ էր ու խինդ: Նկարչության դասատուս, որ ապաշնորհ հարբեցողի մեկն էր, բայց դուխը տեղը, շատ էր հավանել: Ասաց, նկարի վերնագիրը ինքնանկար դիր: Ենթատեքստը հասկացա՞ք… Ես նամբըր ուանն եմ (համար առաջին): Խաղեր չտաք՝ կտրաքացնեմ բոլորիդ ձեր որջերում: Հա, ի՛նչ էի ասում: Իզմերը: Հլա մի լսեք, կանիբալիզմ, դեմագոգիզմ, պոպուլիզմ, քիչ էր մնում պուպուլիզմ ասեի… Հի՜, հի՛, հի՛: Հա, անանիզմ, պա՛հ, ու սենց լիքը այլանդակ բաներ, որ բխում են անմիջականորեն իզմ վերջածանցը հայերենի բառարմատին ավելացնելով: Օրինակ, էդ անտեր մնացած ֆաշիզմը…
Հիշեցի՝ շատ դարեր առաջ, հին Հայաստանում, այսինքն, վաղուց, նիկոլի թվին, ես վայ թե դեռ ծնված էլ չէի, մի մարդ էր կենում, ու Նյու Յորքի Էմ փայր սթեյթ բիլդինգի մահվան վերելակներից մեկի մեջ, աշխարհի համար բախտորոշ խոսք ու զրույց գնաց գարեջրի մասին՝ իմ անբաժան զուգընկերուհու, իմ մանկության ընկեր Ադիկի ու նրա ապագա կնկա՝ դերասանուհի Եվայի միջև: Փողոցում լռություն էր ու թանձր խավար, առավոտը մոտ էր, բայց դեռ չէր բացվել, իսկ գարեջրատանը բոլորը խմում ու մուժով էին լցվում… Միասին մտանք մյունխենյան գարեջրատուն՝ գերմանական ընտիր վոբլայով ու ժարիտ արած կիլկիով (մինչև հիմա էդ բրդուճների համը բերանս է մնացել) գարեջուր խմելու: Սրահը լեփ-լեցուն էր, ծուխը կապած՝ թեմուրնոցը միտս եկավ, միայն թե էստեղի ծուխը գույնզգույն երանգներ ուներ: Ինչ-որ մեկը անկյունում դարդոտ երգում էր՝ դե, երգիր Արազ, իմ չքնաղ երազ…
Համով-հոտով քննարկում էինք, թե ոնց կազմակերպենք մի ճոխ գարեջրի փառատոն, որտեղ ես բացման խոսք կասեի՝ որպես գարեջրի բնօրրանի ներկայացուցիչ, ում հայրենիքում, ըստ Քսենոֆոնի նոթատետրում պահպանված գրառումների, որը մեր ԱԻՆ-ի աշխատակիցները հայտնաբերել են Ալեքսանդրիայի գրադարանի հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում, գիտնականները պեղել են տակառներ, որոնք լի էին մի հեղուկով, որի վրա, չնայած առողջապայության նախարարության հարբեցողությունից զերծ մնալու հորդորներին, օրը ցերեկով գարու հատիկներ էին լող տալիս: էդ թափառականի ցուպը ձեռքն առած Քսենոֆոնն էլ տվել, սաղին անցել է՝ գարու հատիկներից հարբած, ցուպը դրել՝ փետուրը ձեռքն առել ու գրել է մեր ազգի գարեջրի պատմագիրքը: Այսինքն, ըստ նախնական տվյալների, հավանական է, որ «Կոտայք» մակնիշի գարեջուր է խմել ու հարբել էդ սուտի իմաստունը: Մտածում էինք, թե ինչ զակուսկի նախատեսենք ու էդ ուտուշ-խմուշի փողը բյուջեից ոնց դուրս գրենք, որ ընդդիմադիրներն ավելորդ շնագիլահաչ չտան, թե որ հովանավորին կամ հիմնադրամին դիմենք, որ փակբերան լինի, մեկ էլ եկան Մուսոլինի Դուչեն ու թերթի խմբագիր Գեբելսը, թե՝ Ադոլֆ Ալոիսովիչ, էսքան դարդ ու ցավ թողած քո քեֆին հագել ես շշին ու նստել ասեղի վրա, իսկ մենք չարչարանաց քայլարշավ ենք կազմակերպել Հռոմից ու ոտքով եկել հայտնելու, որ գարեջուրը հետաձգենք, հիմա անհապաղ քննարկենք իտալական ֆաշիզմի մանիֆեստը, իսկ փառատոնը, երբ էլ լինի, կանենք, թեկուզ մանկական երկաթուղու թունելում մի ամբողջ գիշեր ուրվականների հետ սառույցով վիսկի կխմենք՝ մեր հաշվին: Ես իսկույն գլխի ընկա, որ սրանք մի դավ են մոգոնել, որ մեզ կռուպնի գցեն: Քյասար, սրանից կոռուպցիայի հոտ է գալիս. ներքին ձայնս հուշում էր, որ մանիֆեստի մեջ ատկատ կա: Ֆյուրերին աչքով արեցի, որ դրանք հաստատ փոխկապակցված են հանցագործ ենթամշակույթ կրող կառույցների հետ…Ասի.
-Ադիկ, ես էլ ժամանակին տասը պատվիրան գրեցի, որը դարեր առաջ, գրագողության հանցավոր ճանապարհով, թռցրեց ու թղթին հանձնեց անանուն հեղինակը, որին մինչև հիմա համապատասխան մարմինները չեն հայտնաբերել կամ նախկինների ճնշման տակ թաքցնում են արդարադատությունից: Բա հիմա ո՞նց կլինի իմ հեղինակային իրավունքի վերականգնումն ու հոնորարներիս միջանձնային հակամարտության թնջուկի հանգուցալուծումը:
-Վեթինգ կանենք,- հանկարծ բարկացավ տիկին Բրաունը, որն էդ պահին իմ անզուգական ակտիվիստ կնոջից ստալիչնի սալաթի ու բլինչիկի ռեցեպտն էր թխում, ու պոռթկաց, հավանաբար, կանացի վեցերորդ զգայարանի ազդեցության տակ,- դրանց բոլորին համակենտրոնացման ճամբարներում ճաղավանդակների մեջ կփակենք, պատեպատ կտանք, գազախեղդ կանենք, կաշիները կքերթենք, գանգամաշկը կհանենք, կփրթենք, ոսկորներից օճառ կսարքենք…
Ադիկը, մե ձեռին արաղ, մեկելը՝ գինի էր, խիստ ջղայնացավ, ու ասաց, որ հայտարարում է նոր հեղափոխության մեկնարկի մասին, ու գարեջրի գավաթը խփեց հատակին, հանեց զենքերը՝ հիմա էլ՝ մի ձեռքին նագան ու մյուսին՝ կոլտը, թե՝ ես ձեր սատանայի ծնունդ տիրոջ մերը, բոլորդ հենդե հոխ (ձեռքերը վեր), սաղիդ կգյուլլեմ: Կնիկը դնդնում էր՝ վույ-վույ նագան ջան, յոթկրական ջան, կյանքիս պաշտպան ջան, ես բղավեցի՝ հացն ու գինին, տեր կենդանին, ռուկի վեռխ (ձեռքերը վեր), բայց մայնֆյուրերը, օրենքի տառին համապատասխան, քաղաքակրթորեն, նախ երկու հատ նախազգուշական օդ կրակեց ու հետո նոր անցավ անկանոն կրակահերթերի ձեռքի տակ ընկած առաջին իսկ կալաշնիկովով: Ինձ Ադոլֆ Հիտլեր կոսեն…Ազդանշանը տրված էր, հեղափոխությունը՝ սկսված… Հակապետական տարրերը խուճապահար փախուստի դիմեցին, յուրայիններին նշան արեցինք, որ մնան: Մոտ բախչեն նազով, քիզ գովիմ սազով՝ յար իլթիմազով…
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ