Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Հաֆիզ Փաշաևի՝ սեփական դիմումի համաձայն Ադրբեջանի փոխարտգործնախարարի պաշտոնից հրաժարվելն այդ երկրի իշխանական համակարգում ընթացող ընդհանուր փոփոխությունների մաս է կազմում: Փոփոխություններ, որ մեկնարկել են դեռևս անցյալ տարեվերջին և որոշակի ընդհատումներով շարունակվել այս տարվա ընթացքում։ «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ: Ըստ նրա՝ ոմանք Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններն անվանում են կադրային արդիականացում, ոմանք՝ բարեփոխումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 70 տարեկանի շեմը հատած անձինք, երկրի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդով և հորդորով, հեռանում են՝ տեղը զիջելով համեմատաբար երիտասարդներին։
-Բայց դա անվանել իշխանափոխություն` ճիշտ չի լինի,- ասում է ադրբեջանագետը։- Իլհամ Ալիևի կադրային փոփոխությունների ամառային փուլը ցույց տվեց, որ Ադրբեջանի ուժային երկու կենտրոններում՝ ներքին գործերի նախարարությունում և պետական անվտանգության ծառայությունում գերակա դիրք ունի ալիևյան շահերի հիմնական պաշտպան նախիջևանյան թևը՝ ի դեմս Վիլայաթ Էյվազովի և Ալի Նաղիևի։ Իշխանության ներսում գուցե ընթանում են ուրվանկարային (կոնֆիգուրացիոն) փոփոխություններ ենթադրող որոշակի ոչ թափանցիկ և քողարկված գործընթացներ, որոնցում ակտիվ ներգրավվածություն կարող են ունենալ և՛ Փաշաևները, և՛ Քամալադդին Հեյդարովի թիմը, բայց դա այս պահին «իրական իշխանափոխության» վտանգ չի ներկայացնում:
-Եթե, այնուամենայնիվ, Փաշաևների կլանը հաղթող դուրս գա, որքանո՞վ դա կազդի Ադրբեջանի քաղաքականության վրա։
-Չեմ կարծում, որ «Փաշաևների կլան» կոչվածը նման քաղաքական հնարավորություն երբևէ կունենա։ Փաշաևներն իրականում ունեն հզոր տնտեսական լծակներ, որոնց համար պարտական են առաջին հերթին հենց Իլհամ Ալիևի տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային։ Լինելով Արիֆ Փաշաևի դուստրը՝ Մեհրիբան Ալիևան, բնականաբար, «Հեյդար Ալիևի ֆոնդի» հաշվին կարողացել է շինարարական մեգածրագրեր և ֆինանսատնտեսական լուրջ միջոցներ ապահովել Փաշաևների համար, սակայն Փաշաևներին պակասում է այն, ինչ ադրբեջաներենում ունի «ռեգիոնչուլուղ» կամ «երլիբազլըղ» անվանումները, որ կարող ենք թարգմանել «գավառապետություն» կամ «աշխարհագրական թայֆաբազություն»։ Ադրբեջանում գոյություն ունեցող «դասական կլաններին» հատուկ կարևորագույն հատկանիշը՝ գավառային պատկանելության խնդիրը, որը կազմում է նախիջևանյան, ղարաբաղյան և երևանյան կլանների ամրության հիմնական առանցքը, Փաշաևների դեպքում բացակայում է։ Այլ է խնդիրը, որ մենք ականատես ենք Փաշաևների թիմը ներկայացնող Մեհրիբան Ալիևայի դիրքերի ուժեղացմանը։ Մի դեպքում դա արտահայտվեց Ադրբեջանում 2016 թ. սահմանադրական հանրաքվեի ընձեռած նոր հնարավորությամբ և արդեն 2017 թ. տիկնոջ առաջին փոխնախագահ դառնալով, մյուս դեպքում` 2019 թ. հոկտեմբերին, երբ պաշտոնից հեռացվեց Փաշաևների նկատմամբ առանձնապես ջերմ վերաբերմունքով աչքի չընկնող Ռամիզ Մեհդիևը՝ Ադրբեջանում հայտնի որպես «գորշ կարդինալ»: Նրա հեռացմանը զուգահեռ` իշխանական ընդհանուր կառուցվածքում նշմարվեց Փաշաևների թիմի անդամ Միքայիլ Ջաբբարովի դիրքերի ուժեղացում, որ մոտ ապագայում, ամենայն հավանակությամբ, կդառնա Ադրբեջանի վարչապետ՝ դեռ այս տարվա հոկտեմբերի 8-ին նշանակված նախիջևանցի Ալի Ասադովի փոխարեն։ Դառնալով հարցի երկրորդ հատվածին՝ պետք է նշել, որ Ալիևները լինեն, Փաշաևները, Հեյդարովները, թե այլք, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Հայաստանի երկու հանրապետությունների մասով էական փոփոխություն չի ունենալու: Էական փոփոխություններ, կարծում եմ, կարող են լինել այդ երկրի մյուս հարևանների՝ հատկապես Իրանի և Թուրքիայի դեպքում, եթե իշխանությունը հայտնվի, օրինակ, Փաշաևների ձեռքում։
-Այսինքն, այս զարգացումները պայմանավորվածությունների հետևա՞նք են:
-Փոփոխությունները ծրագրված են եղել նախագահ Ալիևի կողմից առնվազն մեկուկես տարի առաջ՝ պայմանավորված նաև ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությամբ։ Հայաստանյան քաղաքական իրավիճակը ստիպում է որոշակի փոփոխությունների, կադրային և սոցիալական բարեփոխումների գնալ նաև մեր հարևան երկրի վերնախավին։ Պարզապես Բաքվում ընթացող ներքաղաքական խմորումները, քաղաքացիական հասարակության և ընդդիմության ակտիվացումն Ադրբեջանի նախագահին ստիպում են վերանայել իր ծրագրած փոփոխությունների, հատկապես կադրային, ժամանակացույցը։ Այդ գործընթացի մեկնարկը տեսել ենք դեռ անցած տարեվերջին, այս տարվա ամռանն ու մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 8-ին, երբ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Նովրուզ Մամեդովը: Բայց բոլորովին այլ ընթացք ու տեմպ տեսանք հոկտեմբերի 19-20-ին Բաքվում տեղի ունեցած ցույցերից ու բողոքի ակցիաներից անմիջապես հետո. հին գվարդիականների մի ամբողջ սերունդ, այդ թվում՝ Ռամիզ Մեհդիևը, Ալի Հասանովը, Հաջիբալա Աբութալիբովը, շրջանային վարչական իշխանությունների ղեկավարներից շատերը թողեցին ակտիվ քաղաքականությունը: Այդ անձանց մեծ մասը մեկընդմիշտ գուցե կհեռանա ոչ միայն քաղաքականությունից, այլ նաև հասարակության տեսադաշտից առհասարակ:
-Տեսակետ կա, թե հարմար հող է նախապատրաստվում Մեհրիբան Ալիևայի իշխանության գալու համար:
-Այո, կա նման տեսակետ։ Հատկապես 2016 թ. անցկացված սահմանադրական հանրաքվեից և 2017 թ. փետրվարին Մեհրիբան Ալիևայի՝ առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց հետո առավել հաճախ սկսեց շրջանառվել այն թեզը, որ Իլհամ Ալիևը պատրաստվում է իշխանությունը փոխանցելու կնոջը։ Բացի այդ՝ 2016 թ. սահմանադրական հանրաքվեից հետո, որով վերացվեց նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրողների նկատմամբ տարիքային սահմանափակումը, խոսվում է նաև այն հնարավորության մասին, որ իշխանությունը ոչ հեռու ապագայում կարող է փոխանցվել նրանց որդուն՝ կրտսեր Հեյդարին: Ոչ ժառանգականության սկզբունքով իշխանության փոխանցումը, ո՛չ էլ նեպոտիզմը (ընտանեվարություն) խորթ չեն Ալիևների իշխանությանը, ուստի պետք չէ բացառել Մեհրիբան Ալիևայի կամ որդու՝ Հեյդարի հայտնվելը նախագահի աթոռին։ Որքանո՞վ ընդունելի կլինի Մեհրիբանի կամ Հեյդարի թեկնածությունն Ադրբեջանի ռազմական վերնախավի համար, դժվար է ասել, քանի որ առանձին դեմքեր, ի դեմս Ռամիզ Մեհդիևի, կարող են սկսել ավելի լուրջ դերակատարում ունենալ այդ երկրի ստվերային և ոչ տեսանելի ներիշխանական անցուդարձերում և, այսպես կոչված, «պալատական խաղերում»:
-Սահմանին դարձյալ լարվածություն եղավ, այս անգամ Տավուշի հատվածում։ Տևական ժամանակ խոսվում է, որ որոշակի պայմանավորվածությունների արդյունքում լարվածությունը նվազել է։ Ըստ Ձեզ՝ այդպե՞ս է:
-Լարվածությունը կարող է պայմանավորված լինել Ադրբեջանի ներքաղաքական կյանքում շոշափելի անհանգստությամբ, այնտեղ սկսվող աշնանային զորահավաքով, տարածաշրջանում ընթացող զանազան գործընթացներով։ Առհասարակ, հոկտեմբերի 19-20-ին Բաքվում տեղի ունեցած ցույցերից, քաղհասարակության և ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցած որոշակի բախումներից և ներքաղաքական կյանքում նկատելի սրացումից հետո Ադրբեջանում սկսել են ավելի հաճախ խոսել Ղարաբաղյան հակամարտության մասին: Նշվում է, որ դա այն եզակի խնդիրն է, որի լուծման համար կարող են համախմբվել երկրի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները։ Բացի այդ, նկատելի է, թե ինչքան հաճախ և ինչ պարբերականությամբ է այդ խնդիրը դառնում քաղաքական շահարկումների թեմա Ադրբեջանում՝ հատկապես Իլհամ Ալիևի դեմ ընթացող ընդդիմադիր քարոզչության մեջ, ինչը, ենթադրում եմ, լարվածության տեսքով տեղափախվում է նաև արցախա-ադրբեջանական առաջնագիծ կամ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։
-Ի՞նչ փուլում են այժմ բանակցությունները։ Նախկին իշխանություններն անընդհատ ասում են, թե այս պահին մենք այնքան էլ «գովելի» դիրքերում չենք, նոր իշխանություններն ասում են՝ Արցախը բերելու են բանակցությունների սեղանի շուրջ, ինչը, կարծես, միայն խոսքի մակարդակում է։
-Չգիտեմ՝ ինչ նկատի ունեն, թե մենք «գովելի» դիրքում չենք, բայց քանի դեռ սահմանի ամբողջ երկարությամբ Արցախի ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը և ապահովում Արցախի տարածքում բնականոն և խաղաղ կյանքը, մենք գովելի դիրքում ենք։ Ժամանակն աշխատում է հօգուտ մեզ և ի վնաս Ադրբեջանի։ Պաշտոնական բանակցությունների բովանդակությունը չեմ կարծում, որ էապես փոխված լինի վերջին մեկուկես տարիների ընթացքում: Այլ հարց է, որ Արցախյան հակամարտությունը զուտ հակամարտություն լինելուց զատ, երկու երկրների ներքաղաքական խոսույթում տեսակարար մեծ կշիռ ունեցող, բոլոր կողմերին տարբեր մեկնաբանություններ անելու, փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու լայն հնարավորություններ տվող խնդիր է, և ձեր հարցի պատասխանը թերևս պետք է գտնել՝ խնդրին մոտենալով նշածս վերջին դիտակետից։
Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ