«ՈՒսապարկերի մենամարտը»
13.09.2019 | 00:08
Աշխարհաքաղաքական փորձագիտական շրջանակները փորձում են չշտապել ընտրությունների գնացող Թրամփի համար այս ժամանակահատվածը բաժանելու երկու էտապների` բոլթոնյան և հետբոլթոնյան` ելնելով հայտնի չափաբանությունից` մինչև չգա հաջորդը, չես իմանա նախորդի «ղադրը»։
Բոլոր դեպքերում, հաշվի առնելով հանգամանքը, որ Ամերիկան «նուրբ գործ է», և որքան էլ պարոն Ռոհանին խոսի միլիտարիզմի, այն է` բոլթոնյան «դանակի», կոշտ ուժային մեթոդներով աշխարհը, հատկապես Մերձավոր Արևելքը, Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը «վերաձևելու» մասին, բոլոր ընտրություններից առաջ ամերիկյան ուղեղային կենտրոնները կիրառում են նույն` հար ծանոթ քաղտեխնոլոգիան. նրանք սկսում են «լվանալ» իրենց մոտեցումները, օազիս ստեղծել` շնչելու, օդ բաց թողնելու ծխածածկույթով պատելու ամեն բան, իրականում հիմքում և ամենուր պահպանելով իրենց քաղաքական առաջնահերթություները, գերակայությունները` աշխարհում միակ ուժային կենտրոն դառնալու հեռահար պլաններով, որոնք երբեք ու երբեք, որևէ մեկի գնալ-գալով չեն կարող փոխվել:
Այնպես որ, Բոլթոնի գնալը խիստ ժամանակավոր հանգրվան կարող է լինել, եկողն էլ (ով էլ լինի), բացառապես նույնական, փոքր-ինչ այլ փաթեթավորմամբ, շարունակելու է հավատարիմ մնալ Իրանի շուրջ արդեն իսկ ստեղծված «օղակին», ԵՄ թուլացմանը … Ձգենք փոքր-ինչ պաուզան ասելու` նկատու՞մ եք, Բրիտանիայում էլ Բորիս Ջոնսոնի հաղթարշավն է մասնակիորեն տորպեդահարվում, խոսակցություններ կան, որ Ռուսաստանը պետք է G7-ում կրկին իր տեղն ունենա, Նորմանդական քառյակի գործունեությունն է կրկին ակտիվանում` ՈՒկրաինա-Ռուսաստան տանդեմում գերիների փոխանակման ֆոնին, ասել է թե, Հորմուզի նեղուցում, խիստ լարվածությւոնից հետո շունչ քաշելու դադար է սկսվել Թրամփի նախընտրական պլատֆորմի հարմար դիրքավորում ապահովելու նպատակով:
Բոլոր դեպքերում, ամեն ինչ դեռ առջևում է, իսկ մենք դառնանք մեր «ոչխարներին», հարցադրմամբ` սորոս-բոլթոնյան հայկական թավշյա հեղափոխությունը, որը կարծես հոգեվարքի օրեր է ապրում լիդերության, քայլերի անորոշության պատճառով, նու՞յնպես կարող է շունչ քաշել Բոլթոնի հեռացումից, քանզի Բոլթոնն այն պաշտոնյան էր, որը եկել ու չոքել էր Նիկոլի բկին ու պահանջում էր` փակել Իրանի հետ սահմանը, արագ ու աներկբա` իր ուժեղ մանդատով լուծել Ղարաբաղի հարցը` Ռուսաստանին «տուն ուղարկելու» և Արաքսի ափին «բոլթոնյան» խաղաղապահներ կարգելու «միջոցով: Հասկանալի է, մինչ կգա նոր պահանջատերը` հայոց գունավոր հեղափոխության «թավշիստներից» նույնը պահանջելու, արձանագրենք, որ մասնակի դադար առաջացավ նաև Հայաստանի պարագայում, որ առանձնապես հայաստանյան իշխողի օգտին չէ այն պարզ պատճառով, որ Փաշինյանն ամերիկյան այց ունի` առաջիկա օրերին, և ԱՄՆ-ում նրա հետ Բոլթոնի սկսած «զրույցն» անպայման շարունակություն է ունենալու:
Փաշինյանը փորձում է ԱՄՆ մեկնել ոչ դատարկաձեռն. Ամուլսարի ոսկու հանքի վերագործարկմանն ուղղված նախապատրաստությունները առհավատչյան են: Ցայդ էլ նա սորոսականներին խցկեց Ղարաբաղ, և եթե արցախյան նախագահական ընտրություններում «դիտորդ» կազմակերպությունները նույնպես տեղ ունենան, էլ չենք ասում, որ Նիկոլի հանձնառված թեկնածուն` Մասիս Մայիլյանը, դառնա Արցախի նախագահ, ապա պլան «ա»-ն` Ղարաբաղի հարցում, Նիկոլը կատարած կլինի, պլան «բ»-ի համար ժամանակ խնդրելով իր ամերիկյան «գործընկերներից»: Սակայն առաջ չընկենք իրադարձություններից:
Անդրադառնանք` ներքաղաքական «գետնին» վրա սպասվող զարգացումներին, ուր Փաշինյանը փորձում է կանխել ոչ միայն իր վարկանիշի տոտալ անկումը, այլև լուրջ նախապատրաստություններ է տեսնում` դաշտում սպասվող աշնանային տրանսֆորմացիաները վերահսկելի դարձնելու համար և անկանոն շարժումներ է անում մի շարք ուղղություններով. հանդիպում է ահաբեկչական կառույց «Սասնա ծռերի» հետ, փորձում պայմանավորվել մի շարք, բայց նախ և առաջ` Ամուլսարի գործարկման հարցում, վերջիններս նրան իրենց «գինն» են ասում` գարնանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
ՈՒ մինչ սորոսական այդ երկու ռեժիմները միմյանց հետ «բազարի» մեջ են, սորոսական երրորդ ուժը` ի դեմս ոչ անհայտ Արման Բաբաջանյանի, արագ մի տեղից (առավել կատակասերներն ասում են` ԱՄՆ դեսպանատնից) «գտանում» է ուսապարկ, գցում ուսին, վազում խորհրդարանի ամբիոնի մոտ ասելու. «Այդ Խաչիկյանն արդեն ես եմ»:
Ինչ խաչասերում տեղի կունենա Փաշինյան-Բաբաջանյան` նույն «տնից», նույն հոգուց սնվող դուետի միջև, դեռ պետք է սպասել, որովհետև նոր ուսապարկիստը չափից շատ է ոգևորված, իսկ նման էմոցիոնալ վիճակը վաղահաս «վիժումի» ազդակներ է մշտապես իր խորքում պարունակում: Այնպես որ, պետք է ընդամենը պոպկորն գնել, նստել պատուհանի մոտ ու դիտել դուետի մենամարտը:
Ավաղ, հերթը կրկին չհասավ կարևորին` Միքայել Մինասյանի նոր հայտին: Այդ մասին, թերևս, հաջորդիվ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ