Ամերիկյան «Իդն Ֆուդս» ընկերության նախագահ, շուրջ 29 տարի առաջ Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված, մասնագիտությամբ մաթեմատիկոս, իսկ ԱՄՆ-ում արդեն երկար ժամանակ հողագործությամբ զբաղվող ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ Միացյալ Նահանգների ողջ տարածքում միակն է, ում հաջողվել է աճեցնել ՈՒզբեկստանում աճող սեխին իր համուհոտով, որակական հատկանիշներով բնավ չզիջող սեխ: Թե ինչպես է հասել նման հաջողության, տողերիս հեղինակի հետ զրույցում պատմեց հենց ինքը` Ռուբեն Մկրտչյանը:
«Ինը տարի առաջ եմ սկսել աշխատանքներս, բայց ինտենսիվ սկսել եմ աշխատել վերջին 6,5-7 տարում,- ասաց «Իդն Ֆուդս» ընկերության նախագահը:- Մեծ մարկետինգ եմ արել գրեթե ամբողջ Ամերիկայում, որ տեսնեմ Հայաստանի գյուղատնտեսական ապրանքներն ինչպես են մարդիկ ընդունում, համային առանձնահատկությունների, որակական հատկանիշների վերաբերյալ ինչ գնահատականներ են տալիս: Նպատակը մեր հողի գյուղատնտեսական ապրանքներն ամերիկյան շուկա ներմուծելն է: «Ամերիկյան շուկա» ասելով նկատի ունեմ ամբողջ Ամերիկայի շուկան, ոչ միայն Ամերիկայում հայկական շուկան: Ամերիկայում, իհարկե, կան էթնիկ խանութներ` հայկական, ռուսական, արաբական և այլն, բայց բուն ամերիկյան շուկայում (նկատի չունեմ հայկական խանութները) հայկական գյուղատնտեսական ապրանքներ, ցավոք, դեռևս չկան, համենայն դեպս, ինձ չեն հանդիպել»:
Ըստ ամերիկաբնակ հայ գործարարի, իրեն թվում էր, որ մենք` հայերս, ուրիշներից տարբեր քիմք, տարբեր համային զգացողություններ ունենք, բայց երբ մեծ մարկետինգ է արել, հայկական ապրանքները տարել հայտնի մարդկանց մոտ, տեսել է, որ նրանք էլ են շատ հավանում:
«Այս աշխատանքը սկսել եմ 14 տարի առաջ, սակայն 7 տարի առաջ միայն հաջողվեց ՈՒզբեկստանում աճող սեխին իր որակով 100 տոկոսով համապատասխանող սեխ ստանալ,- ասաց Ռ. Մկրտչյանը:- Գնացի մի անապատ` Գլենդելից 230 կիլոմետր դեպի հյուսիս, լեռների մեջ, վերցրի 10 հեկտարի չափ տարածք, միայն տարիուկես մաքրեցի փշերից, տատասկներից, ցանկապատեցի, լուծեցի ջրհորի, ջրի խնդիրը, հետո ծառանոց հիմնեցի: Սակայն հենց առաջին տարվանից էլ սեխը փորձեցի, մինչ այդ շատերն էին փորձել, բայց ոչ մի հաջողություն չէին ունեցել»:
«Իդն Ֆուդս» ընկերության նախագահի բացատրությամբ, հիմա արդեն հաստատ համոզված է, որ այլոց անհաջողության պատճառները եղել են տեղանքը, աշխարհագրական դիրքը, ծովի մակարդակից բարձրությունը և հողի որակը, առավել ևս` ջուրը: Մինչդեռ, այնտեղ, ուր ինքը սկսել է գյուղատնտեսությամբ զբաղվել, այդ նպատակի համար հրաշալի ավազային հող է:
«Մինչև հիմա էլ փորձողներ կան, ոչ մի արդյունք, ստացած բերքը ուզբեկական սեխից փոքր է, անհամ և անհոտ,- ասաց Ռ. Մկրտչյանը:- Ինչո՞ւ… Որովհետև այնտեղ, որտեղ ես զբաղվում եմ հողագործությամբ, ոչ մեկը հողագործությամբ չի զբաղվում, ընդհանրապես հողագործություն չկա, միայն ես եմ: Շատ շատերն ուղղակի ասացին` խե՞նթ ես, այս ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես փողերդ փչացնում: Իսկ ծախսածս փողերն իսկապես շատ էին` մոտ 2 միլիոն դոլար, որովհետև այդ տարածքում տարբեր բաներ եմ տնկել, փորձել եմ, չի եղել, հանել եմ, նորից փորձել: Ինքս շինարարության մեջ էի, լավ փող էի աշխատում, խնդիր չէր, ծախսելն էլ հորիցս է անցել ինձ… Միշտ ուզել եմ մի բան ոչ մի բանից, զրոյից անել, դեռ երեխա ժամանակվանից այդ ձգտումը նստած է իմ մեջ, և ինչ արել եմ, այդպես եմ արել»:
Այսօր ԱՄՆ-ում նրանից գնումներ կատարողների թվում են նաև Միացյալ Նահանգներում ապրող ուզբեկներ, ռուսներ, որոնք մեր հայրենակցին խոստովանել են, որ նրա աճեցրած սեխն իր հատկանիշներով գերազանցում է նույնիսկ ՈՒզբեկստանում աճածին: Ի դեպ, դա միայն ավազային հողի շնորհիվ չէ, հիշյալ ընկերության նախագահը օգտագործում է նաև կենսահումուս, կիրառում իրեն հայտնի տարբեր հնարքներ ու դրանց շնորհիվ հասնում գերազանց արդյունքի:
Մեր զրուցակցին ԱՄՆ-ում զարմանալի, թերևս աննախադեպ արագությամբ հաջողվել է մտնել ֆերմերային շուկա («ֆարմս մարկետ»), ուր գյուղապրանքներ վաճառելու իրավունք ունեն միայն հենց իրենք` աճեցնողները, ֆերմերները: Այստեղ մտնելու համար պետք է հերթագրվել և առնվազն տասը տարի հերթի հասնելուն սպասել, սակայն երբ ֆերմերին հաջողվում է ինչ-որ բացառիկ բան արտադրել, նրա համար բացառություն է արվում: Ռ. Մկրտչյանին մեծապես օգնել է «Լոս Անջելես Թայմս»-ի լրագրող Դեյվիդ Քարպը, որը տեսնելով, ճաշակելով մեր հայրենակցի աճեցրած սեխերը, ապշել է, հիացել, անմիջապես տեղեկություններ հարցրել, հետո լուսանկարել, իսկ մի քանի օր անց հիշյալ թերթում արդեն հրապարակվել է մի մեծ հոդված, մոտավորապես այսպիսի վերնագրով` հայ ֆերմերն Ամերիկայի անապատներն այգեստան է սարքել:
«Հիմա Դեյվիդ Քարպն ինձ շատ մոտ ընկեր է,- ասաց «Իդն Ֆուդս» ընկերության նախագահը:- Ամերիկյան շուկա մտա 7 տարի առաջ, մեր այդ հանդիպման ժամանակ ես նրան հարցրի` իսկ կարո՞ղ եք ինձ օգնել, որ մտնեմ Սանտա Մոնիկայի շուկա, ուր գալիս են սննդամթերքի բիզնեսում ամենահայտնի մարդիկ, հաճախորդներ Կալիֆոռնիայից և նույնիսկ ողջ Միացյալ Նահանգներից: Մինչ այդ փորձել էի, չէր ստացվել, հնարավոր չէր, քանի որ, ինչպես ասացի, տասը տարի պետք է հերթիս սպասեի: Ինքը խոսեց այնտեղի` Սանտա Մոնիկայի շուկայի տնօրենության հետ, անմիջապես ռադիոկայանի լրագրողի հետ եկան ինձ մոտ, նա էլ տեսավ սեխերը, ապշեց: Շուկայի տնօրենը, որը մի հարգարժան կին է, ինձ միանգամից հրավիրեց, ասաց` առաջիկա չորեքշաբթի համեցեք մեզ մոտ: Այսպես ես մտա ամերիկյան սննդի մեծ շուկա, ձեռք բերեցի մեծ ծանոթություններ:
Երբ խոսում եմ նրանց հետ, նախ և առաջ ներկայացնում եմ, որ հայ եմ` ամենահին ազգի, առաջին քրիստոնյա ազգի ներկայացուցիչը, անպայման պատմական մի քանի բաներ եմ ասում»:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ