Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է

Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է
05.05.2015 | 10:36

Վերջին օրերին ինչպես հեռուստատեսային, այնպես էլ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում տարբեր հաղորդումներ և հրապարակումներ են տեղ գտնում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Պետք է արձանագրենք, որ բնակչության առողջության համար կարևոր այս նախագիծը ներկայացնելիս շատ դեպքերում աղավաղվում են առկա փաստերը, բանավեճերի և քննարկումների ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետների հնչեցրած տեսակետները ներկայացվում են համատեքստից կտրված, ինչը հանրության շրջանում խեղաթյուրված կարծիք է ձևավորում: Խնդիրն այն է, որ բժշկական մասնագիտություն չունեցող հասարակական որոշ գործիչներ ծրագիրը համարում են բնակչության առողջության համար վտանգավոր, ինչը գուցե թե խնդրին լիովին տեղյակ չլինելու հետևանք է: Սակայն չհիմնավորված այս դիրքորոշումը հանրությանը կարող է ապակողմնորոշել:

Նշենք, որ հանրային առողջապահության ծրագրերը մշակելիս նախարարությունը հաշվի է առնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերլուծությունները, միջազգային չափորոշիչներով գիտական փորձաքննություն անցած, հիմնավորված փաստարկները և ուղեցույցները: Եվ համացանցում տեղ գտած առանձին հոդվածները չեն կարող համարժեք լինել ապացուցողական բժշկությամբ հիմնավորված մոտեցումներին: Ցավոք, քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ չեն ցանկանում ընդունել այս հանգամանքը:
Անդրադառնանք խեղաթյուրվող առավել ցցուն փաստերին:
Նախ պարզաբանենք, որ ամբողջ աշխարհում ցանկացած սննդամթերքի, այդ թվում` ցորենի ալյուրի հարստացման համար օգտագործվող միկրոսննդատարրերն անփոխարինելի և կենսականորեն անհրաժեշտ վիտամիններ ու հանքանյութեր են, որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել (բացառությամբ` PP և D վիտամինների) և պետք է ստանա սննդի միջոցով: Ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում որևէ սննդատեսակի հարստացման նպատակն է կրճատել որոշ միկրոսննդատարրերի անբավարարության տարածվածությունը (այն, ի դեպ, խոցում է աշխարհի բնակչության 1/3-ին) և կանխարգելել դրանցով պայմանավորված հիվանդությունները, բարելավել բնակչության առողջությունը:
Տեղեկացնենք, որ հարստացման համար կիրառվող միկրոսննդատարրերը «դեղեր» կամ «դեղանյութեր» չեն, և դրանց շրջանառությունը չի կարգավորվում «Դեղերի մասին ՀՀ օրենքով», ինչպես ներկայացված է «Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի ապրիլի 14-ի համարում տպագրված «Իրենք ուզում են, որ մենք նախարարության գործն անվճար անենք» հրապարակման մեջ:
Այո, մի շարք միկրոսննդատարրեր վաճառվում են դեղատներում, որոշակի դեղաձևերի` հաբերի, դեղապատիճների, օշարակների տեսքով, բայց այնպիսի չափաբաժիններով, որոնք մի քանի տասնյակ անգամ գերազանցում են սննդի բնական կամ հարստացված մակարդակները, այսինքն` թերապևտիկ կարճատև բուժման դոզաներով` արդեն իսկ առկա դեֆիցիտի ծանր հետևանքները վերացնելու համար: Կանխարգելման նպատակը մարդկանց հեռու պահելն է դեղատնից և հիվանդանոցից: Սակայն, ինչպես երևում է, ալյուրի հարստացմանն ընդդիմադիր որոշ «մասնագետներ» դժվարանում են ըմբռնել կանխարգելիչ և բուժական ռազմավարությունների տարբերությունները:
Սահմռկեցուցիչ հայտարարություններ են արվում, թե իբր ալյուրի հարստացման համար կիրառվող նյութերը քաղցկեղ են առաջացնում:
Ֆոլիաթթվի և քաղցկեղի հնարավոր կապի պարզաբանման ուղղությամբ իրականացվել են հազարավոր փորձարարական և համաճարակաբանական հետազոտություններ: Նշենք, որ այն հետազոտությունները, որոնք կապ են ենթադրում ֆոլիաթթվի և քաղցկեղի միջև, դիտարկում են լաբորատոր փորձերում կիրառված կամ մարդկանց կողմից ընդունված ֆոլիաթթվի (հավելումների և կամ հարստացված սննդամթերքի ձևով) այնպիսի քանակներ, որոնք 4-10 անգամ գերազանցում են միջազգայնորեն առաջարկվող թույլատրելի օրական չափաքանակները: Սննդամթերքի անվտանգության Եվրոպական գործակալության (EFSA) «Ֆոլիաթթվով սննդամթերքի հարստացման ռիսկերի գնահատման» աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ներկայումս բարձր չափաքանակներով ֆոլիաթթվի օգտագործման և քաղցկեղի առաջացման ռիսկերի կապը հաստատող բավարար տվյալներ չկան:
Ավելին` միկրոսննդատարրերով սննդամթերքի հարստացման ԱՀԿ ուղեցույցում առաջարկվում են օպտիմալ չափաբաժիններ, որոնք հենվում են պարբերաբար իրականացվող հետազոտությունների ապացուցողական արդյունքների և համարժեք գիտական խորհրդատվության վրա (GRADE մեթոդ): Թույլատրելի վերին մակարդակներ սահմանված են բոլոր վիտամինների և միկրոտարրերի համար (ԱՀԿ, ԱՄՆ սննդի և սնուցման կոմիտե, ԵՄ սննդի գիտահետազոտական կոմիտե): Այդ մակարդակները զգալիորեն գերազանցող քանակների վերաբերյալ առանձին հետազոտությունների ոչ միանշանակ արդյունքները կարող են շփոթեցնել ոչ մասնագետներին: Սակայն դրանք չեն կարող նսեմացնել սննդամթերքի հարստացման ճանապարհով սննդակարգերի բարելավման կարևորությունը, քանզի որևէ գիտական հետազոտություն չի ապացուցում ֆոլիաթթվի` մարդու ֆիզիոլոգիական պահանջներին համապատասխանող օպտիմալ քանակների վնասակարությունը, այդ թվում` քաղցկեղի առաջացման հնարավորությունը:
nyut.am էլեկտրոնային լրատվամիջոցին տված հարցազրույցում, անդրադառնալով սակավարյունության դեմ պայքարին, նշվում է. «Ճարպակալումը, ավելորդ քաշը լուրջ առողջական խնդիր են, հետևաբար հարց է առաջանում` առողջապահության նախարարությունն ինչո՞ւ չի մտածում դրանք կանխարգելելու մասին, ինչո՞ւ գործնականում միջոցներ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Դե թող ճարպակալումը կանխարգելելու կամ բուժելու մասին մտածեն, բոլորս էլ գիտենք, չէ՞, թե ավելորդ քաշն ու ճարպակալումն ինչ հիվանդությունների կարող են հանգեցնել»:
Չենք ուզում մտածել, թե նման ապատեղեկատվությունը միտումնավոր է տարածվում: Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ նախարարության կողմից իրականացվող` առողջ ապրելակերպի խթանման, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց սկրինինգային ծրագրերի նպատակներից մեկն ավելորդ քաշի և ճարպակալման դեմ արդյունավետ պայքարն է: Լայնածավալ, նախադեպը չունեցող այս ծրագրերի մեկնարկի մասին լրատվամիջոցներով բազմիցս հայտարարվել է:
Ներկայացնենք ուշագրավ ևս մեկ դիտարկում: Բնակչության մակարդակով առողջապահական արդյունք ստանալու համար անհրաժեշտ է հարստացնել ալյուրի առնվազն 80 %-ը (“Monitoring and Evaluation in Flour Fortification Programs: Design and Implementation Considerations.” Nutrition Reviews. 2008 vol: 66, iss: 3 http://nutritionreviews.oxfordjournals.org/ content/66/3/148#sec-20): Մինչդեռ որոշ բանախոսներ, այդ թվում` ծրագրի ընդգծված հակառակորդներ, առաջարկում են հարստացնել ցորենի ալյուրի ոչ թե 80, այլ 50 տոկոսը: Սակայն, այս պարագայում տրամաբանական, պարզ մի հարց է ծագում. եթե նրանք իսկապես կարծում են, որ ծրագիրը վտանգավոր է, ապա այդ դեպքում ինչո՞ւ են առաջարկում վտանգել 50 տոկոսի առողջությունը:
Աբսուրդը հասել է այն մակարդակի, որ ոմանց կողմից այս ծրագիրը դիտարկվում է «համաշխարհային դավադրության» թեորիայի շրջանակում: Եվ մարդիկ, ովքեր խոսում են սրա մասին, առիթը բաց չեն թողնում իրենց բիզնեսն առաջ մղելու համար: Դեմ խոսելով ալյուրի հարստացման ծրագրին` միաժամանակ գովազդում են իրենց կողմից արտադրվող «Սելիմյան հացը»: Մինչդեռ ակնհայտ է, որ այն չի կարող լուծել միկրոսննդատարրերով բնակչության ապահովման խնդիրը:
Չցանկանալով հատ-հատ անդրադառնալ բոլոր հակափաստարկներին (դրա հնարավորությունը, վստահաբար, դեռ կունենանք)` նշենք, որ առանձին դեպքերում խեղաթյուրվում են պարզագույն ճշմարտություններ, անգամ աշխարհում գոյություն ունեցող երկրների թիվը:
Ավելացնենք, որ վիտամինահանքանյութային թերսնուցումը խնդիր է ամբողջ աշխարհում: Հանրային առողջապահության տեսանկյունից դա մտահոգիչ է նաև որպես բազմաթիվ հիվանդությունների ռիսկի գործոն, ընդհանուր հիվանդացության և մահացության ցուցանիշների բարձրացման պատճառ: Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է բացառապես բնական սննդի միջոցով լուծել միկրոսննդատարրերի անհրաժեշտ քանակի մուտքը մարդու օրգանիզմ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կատարած ուսումնասիրությունների արդյունքներով 2000-2014 թվականներին մեր բնակչության սննդակարգը շարունակում է մնալ պարզունակ և միատարր` կենդանական ծագմամբ մթերքի նվազ պարունակությամբ:
Հայաստանն առաջին երկիրը չէ, որ նախատեսում է հանրային առողջապահական այս խնդիրը լուծել ալյուրի պարտադիր հարստացման ճանապարհով: Ցորենի ալյուրի հարստացում առաջին անգամ կատարվել է դեռևս 1943 թ. ԱՄՆ-ում, ապա 1949-ին` Միացյալ Թագավորությունում և Կանադայում (առայսօր): Ալյուրի և այլ սննդատեսակների տարբեր միկրոսննդատարրերով հարստացում իրականացվել է նաև Խորհրդային Միությունում: Ներկայումս 82 երկիր ունի արդյունաբերական եղանակով աղացվող առնվազն մեկ տեսակի հացահատիկի որոշ վիտամիններով և միկրոսննդատարրերով հարստացման օրենսդրություն: Այն երկրներում, ուր հացն ու հացամթերքը համեմատաբար քիչ են օգտագործվում, զուգահեռաբար հարստացվում են նաև այլ սննդատեսակներ` կաթը, հյութերը, առավոտյան նախաճաշի փաթիլները և այլն: Ավստրիայում այսօր հարստացվում է 470 տարբեր սննդատեսակ, որից 43-ը` վիտամին C-ով և B6-ով, Գերմանիայում` 288 սննդատեսակ, որից 20-ը` ֆոլիաթթվով, ևս 20-ը` երկաթով: Իռլանդիայում վիտամին D-ով և B12-ով հարստացվում է օրվա սննդաբաժնի 5-12 տոկոսը:
Ասենք, որ Արևմտյան Եվրոպայի երկրներից շատերը միաժամանակ կիրառում են վիտամինահանքանյութային անբավարարության հաղթահարման ավելի ծախսատար մեթոդներ (հաբերի, փոշիների և համեմատաբար թանկարժեք դեղապատիճների լայն օգտագործում): Դրան զուգահեռ կիրառում են նաև կամավոր հարստացման բիզնես ծրագրեր: Այդ երկրներում բնակչությունն ապահովված է համեմատաբար բարձր եկամուտներով և մսամթերքով հարուստ բազմազան սննդով: Եվ վերջապես` նրանց մոտ առավել փոքր է հանրային առողջապահական այս խնդիրը և անհամեմատ բարձր` անձնական պատասխանատվությունը սեփական առողջության նկատմամբ: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հղիության ընթացքում բժշկի նշանակած երկաթի հաբերը 90 օր անընդմեջ ընդունած կանանց թիվը չի գերազանցում 2 տոկոսը:
Ցավալի է, որ հանրությանը այս կարևոր ծրագրի դեմ տրամադրելու համար չհիմնավորված փաստեր են բերվում, թե իբր այս կամ այն երկրում քաղցկեղի աճը պայմանավորված է այս կամ այն սնունդը պրեմիքսներով հարստացնելով: Չարորակ նորագոյացությունների և ոչ վարակիչ մի շարք այլ հիվանդությունների աճ այսօր արձանագրվում է ամբողջ աշխարհում: Իսկ դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում` վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի իրականացումով:
Հայաստանում ցորենի ալյուրի հարստացման ծրագրի ներդրման անհրաժեշտությունն առաջացել է 2000, 2005 և 2010 թվականների ժողովրդագրական հետազոտությունների արդյունքում: Ստացված ցուցանիշներն առավել քան խոսուն են: 2000-ին մեր երկրի նախադպրոցական տարիքի երեխաների մոտ անեմիաները կազմել են 24 %, իսկ վերարտադրողական տարիքի կանանց մոտ` 12 %: 2005-ին գրանցվել է այդ ցուցանիշների 1,5 և 2 անգամ աճ (24-ից մինչև 37 % և 12-ից մինչև 25 %): 2010-ին թեև անեմիայի հետազոտություններ չեն կատարվել, սակայն երեխաների քաշի և հասակի չափումները ցույց են տվել, որ ոչինչ չի փոխվել: Փաստորեն, մեր երկրում ռիսկերի առկայությունն ապացուցվում է ինչպես միկրոտարրերի սպառման ցածր մակարդակով, այնպես էլ կլինիկա-բիոքիմիական ցուցանիշներով:
Տեղեկացնենք, որ ալյուրի պարտադիր հարստացման մասին օրենքի նախագիծը նպատակահարմար գտանք ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել 2015 թ. վերջին: Դա պայմանավորված է ՀՀ ԱԺ ներկայացվելիք «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ: Այս օրենքի կիրարկումով հանրային առողջապահական ծրագրերն օրենքի ուժ կստանան: Միաժամանակ 2015 թ. ժողովրդագրական հետազոտությունների հերթական տարին է: Դրանք լրացուցիչ ճշգրտումներ կմտցնեն իրավիճակի գնահատման գործում:
Առողջապահության նախարարությունն առավել քան վստահ է, որ ինչպես առայսօր իրականացված ու շարունակվող հանրային առողջապահական ծրագրերը, սա ևս հաջողությամբ ծառայելու է մեր բնակչության առողջության պահպանմանը:


ՀՀ առողջապահության նախարարություն

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ