ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Գորիսի բարբառով «տոնը» հենց «տունն» է»

«Գորիսի բարբառով «տոնը» հենց «տունն» է»
03.01.2015 | 14:26

Վերականգնողական պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ասպիրանտ ԶԱՔԱՐ ԽՈՋԱԲԱՂՅԱՆԻ հետ մեր զրույցը Ամանորի գիշերից ժամեր առաջ էր, համացանցով, Հայաստանից`Յարոսլավլ:

-Տրամադրությունդ նախատոնակա՞ն է:
-Զգացի, որ քաղցած եմ, բայց ոչինչ չեմ գնել։ Մաման մակարոնի արագ պատրաստման տարբերակ էր ասել։ Մակարոնի վրա եռացրած ջուր ես լցնում, մի քիչ մնում է ու պատրաստ է։ Տավարի մսի պահածոն ու Հայաստանից բերած չորացրած թարխունն էլ իմ կողմից ավելացրի։ Չգիտեմ` ինչ ստացվեց...
Տնից հեռու տոն չկա։ Ի դեպ, Գորիսի բարբառով «տոնը» հենց «տունն» է։
-Քեզ օնլայնում շատ ենք տեսնում: Ի՞նչն է, որ չենք տեսնում:
-Վարագույրը, ըստ էության, միայն բեմում չէ։ Դա կյանքի փիլիսոփայության մաս է։ Վարագույրի այս ու այն կողմում աշխարհներ կան:
-Իսկ եթե մի քիչ բացե՞ս վարագույրը:
-Մեկ-մեկ բացվում է։ Բեմի վարագույրի պես:
-Ճի՞շտ է, որ այլազգիներին հայկական պարեր ես սովորեցնում:
-Այլազգիների՞ն։ Չէ։ Համայնքի հայերին։ Բայց այլազգիները, եթե ուզում են, սովորեցնում եմ, ավելի շուտ իմ սովորածն եմ փոխանցում: Երբեմն հայազգիներն էնքան են օտարացած լինում, որ թվում է` ուրիշ ազգից են: Ցավալի է։ Իսկ ամենացավալին այն է, որ չես հասկանում` դու ե՞ս ավելի շատ մեղավոր դրանում, թե՞ ինքը։
-Օտարությունը, երևի: Զաքար, «Ակտիվիստը», մի տեսակ, մասնագիտություն է դարձել: Հասարակական ակտիվությունդ խառնվածքի՞ խնդիր է, թե՞ «մասնագիտություն»:
-Փոքրուց շփվող էի։ Մարդը ամբողջի մաս պիտի զգա իրեն։ Մասնագիտությունս բժշկությունն է, ակտիվության հետ որքան կապ ունի, չեմ կարող ասել:

«ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄԸ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՀԱՍԿԱՑԵԼ. ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՄԱՐԴ ՊԻՏԻ ԵՐԴՎԻ, ՈՐ ՄԱՐԴ ԼԻՆԻ»

-Հիպոկրատի երդման մասին ինչ կասես: Տասը պատվիրանի պես դժվա՞ր (եթե չասենք`անհնար) իրագործելի է:
-Ես Հիպոկրատի երդումն ու դրա իմաստը երբեք նորմալ չեմ հասկացել։ Չեմ կարծում, թե մարդ պիտի երդվի, որ մարդ լինի։ Սյունիքի կողմերում (հատկապես խորհրդային տարիներին) մեծացած սերունդները եկեղեցուց հեռու էին, Աստվածաշնչին ու տասը պատվիրաններին ծանոթ չէին, բայց շատերը պահում էին դրանք։
-Ե՞րբ ես գալու Հայաստան ու ինչ ծրագրերով:
-Այնքան անսովոր է հնչում այդ հարցը` ե՞րբ ես գալու Հայաստան։ Զարմանում եմ՝ ինչի՞ Հայաստանում չեմ։ Ընկերներս կատակում են, թե այստեղ եղածի մասին ավելի շուտ ես իմանում, քան մենք։ Մի քանի տարի է, ուսումս վերջացնեմ, կգամ։
-Իսկ ծրագրերիդ մասին:
-Դեռ հստակ չգիտեմ:
-Զաքար, երգե՞ր ես գրում:
-Գրել եմ, հիմա չէ։ Էստեղ մատիտներ գնեցի, թուղթ, ռետին, որ նկարեմ, չի ստացվում, մի տեսակ... դադարի շրջան է երևի: Չնայած զգում եմ, որ կարիքն ունեմ։
-Գիտեմ, որ երաժշտական խումբ ես ունեցել:
-ՈՒսանողական ընկերներիս հետ սկսեցինք։ Շատ երգեր միասին էինք գրում: Այդ տարիներին սիրո ու ազատության մասին էի գրում: Հիմա հասկանում եմ, որ ազատությունը մենք ենք հորինել։ Մարդ իր մարմնի մեջ արդեն գերի է։ Գուցե այն կյանքում հասկանանք, թե ինչ է ազատությունը:

«ԳԵՆԵՏԻԿ ԴԻՎԵՐՍԻԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍԸ»

-Ամենից շատ ինչն է մտահագում քեզ: Խոսքը մեր երկրի մասին է:
-Արժեհամակարգի ճգնաժամը, վերնատան բացակայությունն ու արտագաղթը։ Խոսքը միայն ֆիզիկական արտագաղթին չի վերաբերում։ Հայաստանում ապրող հայեր կան, որ արտագաղթած, անհաղորդ են Հայաստանին։ Գլխավոր խնդիրը սա է։
-Իսկ հացի խնդի՞րը:
-Գենետիկ դիվերսիան դարձել է մեր կյանքի անբաժան մասը։ Մեր գեներից ինչ հնարավոր էր վերցրին` իրենց ազգերը մաքրելու, զարգացնելու համար։ Հիմա մեր գենն են ուզում փոխել, վերացնել։ Վաղը որ խնդիր ունենաք, ո՞վ է դոնոր լինելու ձեզ համար։ Գոնե ինքներդ ձեր մասին մտածելով` հային պիտի փայփայեք:
-Ինչ կմաղթես մեր ժողովրդին:
-Ամուսնացեք, շատ երեխաներ ունեցեք, ու հետ բերեք Արևմտյան Հայաստանը։ Հա, մեկ էլ, էդ ստից հեղափոխականությունը թողնեն, նորմալ մասնագետ դառնան։ Դիպլոմավոր անգրագետները հսկայական բանակ են կազմում։ Երբ մարդուն թվում է` դիպլոմ ունի, ուրեմն գիտելիք էլ ունի։ Ֆուտլյարիզմի խնդիրը լուրջ մարտահրավեր է։
-Իսկ ինքդ քեզ ի՞նչ կմաղթես:
-Ինքս ի՞նձ։ Ես էլ եմ ազգի մաս։ Նույնն էլ ինձ եմ մաղթում:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ