ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Զգուշացեք՝ մթերք է

Զգուշացեք՝ մթերք է
08.11.2014 | 16:21

Մեր օրերում հազվադեպ չեն այն դեպքերը, երբ քաղաքի տարբեր վաճառակետերում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած ստուգումների արդյունքում հանկարծ պարզվում է, որ հայաստանյան սպառողին է հրամցվում իսկությունը կեղծած, ժամկետանց ապրանք, որը կարող է վտանգել մարդկանց առողջությունը: Ոլորտին քաջատեղյակ մասնագետները խոստովանում են՝ նախորդ տարիների համեմատ, ճիշտ է, շուկան որակական որոշակի առաջընթաց գրանցել է, սակայն սպառողին պիտանիության ժամկետը սպառած ապրանք հրամցնելու փորձեր այսօր էլ կատարվում են. ներքին սպառման շուկայում իրականացվող վերահսկողության է՛լ ավելի խստացումն ու դրան առավել համակարգված բնույթ տալն այսօր, հիրավի, օրախնդիր են դարձել:
Խնդրին վերջնական լուծում տալու ճանապարհին պակաս կարևոր դեր չեն խաղում նաև հայաստանյան սպառողի իրազեկվածությունն ու սեփական շահերը պաշտպանելու հմտությունը. մթերք գնելուց առաջ համառորեն խորհուրդ է տրվում, նախ, ուշադրություն դարձնել դրա պիտանիության ժամկետին և ապա միայն շտապել թեթևացնել սեփական դրամապանակը: Ցավոք, մարդիկ ավելի շատ հակված են ստուգելու պահպանման առավել կարճ ժամկետներ ունեցող ապրանքները, քան այն ապրանքատեսակները, որոնք, միգուցե, անվտանգության տեսանկյունից շատ ավելի խոցելի են համարվում. առավել վտանգավոր կարող են լինել կենդանական ծագմամբ ապրանքները՝ կաթնամթերքն ու մսամթերքը: Խնդիրը բարդանում է հատկապես այն պարագայում, երբ խանութներն ու վաճառակետերը, կամա թե ակամա, թերանում են իրենց պարտականություններում՝ բծախնդրորեն չմոտենալով սույն խնդրին հատկապես այն դեպքում, երբ մատակարարին արդեն իսկ վճարել են տվյալ ապրանքի համար: Մինչդեռ, ըստ օրենքի, առևտրի կազմակերպիչը ունի որոշակի պարտականություններ. նա պետք է սահմանի համապատասխան հսկողություն և ժամկետանց ապրանքները հանի իրացումից՝ վերադարձնելով դրանք մատակարարին: Մասնագետները քաղաքացիներին խորհուրդ են տալիս ամեն կերպ խուսափել այն ապրանքներից, որոնց վրա առհասարակ նշված չէ պիտանիության որևէ ժամկետ: Սպառողի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները զգուշացնում են՝ կիլոգրամով վաճառվող ներկրված ապրանքը բավականին ռիսկային է: Օրինակ՝ ներկրված վաֆլիներ կամ քաղցրավենիքի որոշ տեսակներ, առանձին փաթեթավորում չունենալով, սպառողին հնարավորություն չեն տալիս դրանց մասին համապատասխան տեղեկություն ստանալու: Բավական շատ են նաև այնպիսի մեքենայությունները, երբ սպառողին խաբելու համար որոշ տնտեսավարողներ ապրանքների ժամկետները թարմացնում են՝ պարզապես դրանց պիտակը փոխելով՝ առաջ բերելով կրկնակի պիտակավորման հանցավոր երևույթը, ինչի պատճառով քիչ չեն բնակչության շրջանում գրանցված թունավորումները և նույնիսկ մահացության դեպքերը: Սակայն խնդիրը ոչ միայն սպառման կետերն են, այլև արտադրողները. երբեմն խանութների վերադարձրած ապրանքը ոչ թե արտադրողը ոչնչացնում է, ինչպես նախատեսված է համապատասխան օրենքով, այլ օգտագործում է որպես նորի համար հումք՝ ստեղծելով տնտեսավարողի համար ժամկետանց ապրանքի իրացման լրացուցիչ հնարավորություններ:
Չնայած վերջին շրջանում բավականին հաճախակիացել են սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարվող ստուգումները, սակայն որոշ մասնագետներ, այնուամենայնիվ, բավարար չեն համարում իրականացված միջոցառումները. հարկավոր է է՛լ ավելի խստացնել չափանիշներն ու լինել ավելի անաչառ՝ չկաշառվել, «աչք չփակել» ինչ-ինչ ապօրինությունների և օրինազանցությունների վրա:


Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ