ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հիպոկրատի երդմանը՝ հավատարի՞մ

Հիպոկրատի երդմանը՝ հավատարի՞մ
30.10.2014 | 12:49

Հայտնի ճշմարտություն է՝ առողջ բնակչությունը ոչ միայն որոշիչ նախապայման է ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար, այլև կարևոր նախադրյալ՝ թե´ տնային տնտեսությունների, թե´ հենց անհատների բարգավաճման համար:
Եթե Հայաստանում խորհրդային շրջանում բժշկի գործը պատվաբեր էր համարվում ու բավական եկամտաբեր, ապա այսօր, ցավոք, ճիշտ հակառակ երևույթին ենք ականատես լինում. շատ բժիշկների եկամտի հիմնական աղբյուրը ներկայումս եղել և մնում է ոչ թե պետական աշխատավարձը, այլ հիվանդի և նրա հարազատների կողմից կատարվող ոչպաշտոնական վճարումները: Այսօր մեր երկրում լրջագույն առողջապահական խնդիր կա, որը ծնում է կոռուպցիոն երևույթներ, որոնք էլ, իրենց հերթին, առաջ են բերում բնակչության շրջանում լուրջ դժգոհություններ, հատկապես այն հատվածի մոտ, որը անվճարունակ է, իսկ այդպիսիք Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունն են:
Անշուշտ, համակարգում առկա հիմնախնդիրները բազում են, և, թերևս, երկար ժամանակ կպահանջվեր՝ դրանք հատ առ հատ թվելու համար: Օրինակ՝ գաղտնիք չէ, որ ՀՀ պետական հիվանդանոցներում հիվանդները բուժվում են կա՛մ պետպատվերի շրջանակում, կա՛մ վճարովի համակարգում: Երկու դեպքում էլ, իհարկե, վճարումներ կատարվում են, բայց «պետպատվերի» դեպքում վճարում է պետությունը: Այն իր միջոցներով պետք է բուժի և խնամի հիվանդին, անվճար տրամադրի անհրաժեշտ դեղամիջոցները, այսինքն՝ հիվանդը մինչև լրիվ ապաքինվելը պետք է գտնվի պետության հովանավորության տակ: Բայց արի ու տես, որ «պետպատվեր» ասվածը չի ծառայում իր բուն նպատակին. բժիշկները, ինչպես սովորաբար է լինում, անտարբեր են այն հիվանդների նկատմամբ, ովքեր իրենց բուժումը ստանում են պետպատվերի շրջանակում: Իսկ դա նշանակում է, որ խտրականություն է դրվում հիվանդների միջև, ովքեր, համաձայն գործող կանոնադրության, պետք է ունենան հավասար իրավունքներ, քանի որ դա է նկատի առնվում «սոցիալական պետություն» ասվածի տակ, ինչը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:
Պարզվում է, որ վերը նշված երկու համակարգերի տարբերությունը վճարողի մեջ չէ, այլ իրական տարբերությունը սպասարկման որակում է, բժիշկների բուժման մեթոդների և հիվանդների նկատմամբ ուշադրության առկայության կամ դրա լիարժեք բացակայության մեջ: Համենայն դեպս, պետպատվերի շրջանակում բուժված շատ մարդիկ իրենք են փաստում՝ իրենց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը հեռու է նորմալ համարվելուց: Մինչ քաղաքակիրթ երկրներում պետությունը անում է ամեն ինչ՝ բարելավելու երկրի առողջապահական համակարգը` իր քաղաքացիների համար դարձնելով առավել մատչելի ու որակյալ, մեզանում սայլը տեղից չի շարժվում:
Առողջությունն այսօր, իսկապես, թանկ հաճույք է, մանավանդ, երբ խոսքը հայաստանյան հիվանդանոցներում համապատասխան բուժում ստանալու մասին է: Հենց գների բարձրացման պատճառով է, որ մենք՝ հայերս, բժշկի ենք դիմում միայն դանակը ոսկորին հասնելու պարագայում, երբ արդեն շա՜տ ուշ է լինում:


Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ