Այսօր Երևանում հրավիրված «Օրինական միգրացիա դեպի Ֆրանսիա և Լեհաստան. հնարավորություններ և կարգավորումներ» թեմայով սեմինարի ժամանակ Լեհաստանի կացության օրինականացման վարչության օտարերկրացիների հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Տոմաշ Ցիտրինովիչից հետաքրքրվեցինք, թե ինչ փոփոխություններ է նկատել իր երկրում այն բանից հետո, երբ նա անդամակցեց Եվրամիությանը:
«Ես կցանկանայի խոսել միայն միգրացիային վերաբերող փոփոխությունների մասին: Նախ և առաջ մենք կարողանում ենք ազատ տեղաշարժվել Եվրոպայում, առանց սահմանափակումների: Երբ մենք միացանք Շենգենյան գոտուն, այդ հնարավորությունն ավելի մեծացավ: Մյուս կողմից, երբ մենք խոսում ենք Եվրամիության երկրներից դուրս գտնվող երկրներից դեպի Եվրամիություն կատարվող միգրացիայի մասին, մենք այդպիսի փոփոխություններ չենք նկատել: Ավանդաբար մեր հարևան երկրներից դեպի Լեհաստան միգրացիան եղել է մեծ ծավալների, և 2004 թվականից հետո էլ ավանդույթը չի փոխվել: Ողջ եվրոպական միգրացիոն քաղաքականությունը պահանջում է, որ մենք կիրառենք որոշակի գործիքներ, որոնք կկանոնակարգեն միգրացիայի գործընթացը: Օրինակ՝ Հայաստանի, ՈՒկրաինայի կամ որևէ այլ պետության հետ: Այն երկրները, որոնց հետ մենք նախկինում չենք ունեցել վիզային ռեժիմ, սա խոչընդոտ էր, որը պետք է հաղթահարեինք: Նախ՝ պետք է մեծացնենք մեր հյուպատոսական համագործակցությունը: Կարող եմ ասել, որ Եվրամիությանն ինտեգրվելը ընդհանուր առմամբ դրական է անգամ խոչընդոտների դեպքում»,- ասաց մեր զրուցակիցը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ