ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Որտեղ էլ լինեմ, հոգով մնում եմ վիրաբույժ»

«Որտեղ էլ լինեմ, հոգով  մնում եմ վիրաբույժ»
19.09.2014 | 11:36

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը գնալով զարգանում և նոր թափ է առնում: Այսօր այն համագործակցում է ԱՄՆ-ի, Արևելյան Եվրոպայի, ՌԴ-ի առաջատար կլինիկաների հետ: Երկու-երեք ամիս առաջ բժշկական այս կենտրոնում կադրային լուրջ փոփոխություն կատարվեց` տնօրեն նշանակվեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, գիտական մասով գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Վիրաբույժը, ով տարիներ շարունակ վիրաբույժների լուրջ դպրոց էր ձևավորել «Էրեբունիում», որոշեց թողնել այդ ամենը և գալ նոր բժշկական կենտրոն որպես տնօրեն: Արդյո՞ք սա դժվար որոշում չէր: Այս և հրատապ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ հետ:

-Իսկապես ինձ համար շատ ծանր և բարդ որոշում էր, սակայն որտեղ էլ լինեմ, հոգով մնում եմ վիրաբույժ։ Ինձ համար հարազատ են բոլոր այն կլինիկաները, որտեղ աշխատել եմ` սկսած Արտաշատի շրջանային հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքից, որտեղից սկսվել է իմ աշխատանքային կարիերան, այնուհետև տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնը, որտեղ շարքային բժշկից դարձա գիտական մասով փոխտնօրեն: Իմ մասնագիտական վերելքը կայացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Յուրաքանչյուր մասնագետի կայացման գործում կարևոր է, թե ում հետ է աշխատում և, անկեղծ ասած, Աստված բարեհաճ է գտնվել` ես ունեցել եմ արտակարգ ուսուցիչներ: Օգտվելով առիթից` ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար, Ղարաբաղի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վաչագան Այվազյանին:
Ինչ վերաբերում է այն շարժառիթներին, թե ինչու համաձայնեցի զբաղեցնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը, ապա դրանք մի քանիսն են: Առաջին` կարծում եմ` յուրաքանչյուր մարդ, մասնագետ կյանքի տարբեր ժամանակահատվածներում իր աշխատանքի վերագնահատում է կատարում: Եվ գալիս է մի պահ, երբ զգում ես, որ տվյալ ոլորտում հնարավոր ամեն բան արել ես և նոր բան ասելու, անելու, ստեղծելու կարիք ունես: Կարծում եմ` այս մոտեցումը բնորոշ է բոլոր ոլորտներում աշխատող ստեղծագործ մարդկանց, ավելին` կենսական անհրաժեշտություն է: Այս նոր պաշտոնը ինձ համար ինչ-որ տեղ ոլորտի փոփոխություն է, ինչը ստեղծագործական լիցք է տալիս: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ վարչական ոլորտում կարող ես մարդկանց շատ ավելի օգտակար լինել աշխատանքները ճիշտ կազմակերպելու արդյունքում: Իհարկե, որպես վիրաբույժ օրական օգտակար ես լինում մեկից երեք հիվանդի, սակայն վարչական աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում մարդկանց օգտակար լինելու գործոնը մի քանի անգամ մեծանում է:
-Օգտակար լինել մարդկանց հետաքրքիր և կարևոր բան է, սակայն, կարծում եմ, այսօր մի քիչ բարդ է այն իրականացնել վարչական դաշտում: Ասեմ` ինչու. առողջապահության բյուջեն մեծ չէ, իսկ սոցիալական լարվածությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չե՞ք ունենա:
-Իմ ղեկավարման փորձը այս կարճ ժամանակահատվածում փաստում է, որ իսկապես դժվարություն կա: Այսինքն` մի կողմից` կա պատասխանատվություն մեր կլինիկայի հիվանդների, պացիենտների, մյուս կողմից` իմ ղեկավարության առջև: Այն, մի կողմից` բարոյամասնագիտական է, քանի որ առնչվում է հիվանդներին, մյուս կողմից` խնդիրը ֆինանսատնտեսական է: Սակայն, կարծում եմ, այդ հարցերի որոշակի կարգավորումը մեծապես պայմանավորված է վարչական մոտեցումներով:
-Եթե ճիշտ հասկացա, ուզում եք ասել, որ ճկուն քաղաքականության կիրառման դեպքում կարելի է օգտակար լինել մարդուն և հարվածի տակ չդնել կլինիկայի բյուջեն:
-Կարելի է և՛ օգտակար լինել, և՛ խուսափել դժգոհություններից ու խախտումներից: Ամեն դեպքում չպետք է մոռանանք, որ բացարձակ միակողմանի քաղաքականությունն արդարացված չի կարող լինել: Պետք է կարողանալ ճիշտ ուղղորդել աշխատանքները, կանխատեսել, մարդկանց բացատրել, այսինքն` ճիշտ բացատրական և բուժական աշխատանք կատարել, ինչպես նաև կլինիկայի տնտեսած միջոցները ճիշտ կառավարել:
-Դուք աշխատել եք Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնում և շփվել աշխարհի լավագույն կլինիկաների հետ: Եթե խոսենք հայաստանյան կլինիկաների մասին, ապա գաղտնիք չէ, որ գնալով մեծանում է կլինիկաների միջև առողջ և ինչու ոչ` անառողջ մրցակցությունը: Հետաքրքիր է իմանալ, ո՞րն է «Իզմիրլյան» կենտրոնի առավելությունը մյուս կենտրոնների նկատմամբ:
-Ես կնախընտրեի «առանձնահատկություն» բառը:
-Լավ, որ՞ն է ձեր կլինիկայի առանձնահատկությունը:
-Իսկապես բժշկական կենտրոնների միջև մրցակցությունը մեծ է, և դա լավ խթան է անընդհատ զարգանալու համար: Մեր կլինիկայի առանձնահատկությունն է կոլոպրոկտոլոգիայի, ուրոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջի և վնասվածքաբանության-օրթոպեդիայի բաժանմունքների խիստ մասնագիտացվածությունը: Հաջորդ կարևոր առանձնահատկությունը բարձրակարգ կոլեկտիվն է և նրա ազնիվ մոտեցումը հիվանդի նկատմամբ: Բժշկի համար դա անհրաժեշտ գործոն է, և ես դրան լուրջ ուշադրություն եմ դարձնում: Ի պատիվ մեր կլինիկայի նախկին ղեկավարի` ներկայիս առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, կարող եմ ասել, որ ինձ լավ ժառանգություն է հասել: ՈՒնենք բարձրակարգ մասնագետների կոլեկտիվ, որոնց հետ աշխատելը ինձ հաճելի, հեշտ և միևնույն ժամանակ շատ պատասխանատու է: Մարդիկ պրոֆեսիոնալներ են, և այս դեպքում որևէ շինծու բան չի կարող լինել: Կադրերի հետ աշխատանքին մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ:
-Յուրաքանչյուր նոր ղեկավար իր նոր մոտեցումներն է ունենում: Ի՞նչ փոփոխություն եք իրականացրել մինչ այժմ, և ո՞րն է լինելու Ձեր քաղաքական կուրսը:
-Կարծում եմ` երկու ամիսը շատ կարճ ժամանակահատված է լուրջ փոփոխություններ անելու համար: Այս ընթացքում ուսումնասիրել եմ հիվանդանոցը և փորձել եմ հասկանալ` ինչ փոփոխություններ են անհրաժեշտ: Մեր քաղաքականությունը լինելու է նպատակաուղղված դեպի հիվանդը: Գերագույն նպատակն է պացիենտներին ցուցաբերել բարձրակարգ բուժծառայություն և նրանց հետ լինել ազնիվ: Իմ սկզբունքներն են` ես կոլեկտիվի մի անդամն եմ, երկրորդ` ես և վարչական կազմը կոչված ենք անընդհատ բարելավելու աշխատանքային պայմանները: Սրանք այն գործոններն են, որոնք յուրաքանչյուր աշխատող պետք է զգա իր վրա, որ տարբեր բնույթի այլևայլ մոտիվացիաներ չունենա, ինչը առաջին հերթին դրական անդրադարձ կունենա և է՛լ ավելի կբարձրացնի բուժսպասարկման և ընդհանուր աշխատանքների արդյունավետությունը: Դրա համար պետք է ունենանք կամք, որ արդեն եղած ձեռքբերումների հիման վրա կարողանանք ստեղծել համախոհների թիմ, կլինիկան անընդհատ զարգացնելու համար:
-Եթե արդեն ուսումնասիրել եք կլինիկան, ապա գիտեք, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ:
-Նախատեսվում է ստեղծել երկու-երեք նոր` մասնավորապես անոթային, միկրո և նյարդավիրաբուժության բաժանմունքներ: Այդ բաժանմունքների ձևավորումից հետո մեր կլինիկան կդառնա լիարժեք բժշկական համալիր:
-Չեմ կարող չհարցնել` պրակտիկ վիրաբուժությունը թողնելո՞ւ եք. ի դեպ, այս հարցը հետաքրքրում է բազմաթիվ հիվանդների:
-Վիրաբուժությունը իմ ներսում է, և ես այն չեմ թողել և չեմ թողնելու:


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ