38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երիտասարդները փառաբանում են Արցախյան պատերազմի հերոսների սխրանքը

Երիտասարդները փառաբանում են Արցախյան պատերազմի հերոսների սխրանքը
27.06.2014 | 17:30

Հունիսի 27-ին տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի զոհված հերոսների մասին պատմող հոլովակների շնորհանդեսը։ Լեոնիդ Ազգալդյան, Գագիկ Ստեփանյան (Հեթանոս Գագո), Սիմոն Աչըքգյոզյան (Դեդ), Աշոտ Չախոյան, Շահեն Մեղրյան, Սամվել Շահմուրադյան, Հարություն Աբրահամյան և այլք. «Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպությունը «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակներում պատրաստել է 30 հոլովակ, որոնք անմահացնում են զոհված ազատամարտիկներին ու նրանց կյանքի պատմությունը։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
«Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանը տեղեկացնում է, որ երիտասարդների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ, որոնց արդյունքները ցույց են տվել, որ իրենց կյանքը հանուն Արցախի ազատության զոհած շատ հերոսների վերաբերյալ հարցվածների մի մասը տեղյակ չէ։ Ուստի այս նախաձեռնությամբ փորձել են առավել ճանաչելի դարձնել Արցախյան պատերազմի հերոսներին։
Րաֆֆի Գևորգյանը հույս ունի, որ ծրագիրը շարունակություն կունենա. «Սա մեկնակետ է։ Ունենք շատ հերոսներ, որոնց անպատճառ պետք է անդրադառնանք ու փառաբանենք նրանց սխրանքը»։ Առաջին 30 հոլովակներում անդրադարձ է կատարվել Արցախյան ազատամարտի հերոսներից նրանց, ովքեր զոհվել են պատերազմի դաշտում և հետմահու պարգևատրվել Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:
Րաֆֆի Գևորգյանը նշում է, որ հոլովակները տարածվելու են հեռուստատեսությամբ. արդեն պայմանավորվածություն կա «Երկիր մեդիայի» հետ, առաջիկայում հոլովակները տեղ կգտնեն նաև «Զինուժ» հաղորդաշարում, բանակցություններ են տարվում նաև այլ հեռուստաընկերությունների հետ։ Կամավորների միջոցով հոլովակները կտարածվեն նաև համացանցում, սոցիալական ցանցերում։
Շնորհանդեսին ներկա էր նաև Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայրը՝ Գոհար Մարտիկյանը։ Դիմելով ներկա երիտասարդներին՝ տիկին Մարտիկյանը կոչ արեց ապրել, աշխատել ու պայքարել հայրենիքի համար, այնպես, ինչպես ժամանակին արել են նկարահանված հոլովակների հերոսները։
Ազատամարտիկներին նվիրված հոլովակները կարող եք դիտել հետևյալ հղումներով
https://www.youtube.com/watch?v=ah84Q_Nnw5M&list=UU6tItMlKNdCgk6ylEh2TESA
https://www.youtube.com/watch?v=cIxwmOkEVY0&list=UU6tItMlKNdCgk6ylEh2TESA&index=2
https://www.youtube.com/watch?v=qPRk2sUD4rQ&list=UU6tItMlKNdCgk6ylEh2TESA&index=3
https://www.youtube.com/watch?v=7P5IcX-x1Ps&list=UU6tItMlKNdCgk6ylEh2TESA&index=4

Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ