Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգին բաց կլինի առավոտյան ժամը 09:30-ից մինչև 16:00: Այդ օրը նախատեսվում է «Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» փակ միջոցառումը, որը կհյուրընկալի լուրջ հիվանդություններ ունեցող և սահմանափակ կարողություններով շուրջ 60 երեխաների` իրենց ծնողների (խնամակալներին), քույրերի և եղբայրների հետ:
Հրավիրվածներին կընդունեն որպես հատուկ կարևորության հյուրերի՝ առաջարկելով նրանց բացառիկ ծրագիր: Փոքրիկ հյուրերը հնարավորություն կունենան կենդանաբանական այգում հատուկ մշակված շրջայցի և կենդանիների հետ անմիջական շփման:
Օրվա խորհուրդը ոչ միայն անմոռանալի երեկո նվիրելն է երեխաներին, որ ապրում են կյանքի ու դրանում իրենց տեղի համար պայքարի մեջ, այլև բարձրաձայնելն այն հավելյալ խնդիրների մասին, որոնց նրանք ստիպված են բախվել՝ ակամա հայտնվելով մեր հասարակության լուսանցքային հատվածում: «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում» աշխարհի տասնյակ քաղաքներում իրականացվող ամենամյա միջոցառում է:
«Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» նախագիծը Հայաստանում և տարածաշրջանում իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: